Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9221-20.09.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Հրդեհների եւ դրանց հետեւանքների պետական միասնական հաշվառումը կատարում է Փրկարար ծառայությունը՝ ապահովելով տեսչական մարմնի հասանելիությունը՝ հաշվառվող տեղեկատվությանը: Հրդեհների եւ դրանց հետեւանքների պետական միասնական հաշվառման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Տեսչական մարմնի՝ սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված վարչական ակտերը ենթակա են անհապաղ կատարման:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2.Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունված կարգադրագրերի նկատմամբ:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարգադրագիրը տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով եւ լիազորությունների սահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է՝

ա) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելմանը, եթե այն կամ դրանում օգտագործվող տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական սարքավորումները, շենքերն ու շինությունները չեն համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին, արտադրական վտանգավոր օբյեկտը սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն կամ չի գրանցվել ռեեստրում.

բ) արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործման արգելմանը, եթե այն չի համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին կամ սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն:

 «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի        5-րդ կետի համաձայն՝ Տեսչական մարմինը պետական կառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի եւ փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների կատարման նկատմամբ պետական հրդեհային հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելիս լիազորված է՝ հրդեհային անվտանգության պահանջները կատարելու համար կազմակերպությունների ղեկավարներին, պաշտոնատար անձանց եւ քաղաքացիներին տալու կատարման համար պարտադիր կարգադրագրեր՝ հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի եւ փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների խախտումները վերացնելու, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հրդեհային անվտանգությունն ապահովելու, ապրանքներն արտադրությունից հանելու, դրանց թողարկումն արգելելու եւ իրացումը դադարեցնելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ Տեսչական մարմինը (…) պետական հրդեհային հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելիս լիազորված է՝ հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի եւ փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար՝

ա. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը,

բ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները,

գ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների եւ այլ օբյեկտների շահագործումը:

 «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը սահմանում է, որ վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը, բացառությամբ՝ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:

Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ն մասը, որպես ընդհանուր կանոն սահմանել է, որ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Այնուհետեւ, թվարկվել են այս ընդհանուր կանոնից 8 բացառությունները, որոնց դեպքում վիճարկման հայցը վարույթ ընդունելը չի կասեցնում վարչական ակտի կատարումը, որոնցից առաջինը (առաջին կետը) հետեւյալն է՝ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման: Ընդ որում, նույն  հոդվածի 2-րդ մասը թույլ է տալիս վարչական դատարանին, հայցվորի միջնորդությամբ, գործի քննության ժամանակ կասեցնել վարչական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:

Այսպիսով, թե՛ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքը եւ թե՛ Վարչական դատավարությանը օրենսգիրքը ընդհանուր կանոնից նախատեսել են բացառություն չկասեցնել վարչական ակտի կատարումը, եթե օրենքով նախատեսված դեպքում վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:

Միեւնույն ժամանակ, Տեսչական մարմինը, Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հիմքերով ընդունում է՝ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրեր, որոնք վարչական ակտի հասցեատերերի կողմից դատական կարգով բողոքարկվելու պարագայում, վարչական ակտի գործողությունը կասեցվում է, իսկ սուբյեկտները շարունակում են տեխնիկական կամ հրդեհային անվտանգության վերաբերյալ օրենսդրությանը չհամապատասխանող եւ մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող գործունեությունը (տես՝ Վարչական դատարանի վարույթում քննվող թիվ ՎԴ/9323/05/23, թիվ ՎԴ/9323/05/23, թիվ ՎԴ/6476/05/23 եւ թիվ ՎԴ/6318/05/23 վարչական գործերը):

Նկատի ունենալով, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգադրագրից բացի Տեսչական մարմինն ընդունում է նաեւ «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով նախատեսված՝ ստուգման արդյունքում բացահայտված խախտումների եւ թերությունների վերացման վերաբերյալ կարգադրագրեր, ուստի տարընթերցումից եւ տարընկալումից խուսափելու նպատակով Նախագծով տարանջատվել եւ հստակեցվել են, ինչպես արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ անհապաղ կատարման ենթակա կարգադրագրերին վերաբերող, այնպես էլ ստուգման արդյունքում բացահայտված խախտումների վերացման նպատակով ընդունված կարգադրագրերին վերաբերող դրույթները:

 «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է՝ արտադրական վտանգավոր օբեկտի շահագործումը ժամանակավորապես դադարեցվելու դեպքում եռօրյա ժամկետում ապահովել դրա կոնսերվացումը, միաժամանակ նախատեսելով՝ կոնսերվացված արտադրական վտանգավոր օբյեկտները երեք տարին մեկ անգամ փորձաքննության ենթակա լինելու վերաբերյալ դրույթ: Նույն նախագծով սանկցիա է նախատեսվել՝ սահմանված ժամկետում արտադրական վտանգավոր օբյեկտի կոնսերվացման պահանջը չկատարելու համար, որի չափ է սահմանվել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, ելնելով այն հանգամանքից, որ Օրենքում ամրագրված արարքների համար սահմանված են՝ նշված եւ ավելի չափով տուգանքներ (տես՝ Օրենքի 21-րդ հոդվածի 1-6-րդ մասերը):

 Միեւնույն ժամանակ, հրդեհների եւ դրանց հետեւանքների պետական միասնական հաշվառման կատարումը համաձայն գործող Օրենքի կատարում է տեսչական մարմինը, այդ ոլորտում լիազորված մարմնի հետ համաձայնեցնելով: Փրկարար ծառայությունը հրդեհների ահազանգերի ստացման, դրա արդյունքում իրականացրած աշխատանքների (այդ թվում հրդեհաշիջման) հիման վրա քաղաքացիներին տրամադրում է տեղեկանքներ: Կարող ենք փաստել, որ պետական մարմնի կողմից տրամադրած տեղեկանքը, որը կատարվում է գրանցամատյանների տվյալների ուսումնասիրման արդյունքում, իրականացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, այլ ոչ տեսչական մարմինը, ուստի առաջարկվում է հրդեհների եւ դրանց հետեւանքների պետական միասնական հաշվառման կատարումը վերապահել Փրկարար ծառայությանը, տեսչական մարմնի կողմից հաշվառված տեղեկատվությանը հասանելության հնարավորությամբ:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը.

Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:

Նկատի ունենալով, որ նշված դատավարական նորմի ուժով կասեցման ենթակա չէ Օրենքով նախատեսված այն վարչական ակտի կատարումը, որը ենթակա է անհապաղ կատարման, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության վերաբերյալ օրենսդրության խախտումները էական եւ անմիջական վտանգ են սպառնում մարդու կյանքի եւ առողջության համար, Նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ Օրենքում նախատեսելով, որ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագիրը ենթակա է անհապաղ կատարման:

Միեւնույն ժամանակ «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջակվում է լրացում կատարել Օրենքի 20-րդ հոդվածում, որի արդյունքում անհապաղ կատարման ենթակա կլինեն նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված ակտերը, որոնք անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում Օրենքներում առաջարկվող նորմերի ամրագրումը կստեղծի իրավական հիմք՝ Տեսչական մարմին վարչական բողոք ներկայացնելու պարագայում կամ Վարչական դատարան՝ վիճարկման հայց ներկայացանելու դեպքում չկասեցնել Տեսչական մարմնի արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրի (վարչական ակտ)  կատարումը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերը չեն բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, եւ Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն