Armenian ARMSCII Armenian
Կ-803-01.06.2015-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-293-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպիչների պարտականությունները

1. Երկաթուղային տրանսպորտի գործունեությունը կազմակերպվում է երկաթուղային տրանսպորտի գործունեության կարգին համապատասխան` համաձայն Հավելված 2-ի:

2. Ենթակառուցվածքի կառավարիչը, փոխադրողները, բեռնառաքողները եւ փոխադրման գործընթացի այլ մասնակիցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասությունների շրջանակներում ապահովում են`

1) ուղեւորների անվտանգ երթեւեկության պայմանները.

2) բեռների փոխադրման անվտանգությունը, պահպանվածությունը եւ ժամկետները, երկաթուղային տրանսպորտի շահագործման եւ երթեւեկության անվտանգությունը.

3) բնապահպանական օրենսդրության պահանջների կատարումը:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 6.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասում «հավելվածի» բառը փոխարինել «Հավելված 1-ի» բառերով, իսկ Օրենքի հավելվածում «Հավելված» բառը՝ «Հավելված 1» բառերով:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը «պայմանագրերով» բառից հետո լրացնել «եւ օրենքով» բառերով:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ Հավելված 2-ով.

«Հավելված 2

«Երկաթուղային տրանսպորտի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

ԿԱՐԳ

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ  

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են երկաթուղային տրանսպորտի կազմակերպման եւ գործունեության իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը տարածվում է երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպիչների` ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի սեփականատիրոջ կամ կառավարչի (այսուհետ` ենթակառուցվածքի կառավարիչ), փոխադրողների, երկաթուղային շարժակազմի օպերատորների, բեռնառաքողների, բեռ ստացողների, ուղեւորների, ինչպես նաեւ փոխադրման գործընթացին մասնակցող այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ փոխադրման գործընթացում ծագած հարաբերությունների վրա:

3. Սույն կարգը տարածվում է բեռների փոխադրումների վրա, որոնց բեռնում-բեռնաթափումը իրականացվում է ընդհանուր եւ ոչ ընդհանուր օգտագործման վայրերում:

4. Սույն կարգում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.

1) փոխադրումներ ոչ ուղիղ միջազգային հաղորդակցությամբ ` ուղեւորների, բեռների փոխադրումներ միջազգային հաղորդակցությամբ, որոնք իրականացվում են երկաթուղային կայարանների սահմանային տարածքի սահմաններում գտնվող փոխադրմանը մասնակցող պետություններում ձեւակերպված փոխադրման փաստաթղթերով, ինչպես նաեւ տրանսպորտի յուրաքանչյուր տեսակի համար առանձին փոխադրման փաստաթղթերով տրանսպորտի մի քանի տեսակներով իրականացվող փոխադրումներ.

2) փոխադրումներ ուղիղ միջազգային հաղորդակցությամբ ` ուղեւորների, բեռների փոխադրումներ միջազգային հաղորդակցությամբ, որոնք իրականացվում են տարբեր պետություններում երկաթուղային կայարանների միջեւ տրանսպորտի մի քանի տեսակներով միասնական փոխադրման փաստաթղթով.

3) փոխադրումներ ուղիղ խառը հաղորդակցությամբ ` Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտի երկու եւ ավելի տեսակներով միասնական փոխադրման փաստաթղթով իրականացվող փոխադրումներ.

4) փոխադրումներ ոչ ուղիղ խառը հաղորդակցությամբ ` Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտի յուրաքանչյուր տեսակի համար առանձին ձեւակերպված փոխադրման փաստաթղթերով տրանսպորտի մի քանի տեսակներով իրականացվող փոխադրումներ:

ԳԼՈՒԽ 2

ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

5. Ուղեւորների, բեռների փոխադրումներն իրականացվում են ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերով եւ այն երկաթուղային կայարանների միջեւ, որոնք բաց են նման գործառնությունների իրականացման համար:

6. Ուղեւորների, բեռների փոխադրումները իրականացվում են ենթակառուցվածքի կառավարչին կամ փոխադրողին, կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձին՝ սեփականության կամ այլ իրավունքով պատկանող վագոններով եւ բեռնարկղերով:

7. Այն դեպքում, երբ բեռի հատկությունների կամ դրանց վիճակի հետ կապված՝ բեռնառաքողի կողմից առաջարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ սույն կարգով չնախատեսված այլ պայմաններ, ապա փոխադրողի եւ բեռնառաքողի միջեւ կնքված համապատասխան պայմանագրում պետք է նախատեսված լինեն այդպիսի բեռների փոխադրման հատուկ պայմաններ եւ պատասխանատվություն` դրանց փոխադրման եւ պահպանվածության համար:

8. Մինչեւ մշտական շահագործման հանձնելը վերանորոգման, արդիականացման, հիմնական նորոգման մեջ գտնվող երկաթուղային ուղիներով փոխադրումների հետ կապված առանձնահատկությունների համար պատասխանատվությունը կրում է ենթակառուցվածքի կառավարիչը:

9. Հատուկ երկաթուղային փոխադրումներն իրականացվում են նախապատվության կարգով՝ առաջնահերթության սկզբունքով:

10. Հատուկ երկաթուղային փոխադրումների իրականացման համար փոխադրողները ձեւավորում եւ պահում են երկաթուղային շարժակազմի պահուստ` հատուկ փոխադրումների պատվիրատուների հաշվին:

11. Ենթակառուցվածքի կառավարիչը (սեփականատերը), վարձակալության պայմանագրի հիման վրա, ընդհանուր օգտագործման վայրերում, երկաթուղային կայարանի տարածքում անհրաժեշտ տարածք է տրամադրում հատուկ երկաթուղային փոխադրումների համար նախատեսված դատարկ վագոնների կայանման համար:  

ԳԼՈՒԽ 3

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

12. Բեռների բեռնման-բեռնաթափման, վագոնների տեսակավորման, բեռների պահպանման աշխատանքները կատարվում են ընդհանուր օգտագործման վայրերում:

Ոչ ընդհանուր օգտագործման վայրերում իրականացվում են բեռների եւ բեռնարկղերի բեռնման, բեռնաթափման աշխատանքներ:

13. Ընդհանուր եւ ոչ ընդհանուր օգտագործման վայրերը պետք է ունենան պատշաճ կերպով կահավորված կառույցներ եւ սարքավորումներ` բեռների, վագոնների, բեռնարկղերի պահպանվածության, բեռների՝ վագոնների վրա անխափան բեռնման եւ վագոններից բեռների բեռնաթափման ապահովման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

14. Ընդհանուր օգտագործման վայրերը կարող են լրացուցիչ կահավորվել հատուկ բեռնման-բեռնաթափման սարքավորումներով, մասնագիտացված հրապարակներով, անասունների բեռնման հարթակներով, դեզինֆեկցիոն լվացման սարքավորումներով:

Ընդհանուր օգտագործման վայրերը անհրաժեշտության դեպքում կահավորվում են սառնակպչած բեռների սորունության վերականգնումը, վագոնների, բեռնարկղերի մաքրումն ապահովող կառույցներով եւ սարքավորումներով:

15. Ընդհանուր եւ ոչ ընդհանուր օգտագործման վայրերի` սույն կարգի 13-րդ եւ14-րդ կետերի պահանջներին համապատասխանությունն ապահովվում է դրանց սեփականատերերի միջոցների հաշվին, հատուկ առանձնացված տեղամասերինը՝ բեռնառաքողների (առաքողների) կամ բեռ ստացողների (ստացողների) հաշվին:

16. Բեռների փոխադրումը երկաթուղային տրանսպորտով իրականացվում է ըստ փոխադրման պայմանագրի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի եւ այլ պարտադիր ներպետական եւ միջազգային նորմերին համապատասխան:

17. Փոխադրման պայմանագրով նախատեսված բեռների փոխադրումներն իրականացվում են դրանց փոխադրման հայտի (հայտերի) հիման վրա:

18. Հայտը ներկայացվում է ոչ պակաս, քան 10 օր առաջ մինչեւ բեռների փոխադրման սկիզբը, իսկ միջազգային հաղորդակցությամբ` ոչ պակաս, քան 15 օր առաջ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Հրատապ կամ սեղմ ժամկետներում փոխադրում կատարելու անհրաժեշտության դեպքում, համաձայնեցնելով ենթակառուցվածքի կառավարչի հետ, բեռների փոխադրման համար հայտերը կարող են ներկայացվել ավելի կարճ ժամկետում:

19. Բեռնառաքողին չպատկանող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծից բեռներ առաքելու դեպքում հայտը փոխադրողին ներկայացնում է բեռնառաքողը, այն նշված՝ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սեփականատիրոջ հետ համաձայնեցնելուց հետո:

20. Փոխադրողը պարտավոր է երկօրյա ժամկետում քննարկել ներկայացված հայտը եւ, եթե հնարավոր է համարում համապատասխան փոխադրման իրականացումը, ուղարկում է այդ հայտը ենթակառուցվածքի կառավարչին՝ համաձայնեցման:

21. Ենթակառուցվածքի կառավարիչը քննարկում է փոխադրողի կողմից ներկայացված հայտը, օրենսդրությամբ նախատեսված դեպքում այն համաձայնեցնելով այլ շահագրգիռ անձանց հետ, եւ ոչ ավել, քան 5-օրյա ժամկետում վերադարձնում է հայտը փոխադրողին` համաձայնեցման վերաբերյալ նշումով:

22. Ենթակառուցվածքի կառավարիչը մերժում է փոխադրման հայտը հետեւյալ դեպքերում.

1) նրանց միջեւ կնքված չէ ենթակառուցվածքի օգտագործմամբ մատուցվող ծառայությունների մասին պայմանագիր.

2) փոխադրման երթուղով բեռնման-բեռնաթափման աշխատանքները դադարեցված են կամ սահմանափակված են ենթակառուցվածքի կառավարչից անկախ՝ անհաղթահարելի ուժի հանգամանքների դեպքում.

3) հայտը մերժվել է այլ երկրների փոխադրողների, ենթակառուցվածքի կառավարչի կողմից.

4) փոխադրման իրականացման համար տեխնիկական եւ տեխնոլոգիական հնարավորությունների հիմնավորված բացակայության դեպքերում.

5) այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում, ընդ որում, այդ դեպքերում նշվում են մերժման համար հիմք հանդիսացած իրավական ակտի անվանումը, ընդունման ամսաթիվը, ակտի համարը եւ դրույթը:

23. Ենթակառուցվածքի կառավարչի կողմից սույն կարգի 22-րդ կետով նախատեսված հիմքերով հայտը մերժելու դեպքում այն վերադարձվում է փոխադրողին` մերժման պատճառի նշմամբ:

24. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքերում, փոխադրողը, մերժումը ստանալուց հետո՝ 3-օրյա ժամկետում, վերադարձնում է հայտը բեռնառաքողին` մերժման համար հիմքերի նշմամբ:

25. Փոխադրողի եւ ենթակառուցվածքի կառավարչի կողմից հայտը համաձայնեցնելու դեպքում, այն ընդունելու վերաբերյալ նշմամբ, փոխադրողը վերադարձնում է բեռնառաքողին մինչեւ փոխադրումները սկսելը ոչ ուշ, քան երեք օրում:

26. Հայտի կատարման հաշվառումը, այդ թվում՝ բեռնառաքողի վագոններով, բեռնարկղերով ապահովումը, բեռները վագոններ բեռնման հաշվառումը իրականացվում են փոխադրողի կողմից:

27. Փոխադրողն իրավունք ունի փոխարինելու հայտով նախատեսված երկաթուղային շարժակազմն այլ տեսակի շարժակազմով, եթե այդ շարժակազմը համապատասխանում է այդպիսի բեռների փոխադրման համար եւ եթե այդ դեպքում բեռների փոխադրման արժեքը չի ավելանում: Փոխադրման համար նախատեսված շարժակազմի փոխարինման մասին փոխադրողը պետք է նախազգուշացնի բեռնառաքողին մինչեւ բեռի բեռնման պահը՝ ոչ ուշ, քան 12 ժամում:

28. Բեռնառաքողի նախաձեռնությամբ հայտում փոխադրողի կողմից փոփոխություններ կատարվելու դեպքում, եթե դա կապված է երկաթուղային կայարաններով բեռների վերաբաշխման, ինչպես նաեւ նշանակման վայրի երկաթուղային կայարանի փոփոխության հետ, փոխադրողը բեռնառաքողից գանձում է փոխադրողի սահմանած դրույքով վճար, եթե կողմերի միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

29. Սույն կարգի 28-րդ կետում նախատեսված փոփոխությունները փոխադրողը գրավոր համաձայնեցնում է ենթակառուցվածքի կառավարչի հետ:

30. Ընդունված հայտերով ժամանակին եւ առանց խոչընդոտի փոխադրումները կազմակերպելու նպատակով ենթակառուցվածքի կառավարիչը իրականացնում է բեռների փոխադրումների պլանավորում:

31. Փոխադրողները կարող են իրականացնել բեռների փոխադրումները ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի վրա ձեւավորված՝ սահմանված քաշի կամ երկարության գնացքով, եւ (կամ) ենթակառուցվածքի կառավարչի հետ կնքված պայմանագրի հիման վրա՝ երկաթուղային կայարանում (առաքման երթուղի) գնացքների ձեւավորման պլանին համապատասխան:

32. Ենթակառուցվածքի սահմաններում շարժվող բեռնատար գնացքների ձեւավորման պլանը հաստատում է ենթակառուցվածքի կառավարիչը:

33. Բեռների փոխադրման համար վճարը գանձվում է փոխադրման պայմանագրով սահմանված չափով եւ կարգով:

34. Բեռնառաքողները կարող են ներկայացնել բեռները փոխադրումների համար` հայտարարելով դրանց արժեքը:

35. Բեռի արժեքը որոշվում է վճարային կտրոններում կամ առքուվաճառքի պայմանագրում նշված գնով:

36. Փոխադրումը իրականացվում է արժեքի պարտադիր հայտարարությամբ, եթե փոխադրման համար ներկայացվում են`

1) թանկարժեք մետաղներ, քարեր, թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր.

2) թանգարանային, հնաոճ առարկաներ, արվեստի ստեղծագործություններ.

3) այլ առարկաներ, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով նախատեսված է արժեքի պարտադիր հայտարարագրում:

37. Հայտարարված արժեքով բեռների փոխադրման համար կարող է գանձվել վճար, որի վճարման չափը եւ կարգը սահմանվում է կողմերի համաձայնեցմամբ:

38. Ուղեկցությամբ փոխադրվող բեռների պահպանությունն ապահովում են բեռնառաքողը, բեռ ստացողը կամ պայմանագրով նրանց կողմից լիազորված անձը:

39. Ուղեկցություն եւ պահպանություն պահանջող հատուկ բեռների ցանկը սահմանում է կառավարությունը:

40. Բեռնառաքողը պարտավոր է նախապատրաստել բեռները բեռի, տարայի փաթեթավորման գործող պարտադիր ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի պահպանմամբ այնպես, որ ապահովվեն երթեւեկության անվտանգությունը եւ երկաթուղային տրանսպորտի շահագործումը, փոխադրվող արտադրանքի որակը, պահպանվածությունը, հրդեհային եւ բնապահպանական անվտանգությունը:

41. Փոխադրողը եւ ենթակառուցվածքի կառավարիչն իրավունք ունեն անցկացնելու բեռների տարայի եւ փաթեթավորման համապատասխանության ստուգում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առաջադրվող պահանջներին եւ տեխնիկական նորմերին:

Սահմանված պահանջներին եւ նորմերին անհամապատասխանության դեպքում բեռը փոխադրման չի ընդունվում:

42. Վտանգավոր բեռներ փոխադրելիս բեռնառաքողը պարտավոր է մակնշել տարան, վագոնները, բեռնարկղերը հատուկ նշաններով` վտանգավոր բեռների փոխադրումների միջազգային կանոնների եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

43. Փոխադրման համար մթերային եւ շուտ փչացող բեռներ ներկայացնելու դեպքում բեռնառաքողը ներկայացնում է բեռնառաքողի կամ համապատասխան լիազոր մարմնի կողմից ստորագրված բեռների որակի (վիճակի) մասին համապատասխան փաստաթուղթ:

44. Բեռնառաքողները, բեռ ստացողները, փոխադրողները, ենթակառուցվածքի կառավարիչը պատասխանատվություն են կրում պատահարների արդյունքում պատճառված վնասի համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում եւ կարգով:

45. Բեռնառաքողը պատասխանատվություն է կրում այն բոլոր ծախսերի, կորուստների եւ վնասի համար, որոնք կրել է փոխադրողը բեռնառաքողի կողմից փոխադրման փաստաթղթերում նշված տվյալների անհամապատասխանության հետեւանքով:

46. Բեռնման եւ բեռնաթափման համար վագոնների, բեռնարկղերի մատուցման ժամանակի մասին փոխադրողը տեղեկացնում է բեռնառաքողին (բեռ ստացողին) մինչեւ վագոնների մատուցումը ոչ ուշ, քան 2 ժամում: Տեղեկացման կարգը եւ եղանակը սահմանվում են կողմերի համաձայնությամբ:

47. Բեռնման համար մատուցվող վագոնների, բեռնարկղերի տեխնիկական պիտանիությունը որոշում է փոխադրողը: Փոխադրողը բեռնման համար մատուցում է տեխնիկական եւ առեւտրային առումով սարքին, կոնկրետ բեռների փոխադրման համար պիտանի վագոններ, բեռնարկղեր:

48. Վագոններիեւբեռնարկղերի,այդ թվում`մասնագիտացված, նախապատրաստումը կոնկրետ բեռի փոխադրման համար իրականացնում է բեռնառաքողը կամ փոխադրողը բեռնառաքողի հաշվին` իրենց միջեւ կնքված պայմանագրին համապատասխան:

49. Գլանատակառները լցնելուց առաջ բեռնառաքողներն ստուգում են գլանատակառների կաթսաների, ամրանների եւ ունիվերսալ հեղուկաթափման սարքերի սարքինությունը:

50. Կոնկրետ բեռի փոխադրման համար վագոնների պիտանիությունը որոշվում է`

1) վագոնների դեպքում` բեռնառաքողի կողմից, եթե բեռնումն իրականացվում է նրա կամ փոխադրողի կողմից, եթե բեռնումն ապահովվում է նրա կողմից.

2) բեռնարկղերի դեպքում` բեռնառաքողի կողմից:

51. Բեռների բեռնումը վագոններ, ինչպես նաեւ դրանց բեռնաթափումն ընդհանուր եւ ոչ ընդհանուր օգտագործման վայրերում ապահովում են բեռնառաքողները (առաքողները), բեռ ստացողները (ստացողները), եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: Դատարկ կամ բեռնված բեռնարկղերի բեռնումը վագոններ, ինչպես նաեւ դրանց բեռնաթափումը ընդհանուր օգտագործման վայրերում իրականացնում է փոխադրողը բեռնառաքողի կամ բեռ ստացողի հաշվին` պայմանագրով նախատեսված գնով:

52. Փոխադրողները, այլ իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը իրենց տրամադրության տակ համապատասխան բեռնման- բեռնաթափման տեխնիկական սարքավորման առկայության դեպքում կարող են իրականացնել բեռնման-բեռնաթափման աշխատանքներ` բեռնառաքողների, բեռ ստացողների հետ կնքված պայմանագրի հիման վրա:

53. Բեռների բեռնումը վագոններ, բեռնարկղեր իրականացվում է պարտադիր միջազգային նորմերով սահմանված կարգով:

54. Փոխադրման, այդ թվում՝ վագոնների եւ բեռնարկղերի մաքրման, դրանց մատուցման, օգտագործման եւ պահպանման, ինչպես նաեւ բեռնման-բեռնաթափման, դրանց պահպանման եւ մաքսային հսկողության (ձեւակերպման) հետ կապված բոլոր ծախսերի իրականացման պարտավորությունը կրում է բեռնառաքողը կամ բեռ ստացողը:

55. Բեռների բեռնման, ամրակապման, փաթեթավորման եւ փոխադրման համար անհրաժեշտ սարքավորումները, նյութերը, այդ թվում՝ կենդանիների փոխադրման համար անհրաժեշտ վանդակաճաղերը, տրամադրում է բեռնառաքողը:

56. Բեռների բեռնման, ամրակապման, փաթեթավորման եւ փոխադրման համար անհրաժեշտ սարքավորումները պայմանագրի հիման վրա կարող են տրամադրվել փոխադրողի կողմից:

57. Փոխադրման համար բեռներ ներկայացնելիս բեռնառաքողը երկաթուղային բեռնագրում պետք է նշի դրանց ծավալը եւ քաշը, հատիկավոր բեռի դեպքում լրացուցիչ` բեռնատեղերի քանակը:

58. Բեռների ծավալի որոշումը, որոնց լրիվ բեռնումը կարող է հանգեցնել թույլատրելի բեռնատարողության գերազանցման, իրականացվում է միայն կշռման միջոցով: Ընդ որում, կիտվածքով կամ սորուն բեռների քաշի որոշումն իրականացվում է վագոնային կշեռքների վրա կշռման միջոցով:

59. Բեռների կշռումը ապահովվում է`

1) փոխադրողների կողմից ընդհանուր օգտագործման վայրերում, եթե բեռնման եւ բեռնաթափման աշխատանքները կատարվում են իրենց կողմից.

2) բեռնառաքողների, բեռ ստացողների կողմից ընդհանուր եւ ոչ ընդհանուր օգտագործման վայրերում եւ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերում:

60. Բեռների կշռումն իրականացնում է փոխադրողը բեռնառաքողի, բեռ ստացողի հաշվին` պայմանագրին համապատասխան:

61. Բեռնված վագոնները, բեռնարկղերը պետք է կապարակնքված լինեն բեռնառաքողների կողմից փականակապարակնքման սարքերով (ՓԿՍ):

62. Փակ վագոնները, բեռնարկղերը, ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող՝ անձնական եւ այլ կարիքների համար բեռների փոխադրման դեպքում պետք է կապարակնքված լինեն փոխադրողի կամ բեռնառաքողի լիազորված անձի կողմից` բեռնառաքողի հաշվին:

63. Վագոնները եւ (կամ) բեռնարկղերը մաքսային մարմինների կամ այլ պետական մարմինների կողմից բացելու դեպքում, դրանք նորից պետք է կապարակնքվեն, ընդ որում, մաքսային մարմիններին կամ պետական հսկողության այլ մարմիններին ՓԿՍ-ի տրամադրման փոխադրողի ծախսերը փոխհատուցվում են բեռնառաքողների (առաքողների), բեռ ստացողների (ստացողների) հաշվին:

64. Երկաթուղային տրանսպորտի ոլորտում ՓԿՍ-ին ներկայացվող ընդհանուր պահանջները, ինչպես նաեւ այն բեռների ցանկը, որոնց փոխադրումները թույլատրվում են առանց կապարակնքման, սակայն պտտումների պարտադիր տեղադրմամբ, սահմանվում են ենթակառուցվածքի կառավարչի կողմից:

65. ՓԿՍ-ի եւ պտտումների տեսակները, ՓԿՍ-ի, բացառությամբ մաքսային ապահովման միջոցների, հաշվառման եւ պահման կարգը սահմանվում են ենթակառուցվածքի կառավարչի կողմից:

66. Բեռնառաքողներին ՓԿՍ-ով եւ պտտումներով ապահովումն իրականացվում է պայմանագրի հիման վրա:

67. Փոխադրումների իրականացմանը խոչընդոտող անհաղթահարելի ուժի հետեւանքով բեռների փոխադրումը, բեռնումը, բեռնաթափումը կարող են դադարեցվել կամ սահմանափակվել՝ երկաթուղային տրանսպորտի ոլորտում լիազորված մարմնին գրավոր ձեւով անմիջապես տեղեկացմամբ: Նշված դեպքերում լիազորված մարմինը սահմանում է բեռի փոխադրման, բեռնման, բեռնաթափման դադարեցման կամ սահմանափակման ժամկետ եւ այդ մասին հայտնում է փոխադրողին եւ ենթակառուցվածքի կառավարչին:

68. Երթեւեկության դադարեցման կամ սահմանափակման հետ կապված՝ սույն կարգով նախատեսված դրույթները չեն տարածվում հատուկ երկաթուղային փոխադրումների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված փոխադրումների իրականացումն անհնար է:

69. Առանձին երկաթուղային կայարաններում բեռների բեռնման եւ փոխադրման սահմանափակումը, կապված բեռ ստացողների կողմից բեռնաթափման չապահովման եւ օտարերկրյա պետությունների երկաթուղիների կողմից վագոնների չընդունման հետ, իրականացնում է ենթակառուցվածքի կառավարիչը` փոխադրողների եւ լիազորված մարմնի անմիջապես տեղեկացմամբ:

70. Ծանուցումն ստանալուց հետո բեռնառաքողները պարտավոր են դադարեցնել կամ սահմանափակել բեռների առաքումը համապատասխան երկաթուղային կայարանների ուղղությամբ:

71. Բեռների դադարեցված կամ սահմանափակված փոխադրումները (բեռնման-բեռնաթափման աշխատանքները) վերսկսելու դեպքում, փոխադրողը՝ բեռնառաքողի համաձայնությամբ միջոցներ է ձեռնարկում բեռների բեռնման վերսկսման համար:

72. Բեռների հետագա փոխադրմանը խոչընդոտող անհաղթահարելի ուժի առկայության դեպքում փոխադրողը հարցում է կատարում բեռնառաքողին եւ (կամ) բեռ ստացողին բեռի հետագա ճակատագրի մասին: Այն դեպքում, երբ անհաղթահարելի ուժն առաջանում է մաքսային հսկողության տակ գտնվող բեռների փոխադրման ժամանակ, փոխադրողը տեղեկացնում է նաեւ մաքսային մարմիններին:

73. Բեռնառաքողներից կամ բեռ ստացողներից նշանակման նոր երկաթուղային կայարանի վերաբերյալ տեղեկություններ ստանալուց հետո փոխադրողը, հնարավորության դեպքում, փոխադրում է բեռը նշված կայարան` այդ փոխադրումների դիմաց սահմանված կարգով վճարում կատարելով: Ընդ որում, փոխադրման գումարը սահմանվում է՝ ելնելով բեռների փոխադրման ամենակարճ ճանապարհից:

74. Եթե բեռնառաքողը կամ բեռ ստացողը հարցումն ստանալու պահից 4 օրվա ընթացքում բեռի հետագա ճակատագրի վերաբերյալ որոշում չի կայացնում, ապա փոխադրողը վերադարձնում է այդպիսի բեռը բեռնառաքողին վերջինիս հաշվին, իսկ բեռի վերադարձման անհնարինության դեպքում, բացառությամբ մաքսային հսկողության տակ գտնվող բեռների, կարող է իրացնել դրանք սույն կարգին համապատասխան` այդ մասին տեղեկացնելով բեռնառաքողին կամ բեռ ստացողին:

75. Բեռի փոխադրման դիմաց վճարը եւ փոխադրումների հետ կապված այլ վճարները բեռնառաքողը վճարում է փոխադրողին մինչեւ բեռը փոխադրման ընդունելը, եթե կողմերի համաձայնագրով այլ բան նախատեսված չէ: Բեռի նախորդ փոխադրման դիմաց ժամանակին վճարում չկատարելու դեպքում, բեռը կարող է չընդունվել փոխադրման համար:

76. Բեռների փոխադրման եւ բեռների փոխադրման հետ կապված լրացուցիչ ծառայությունների վերջնահաշվարկները կատարվում են բեռ ստացողների կողմից նշանակման երկաթուղային կայարան բեռների ժամանումից մինչեւ դրանց տրամադրումը: Փոխադրման եւ դրա հետ կապված այլ վճարների, գանձումների վերահաշվարկի անհրաժեշտություն առաջանալու դեպքում այն կարող է կատարվել բեռը տրամադրելուց հետո:

77. Բեռ ստացողի կողմից բոլոր վճարումները կատարվելուց առաջ բոլոր բեռնարկղերը, վագոնները գտնվում են նրա պատասխանատվության ներքո, եւ նրանից գանձվում է այդ բեռնարկղերից, վագոններից օգտվելու վճար:

78. Բեռնառաքողի եւ բեռ ստացողի գրավոր դիմումի համաձայն, եթե կողմերի համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, փոխադրողը կարող է վերահասցեագրել փոխադրվող բեռները՝ փոխարինելով բեռ ստացողին եւ (կամ) նշանակման երկաթուղային կայարանը: Ընդ որում, մաքսային հսկողության տակ գտնվող բեռների վերահասցեագրումը կատարվում է մաքսային մարմնի համաձայնությամբ:

79. Այն դեպքում, երբ բեռների, այդ թվում՝ մաքսային հսկողության տակ գտնվող, փոխադրումն սպառնում է քաղաքացիների առողջությանը, կյանքին, երկաթուղային տրանսպորտի երթեւեկության եւ շահագործման անվտանգությանը, բնապահպանական անվտանգությանը, նշանակման կետի երկաթուղային կայարանի փոփոխությունը կարող է իրականացնել փոխադրողը` առանց համապատասխան մաքսային մարմնի, բեռնառաքողների, բեռ ստացողների հետ համաձայնեցման, սակայն նրանց անհապաղ տեղեկացման պայմանով:

80. Բեռների վերահասցեագրումը, այդ թվում՝ ուղիղ եւ ոչ ուղիղ հաղորդակցությամբ, ուղիղ խառը եւ ոչ ուղիղ խառը հաղորդակցությամբ, իրականացվում է փոխադրողի կողմից ենթակառուցվածքի այն կառավարչի հետ համաձայնեցմամբ, որի տարածքում կատարվում է վերահասցեագրումը կամ տեղակայված են բեռի ընթացքի երթեւեկությամբ նախատեսված երկաթուղային կայարանները, նավահանգիստը:

81. Փոխադրողից, ենթակառուցվածքի կառավարչից անկախ հանգամանքներով վերահասցեագրմանը սպասելիս վագոնների, բեռնարկղերի պարապուրդի ժամանակահատվածում բեռնառաքողի, բեռ ստացողի կողմից վճարվում է վագոնների, բեռնարկղերի օգտագործման համար վճար: Ենթակառուցվածքի կառավարչի մեղքով բեռների վերահասցեագրման ուշացման դեպքում վագոնների, բեռնարկղերի օգտագործման համար վճար չի կատարվում:

82. Բեռների վերահասցեագրման հետ կապված փոխադրողի կատարած ծախսերը փոխհատուցում են բեռնառաքողը կամ բեռ ստացողը` կախված նրանից, թե ում նախաձեռնությամբ է կատարվում բեռների փոխադրումը:

83. Բեռնառաքողի կամ բեռ ստացողի գրավոր դիմումով բեռ ստացողի եւ (կամ) նշանակման երկաթուղային կայարանի փոփոխության դեպքում կողմը, որի դիմումով կատարվում է բեռների վերահասցեագրում, պատասխանատու է սկզբնական բեռ ստացողի առաջ այդպիսի փոփոխության հետեւանքների համար եւ պարտավոր է կարգավորել բեռնառաքողի, սկզբնական բեռ ստացողի եւ փաստացի բեռ ստացողի միջեւ հաշվարկներն առանց փոխադրողի մասնակցության:

84. Փոխադրողը պարտավոր է առաքել բեռներն ըստ նշանակության՝ պայմանագրով սահմանված ժամկետներում: Փոխադրման համար բեռի ընդունման ամսաթիվը եւ բեռը նշանակման կետ հասցնելու ժամկետը սահմանվում են փոխադրման պայմանագրով` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

85. Փոխադրողը սահմանային երկաթուղային կայարանում տեղեկացնում է մաքսային մարմիններին վագոնների` Հայաստանի Հանրապետության տարածք ժամանման մասին:

86. Փոխադրողը կարող է բեռ ստացողին տրամադրել նախնական տեղեկատվություն բեռների ժամանման մասին, եթե կողմերի միջեւ առկա է պայմանավորվածություն:

87. Այն դեպքում, երբ նշանակման երկաթուղային կայարանում բացակայում է փոխադրման փաստաթղթերում նշված բեռ ստացողը, փոխադրողը հարցում է կատարում բեռնառաքողին` բեռների հետագա ճակատագրի վերաբերյալ: Եթե հարցումն ստանալուց հետո՝ 7, իսկ մթերային եւ շուտ փչացող բեռների դեպքում`4 օրվա ընթացքում, չի ուղարկում համապատասխան պատասխան, փոխադրողը կարող է վերադարձնել բեռները բեռնառաքողին` վերջինիս հաշվին, իսկ վերադարձնելու անհնարինության դեպքում կարող է իրացնել բեռները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ մաքսային հսկողության տակ գտնվող բեռների:

88. Բեռը նշանակման երկաթուղային կայարան ժամանելուն պես, փոխադրողը փոխանցում է բեռը եւ բեռնագիրը բեռ ստացողին, իսկ բեռ ստացողը վճարում է վճարման ենթակա գումարները, եթե դրանք բեռնառաքողի կողմից վճարված չեն, եւ ընդունում է բեռը:

89. Բեռ ստացողը կարող է հրաժարվել բեռն ընդունելուց այն դեպքերում, երբ վնասման կամ այլ պատճառների հետեւանքով բեռի որակը փոփոխվել է այն աստիճանի, որ բացառվում է այդպիսի բեռների՝ ըստ նշանակության մասնակի կամ լրիվ օգտագործման հնարավորությունը, բացառությամբ այն բեռների, որոնք գտնվում են մաքսային հսկողության տակ, որոնք բեռ ստացողը պետք է հայտարարագրի «Վերաարտահանում», «Ոչնչացում» կամ «Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմներով:

90. Եթե բեռ ստացողը վճարում չի կատարում բեռի փոխադրման եւ փոխադրման հետ կապված այլ մատուցված ծառայությունների դիմաց, փոխադրողն իրավունք ունի չտրամադրելու բեռը, այդ մասին գրավոր տեղեկացնելով բեռնառաքողին, որն այդպիսի ծանուցում ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պետք է որոշի բեռի հետագա ճակատագիրը:

91. Այն դեպքում, երբ սույն կարգի 90-րդ կետում նշված ժամկետում բեռ ստացողը չի ձեռնարկում միջոցներ համապատասխան վճարումները կատարելու համար, իսկ բեռնառաքողը չի տնօրինում բեռը, ապա կողմերի միջեւ այլ պայմանավորվածության բացակայության դեպքում փոխադրողն իրավունք ունի ինքնուրույն իրացնելու բեռը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

92. Այն բեռների համար, որոնք առգրավվել են իրավասու մարմինների կողմից կամ որոնց նկատմամբ կիրառվել է «Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմը, բեռի փոխադրման դիմաց վճարը եւ այլ վճարները բեռն իրացնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հերթականությամբ փոխանցվում են փոխադրողին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

93. Նշանակման երկաթուղային կայարան ժամանած մաքսային հսկողության ենթակա բեռը պետք է ժամանակին բեռնաթափված լինի բեռ ստացողի կողմից` մաքսային մարմինների հսկողության ներքո: Մաքսային հսկողության ենթակա՝ նշանակման երկաթուղային կայարանում գտնվող բեռները բեռնաթափվում են մաքսային հսկողության ներքո:

94. Բեռ ստացողի կողմից բեռի բեռնաթափման ժամկետների խախտման դեպքում փոխադրողը, շարժակազմն ազատելու նպատակով, մաքսային մարմինների հետ համաձայնեցմամբ եւ նրանց հսկողության ներքո բեռնաթափում է բեռը եւ փոխանցում է մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:

95. Բեռների, բեռնարկղերի ժամանման մասին ժամանակին տեղեկացնելու դեպքում ժամանած բեռներով բեռնաթափման եւ ընդհանուր օգտագործման վայրերում տրամադրման ենթակա վագոնների, բեռնարկղերի օգտագործման ծախսերը կատարում է բեռ ստացողը` համաձայն պայմանագրի:

96. Բեռնառաքողների, բեռ ստացողների եւ սպասարկող բեռ ստացողների, բեռնառաքողների, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների մոտ իրենց լոկոմոտիվներով վագոնների, բեռնարկղերի գտնվելու ժամանակահատվածում կամ վագոնների, բեռնարկղերի տրամադրման ուշացման ժամանակահատվածում, եթե դա տեղի է ունեցել նշված անձանց մեղքով, ապա նրանց կողմից կատարվում է վճարում փոխադրողին վագոնների, բեռնարկղերի օգտագործման համար:

97. Վագոնների, բեռնարկղերի օգտագործման համար վճար չի գանձվում այն ժամանակահատվածում, երբ փոխադրողին չպատկանող վագոնները, բեռնարկղերը գտնվել են ոչ ընդհանուր օգտագործման վայրերում:

98. Ընդհանուր եւ ոչ ընդհանուր օգտագործման վայրերում վագոնների, բեռնարկղերի օգտագործման համար վճարի չափը սահմանվում է համաձայն պայմանագրի:

99. Ոչ ընդհանուր օգտագործման գծերում բեռների բեռնման, բեռնաթափման համար վագոնների, բեռնարկղերի օգտագործման համար վճարը սահմանվում է կողմերի համաձայնությամբ:

100. Սառնարանային սեկցիաների վագոնների եւ կցումների կազմում վագոնների օգտագործման համար վճարի հաշվարկը կատարվում է՝ ելնելով այդպիսի սեկցիաների, կցումների վերջին վագոնի վրա բեռների բեռնման, դրանից բեռների բեռնաթափման ավարտի ժամանակից:

101. Այն դեպքում, երբ բեռնառաքողը տեղեկացնում է փոխադրողին դատարկ վագոնները, բեռնարկղերը (այդ թվում՝ մասնագիտացված) օգտագործելուց հրաժարվելու մասին, բեռնման համար տրամադրված վագոնների օգտագործման համար վճարը հաշվարկվում է՝ սկսած հայտով նախատեսված բեռների բեռնման ամսաթվից մինչեւ փոխադրողի կողմից համապատասխան ծանուցում ստանալու պահը:

102. Բեռնառաքողի կողմից իր հայտին համապատասխան տրամադրված վագոնները, բեռնարկղերը օգտագործելուց հրաժարվելու եւ այդպիսի վագոնները, բեռնարկղերը այլ բեռնառաքողների կողմից մեկ օրվա ընթացքում օգտագործելու անհնարինության դեպքում փոխադրողը, բացի այդ վագոնների օգտագործման համար վճարից գանձում է այդպիսի բեռնառաքողից վագոնների առաքման կայարան մատակարարման համար վագոնների, բեռնարկղերի փաստացի վազքի համար վճար, սակայն ոչ ավելի, քան 300 կմ վազքը` մասնագիտացված վագոնների համար:

103. Նշանակման երկաթուղային կայարանում բեռը տրամադրելու ժամանակ փոխադրողը իրականացնում է բեռի վիճակի, զանգվածի եւ քանակի ստուգում հետեւյալ դեպքերում.

1) բեռը ժամանել է ոչ սարքին վագոնում, բեռնարկղում, ինչպես նաեւ վնասված ՓԿՍ-ով.

2) բեռը ժամանել է ըստ համընթաց երկաթուղային կայարանում կազմված առեւտրային ակտի.

3) բեռը ժամանել է վնասման նշաններով կամ պակաս քանակությամբ` բաց երկաթուղային շարժակազմով փոխադրելու դեպքում:

104. Բեռի զանգվածը համարվում է ճիշտ, եթե առաքման երկաթուղային կայարանում սահմանված բեռի զանգվածի եւ նշանակման երկաթուղային կայարանում սահմանված բեռի զանգվածի միջեւ տարբերությունը չի գերազանցում նետտո քաշը եւ այդպիսի բեռի բնական կորստի բնական քանակությունը:

105. Առանց պակասորդի, վնասի, փչացման կամ հափշտակման նշանների բեռների ստացման դեպքում բեռ ստացողի խնդրանքով փոխադրողը կարող է առանձին պայմանագրին համապատասխան մասնակցել բեռների վիճակի, դրանց զանգվածի, տեղերի քանակի ստուգմանը:

106. Ստուգման հիմքերից անկախ, մաքսային ապահովության միջոցների առկայության դեպքում, փոխադրողի կողմից բեռի ստուգումը իրականացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ներկայությամբ:

107. Մաքսային հսկողության տակ գտնվող բեռները, անկախ ՓԿՍ-ի առկայությունից, տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով՝ մաքսային հսկողության միջոցների կիրառմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` պարտադիր մաքսային ուղեկցությամբ:

108. Բեռ ստացողների մոտ եւ նշանակման երկաթուղային կայարաններում վագոնային կշեռքների բացակայության դեպքում կիտվածքով եւ սորուն փոխադրվող բեռները, որոնք ժամանել են առանց պակասորդի նշանների, տրամադրվում են առանց դրանց զանգվածի ստուգման:

109. Բեռի պակասորդի դեպքում, եթե առկա են գողության նշաններ, փոխադրողն անմիջապես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

110. Այն դեպքում, երբ նշանակման երկաթուղային կայարանում բեռի վիճակի, զանգվածի, քանակի ստուգման ժամանակ հայտնաբերվել է պակասորդ, բեռի վնասում կամ այդպիսի հանգամանքներն արձանագրվել են ընթացուղում կազմված առեւտրային ակտում, փոխադրողը որոշում է փաստացի պակասող բեռի չափը եւ բեռ ստացողին տրամադրում է առեւտրային ակտ:

111. Փորձաքննության անցկացման անհրաժեշտության դեպքում փոխադրողի նախաձեռնությամբ կամ բեռ ստացողի պահանջով հրավիրվում է փորձագետ:

112. Առանց փոխադրողի կամ բեռ ստացողի մասնակցության անցկացված փորձաքննության արդյունքներն անվավեր են:

113. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների նմուշները կարող են վերցվել փորձաքննության համար մաքսային մարմինների թույլտվությամբ:

114. Եթե փոխադրողը հրաժարվում է փորձագետ հրավիրելուց կամ փոխադրողը, բեռ ստացողը հրաժարվում են փորձաքննությանը մասնակցելուց, ապա համապատասխան կողմն իրավունք ունի անցկացնելու փորձաքննությունն առանց հրաժարվող կողմի մասնակցության, այդ մասին նախապես տեղեկացնելով նրան, եթե կողմերի միջեւ ծանուցման այլ ձեւ պայմանավորված չէ: Փորձաքննության անցկացման ծախսերն իրականացվում են փորձաքննության անցկացում պահանջող կողմի հաշվին, որոնք հետագայում փոխհատուցում է մեղավոր կողմը:

115. Բեռները բեռնաթափելուց հետո վագոնները, բեռնարկղերը պետք է մաքրվեն ներսից եւ դրսից բեռ ստացողի կամ փոխադրողի կողմից (կախված նրանից, թե ում կողմից է ապահովվել բեռի բեռնաթափումը), վագոններից, բեռնարկղերից պետք է հանվեն ամրացման միջոցները, բացառությամբ չհանվող միջոցների:

116. Բեռները բեռնաթափելուց հետո դատարկ վագոնները, բեռնարկղերը պետք է փակված լինեն կիրառման համար վագոնների, բեռնարկղերի բեռնաթափումն ապահովող կողմի թույլատրած փակիչ կապարակնքող սարքավորումների կամ ոլորումների տեղադրմամբ:

117. Կենդանիների, թռչունների, կենդանական ծագման մթերքների բեռնաթափումից հետո վագոնների մաքրումը, սանիտարական մշակումը բեռ ստացողի հաշվին իրականացնում է փոխադրողը, հատուկ նշանակության վագոնների սանիտարական մշակումն իրականացնում է բեռ ստացողը, եթե կողմերի համաձայնագրով այլ բան նախատեսված չէ:

118. Բեռ ստացողների մոտ վագոնների լվացման համար համապատասխան սարքավորման բացակայության դեպքում դրանց լվացումը կարող է ապահովել փոխադրողը կամ այլ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր` պայմանագրի հիման վրա:

119. Բեռների, երկաթուղային շարժակազմի վարակազերծումն իրականացնում է բեռ ստացողը:

120. Սույն կարգի 115-116-րդ կետերում նշված պահանջների խախտման դեպքում փոխադրողն իրավունք ունի բեռ ստացողից չընդունել վագոնները, բեռնարկղերը բեռնաթափումից հետո մինչեւ համապատասխան պահանջները կատարելը: Այդ դեպքերում բեռ ստացողներից գանձվում է վագոնների, բեռնարկղերի` դրանց ուշացման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում օգտագործման համար վճար:

Սույն կարգի 115-րդ կետով նախատեսված պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը պետք է ձեւակերպված լինի փոխադրողի կազմած գրավոր փաստաթղթով, որում հստակ պետք է մատնանշվի չընդունելու հիմքը եւ պատճառները՝ բացառելով խտրական մոտեցումը:

121. Բեռը համարվում է կորցված, եթե այն չի տրվել բեռ ստացողին բեռը հասցնելու օրվանից՝ պայմանագրով նախատեսված 30 օրվա ընթացքում կամ ուղիղ խառը հաղորդակցությամբ փոխադրման համար բեռն ընդունելու օրվանից հետո՝4 ամսվա ընթացքում:

122. Այն դեպքում, երբ բեռը ժամանել է սույն կարգի 121-րդ կետում նշված ժամկետների ավարտին, բեռ ստացողը կարող է ստանալ այն` փոխադրողի տրամադրած փոխհատուցման գումարը փոխադրողին վերադարձնելու պայմանով: Եթե բեռ ստացողը հրաժարվում է ընդունել այդ բեռը կամ չի ընդունում բեռի հետագա ճակատագրի վերաբերյալ որեւէ որոշում՝ բեռը երկաթուղային կայարան ժամանելու վերաբերյալ ծանուցումն ստանալու օրվանից հետո՝ 4 օրվա ընթացքում, փոխադրողն իրավունք ունի իրացնել բեռը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների:

123. Բեռնառաքողի կողմից բեռների փոխադրողներին վերաբերող մաքսային կանոնների խախտման դեպքում, եթե այդպիսի խախտումը հանգեցրել է մաքսային կամ պետական հսկողության այլ մարմինների կողմից վագոնների, բեռնարկղերի միջանկյալ կայարաններում կանգնեցնելուն, կամ եթե անհնար է դարձել փոխադրել բեռը երկաթուղային խառը հաղորդակցությամբ այլ տրանսպորտային միջոցի վրա, բեռնառաքողը վճարում է փոխադրողին գանձումներ` պայմանագրին համապատասխան:

124. Եթե բեռնառաքողը միջոցներ չի ձեռնարկում վերոնշյալ պատճառներով կանգնեցված բեռների նկատմամբ փոխադրողի համապատասխան ծանուցումն ստանալու օրվանից հետո՝ 10, իսկ մթերային կամ շուտ փչացող բեռների դեպքում`4 օրվա ընթացքում, փոխադրողն իրավունք ունի վերադարձնելու բեռը բեռնառաքողին՝ վերջինիս հաշվին, եթե կողմերի համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, կամ իրացնել բեռը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն:

125. Միջազգային հաղորդակցությամբ փոխադրման փաստաթղթերի ոչ ժամանակին ձեւակերպման պատճառով բեռնված վագոնների ուշացման դեպքում բեռնառաքողը փոխադրողին վճարում է վագոնների օգտագործման համար վճար:

126. Եթե ուղիղ եւ ոչ ուղիղ միջազգային հաղորդակցությամբ բեռնված վագոնների, բեռնարկղերի ուշացումները տեղի են ունեցել մաքսային եւ հսկողություն իրականացնող մարմինների ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով, նշված մարմինները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

127. Այն դեպքերում, երբ սույն կարգին համապատասխան փոխադրողին տրված է բեռն ինքնուրույն իրացնելու իրավունք, ապա դրա իրացումն իրականացվում է փոխադրողի որոշման հիման վրա:

128. Փոխադրողի կողմից այդպիսի բեռի իրացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով այն գինը, որը նշված է համապատասխան փոխադրման փաստաթղթում, իսկ եթե այդպիսի գին նշված չէ, ապա փորձագիտական գնահատականի հիման վրա որոշված գնով:

129. Փոխադրողի կողմից իրացված բեռների դիմաց ստացված գումարը՝ հանած փոխադրողին հասանելիք վճարները եւ բեռի իրացման վրա կատարված ծախսերը, ենթակա է փոխանցման փոխադրման փաստաթղթերում նշված բեռ ստացողին՝ իր կողմից բեռների արժեքը վճարելու դեպքում կամ բեռնառաքողին՝ մնացած բոլոր դեպքերում:

130. Եթե պատշաճ գրավոր ծանուցման ուղարկումից հետո փոխադրողից անկախ հանգամանքներով հնարավոր չէ գտնել բեռ ստացողին եւ բեռնառաքողին, ապա ծանուցումը չստանալու վերաբերյալ պատասխան ծանուցում ստանալու օրվանից 1 տարի հետո բեռ ստացողին հասանելիք գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

131. Փոխադրողը ձեռնարկում է միջոցներ փոխադրման փաստաթղթերի պահպանումը, բեռի իրացումից ստացված գումարը բեռնառաքողին փոխանցելու, բեռ ստացողի հայտնաբերումն ապահովելու համար:

ԳԼՈՒԽ 4

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ

132. Ուղեւորների, բեռների փոխադրումներ իրականացնելու համար փոխադրողները ենթակառուցվածքի կառավարչի հետ կնքում են ենթակառուցվածքի օգտագործմամբ մատուցվող ծառայությունների մասին պայմանագիր: Ենթակառուցվածքի օգտագործմամբ մատուցվող ծառայությունների մասին պայմանագիրը հրապարակային է եւ կնքվում է գրավոր ձեւով: Պայմանագրում նշվում են պլանավորվող փոխադրումների ծավալը եւ ժամկետները, մատուցվող ծառայությունների ցանկը եւ ժամկետները, վճարման կարգը, կողմերի պատասխանատվությունը պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, ինչպես նաեւ կարգավորման ենթակա այլ էական պայմանները:

133. Համաձայն պայմանագրի՝ ենթակառուցվածքի կառավարիչը փոխադրողին կարող է տրամադրել հետեւյալ ծառայությունները, իսկ փոխադրողը վճարում է մատուցված ծառայությունների դիմաց.

1) փոխադրողին՝ երկաթուղային գծերի, ինչպես նաեւ ուղեւորների, բեռների փոխադրում իրականացնելու համար ենթակառուցվածքի այլ օբյեկտների օգտագործման իրավունքների տրամադրում.

2) փոխադրողին պատկանող (սեփականության կամ վարձակալության իրավունքով) երկաթուղային շարժակազմի համար երկաթուղային գծերի հասանելիության ապահովում.

3) գնացքների երթեւեկության կառավարում, այդ թվում՝ փոխադրումների իրականացման տեխնիկական եւ տեխնոլոգիական հնարավորությունների համաձայնեցումը ենթակառուցվածքների սեփականատերերի, օտարերկրյա պետությունների երկաթուղիների եւ այլ տեսակի տրանսպորտի կազմակերպությունների հետ.

4) դատարկ վագոնները փոխադրման գործընթացի հետ կապ չունեցող երկաթուղային գծերում գտնվելու հնարավորության ընձեռում.

5) փոխադրողի անունից ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա վագոնների շահագործման, մատուցման, հավաքման պայմանագրերի կնքում.

6) բեռների բեռնում, բեռնաթափում, պահում եւ պայմանագրով նախատեսված այլ ծառայություններ:

134. Ուղեւորների փոխադրման համար ենթակառուցվածքի նկատմամբ թույլտվությունը փոխադրողին տրամադրվում է ուղեւորատար գնացքների երթեւեկության ժամանակացույցի հիման վրա: Երթեւեկության ժամանակացույցը մշակելիս ուղեւորատար գնացքներն ունեն առաջնայնություն բեռնատար գնացքների նկատմամբ:

135. Փոխադրողների դիմումի հիման վրա կարող է մշակվել երթեւեկության անհատական ժամանակացույց: Փոխադրման գործընթացի հետ կապ չունեցող ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա փոխադրողին պատկանող (սեփականության կամ վարձակալության իրավունքով) դատարկ վագոնների գտնվելու համար փոխադրողներից գանձվում է պայմանագրով նախատեսված գումար:  

ԳԼՈՒԽ 5

ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐ

136. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերի հետ հարաբերությունները կարգավորվում են ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի շահագործման մասին պայմանագրի հիման վրա:

137. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատիրոջ մոտ լոկոմոտիվի բացակայության դեպքում վագոնների մատուցումը եւ հավաքումը, այդպիսի երկաթուղային գծերի վրա մանեւրային աշխատանքները կատարվում են փոխադրողին պատկանող լոկոմոտիվով:

138. Ենթակառուցվածքի կառավարչին պատկանող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա պահեստներ եւ բեռնման-բեռնաթափման հրապարակներ ունեցող բեռնառաքողների, բեռ ստացողների համար վագոնների մատուցումը եւ հավաքումը, մանեւրային աշխատանքը կարգավորում են փոխադրողները բեռնառաքողների, բեռ ստացողների հետ կնքվող վագոնների մատուցման եւ հավաքման պայմանագրերով:

139. Իրենց չպատկանող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա պահեստներ եւ բեռնման-բեռնաթափման հրապարակներ չունեցող բեռնառաքողների եւ բեռ ստացողների համար վագոնների մատուցումը եւ հավաքումը իրականացվում է համապատասխանաբար բեռնառաքողների, բեռ ստացողների, փոխադրողների եւ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերի միջեւ կնքված պայմանագրով: Այդպիսի պայմանագիրը սահմանում է վագոնների մատուցման եւ հավաքման կարգը, վագոնների օգտագործման համար վճարը:

140. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի շահագործման պայմանագրերում եւ վագոնների մատուցման ու հավաքման պայմանագրերում պետք է հաշվի առնվեն երկաթուղային գծային կայարանի գործելու տեխնոլոգիան, որին հարում է ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գիծը, ինչպես նաեւ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի գործելու տեխնոլոգիան:

141. Այն դեպքերում, երբ վագոնների ժամանման պահին բեռնառաքողները, բեռ ստացողները կամ բեռ ստացողների, բեռնառաքողների սպասարկողն իր լոկոմոտիվներով ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սեփականատերը իրենց միջոցներով կատարում են տեխնոլոգիական գործառնություններ (մանեւրային աշխատանքներ), որոնք փոխադրողի պարտականություններն են, ապա այդ գործառնությունների կատարման ժամկետը չի ներառվում վագոնների օգտագործման համար վճարվող ժամանակահատվածի մեջ: Այդ գործառնությունների կատարման ժամկետը նշվում է ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի շահագործման պայմանագրում կամ վագոնների մատուցման եւ հավաքման պայմանագրում:

142. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերում բեռնված եւ դատարկ վագոնների օգտագործման պահպանությունն ապահովում է ընդունող կողմն իր հաշվին:

143. Փոխադրողների, բեռնառաքողների, բեռստացողների, ենթակառուցվածքի կառավարչի, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերի միջեւ հարաբերությունները կարգավորվում են սույն կարգով, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի շահագործման պայմանագրերով եւ վագոնների մատուցման եւ հավաքման պայմանագրերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով:

144. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատիրոջը կամ ենթակառուցվածքի կառավարչին պատկանող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա բեռնման-բեռնաթափման հրապարակներ ունեցող բեռնառաքողների, բեռ ստացողների փոփոխության դեպքում կնքվում են նոր պայմանագրեր:

145. Կոնտրագենտի (բեռնառաքողի կամ բեռ ստացողի, ինչպես նաեւ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի օգտագործողի, որի մոտ այլ անձին պատկանող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սահմաններում առկա է պահեստ կամ նշված ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծին հարող՝ իրեն պատկանող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գիծ) եւ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին հարող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սեփականատիրոջ միջեւ հարաբերությունները կարգավորվում են նրանց միջեւ կնքված պայմանագրերով:

146. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող լոկոմոտիվներով սպասարկման դեպքում վագոնների, բեռնարկղերի օգտագործման համար վճարը վճարում է փոխադրողին ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սեփականատերը, եթե փոխադրողի, կոնտրագենտի եւ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սեփականատիրոջ միջեւ կնքված պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

147. Փոխադրողին պատկանող լոկոմոտիվներով ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սպասարկման դեպքում կոնտրագենտի եւ փոխադրողի միջեւ հարաբերությունները կարգավորվում են ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի շահագործման պայմանագրով կամ վագոնների մատուցման եւ հավաքման պայմանագրով: Նշված պայմանագրերը կարող են կնքվել միայն ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սեփականատիրոջ համաձայնությամբ:

148. Վագոնների, բեռնարկղերի՝ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա մատուցման կարգը, փոխանցման վայրը, դրանց վերադարձը կարգավորվում է ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի շահագործման պայմանագրով կամ վագոնների մատուցման եւ հավաքման պայմանագրով:

149. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից իրենց պատկանող լոկոմոտիվներով բեռնառաքողների, բեռ ստացողների սպասարկման դեպքում վագոնների փոխանցման հետ կապված գործառնությունները իրականացվում են փոխադրողների եւ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերի միջեւ՝ պայմանագրով սահմանված կարգով:

150. Ընդհանուր եւ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա բեռնման, բեռնաթափման տակ գտնվող վագոնների, բեռնարկղերի ուշացման համար բեռնառաքողները, բեռ ստացողները, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողները կրում են պատասխանատվություն՝ պայմանագրով սահմանված կարգով:

151. Փոխադրողների ծախսերը, այդ թվում՝ վագոնների մատուցման եւ հավաքման, բեռների բեռնման եւ բեռնաթափման հետ կապված ծախսերը, ինչպես նաեւ վագոնների եւ բեռնարկղերի օգտագործման համար վճարը եւ այդ աշխատանքների կատարման հետ կապված առաջացած մաքսային մարմինների կամ պետական հսկողության այլ մարմինների նախաձեռնությամբ այլ ծախսերը փոխհատուցվում են բեռնառաքողների, բեռ ստացողների հաշվին:

ԳԼՈՒԽ 6

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ

152. Փոխադրողները եւ ենթակառուցվածքի կառավարիչը պարտավոր են ապահովել ուղեւորների փոխադրման անվտանգությունը, երկաթուղային կայարաններում, երկաթուղային կայարանաշենքերում (կայարանաշենք՝ շենք երկաթուղային կայարանում, որը նախատեսված է ուղեւորների սպասարկման համար), ուղեւորային հարթակներում եւ ուղեւորային գնացքներում ուղեւորների որակյալ սպասարկումը, չվացուցակին համապատասխան ուղեւորային գնացքների երթեւեկությունը:

153. Ուղեւորային վագոնները, երկաթուղային կայարանաշենքերը, ուղեւորային հարթակները եւ այլ կառույցները, որոնք նախատեսված են ուղեւորների սպասարկման համար, պետք է պահվեն սարքին տեխնիկական վիճակում եւ համապատասխանեն շինարարական եւ սանիտարական նորմերի, կանոնների, այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին:

154. Երկաթուղային կայարաններում ուղեւորների որակյալ սպասարկման համար կառուցվում են ուղեւորային հարթակներ, որոնք կահավորված են կախոցներով եւ (կամ) սրահներով, ինչպես նաեւ թունելներ, կամուրջներ եւ այլ անհրաժեշտ կառույցներ:

155. Երկաթուղային կայարանաշենքերը պետք է հագեցած լինեն ուղեւորների սպասարկման համար անհրաժեշտ օբյեկտներով, մասնավորապես՝ սպասասրահներ, տոմսերի վաճառքի կետեր, տեղեկատվական բյուրո, մոր եւ մանկան սենյակներ, ուղեւորների բժշկական սպասարկման տարածքներ: Ուղեւորներին տրամադրվում է սպասասրահներից եւ սանհանգույցներից անվճար օգտվելու իրավունք: Ենթակառուցվածքի կառավարիչը կապի ոլորտի կազմակերպություններին տրամադրում է ուղեւորներին փոստային, հեռագրային եւ հեռախոսակապի ծառայությունների մատուցման համար տարածքներ, ինչպես նաեւ կազմակերպում է սննդի կետեր՝ պայմանագրերի հիման վրա: Երկաթուղային կայարանաշենքերը պետք է հագեցած լինեն այնպես, որ ապահովվի հաշմանդամների ազատ տեղաշարժը, երկաթուղային կայարանում առկա սպասարկման բոլոր կետերի հասանելիությունը:

156. Փոխադրման մասին պայմանագրով փոխադրողը պարտավորվում է ուղեւորին փոխադրել նշանակման կետ, իսկ ուղեւորը՝ վճարել մատուցված ծառայությունների համար:

Ուղեւորի եւ փոխադրողի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն:

157. Տոմսը ձեռք բերելու եւ վերադարձնելու կարգը իրականացվում է փոխադրողի սահմանած կարգով:

158. Ուղեւորային փոխադրումներ իրականացնելիս փոխադրողը պարտավոր է անվճար տրամադրել երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողներին գնացքների մեկնման եւ ժամանման, ուղեւորների երթեւեկության արժեքի, տոմսարկղերի աշխատաժամերի, կայարանաշենքի տարածքների տեղակայման, քաղաքացիների որոշակի խմբերին տրամադրվող ծառայությունների եւ զեղչերի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն:

159. Գրավոր ձեւով տեղեկանքներ տրամադրելու, ինչպես նաեւ երկաթուղային տրանսպորտի ծառայությունների մատուցման հետ կապ չունեցող տեղեկանքներ տրամադրելու համար գանձվում է վճար՝ երկաթուղային տրանսպորտով ուղեւորների փոխադրումների կանոններով սահմանված կարգով:

160. Փոխադրողը պատասխանատվություն չի կրում ուղեւորության ընթացքում ուղեւորի կողմից փոխադրվող ուղեբեռի պահպանվածության համար:

ԳԼՈՒԽ 7

ՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

161. Ուղեւորների, բեռների երկաթուղային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելիս փոխադրողի, բեռնառաքողի, բեռ ստացողի, այլ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ ուղեւորի համար պատասխանատվության առաջացման հիմքերը հաստատվում են առեւտրային ակտերով:

162. Առեւտրային ակտը կազմվում է հետեւյալ հանգամանքները հաստատելու համար.

1) բեռի անվանման, զանգվածի, տեղերի քանակի անհամապատասխանությունը տրանսպորտային երկաթուղային բեռնագրի (այսուհետ՝ բեռնագիր) մեջ նշված տվյալներին.

2) բեռի վնասումը (փչացումը) եւ այդպիսի վնասման հնարավոր պատճառները.

3) բեռի հայտնաբերումն առանց փոխադրման փաստաթղթերի, ինչպես նաեւ փոխադրման փաստաթղթերի հայտնաբերումն առանց բեռի.

4) փոխադրողի կողմից բեռի չմատուցելը ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի վրա՝ բեռի տրամադրման մասին փաստաթղթերը ձեւակերպելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Տվյալ դեպքում առեւտրային ակտը կազմվում է միայն բեռ ստացողի պահանջով:

163. Առեւտրային ակտը կազմվում է՝

1) բեռն ընդհանուր օգտագործման վայրերում բեռնաթափելու դեպքում՝ բեռի բեռնաթափման օրը, անհրաժեշտության դեպքում՝ բեռը բեռ ստացողին տրամադրելու օրը.

2) բեռը ոչ ընդհանուր օգտագործման վայրերում բեռնաթափելու դեպքում՝ բեռի բեռնաթափման օրը, ընդ որում, բեռի ստուգումը պետք է իրականացվի այն բեռնաթափելու ընթացքում կամ բեռի բեռնաթափումից անմիջապես հետո.

3) բեռի ընթացուղում առեւտրային ակտով ձեւակերպման ենթակա հանգամանքների հայտնաբերման օրը:

164. Սույն կարգի 163-րդ կետում նշված ժամկետներում առեւտրային ակտի կազմման անհնարինության դեպքում այն պետք է կազմված լինի այդ ժամկետներին հաջորդող քսանչորս ժամվա ընթացքում:

165. Առեւտրային ակտը կազմվում է փոխադրողի կողմից երեք օրինակից ձեւաթղթի վրա եւ լրացվում է առանց ջնջումների եւ որեւէ ուղղումների:

166. Առեւտրային ակտը պետք է բովանդակի՝

1) բեռի վիճակի եւ այն հանգամանքների ճիշտ եւ մանրամասն նկարագրությունը, որոնց դեպքում հայտնաբերվել են բեռի վնասումները եւ չպահպանվածությունը.

2) տվյալներ այն մասին, թե արդյոք ճիշտ է բեռնվել, տեղաբաշխվել եւ ամրացվել բեռը, ինչպես նաեւ արդյոք առկա է բաց շարժակազմով փոխադրվող բեռի պաշտպանիչ մակնշումը: Բեռի բեռնման, տեղաբաշխման կամ ամրացման պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում, առեւտրային ակտում նշվում են, թե ինչպիսի խախտումներ են թույլ տրվել:

167. Մթերային եւ շուտ փչացող բեռների փչացման մասին առեւտրային ակտ կազմելիս դրան կցվում է իզոթերմիկ վագոնների, բեռնարկղերի ջերմային ռեժիմի վերաբերյալ աշխատանքային մատյանից քաղվածքը:

168. Ոչ հավաստի տեղեկատվություն բովանդակող առեւտրային ակտ կազմած եւ ստորագրած անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

169. Առեւտրային ակտն ստորագրում է փոխադրողը, ինչպես նաեւ բեռ ստացողը, եթե նա մասնակցում է բեռի ստուգման գործընթացին:

170. Բեռ ստացողի պահանջով փոխադրողը պարտավոր է երեք օրվա ընթացքում նրանց տրամադրել առեւտրային ակտի օրինակը:

171. Այն դեպքում, երբ փոխադրողը հրաժարվում է կազմել առեւտրային ակտը կամ եթե առեւտրային ակտը ձեւակերպված է սահմանված պահանջների խախտմամբ, բեռ ստացողը ներկայացնում է փոխադրողին գրավոր ձեւով դիմում բեռի տրամադրման կամ բեռնաթափման պահից երեք օրվա ընթացքում, իսկ մթերային եւ շուտ փչացող բեռների դեպքում՝ 1 օրվա ընթացքում: Փոխադրողը, տվյալ դիմումը ստանալու օրվանից հետո՝ երեք օրվա ընթացքում, իսկ մթերային եւ շուտ փչացող բեռների դեպքում՝ մեկ օրվա ընթացքում, ներկայացնում է պատճառաբանված պատասխան:

172. Փոխադրողը պարտավոր է կազմել առեւտրային ակտ, եթե նա հայտնաբերել է սույն կարգի 162-րդ կետում նշված հանգամանքները, կամ եթե այդ հանգամանքներից գոնե մեկի առկայության մասին մատնանշել է բեռ ստացողը, ուղեւորը, ստացողը՝ բեռ ստացողի պահանջով:

173. Առեւտրային ակտի կազմմանը մասնակցող կողմերի ներկայացուցիչները պարտավոր են ստորագրել առեւտրային ակտը: Առեւտրային ակտի հետ համաձայն չլինելու դեպքում կողմերի ներկայացուցիչները իրավունք ունեն գրավոր ներկայացնել իրենց առարկությունները:

174. Մինչեւ փոխադրողի դեմ փոխադրման գործընթացում առաջացած վեճերի հետ կապված հայց ներկայացնելը, բեռնառաքողը կամ բեռ ստացողը փոխադրողին ներկայացնում է նախապահանջ:

175. Նախապահանջին պետք է կցված լինեն դիմումատուի կողմից առաջադրվող պահանջները հաստատող փաստաթղթեր, այդ թվում՝ փոխադրողի կողմից տրամադրված առեւտրային ակտը: Նշված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ կերպով հաստատված ձեւով: Անհրաժեշտության դեպքում փոխադրողն իրավունք ունի պահանջել նաեւ բնօրինակը:

176. Փոխադրողին փոխադրման գործընթացի իրականացման հետ կապված նախապահանջ ներկայացնելու իրավունք ունի ապահովագրական ընկերությունը, որը բեռ ստացողին, բեռնառաքողին վճարել է փոխադրողի կողմից փոխադրման չկատարված կամ ոչ պատշաճ կերպով կատարված պարտավորությունների համար ապահովագրական հատուցումը: Ապահովագրողի կողմից նախապահանջի ներկայացման կարգի վերաբերյալ կիրառում են բեռ ստացողի, բեռնառաքողի կողմից նախապահանջի ներկայացման համար նախատեսված կարգը:

177. Ուղեւորների, բեռների փոխադրման կապակցությամբ առաջացած նախապահանջները ներկայացվում են փոխադրողին:

178. Ուղիղ խառը հաղորդակցությամբ բեռների փոխադրման իրականացմամբ պայմանավորված նախապահանջները ներկայացվում են այն փոխադրողին, որի հետ բեռնառաքողը կնքել է բեռի փոխադրման պայմանագիր:

179. Նախապահանջը կարող է ներկայացվել փոխադրողին՝ նախապահանջը ներկայացնելու համար հիմք հանդիսացած հանգամանքների առաջացման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում:

180. Սույն կարգի 179-րդ կետում նշված ժամկետները հաշվարկվում են հետեւյալ դեպքերում.

1) բեռի պակասորդի կամ վնասման (փչացման) դեպքում՝ բեռի տրամադրման օրվանից.

2) բեռի կորստի հատուցման դեպքում՝ այն առաքելու ժամկետի ավարտի օրվանից հետո՝ երեսուն օրը լրանալու օրվանից սկսած.

3) ուղիղ խառը հաղորդակցությամբ փոխադրման ընթացքում բեռի կորստի փոխհատուցման դեպքում՝ բեռը փոխադրման համար ընդունելու օրվանից մինչեւ չորս ամիսը լրանալը.

4) բեռի առաքման ուշացման դեպքում՝ պայմանագրին համապատասխան բեռի տրամադրման օրվանից.

5) բեռնառաքողներին, բեռ ստացողներին, այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, կամ իրենց կողմից վարձու անձանց պատկանող վագոնների, բեռնարկղերի, առանց դրանց սեփականատերերի համաձայնության օգտագործման համար գանձում կատարելու դեպքում՝ այդպիսի վագոնները, բեռնարկղերը բեռնաթափելուց հետո առաքման ժամկետը լրանալու օրվանից.

6) փոխադրման իրականացման հետ կապված առաջացած այլ դեպքերում՝ այդ իրադարձությունների առաջացման օրվանից, որոնք հիմք են հանդիսացել նախապահանջի ներկայացման համար:

181. Փոխադրողը քննարկում է նախապահանջը եւ արդյունքների մասին (բավարարել կամ մերժել) գրավոր տեղեկացնում է դիմումատուին՝ նախապահանջն ստանալու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում:

182. Նախապահանջն ընդունելու դեպքում, նախապահանջի մեջ նշված պահանջը բավարարվում է ծանուցումն ուղարկելու օրվանից հետո՝30-օրյա ժամկետում:

183. Փոխադրողի կողմից դիմումատուի նախապահանջը մասնակի բավարարելու կամ մերժելու դեպքում փոխադրողի ծանուցման մեջ պետք է նշված լինի իր կողմից ընդունված որոշման հիմքը: Այդ դեպքում նախապահանջի հետ ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին:

Այն դեպքում, երբ նախապահանջը քննարկելիս պարզվել է, որ բեռը վերահասցեագրվել է կամ տրվել է այլ բեռ ստացողին (ստացողին) բեռնառաքողի (առաքողի) կամ սկզբնական բեռ ստացողի (ստացողի) դիմումով, նախապահանջը վերադարձվում է դիմումատուին, թե որտեղ, երբ եւ ում է տրվել բեռը նշումով, ինչպես նաեւ այն բեռ ստացողի (ստացողի) անվանման նշումով, որին տրվել է բեռը, կամ կազմակերպության, որի դիմումով կատարվել է բեռի վերահասցեագրումը կամ տրամադրումը՝ փաստացի բեռ ստացողի կամ նշված կազմակերպության հետ դիմումատուի անմիջական հաշվարկի համար:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: