Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-814-11.06.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների» բառերից հետո լրացնել «, իսկ սեղմված բնական գազի դեպքում՝ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների» բառերը:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում՝

ա. «նավթային գազերը եւ գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի), քսայուղերը» բառերը փոխարինել «նավթային գազերը, սեղմված բնական գազը եւ գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի), քսայուղերը» բառերով

բ. լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի իմաստով սեղմված բնական գազ է համարվում ԱՏԳ ԱԱ 2711 21 ապրանքային դիրքին դասվող բնական գազը, որը ստացվում է ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնող անձանց կողմից մի քանի փուլով
(խառնուրդի մաքրում, խոնավության եւ այլ աղտոտիչների հեռացում ու սեղմում) գազի մշակման արդյունքում՝ առանց բնական գազի բաղադրության փոփոխության:»:

2) 2-րդ մասում՝

ա. «վերոհիշյալ ապրանքները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սեղմված բնական գազի)» բառերը,

բ. լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սեղմված բնական գազի դեպքում ակցիզային հարկ վճարող են համարվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնող իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները եւ մասնաճյուղերը) եւ ֆիզիկական անձինք:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ «բ.1)» ենթակետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«բ.1) Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից սեղմված բնական գազի օտարումը.»:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի աղյուսակը՝

ա. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրի տողի 4-րդ սյունակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «55 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 550 դրամ»,

բ. ԱՏԳ ԱԱ 2402 10 00011 եւ 2402 90 00011 ծածկագրերի տողի 4-րդ սյունակում «550000» թիվը փոխարինել «605000» թվով,

գ. ԱՏԳ ԱԱ 2402 10 00012 եւ 2402 90 00012 ծածկագրերի տողի 4-րդ սյունակում «15000» թիվը փոխարինել «16500» թվով,

դ. ԱՏԳ ԱԱ 2402 20 90011, 2402 20 10011 եւ 2402 90 00013 ծածկագրերի տողի 4-րդ սյունակում «5000» թիվը փոխարինել «5500» թվով,

ե. ԱՏԳ ԱԱ 2402 20 90012, 2402 20 10012 եւ 2402 90 00014 ծածկագրերի տողի 4-րդ սյունակում «1400» թիվը փոխարինել «1540» թվով,

զ. ԱՏԳ ԱԱ 2710 ծածկագրի տողի 4-րդ սյունակում «32500» թիվը փոխարինել «35000» թվով,

է. ԱՏԳ ԱԱ 2711 ծածկագրի տողի 2-րդ սյունակում «բացառությամբ» բառից հետո լրացնել «սեղմված չհամարվող» բառերը,

ը. ԱՏԳ ԱԱ 2711 ծածկագրի տողից հետո լրացնել նոր տողով հետեւյալ բովանդակությամբ.
 
2711 21  Սեղմված բնական գազ 1000 մ3 8330

2) 6-րդ մասում «112000» թվերը փոխարինել «120000» թվերով:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությում սեղմված բնական գազի օտարման» բառերը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ենթաակցիզային որոշ ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն է, ինչպես նաեւ ենթաակցիզային ապրանքների ցանկի ընդլայնումը:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս ալկոհոլային խմիչքների, բենզինի եւ դիզելային վառելիքի ու ծխախոտային արտադրանքի համար ակցիզային հարկի դրույքաչափերը վերջին անգամ վերանայվել են 2-4 տարի առաջ եւ անցած տարիների ընթացքում այդ ապրանքների գների աճին համապատասխան դրույքաչափերը չեն ինդեքսավորվել: Միաժամանակ, գործող օրենսդրության համաձայն, տրանսպորտային միջոցներում որպես վառելիք օգտագործվող սեղմված բնական գազը չի համարվում ենթաակցիզային ապրանք:

Բացի այդ, ԵՏՄ շրջանակներում ներկայումս ընթանում են անդամ պետություններում ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցման միջոցառումներ: Ընդ որում, ԵՏՄ անդամ բոլոր երեք պետություններում ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը մի քանի անգամ բարձր են Հայաստանի Հանրապետությունում այդ ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերից:

Խնդիրը կայանում է նրանում, որ՝

1)  անցած 4 տարիների ընթացքում աճել են որոշ ենթաակցիզային ապրանքների գները եւ անհրաժեշտություն է առաջացել գների աճով պայմանավորված ինդեքսավորել այդ ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը,

2)  անհրաժեշտ է ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար Հայաստանի Հանրապետությունում սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը մոտեցնել ԵՏՄ անդամ մյուս պետություններում սահմանված դրույքաչափերին, որպեսզի անցումը լինի սահուն,

3)  որպես տրանսպորտային միջոցների վառելիք օգտագործվող ապրանքների համար գործող օրենսդրությամբ սահմանված են ակցիզային հարկով հարկման տարբերակված մոտեցումներ: Մասնավորապես, գործող օրենսդրության համաձայն, ակցիզային հարկով հարկվող ապրանքներ են համարվում բենզինը եւ դիզելային վառելիքը, իսկ որպես տրանսպորտային միջոցների վառելիք օգտագործվող սեղմված բնական գազը ակցիզային հարկով չի հարկվում, ինչը միեւնույն նշանակություն ունեցող ապրանքները հարկման միատեսակ մոտեցումներով հարկելու տեսանկյունից արդարացված չէ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է՝

1)  անցած տարիների ընթացքում տեղի ունեցած գների աճով պայմանավորված՝ որոշակիորեն ինդեքսավորել որոշ ապրանքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ դրանով ստեղծելով որոշակի նախապայմաններ՝ ԵՏՄ շրջանակներում իրականացվող՝ ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակցեմանն ուղղված միջոցառումների ազդեցությունը տնտեսության վրա մեղմելու համար,

2)  սեղմված բնական գազը, որպես տրանսպորտային միջոցներում օգտագործվող վառելիք, ներառել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում՝ տրանսպորտային միջոցներում օգտագործվող վառելիքի բոլոր տեսակների համար սահմանելով ակցիզային հարկով հարկման միատեսակ մոտեցումներ:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ակցիզային հարկի դրույքաչափերն են եւ ենթաակցիզային ապրանքները:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել որոշ ապրանքատեսակների համար ակցիզային հարկի առավել արդարացված դրույքաչափեր, ինչպես նաեւ սահմանել տրանսպորտային միջոցների վառելիքի հարկման միատեսակ մոտեցումներ:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա կարող է ունենալ որոշակի դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծխախոտի եւ ալկոհոլային արտադրանքի գների բարձրացմամբ որոշակիորեն կնվազի դրանց սպառումը:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է որոշ ապրանքատեսակների համար կատարել ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխություն, ինչպես նաեւ սեղմված բնական գազը, որպես տրանսպորտային միջոցներում օգտագործվող վառելիք, ներառել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

 «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է բարձրացնել ալկոհոլային խմիչքների, բենզինի, դիզելային վառելիքի ու ծխախոտային արտադրանքի համար ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչպես նաեւ առաջարկվում է  ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնող անձանց կողմից գազի մշակման արդյունքում՝ առանց բաղադրության փոփոխության ստացվող բնական գազի օտարումը ներառել ակցիզային հարկով հարկման ենթակա օբյեկտների ցանկում:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները որոշակի ազդեցություն կարող են ունենալ ինչպես ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն իրականացնող տնտեսվարողների, այնպես էլ գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող տնտեսվարողների համար` ավելացնելով ինչպես քաղաքացի, այնպես էլ  տնտեսվարող սուբյեկտ հանդիսացող սպառողների ծախսերը, սակայն, Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի ընդունումը բխում է ԱՄՀ երկարաձգվող ծրագրի երկրորդ հերթական ստուգման շրջանակներում մտադրությունների մասին նամակով ՀՀ ստանձնած պարտավորությունների  կատարումից:

Եզրակացություն

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախագծի  վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է՝

1)  բարձրացնել ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը,

2)  բարձրացնել բենզինի եւ դիզելային վառելքի համար նախատեսված ակցիզային հարկի նվազագույն դրույքաչափը,

3)  տրանսպորտային միջոցներում, որպես վառելիք օգտագործվող, սեղմված բնական գազի համար սահմանել ակցիզային հարկ:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կունենա դրական ազդեցություն եւ պետական բյուջեի եկամուտները կավելացնի շուրջ 9 մլրդ. ՀՀ դրամով: