Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-936-04.10.2024-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կնքման հիմք է  հանդիսացել 2019 թվականին ուժի մեջ մտած «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով» (այսուհետ՝ Ժամանակավոր համաձայնագիր) ամրագրված դրույթները:

Համաձայնագրի մշակման ժամանակ Համաձայնագրի կողմ հանդիսացող Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն առաջնորդվել են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրի հիմնական սկզբունքներով:

«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում:

Համաձայնագրի հիմնական  խնդիրներն են՝

- Ազատ առեւտրի մասին համաձայնագրի շրջանակներում Ժամանակավոր համաձայնագրի կարգավորիչ մասի օգտագործումը որպես բանակցությունների հիմք:

- Իրանական շուկա ապրանքների առավելագույն հնարավոր տեսականու համար առանց մաքսատուրքի մուտքի ապահովում, միաժամանակ ապահովելով Ժամանակավոր համաձայնագրում պարունակվող մուտքի պայմանների չվատթարացումը:

Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավական եւ հորիզոնական պարտավորությունները, փոխադարձ առեւտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, մրցակցությունը, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումները, առեւտրում տեխնիկական խոչընդոտները, ծագման կանոնների որոշումը, վեճերի լուծումը, պետական գնումները եւ այլ բնագավառներին առնչվող խնդիրներ: Համաձայնագիրը նախատեսում է ապրանքների արտահանման եւ ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաեւ առեւտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում:

Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաեւ կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ Կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ:

Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ եւ որոնք ունեն նաեւ մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային եւ գազավորված ջրեր,  ոչ ոգելից խմիչքներ, շոկոլադ, հրուշակեղեն, ծխախոտ, ոչխարի միս, որոնց նկատմամբ կիրառվելու է Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր:

Արդյունաբերական  ապրանքների մասով՝  հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ եւ որոնք ունեն նաեւ մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային հումք (պղնձի եւ ցինկի հանքաքար, մոլիբդենի հանքաքար), արծաթե իրեր, պղնձի անոդներ, գոլորշու գեներատորներ, էլեկտրոնային ծխախոտ, թերմոստատներ եւ այլն: Կազատականացվի մուտքը իրանական շուկա նաեւ  էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների համար, կնվազեցվեն Իրան ներմուծման մաքսատուրքերը ոսկերչական իրերի եւ դեղամիջոցների համար:

ՀՀ տնտեսության համար առավել զգայուն որոշ գյուղապրանքների մասով առաջարկվել է պահպանել եւ կիրառել ԵԱՏՄ տարածք ներմուծման սեզոնային սակագնային քվոտավորում՝ պղպեղ, սմբուկ, ձմերուկ եւ սեխ,  ինչպես նաեւ սակագնային քվոտավորում՝ արդյունաբերության ոլորտում պլաստմասից արտադրանքի մասով:

Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առեւտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ:

Համաձայնագրի համաձայն, ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մատակարումը  Իրան ապահովվելու է առանց անցումային ժամանակաշրջանների:

Համաձայնագրի կնքմամբ կանխատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն իրանական շուկայում, դրա հաշվին ավելացնել ապրանքների արտահանումը Իրան, ակտիվացնել կոոպերացիոն եւ ներդրումային համագործակցությունը:

Համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1.1 կետի դրույթներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված Համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության անունից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ                                           ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ

Եզրակացություն

«Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եւ տեղեկատվություն

Համաձայնագիրը ստորագրած կողմերի՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու վերաբերյալ

«Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը (այսուհետ նաեւ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2023թ. դեկտեմբերի 25-ին, ք.Սանկտ Պետերբուրգում, հայաստանյան կողմից՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից:

Համաձայնագրի կնքման համար հիմք են հանդիսացել 2019թ. ուժի մեջ մտած՝ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով» (այսուհետ՝ Ժամանակավոր համաձայնագիր) ամրագրված դրույթները:

Համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջեւ տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ զգալիորեն ընդլայնելով Ժամանակավոր համաձայնագրով սահմանված՝ սակագնային արտոնություններ նախատեսող ապրանքային անվանացանկն, ինչպես նաեւ որակապես բարելավելով նախկինում արձանագրված սակագնային զիջումները:

Ընդհանուր առմամբ, Համաձայնագրի նպատակն է՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ստեղծել առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման պայմաններ՝ նպաստելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Համաձայնագրի կիրարկման արդյունքում նախատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն իրանական շուկայում՝ ավելացնելով արտահանման ծավալները եւ ակտիվացնելով կոոպերացիոն եւ ներդրումային համագործակցությունը:

Համաձայնագրի կողմերն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Եվրասիական տնտեսական միությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ազգային օրենսդրությամբ պահանջվող ներքին իրավական ընթացակարգերը ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից կատարելու, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 7-րդ հոդվածին համապատասխան՝ ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմի միջեւ կնքված միջազգային պայմանագիրը ԵԱՏՄ-ի համար պարտադիր լինելու վերաբերյալ ԵԱՏՄ-ի համաձայնությունն արտահայտող որոշումն ընդունելու մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից 60 օր հետո: Այդ ծանուցումները պետք է կատարվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ:

2024թ. մայիսի 14-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:

2024թ. մայիսի 14-ի դրությամբ Համաձայնագիրն ստորագրած կողմերից որեւէ մեկը չի ավարտել Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը համապատասխանելու տեսանկյունից նպատակահարմար է գտնում «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն պարունակում է օրենքին հակասող դրույթ:

Մասնավորապես՝ Համաձայնագրի 2.2 հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ մի Կողմի տարածքից մյուս Կողմի տարածք ներմուծվող ապրանքները ոչ ուղղակի եւ ոչ էլ անուղղակի ենթակա չեն ներքին հարկման կամ ցանկացած բնույթի այլ ներքին վճարների, որոնք գերազանցում են հայրենական արտադրության համանման ապրանքների նկատմամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կիրառվող ներքին հարկերն ու վճարները, որը, սակայն, հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն՝ հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Միաժամանակ հայտնում եմ, որ Համաձայնագրով նախատեսվում է Կողմերի կենտրոնական մաքսային մարմինների միջեւ անձնական տվյալների փոխանակում (ֆիզիկական անձ հայտարարատուի դեպքում):

Ելնելով վերոգրյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի մեջ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 8-րդ՝ «Վեճերի կարգավորումը» գլխի 8.15-րդ հոդվածի «Ծախսերը» բաժնում նշված է, որ վեճի Կողմերից յուրաքանչյուրը կրում է իր կողմից նշանակված արբիտրի հետ կապված՝ իր սեփական ծախսերն ու դատական ծախսերը, եւ արբիտրաժային խորհրդի նախագահի եւ խորհրդի վարույթի հետ կապված մյուս ծախսերը վեճի Կողմերը կրում են հավասար չափով:

Եթե նշված ծախսերը իրականացվելու են Միության անդամ պետությունների բյուջեների մասնաբաժինների ավելացման հաշվին, ապա այն կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի նախատեսման անհրաժեշտության:

Միաժամանակ Համաձայնագրի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական ազդեցություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ նախագծի 2-րդ գլխով սահմանվում են ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցումներ եւ արտոնություններ:

ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ն. Տերյանին
ՀՀ արդարադատության նախարարի
տեղակալ Կ. Կարապետյանին
Ի պատասխան ՀՀ Էկոնոմիկայի նախարարության
11.04.2024թ. թիվ 04/7142-2024 գրության

Հարգելի՛ գործընկերներ

Հայտնում ենք, որ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝            Ն. Մանուկյան

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմինների

1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

3. ՀՀ առողջապահության նախարարություն

4. ՀՀ արդարադատության նախարարություն

5. ՀՀ արտաքին գործերի նախարարություն

6. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

7. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

8. ՀՀ ներքին գործերի նախարարություն

9. ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

10. ՀՀ պաշտպանության նախարարություն

11. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

12. ՀՀ ֆինանսների նախարարություն

13. ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

14. ՀՀ պետական եկամուտների կոմիտե

15. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

16. ՀՀ կենտրոնական բանկ

17. ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով

18. ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատ

19. «Էլեկտրոնային կառավարման, ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ
 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն