Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-937-07.10.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 31-րդ մասով.

«էներգետիկ ըմպելիքներ՝ ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային տոնուսը բարձրացնող ըմպելիքներ, որոնցում կոֆեինի ընդհանուր քանակը գերազանցում է 150 մգ/լ-ը եւ որոնք կարող են պարունակել մեկ կամ ավելի տոնուսը բարձրացնող նյութ, հանքային նյութեր, դյուրամարս ածխաջրեր, վիտամիններ եւ վիտամինանման նյութեր, էներգետիկ նյութափոխանակության հիմնանյութեր (սուբստրատներ) եւ խթանիչներ, այդ թվում` բուսական ծագման նյութեր (բաղադրիչներ), բացառությամբ թեյի, սուրճի եւ դրանց հիմքով պատրաստվող ըմպելիքների»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում.

1) 16-րդ մասում «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո ավելացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերը»

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 16.1.-ին եւ 16.2.-րդ մասերով.

«16.1. Արգելվում է 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքների եւ էներգետիկ ըմպելիքների վաճառքը կամ որեւէ այլ եղանակով իրացումը:

16.2. Արգելվում է ալկոհոլային խմիչքների եւ էներգետիկ ըմպելիքների վաճառքը ավտոմատ սարքավորումներով եւ տեխնիկական այլ միջոցներով:»:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 26-րդ մասով.

«26. Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները պետք է ապահովված լինեն առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով)՝ «Էներգետիկ ըմպելիք» նշումով եւ պարունակեն «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչեւ 18 տարեկան երեխաներին, հղիության եւ կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաեւ նյարդային բարձր գրգռվածությունից, անքնությունից, զարկերակային բարձր ճնշումից տառապող անձանց» ընթեռնելի գրառում եւ լինեն տեղադրված տեսանելի վայրում:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասում «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
 

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն