Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-7965-26.05.2015,11.06.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«6. Առուվաճառքի կամ աշխատանքներ կատարելու (ծառայություններ մատուցելու) միանալու պայմանագրում կամ այնպիսի պայմանագրում, որոնք ողջամիտ հնարավորություն չեն ընձեռում սպառողին բանակցելու դրա պայմանները, նախատեսված արբիտրաժային համաձայնությունը, որը կարող է լինել ինչպես պայմանագրում ներառված վերապահման ձեւով, այնպես էլ որպես դրա բաղկացուցիչ մաս, հավելված կամ պայմանագիր կնքելու գործընթացի պայման, չի զրկում սպառողին պայմանագրից բխող կամ դրա հետ կապված վեճը դատարանին հանձնելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճի ծագումից հետո, որով սպառողն անվերապահորեն համաձայնել է վեճը հանձնել արբիտրաժի լուծմանը: Սույն մասի դրույթները տարածվում են նաեւ ցանկացած պարտադիր գործընթացի վրա, որով սպառողի դատարան դիմելու իրավունքը կարող է սահմանափակվել:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացում կատարելու մասին,  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը

Վեճերի արտադատական եղանակով լուծման խթանմանն ուղղված լուրջ քայլ էր ՄԱԿ-ի ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի մոդելային օրենքի դրույթների եւ սկզբունքների վրա հիմնված «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի(այսուհետ նաեւ` Օրենք)  ընդունումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 25-ին: Օրենքը միջազգային չափանիշներին համապատասխանող օրենսդրական հենք ձեւավորեց Հայաստանում արբիտրաժային գործընթացի իրականացման համար: Այդուհանդերձ, արբիտրաժային մեծ փորձ եւ մշակույթ չունեցող երկրների համար արբիտրաժը խթանելուն ուղղված շարունակական եւ համակարգված քայլեր են անհրաժեշտ: Հայաստանի Հանրապետությունում արբիտրաժի ինստիտուտը կայացնելու համար դեռեւս առկա է թեԲ որակյալ արբիտր մասնագետների եւ թեԲ դատարանների կողմից արբիտրաժային որոշումների հարկադիր կատարման, չեղյալ ճանաչման, արբիտրների նշանակման եւ դատարանների կողմից արբիտրաժի նկատմամբ վերահսկողության այլ ոլորտներում ձեւավորված փորձի պակաս: Այս խնդիրների լուծման համար հաջորդ փուլում նախատեսվում է մի շարք միջոցառումների իրականացում, այն է` արբիտրների ուսուցում, դատավորների համար թեմատիկ դասընթացների ներառում, ինչպես նաեւ ճանաչված միջազգային արբիտրների մասնակցությամբ օրինակելի արբիտրաժների իրականացում:

Ավելին, Օրենքի գործողությունը տարածվում է առեւտրային արբիտրաժին առնչվող հարաբերությունների վրա: Մինչդեռ արբիտրաժային մշակույթի խթանումը պահանջում է նաեւ այլ իրավահարաբերություններից բխող վեճերը արբիտրաժի ընթացակարգերով լուծման հանձնելու օրենսդրական կարգավորումների հստակեցում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ընտանեկան, աշխատանքային, սպառողական կարիքների համար կնքված քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող վեճերին: Արբիտրաժի միջոցով լուծման ենթակա վեճերի շրջանակի ընդլայնմանը զուգահեռ  անհրաժեշտ է օրենսդրությամբ նախատեսել սպառողների շահերի պաշտպանության որոշակի մեխանիզմներ՝ ուղղված վեճը պետական դատարանին հանձնելու իրավունքից զրկելուն եւ արբիտրաժի միջոցով վեճերի լուծումը պարտադրելու կանխարգելմանը: Օրենսդրական երաշխիքները պետք է ուղղված լինեն այնպիսի իրավիճակների կանխարգելմանը, երբ արբիտրաժի միջոցով վեճի լուծման համաձայնությունը ձեռք է բերվել մասնավորապես, կողմերի փաստացի անհավասար վիճակից օգտվելով (օրինակ՝ սպառողների կողմից կնքվող առուվաճառքի կամ աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման միանալու պայմանագրերում) կամ սպառողի/աշխատողի կողմից արբիտրաժի էության չընկալման կամ  պայմանագրում արբիտրաժային համաձայնությունը չնկատելու արդյունքում:

Արբիտրաժի միջոցով վեճերի քննության հեղինակության բարձրացման եւ գործերի քննության ընթացակարգերի կատարելագործման առումով անհրաժեշտ է միջազգային փորձագետների եւ տեղական շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ մշակել արբիտրների էթիկայի եւ արբիտրաժում վարույթի տիպային կանոններ, խթանել համագործակցությունը միջազգային արբիտրների հետ՝ Հայաստանում տեղական կարողությունները զարգացնելու նպատակով համատեղ ուսուցողական արբիտրաժներ իրականացնելու ուղղությամբ:

«Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների կատարումը նախ եւ առաջ պայմանավորված է վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտներից առեւտրային արբիտրաժի ինստիտուտը կատարելագործվելու համար: Միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտներից առավել հեռանկարայիններից մեկը, հատկապես տնտեսական, առեւտրային (ներկայումս զարգացում է ապրում նաեւ ընտանեկան եւ աշխատանքային) վեճերը աստիճանաբար քննության առարկա են դառնում հենց արբիտրաժային տրիբունալների կողմից: Օրենքը ՀՀ-ում ընդունվել է 2006թ., իսկ Օրենքի մշակման համար որպես ելակետային բազա է ծառայել «Միջազգային առեւտրային արբիտրաժի մասին» մոդելային օրենքը (այսուհետ` Մոդելային օրենք)` ընդունված Միավորված ազգերի կազմակերպության՝ Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից 1985 թվականի հունիսի 21-ին: Սակայն, Օրենքի ընդունումից հետո Հանձնաժողովի կողմից 2006 թվականի հուլիսի 7-ին Մոդելային օրենքը լրացրել է նոր ինստիտուցիոնալ կարգավորումներով, որոնք Օրենքում ներառված չեն եղել: Բացի այդ առեւտրային արբիտրաժի զարգացումը ՀՀ-ում ստիպում է որոշակի ընդհանուր կանոններ սահմանել արբիտրների վարքագծի նկատմամբ, քանի որ զսպումների ու հակակշիռների բացակայությունը արբիտրաժային վարույթի ընթացքում կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ արբիտրները դրսեւորեն որոշակի կամայականություններ:

Ավելին, միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս վկայել, որ օրեցօր ոչ միայն առեւտրային իրավահարաբերությունների, այլեւ այլ իրավահարաբերությունների հետ կապված վեճերն աստիճանաբար ուղղվում եմ վեճերի լուծման արտադատական մարմիններին, ինչպիսին է արբիտրաժը, հաշտարարը եւ ֆինանսական համակարգի հաշտարարը: Ուստի կատարված ուսումնասիրությունների արդյունքում, խթանելու համար արբիտրաժի ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացման հեռանկարը եւ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը  հասունացել է այն պահը, որպեսզի որոշակի իրավահարաբերություններով կապված վեճերը եւս հնարավոր լինի քննել արտադատական կարգով` արբիտրաժի միջոցով: Որպես սկզբնական քայլ նպատակահարմար է աշխատանքային եւ սպառողական իրավահարաբերությունների հետ կապված, ինչպես նաեւ ամուսնաընտանեկան իրավահարաբերություններից ծագած որոշ (խոսքը վերաբերում է ամուսինների համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու հետ կապված իրավահարաբերություններին) վեճերի քննության նախատեսումը արբիտրաժի միջոցով:

ԵՎ եթե աշխատանքային եւ սպառողական իրավահարաբերությունների հետ կապված վեճերով արբիտրաժի ներդրումը առավել տարածված մոդել է, ապա ընտանեկան վեճերով արբիտրաժի ներդրումը ունի որոշակի առանձնահատկություններ:

Այսպես. Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Կանադայում, ԱՄՆ-ում, Ավտրալիայում, Բելգիայում գործում են անգամ ընտանեկան արբիտրաժներ, իսկ օրինակ Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսի Հանրապետությունում եւ Կազախստանի Հանրապետությունում գործող «Միջնորդ դատարանների մասին» օրենքներում չնայած ուղղակիորեն չի նախատեսվում, որ ամուսնաընտանեկան վեճերը կարող են լուծվել միջնորդ դատարանների միջոցով, այնուամենայնիվ Օրենքի մեկնաբանությունից եւ իրավակիրառ պրակտիկայից բխում է, որ ամուսնաընտանեկան այն վեճերը, որոնք կապված եմ ամուսինների համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու հետ, կարող են դառնալ միջնորդ դատարանների քննության առարկա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ երկրներից առաջին խմբով  (Կանադա, ԱՄՆ, Ավտրալիա, Բելգիա) որեւէ սահմանափակում չկա ամուսնաընտանեկան վեճերը արբիտրաժի միջոցով լուծելու հարցում (այսինքն` այս երկրներում հենց նույն ալիմենտի չափի որոշման, երեխաների խնամքի ու դաստիարակության վայրի որոշման, ծնողական իրավունքից զրկելու հետ կապված վեճերը եւս կարող են արբիտրաժի քննության առարկա դառնալ), միեւնույն ժամանակ հաշվի առնելով նույն երկրների իրավական համակարգի առանձնահատկությունները, այս մոդելի ընտրությունը կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար արդիական չի կարող համարվել:

Միեւնույն ժամանակ երկրորդ խումբ երկրների (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուսի Հանրապետություն եւ Կազախստանի Հանրապետություն) որդեգրված մոդելը շատ ավելի արդյունավետ է եւ բացի այդ այս երկրների իրավական համակարգերն առավել մոտ են Հայաստանի Հանրապետության իրավական համակարգին, ուստի կարծում ենք, որ արբիտրաժի կարգով վեճերի լուծումը ամուսնաընտանեկան հարաբերություններում ծագած վեճերով ինստիտուտի ներդնելիս անհրաժեշտ է ղեկավարվել հենց այս երկրների որդեգրված մոդելով: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում արբիտրաժի կարգով վեճերի լուծում նախատեսել նաեւ ամուսինների համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու հետ կապված իրավահարաբերություններում:

Այդ իսկ պատճառով նախատեսվել է փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում, «Սպառողների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ ՀՀ ընտանեկան օրենսգրքում` արբիտրաժի միջոցով ծագած վեճերը լուծելու համար:

Բացի այդ շատ կարեւոր ինստիտուցիոնալ խնդիրների լուծում է առաջարկվել ՀՀ նախագահի 30.06.2012թ. ՆԿ-96-Ա կարգադրությամբ` Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրերից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին (այսուհետ` Կարգադրություն): Ի թիվս այլ խնդիրների, որոնց լուծման մասին խոսվեց վերը` Կարգադրությամբ նաեւ հստակ մտահոգություն է արտահայտված այն հարցի շուրջ, որ անհրաժեշտ է կատարելագործել եւ խթանել արբիտրաժի միջոցով վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները (ՏեԲս Կարգադրության 10.1 կետը):

Կարգադրության 10.1. կետով առկա խնդիրն առավել քան արդիական է ներկայիս իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորումները դատական պրակտիկայի զարգացումներն այլ ուղղությամբ են տարել` սահմանափակելով մի շարք իրավահարաբերություններից ծագած վեճեր առեւտրային արբիտրաժի միջոցով լուծելու հնարավորությունը (ՏեԲս օրինակ` ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014թ. թիվ ԵԿԴ/1910/02/13 քաղաքացիական գործով որոշումը): Խնդիրը, մասնավորապես, կայանում է նրանում, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործող խմբագրության 12-րդ հոդվածի մեկնաբանությունից է միայն անուղղակի պարզ դառնում, որ արբիտրաժային տրիբունալը եւս սույն օրենսգրքի իմաստով դիտվում է դատարան, սակայն հենց այստեղից էլ գալիս է անորոշությունը, քանի որ նախ անհասկանալի է, թե խոսքը միայն սույն հոդվածի իմաստով արբիտրաժային տրիբունալի` դատարանին հավասարեցնելուն է վերաբերում, առավել եւս, որ սույն հոդվածն ուղղված է կարգավորելու նախ եւ առաջ քաղաքացիական իրավունքներն իրականացնելու սահմանները, թե նույն քաղաքացիական իրավունքների պաշտպանություն իրականացնելու միջոցների իմաստով (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մաս) եւս արբիտրաժային տրիբունալը կարող է դիտվել դատարան:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

07.07.2006թ. խմբագրությամբ Մոդելային օրենքով նախատեսվում էին մի շարք լրացումներ, որոնք, պայմանականորեն կարելի է ընդհանրացնել հետեւյալ խմբերով.

Բացի վերոնշյալ խնդիրներից, առկա են նաեւ որոշակի այլ ընթացիկ խնդիրներ` կապված Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հետ, որոնք չնայած անմիջականորեն կապված չեն 07.07.2006թ. Մոդելային օրենքը լրացնելու հետ, սակայն իրենց կարեւորությամբ չեն զիջում նրանց: Որպես այդպիսին, նախ եւ առաջ անհրաժեշտ ենք հանդիսանում նշել, որ Օրենքում բացակայում են արբիտրի վարքագծի կանոններ, մինչդեռ միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս ասել, որ եվրոպական շատ երկրներում, որտեղ առեւտրային արբիտրաժը հանդիսանում է վեճերի այլընտրանքային լուծման ինստիտուտ, արբիտրների նկատմամբ գոնե նվազագույն վարքագծի կանոններ սահմանված են եւ չեն բացառում հնարավորությունը, որ հենց նույն մշտապես գործող արբիտրաժային հաստատությունների կողմից էլ սահմանվեն այլ վարքագծի կանոններ արբիտրների նկատմամբ:

Կարեւոր խնդիրներից է նաեւ արբիտրաժային տրիբունալի վճիռների կատարման եւ չեղյալ ճանաչման ընթացակարգերի դատավարական տարանջատումը եւ հստակեցումը՝ հաշվի առնելով արբիտրաժի խթանման եւ արբիտրաժային վճիռների առավել արդյունավետ կատարման նկատառումները:

Ոչ պակաս կարեւորություն ունի նաեւ այն խնդիրը, որ գործող իրավակարգավորման պայմաններում միայն առեւտրային բնույթ ունեցող վեճերն են ենթակա քննության արբիտրաժի կողմից, որի պայմաններում աշխատանքային եւ սպառողների առընչվող իրավահարաբերություններից ծագած վեճերը, ինչպես նաեւ ամուսնաընտանեկան որոշ իրավահարաբերություններից ծագող վեճերը դուրս են մնում արբիտրաժի կողմից քննված լինելու հնարավորությունից:

Արբիտրի նկատմամբ ՀՀ գործող օրենսդրությունը սահմանում է նվազագույն պահանջներ, որոնք, սակայն, գտնում ենք, որ առավել խիստ պետք է լինեն, քան նախատեսված են գործող օրենսդրությամբ, քանի որ դա առաջին հերթին կնպաստի արբիտրաժային կարգով վեճերի լուծման ինստիտուտի նկատմմաբ արբիտրաժային վարույթի մասնակիցների վստահությունը բարձրացնելուն, ինչպես նաեւ տեսականորեն հնարավոր բազմաթիվ անիրատեսելի պայմաններում մի խումբ անձանց արբիտր լինելը հաշվի առնելով (օրինակ` գործող իրավակարգավորումները թույլ են տալիս ասել, որ արբիտր կարող է լինել անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը կամ դատարանի մեղադրական դատավճռով ազատազրկման դատապարտված անձը եւ այլն):

3. Առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի մեջ փոփոխությունների եւ լրացումների կատարումը չի հանգեցնի այլ օրենքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարման, ուստի նպատակահարմար ենք համարում ընդունել մեկ օրենք` ««Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»:

Օրենքի փոփոխությունների ու լրացումների ընդունումը կնպաստի Օրենքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն, մասնավորապես ակնկալվում է.

1. Օրենքը լրացնել առանձին հոդվածով, որը կսահմանի միջազգային առեւտրային արբիտրաժի կողմից քննվող գործերով Օրենքի մեկնաբանության առանձնահատկությունները.

2. օրենքը լրացնել առանձին հոդվածով, որը կսհամանի արբիտրաժային տրիբունալի կողմից հայցի ապահովման միջոցներ սահմանելու պայմանները.

3. Օրենքը կլրացվի առանձին գլուխներով, որոնք ուղղված են կարգավորելու`

ա) նախնական կարգադրություների ինստիտուտը.

բ) հայցի ապահովման միջոցների եւ նախնական կարգադրությունների նկատմամբ կիրառելի դրույթները (հայցի ապահովման միջոցների եւ նախնական կարգադրությունների փոփոխումը, կասեցումը եւ դադարեցումը, հայցի ապահովման միջոցների եւ նախնական կարգադրությունների ապահովման տրամադրումը, տեղեկությունների տրամադրումը եւ այլն).

գ) հայցի ապահովման մասին որոշումների ճանաչումը եւ կատարումը.

դ) արբիտրի վարքագծի կանոնները:

Փոփոխությունների փաթեթում առաջարկում է փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում, «Սպառողների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ ՀՀ ընտանեկան օրենսգրքում, որպեսզի այդ իրավահարաբերություններից ծագած վեճերը եւս հնարավոր լինի քննել արբիտրաժի կողմից:

Փոփոխությունների փաթեթում առաջարկում է փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ ընտանեկան օրենսգրքում: Օրենքի լրացումների ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն, մասնավորապես ակնկալվում է.

1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսել` եթե ամուսինների ընդհանուր գույքի բաժանումը չի շոշափում երրորդ անձանց շահեր, ապա ամուսիններն իրենց ընդհանուր գույքի բաժանման հետ կապված վեճերը փոխադարձ համաձայնությամբ կարող են հանձնվել նաեւ արբիտրաժային տրիբունալի լուծմանը.

2. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսել ամուսիններից յուրաքանչյուրի ազատությունը ցանկացած պահի ամուսինների ընդհանուր գույքի բաժանումից բխող վեճը դատարանին հանձնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճի ծագումից հետո, որով ամուսիններն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը.

3. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսել այն բոլոր ձեւերը, որոնցով վիճելի իրավահարաբերության կողմերը իրենց միջեւ ծագած վեճը կարող են հանձնել արբիտրաժի լուծմանը, այն է` թեԲ ամուսնական պայմանագրում արբիտրաժային  վերապահման նախատեսելու, թեԲ առանձին արբիտրաժային համաձայնության կնքման միջոցով:

Առաջարկվում է նաեւ հստակեցնել արբիտրի նկատմամբ սահմանվող նվազագույն պահանջները` սահմանելով հնարավորինս իրատեսական պահանջներ արբիտրի նկատմամբ, այն է, որ վերջինս պետք է լինի գործունակ, չլինի դատվածություն ունեցող եւ այլն:

Բացի այդ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւս կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ, որոնք ուղղված են արբիտրաժի միջոցով վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները կատարելագործելուն եւ խթանելուն: