Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝
1) 2-րդ եւ 2.1-ին մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունն անձին տրամադրվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որեւէ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով:
2.1. Եթե անձը ցանկանում է դադարեցնել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվության ստացումը, ապա սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:».
2) 2.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 7-րդ մասից հանել «տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության,» բառերը.
5) 8-րդ մասից հանել «տարեկան 1 անգամից ավելի» բառերը:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ պարբերությունը հանել.
2) 1-ին մասից հետո լրացնել նոր՝ 1.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, բացի կենսաթոշակային ֆոնդերից, իրավունք ունի կառավարելու «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքով սահմանված այլ ներդրումային ֆոնդեր: Ընդ որում, մասնագիտացված ներդրումային ֆոնդ (այդ թվում՝ ոչ հրապարակային) կառավարելու համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Կենտրոնական բանկը կարող է մերժել համաձայնության տրամադրումը, եթե կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից այդպիսի ներդրումային ֆոնդի կառավարումը կխոչընդոտի իր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների նկատմամբ օրենքով, այլ իրավական ակտերով կամ այդ կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունների պատշաճ կատարմանը:»:
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Եթե անձը չի ներկայացրել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, ապա մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդի ընտրությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացում է ուղարկում տվյալ անձին մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որեւէ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով, բացառությամբ այն դեպքի, երբ անձը ներկայացրել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմում: Ընդ որում, սույն մասի առաջին նախադասությամբ նախատեսված տեղեկացումը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկությունները:»:
Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «25» թիվը փոխարինել «35» թվով:
Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 5-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված այլ ֆինանսական գործիքներում:».
3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել թողարկողների (ներառյալ` բանկերի` բանկային ավանդների մասով) կամ դրանց թողարկած արժեթղթերի, սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով նախատեսված ֆինանսական գործիքների, այդ արժեթղթերով եւ ֆինանսական գործիքներով գործարքների, ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների նկատմամբ նվազագույն չափանիշներ եւ պայմաններ, ինչպես նաեւ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի հաշվին ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքվող գործարքների պայմաններ (այդ թվում՝ տեսակները, գործարքի կողմերը):»:
Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Արտասահմանյան պետությունների կամ այդ պետությունների կենտրոնական բանկերի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 40 տոկոսը, ընդ որում, մեկ թողարկումում (տրանշում) ներդրումների արժեքը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 20 տոկոսը, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածի 16-րդ մասով:».
2) 7-րդ մասում «հիմնադրամների» բառը փոխարինել «ֆոնդերի» բառով.
3) 9-րդ մասում «պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 10 տոկոսը» բառերը փոխարինել «սույն հոդվածի 9.1-ին մասով սահմանված սահմանաչափը» բառերով.
4) 9-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
«9.1. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված ֆինանսական գործիքներում եւ սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում կատարվող ներդրումները չպետք է գերազանցեն տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 10 տոկոսը: Սույն մասով սահմանված սահմանաչափը չի տարածվում սույն հոդվածի 24-րդ մասով սահմանված արժեթղթերի վրա, բացառությամբ այն դեպքի, երբ թողարկմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում դրանք չեն թույլատրվում կարգավորվող շուկայում առեւտրին:».
5) 16-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«16. Մեկ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 15 տոկոսը: Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ որոշմամբ կարող են սահմանվել կոնկրետ պետության մասնակցության աստիճանի որոշման կարգ, ինչպես նաեւ որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար ավելի բարձր սահմանաչափ (սակայն ոչ ավել, քան ֆոնդի ակտիվների 30 տոկոս)՝ հաշվի առնելով տվյալ պետության վարկանիշը կամ ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման
1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 37-39-րդ հոդվածները սահմանում են ակտիվների այն տեսակները՝ համապատասխան սահմանաչափերով, որոնցում կարող են ներդնել կենսաթոշակային ֆոնդերը: Այս առումով խնդիրը կայանում է նրանում, որ ներդրումների առկա սահմանաչափերը որոշ չափով խոչընդոտում են կենսաթոշակային ֆոնդերի միջոցները լիարժեք կերպով տարբեր ներդրումային նախագծերի (այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման), ինչպես նաեւ տնտեսության այլ հատվածների ֆինանսավորմանն ուղղելուն: Հայաստանում ներդրումային նախագծերը հիմնականում ֆինանսավորվում են հրապարակայնորեն չշրջանառվող (չցուցակված) ֆինանսական գործիքների միջոցով: Մինչդեռ ոչ հրապարակային (չցուցակված) գործիքներում ներդրումների իրականացման հնարավորությունը տրված է միայն անուղղակի ձեւով՝ այլ ներդրումային ֆոնդերի միջոցով, ինչը սահմանափակում է կենսաթոշակային խնայողությունների՝ տնտեսության մեջ ներդրումների հնարավորությունը, եւ նվազեցնում ֆոնդերի կառավարման արդյունավետությունը (ռիսկերի դիվերսիֆիկացիա, բարձր եկամուտ): Ուստի օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները թույլ կտան ընդլայնել ֆոնդերի կողմից կատարվող ներդրումների հնարավորությունները՝ հնարավորություն ստեղծելով ֆոնդերի միջոցները տարբեր ֆինանսական գործիքների կիրառման միջոցով ուղղելու ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն իրավունք չունի կառավարելու «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված կամ չտարատեսականացված ներդրումային ֆոնդ: ՀՀ տնտեսությունում առկա են ֆինանսավորման կարիք ունեցող ոլորտներ եւ ներդրումային նախագծեր, որոնք կարող են ֆինանսավորվել ներդրումային ֆոնդերի միջոցով: Միեւնույն ժամանակ, պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներն ունեն պրոֆեսիոնալ կարողություններ կառավարելու տարատեսակ ներդրումային ֆոնդեր: Օրենսդրական խոչընդոտների վերացումը թույլ կտա օգտագործելու այդ կարողությունները՝ խթանելով տնտեսության իրական հատվածում կատարվող ներդրումները:
Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 12-րդ հոդվածի եւ 34-րդ հոդվածի՝ մասնակիցների ռեեստրը վարողը մի շարք դեպքերում մասնակիցներին տրամադրում է տեղեկատվություն թղթային տարբերակով, եթե տվյալ մասնակիցը չի տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե: Այս առումով խնդիրն այն է, որ արդեն ստեղծվել են մի շարք հնարավորություններ առցանց տարբերակով կենսաթոշակային ֆոնդի ընտրության, ֆոնդի փոփոխության, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի տրամադրման միջոցով հետագայում տեղեկատվություն ստանալու համար: Արդյունքում թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջը անհարկի բարձր է պահում համակարգի ադմինիստրատիվ ծախսերը: Միայն 2023թ. այդ ծախսերը կազմել են շուրջ 50 մլն ՀՀ դրամ: Ընդ որում, այդ ծախսերի շուրջ 1/3-ը չեն ծառայել իրենց նպատակին, քանի որ թղթային տարբերակով հաշվետվությունները չեն հասել մասնակիցներին՝ բնակության սխալ հասցեների կամ այլ գործոնների պատճառով: Ուստի, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը նպատակ ունի մասնակիցների ռեեստրը վարողին ազատել թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պարտավորությունից՝ միաժամանակ հնարավորություն տալով նվազեցնել մասնակիցների համար համակարգի ադմինիստրատիվ ծախսերը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկա պահին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով կենսաթոշակային ֆոնդերի համար սահմանված որոշ ներդրումային սահմանաչափեր բացասական ազդեցություն են թողնում ֆոնդերի կառավարման արդյունավետության վրա: Մասնավորապես, բաժնային արժեթղթերում ներդրումների փոքր սահմանաչափը (պահպանողական ֆոնդերի համար՝ 25 տոկոս) հնարավորություն չի տալիս ֆոնդերին օգտվել բաժնային արժեթղթերի՝ երկարաժամկետում բարձր եւ կայուն եկամտաբերություն ապահովելու հնարավորությունից եւ իրականացնել մարտավարական կառավարում՝ բարենպաստ իրավիճակներում մեծացնելով բաժնային արժեթղթերում ներդրումների կշիռը՝ լրացուցիչ եկամտաբերություն ստանալու նպատակով: Բացի այդ, ոչ հրապարակային (չցուցակված) ֆինանսական գործիքներում ուղղակի ներդրումներն արգելվում են (թույլատրվում է միայն անուղղակի՝ այլ ֆոնդերում ներդրումների միջոցով՝ առավելագույնը 10 տոկոս սահմանաչափով): Ընդհանուր առմամբ, տնտեսության իրական հատվածում ներդրումային նախագծերը կարող են ֆինանսավորվել տարաբնույթ գործիքներով՝ ուղղակի ներդրումներով, երբ կենսաթոշակային ֆոնդն ուղղակիորեն ներդրում է իրականացնում բաժնետոմսեր, պարտատոմսեր ձեռքբերելով կամ այլ ֆինանսական գործիքների միջոցով (այդ թվում՝ բորսայում չցուցակված), եւ անուղղակի՝ այլ ներդրումային ֆոնդերի միջոցով, որոնք իրենց հերթին ներդնում են նման գործիքներում (նախագծերում): Գործող օրենսդրությամբ սակայն չցուցակված գործիքներում թույլատրվում է միայն անուղղակի ձեւով ներդրումների իրականացումը, իսկ Հայաստանում տնտեսության իրական հատվածի ֆինանսավորումն իրականացվում է հիմնականում ոչ հրապարակային (չցուցակված) գործիքներում ուղղակի ներդրումների միջոցով: Արդյունքում տնտեսությունում իրականացվող ներդրումային նախագծերն անհասանելի են մնում կենսաթոշակային ֆոնդերի համար: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել հրապարակայնորեն չշրջանառվող ֆոնդերում ներդրումների 10 տոկոս կշռում ներառել նաեւ ուղղակի ներդրումները՝ թույլ տալով ֆոնդերին մասնակցել տնտեսության իրական հատվածում տարբեր ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը նաեւ ուղղակիորեն չցուցակված գործիքներում ներդնելով: Հավելենք, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կենսաթոշակային ֆոնդերը վերջին տասնամյակում մեծացրել են այլընտրանքային ներդրումային գործիքներում (չցուցակված բաժնետոմսեր, փոխառություն եւ այլն) ներդրումների կշիռը (2011թ՝ 16-20 տոկոս, 2021թ.՝ 25-30 տոկոս, աղբյուրը՝ OECD, Pensions at a Glance): Ընդ որում, ներկայումս պահպանողական ֆոնդերի բաժնային ներդրումները մոտ են օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափին (30.06.2024 դրությամբ՝ 24,3% եւ 22,6%), եւ վերոնշյալ 10 տոկոս սահմանաչափի ներքո ուղղակի բաժնային ներդրումները թույլատրելու դեպքում գործող 25 տոկոսի առավելագույն սահմանաչափը կարող է խոչընդոտել ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը: Մասնավորապես, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի եւ միջազգային ֆինանսական կազմակերպության միջեւ կնքվել է ենթակառուցվածքային ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում համագործակցության հուշագիր: Գործող սահմանաչափը անփոփոխ թողնելու դեպքում նմանատիպ խոշոր ներդրումային նախագծերում մասնակցության համար կենսաթոշակային ֆոնդը ստիպված կլինի վաճառել այլ ներդրումային ֆոնդերում արդեն իսկ կատարված իրացվելի ներդրումները, կամ երկար սպասել անհրաժեշտ չափով կուտակային հատկացումների ներհոսքին:
Մեկ այլ խնդիր կապված է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից տարբեր տեսակի ներդրումային ֆոնդեր կառավարելու սահմանափակումների հետ, ինչը թույլ չի տալիս ընդլայնել տարբեր ոլորտների եւ ներդրումային նախագծերի ֆինանսավորման աղբյուրները՝ բացասական ազդեցություն թողնելով տնտեսության վրա: Առկա սահմանափակումները համահունչ չեն միջազգային լավագույն փորձին, որն ինչպես ցույց է տալիս, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար այլ ներդրումային ֆոնդեր կառավարելու իրավական սահմանափակումներ չկան:
Մյուս խնդիրը կապված է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակիցներին տեղեկատվության տրամադրման եղանակի հետ: Գործող կարգավորումները մասնակիցների ռեեստրը վարողի նկատմամբ որոշ դեպքերում սահմանում են մասնակիցներին թղթային տարբերակով տեղեկատվություն տրամադրելու պահանջ, եթե տվյալ մասնակիցը չի տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե: Թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջն անհարկի բարձր է պահում համակարգի ադմինիստրատիվ ծախսերը, քանի որ արդեն ստեղծվել են մի շարք հնարավորություններ առցանց տարբերակով կենսաթոշակային ֆոնդի ընտրության, ֆոնդի փոփոխության, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի տրամադրման միջոցով հետագայում տեղեկատվություն ստանալու համար:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթը կայանում է հետեւյալում.
1. մասնակիցների ռեեստրը վարողն անձին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը տրամադրում է միայն էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային փոստի առկայության դեպքում: Հանվում են թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջները:
2. Օրենքի 34-րդ հոդվածը խմբագրվում է այնպես, որ անձի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում չներկայացնելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդի ընտրությունից հետո այդ մասին տեղեկացնում է մասնակցին բացառապես էլեկտրոնային տարբերակով:
3. Օրենքի 24-րդ հոդվածի խմբագրությամբ հնարավորություն է տրվում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին կառավարելու «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ ներդրումային ֆոնդեր: Ընդ որում, մասնագիտացված ներդրումային ֆոնդ (այդ թվում՝ ոչ հրապարակային) կառավարելու համար անհրաժեշտ կլինի Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:
4. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «25» թիվը փոխարինվում է «35» թվով: Արդյունքում պահպանողական կենսաթոշակային ֆոնդերը կարող են մեծացնել բաժնային արժեթղթերում ներդրումների մասնաբաժինը:
5. Օրենքի 38-րդ հոդվածը լրացվում է 3-րդ մասի 6-րդ կետով, որով հնարավորություն է տրվում կենսաթոշակային ֆոնդերին ուղղակիորեն ներդրումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում տարբեր ֆինանսական գործիքների միջոցով: Նույն հոդվածի 4-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, որով Կենտրոնական բանկը կարող է սահմանել այդ ֆինանսական գործիքներում ներդրումներ կատարելու պայմանները:
6. 39-րդ հոդվածի 16-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի համաձայն Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ որոշմամբ կարող են սահմանել կոնկրետ պետության մասնակցության աստիճանի որոշման կարգ, ինչպես նաեւ որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար ավելի բարձր սահմանաչափ (սակայն ոչ ավել, քան ֆոնդի ակտիվների 30 տոկոս)՝ հաշվի առնելով տվյալ պետության վարկանիշը եւ(կամ) ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի եւ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը.
Ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմացման արդյունքում կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների եւ եկամուտների ստացման հնարավորությունները: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի հանրության խնայողությունները լիարժեք կերպով ուղղելու տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը: Ֆոնդերը կկարողանան որակյալ ներդրումային հնարավորությունների դեպքում ավելացնել բաժնային արժեթղթերում ներդրումների կշիռը, մասնակցել տարբեր նախագծերի ֆինանսավորմանը (միջազգային կազմակերպությունների եւ այլ հեղինակավոր գործընկերների հետ), որը լրացուցիչ դիվերսիֆիկացիա կապահովի, ինչպես նաեւ դրական ազդեցություն կունենա ֆոնդերի եկամտաբերությունների եւ ռիսկերի ցուցանիշների վրա: Մասնավորապես, ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկների համաձայն՝ բաժնային արժեթղթերում ներդրումները մեծացնելու արդյունքում (25 տոկոսից 35 տոկոս) հնարավոր կլինի մեծացնել սպասվող միջին եկամտաբերությունը (օրինակ՝ 30 տարվա համար միջինում տարեկան հավելյալ 0.7 տոկոս): Այս ամենի արդյունքում հավանականությունը, որ ֆոնդերի ապահոված եկամտաբերությունը կլինի ավելի ցածր, քան գնաճն է, երկարաժամկետում էապես նվազում է: Իրական հատվածում, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերում ուղղակի ներդրումների արդյունքում (10 տոկոսի չափով) հնարավոր կլինի ապահովել բարձր եկամտաբերություն՝ ավելի ցածր տատանողականությամբ (օրինակ՝ 30 տարվա համար միջինում տարեկան հավելյալ 0.43 տոկոս եկամտաբերությամբ եւ 0.2 տոկոսով պակաս տատանողականությամբ):
Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին այլ տեսակի ներդրումային ֆոնդեր կառավարելու հնարավորություն տալու դեպքում ֆոնդերի կառավարիչները կկարողանան կիրառել իրենց կարողությունները՝ ստեղծելով եւ կառավարելով տարբեր տեսակի ֆոնդեր, որոնց շնորհիվ կֆինանսավորվեն տնտեսության տարբեր ոլորտներ եւ ներդրումային նախագծեր՝ էական ներդրում ունենալով տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային գործիքների ստեղծման եւ զարգացման գործում:
Նախագծի ընդունման արդյունքում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները տեղեկատվություն կարող են ստանալ միայն էլեկտրոնային եղանակով, ինչի շնորհիվ մասնակիցների ռեեստրը վարողը հնարավորություն կունենա նվազեցնելու գործառնական ծախսերը:
6. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.
Ակտը նորմատիվ բնույթի է, քանի որ Նորմատիվ իրավական ակտի նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների համաձայն մշակված գրավոր ակտ է եւ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:
7. Օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Անհրաժեշտ է լինելու փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2019 թ. նոյեմբերի 7-ի N 156-Ն հրամանում:
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ (կամ) այլ ռազմավարություններ.
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում