Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-944-15.10.2024-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ (ԼՎԱՑՄԱՆ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում ստորագրված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ (ԼՎԱՑՄԱՆ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) մշակվել է Անկախ պետությունների համագործակցության (այսուհետ՝ ԱՊՀ) անդամ երկրների ֆինանսական հետախուզության մարմինների (այսուհետ՝ ՖՀՄ) ղեկավարների խորհրդի կողմից:

Համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ պետությունների միջեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի ոլորտում համագործակցության խթանումը, ՓԼ/ԱՖ ռիսկերի անդրազգային գնահատման ապահովումը, ՖՀՄ-ների միջեւ տեղեկատվական համագործակցության արդյունավետության մակարդակի բարելավումը:

Համաձայնագիրը նախատեսում է Հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոնի (այսուհետ՝ Կենտրոն) ստեղծում: Կենտրոնի հիմնական խնդիրներն են ՓԼ/ԱՖ ռիսկերի անդրազգային գնահատումը, ՓԼ/ԱՖ ռիսկերի վերհանման եւ գնահատման համար անհրաժեշտ միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը, ՖՀՄ-ների միջեւ էլեկտրոնային համագործակցության միասնական չափանիշների մշակումը եւ ներդրումը, միջազգային համագործակցության ընթացքում տեղեկությունների փոխանակման անվտանգության ապահովումը:

Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունների վրա տարածվում են գաղտնիության այն ռեժիմները, որոնք նախատեսված են տվյալ տեղեկության համար տեղեկությունը ներկայացնող երկրի օրենսդրությամբ: Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունները կարող են օգտագործվել համաձայնագրում ներկայացված նպատակներով եւ չեն կարող փոխանցվել երրորդ անձանց առանց տեղեկությունները ներկայացնող կողմի համաձայնության:

Կենտրոնի տեխնիկական, կազմակերպչական եւ տեղեկատվական ապահովումը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության Ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայության կողմից:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կողմից 2023 թվականի հոկտեմբերի 13-ին:

Ելնելով վերոգրյալից՝ Համաձայնագրի վավերացումը համարում ենք նպատակահարմար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ (ԼՎԱՑՄԱՆ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է  2023 թվականի հոկտեմբերի 13-ին:

Համաձայնագրով Կողմերը ստեղծում են Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն՝ արդյունավետ միջպետական տեղեկատվական փոխգործակցություն ապահովելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի անդրազգային գնահատում անցկացնելու նպատակով:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ուզբեկստանի Հանրապետության կողմից:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը համաձայնագիրը ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու պահից 30 օրը լրանալուց հետո:

2024թ. մարտի 12-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը կատարվել են Ռուսաստանի Դաշնության կողմից:

Հաշվի առնելով վերոգրյալը 2023 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է: Այնուամենայնիվ, փաստաթղթի կիրառելիության եւ գործնական նշանակության հարցի որոշումը վերապահված է ՀՀ պետական կառավարման իրավասու մարմնին:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ (ԼՎԱՑՄԱՆ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող  դրույթներ առկա չեն:

 ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՏԵՂԱԿԱԼ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Ի պատասխան ՀՀ կենտրոնական բանկի
22.02.2024թ. թիվ 23.4-07/52-24 գրության

Հարգելի՛ գործընկերներ,

Հայտնում ենք, որ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագրում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ (ԼՎԱՑՄԱՆ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն