Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 416-րդ հոդվածի 2-րդ մասում «բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքի» բառերը փոխարինել «բացառությամբ սույն հոդվածի 4-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերում նշված դեպքերի» բառերով»:
Հոդված 2. Օրենսգրքի 416-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ եւ 7-րդ մասերով.
«6. Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա սխալ ապրանքային դիրք կամ աշխատանքի կամ ծառայության սխալ կոդ տպագրելն այն դեպքում, երբ պահպանված են հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության համար սահմանված մյուս բոլոր կանոնները, կիրառվում է նախազգուշացում:
7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված խախտումը թեմատիկ հարկային ստուգման ակտով արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ 50 հազար դրամի չափով: Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում թեմատիկ հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչեւ հաջորդ թեմատիկ հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը, սույն հոդվածի՝ 6-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:»
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 200 հազար դրամի եւ նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը:
Միաժամանակ, ՀՀ կառավարության 03.12.2020թ. N 1976-Ն որոշմամբ հաստատված են հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները:
Այդ կանոնները սահմանում են, որ ՀԴՄ կտրոնի վրա, ի թիվս այլ տեղեկությունների, պետք է տպագրվեն՝
1) օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ՀԴՄ կտրոնի վրա տպագրման ենթակա որեւէ տեղեկատվության (տվյալի) բացակայությունը կամ անընթեռնելիությունը.
2) ՀԴՄ-ի կտրոն չտրամադրելը, այդ թվում՝ ստացված կանխավճարի դիմաց.
3) գնված ապրանքի կամ ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության արժեքը (այդ թվում՝ կանխավճարի) չմուտքագրելը կամ դրանց արժեքից ցածր արժեքի (այդ թվում՝ կանխավճարից ցածր կանխավճարի) մուտքագրումը.
4) գնված ապրանքի քանակը չմուտքագրելը կամ դրանից փոքր քանակի մուտքագրումը.
5) Այն հարկ վճարողների համար, որոնք ունեն ՀԴՄ կտրոնի վրա ԱՏԳԱԱ կամ ԱԴԳՏ կոդը տպելու պարտավորություն (24 մլն դրամից ավել շրջանառություն ունեցողները), նաեւ՝
ա. ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ-ի 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքում չներառված ապրանքի կամ այդ դիրքում ներառված՝ փաստացի չվաճառված ապրանքի անվանման տպագրումը,
բ. ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ-ի 4 նիշին չհամապատասխանող ապրանքային դիրքի տպագրումը,
գ. ՀԴՄ-ի կտրոնի վրա ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության անվանման դասակարգչով սահմանված ծառայության կոդում (4 նիշում) չներառված աշխատանքի կամ ծառայության կամ այդ կոդում ներառված՝ փաստացի չկատարված աշխատանքի կամ փաստացի չմատուցված ծառայության անվանման տպագրումը,
դ. ՀԴՄ-ի կտրոնի վրա ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության անվանման դասակարգչով սահմանված ծառայության կոդին (4 նիշին) չհամապատասխանող աշխատանքի կամ ծառայության կոդի տպագրումը.
Նկարագրված նորմերի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցը՝ անփոփոխ չափի տուգանքը, հավասարապես կիրառելի է խախտման ցանկացած տեսակի դեպքում: Խնդիրն այն է, որ վերը թվարկված խախտումների պատճառները եւ հետեւանքները սկզբունքորեն տարբեր են, տարբեր է նաեւ դրանց վտանգավորության եւ պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցությունը, հետեւաբար համաչափ չէ նույն չափի տուգանքի կիրառումը բոլոր տեսակի խախտումների դեպքում:
Այսպես, շատ են լինում դեպքերը, երբ ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանումը եւ գինը լինում են ճիշտ տպագրված, մինչդեռ ԱՏԳ ԱԱ կոդը կարող են սխալ տպագրել: Ի տարբերություն տպագրման ենթակա այլ պարտադիր պայմանների՝ դասակարգիչը սխալ տպագրելը կարող է լինել տեխնիկական սխալի, մասնագիտական ունակությունների թերության հետեւանքով սխալ դասակարգման կամ որեւէ այլ պատճառով, որի հետեւանքով հաշվարկվող հարկի գումարը եւ պետության եկամուտները չեն նվազում՝ հատկապես հաշվի առնելով, որ ապրանքի անվանումը եւ գինը տնտեսվարողը ճիշտ է տպագրում:
Բազմաթիվ են դեպքերը, երբ տնտեսավարողները դժվարանում են դասակարգել ապրանքները, քանի որ դա հաճախ պահանջում է մասնագիտական ունակություններ: Նույնը վերաբերում է նաեւ աշխատանքների եւ ծառայությունների դասակարգմանը:
Խնդիրն առավել կարեւորվում է այն պատճառով, որ ներկայումս 24 միլիոնից ավել տարեկան շրջանառություն ունեցող հարկ վճարողները եւս նշված տեղեկատվությունը պետք է արտացոլեն ՀԴՄ կտրոնի վրա (նախկինում կարգավորումը տարածվում էր 58 միլիոն դրամից ավել շրջանառություն ունեցողների վրա): Վերջիններիս համար առավել դժվար է ճշգրիտ դասակարգումը, ինչը կարող է հանգեցնել անհարկի տուգանքների:
Եթե, օրինակ, ապրանքների ներմուծմամբ զբաղվող ընկերությունը հստակ տիրապետում է իր կողմից իրացվող ապրանքաշարի ԱՏԳ ԱԱ կոդերին, ապա մանրածախ առեւտրում դա իմանալը բավականին բարդ է: Հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ կոդեր չեն նշվում, հետեւաբար վերավաճառողը դրանց մասին տեղեկությունների չի տիրապետում:
Ինչ վերաբերում է ՀԴՄ կիրառության կանոնների խախտման վիճակագրությանը, ըստ ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության, 2022թ. ընթացքում 16.400 հարկ վճարողների մոտ իրականացվել է 20.400 ՀԴՄ ստուգում (հսկիչ գնում կամ ՀԴՄ կիրառության ճշտության ստուգում), որից 10.800 դեպքում արձանագրվել է կանոնների խախտում: Քանի որ խախտումներն ըստ տեսակների առանձնացված չեն, հնարավոր չէ վերլուծել հայտնաբերված խախտումների կառուցվածքը:
Խնդիրը քարտեզագրվել է ՓՄՁ զարգացման խորհրդի կողմից եւ ներկայացվել փոխվարչապետի գլխավորությամբ ՓՄՁ զարգացման խորհրդի նիստին:
2. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Կարգավորման նպատակն է ստեղծել ՓՄՁ-ների համար գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի միջավայր՝ տարբերակելով ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները ըստ խախտման բնույթի եւ պետությանը պատճառվող վնասի չափի:
3. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Առաջարկվում է ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային հետեւանք առաջացնող ՀԴՄ կիրառության այլ խախտում իրականացնելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցը թողնել նույնը, իսկ այն դեպքում, երբ պահպանվել են ՀԴՄ-ի կիրառության բոլոր կանոնները, սակայն սխալ են նշվել դասակարգիչները, պատասխանատվության միջոցը մեղմել: Մասնավորապես, առաջարկվում է վերջինիս դեպքում կիրառել նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք՝ 50000 դրամի չափով:
4. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտման համար կիրառվող պատասխանատվության արդարացի մոդել, որը կլինի ընկալելի հարկ վճարողի համար եւ միաժամանակ կապահովի պետության կողմից սահմանված՝ դասակարգիչների արտացոլման պահանջի կատարումը:
5. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «6.9 Հարկային եւ մաքսային վարչարարություն» բաժնից եւ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27ի N1443-Լ որոշման Հավելված N2ի 4.6 կետի (Հարկային/մաքսային/այլ վարչարարական բեռի գնահատում եւ պարզեցում ՓՄՁ-ների համար) դրույթների կատարումից:
6. ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանի Ներդրումային Խորհրդի հետ համատեղ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում