Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-949-22.10.2024-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 42-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «հիգիենիկ նորմատիվները» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվները» բառերով եւ համապատասխան կետադրական նշանով:

Հոդված 2. Օրենսգրքի 43-րդ հոդվածի վերնագրում «սանիտարահակահամաճարակային կանոնները» բառերից հետո, իսկ 43-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «հիգիենիկ նորմատիվները» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվները» բառերով եւ համապատասխան կետադրական նշանով:

Հոդված 3. Օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասում «սանիտարահակահամաճարակային կանոնները» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվները» բառերով եւ համապատասխան կետադրական նշանով:

Հոդված 4. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասում «սանիտարահակահամաճարակային կանոնների» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվների» բառերով եւ համապատասխան կետադրական նշանով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է տեսչական մարմնների վերահսկողության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանաջների կատարման եւ անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից:

2. Առկա իրավիճակը

Սույն թվականի սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել «Հանրային առողջապահության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի անցումային դրույթներով՝ 56-րդ հոդվածի 1-ին մասով, սահմանված է, որ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչեւ նոր իրավական ակտերով դրանք ուժը կորցրած ճանաչելը:

Վերոնշյալ հոդվածի հիմքով սանիտարական կանոնները եւ հիգիենիկ նորմատիվները շարունակելու են գործել, սակայն սույն թվականի սեպտեմբերի 27-ից հետո Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով, սանիտարական կանոնների եւ հիգիենիկ նորմատիվների փոխարեն, ընդունվելու են հանրային առողջապահական նորմատիվներ, ինչի պարագայում անհրաժեշտություն է առաջանալու վերանայել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի գործառույթների իրականացումը ապահովող օրենսդրական եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը դրանք համապատասխանեցնելով Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջներին, քանի որ գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 42-րդ եւ 43-րդ հոդվածներով Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին վերապահված է միայն սանիտարական, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոնները եւ նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելու հետ կապված գործերի քննությունը: Ըստ այդմ, հաշվի առնելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի անցումային դրույթը, որի համաձայն ներկայում գործող սանիտարական կանոնները եւ հիգիենիկ նորմատիվները փուլ առ փուլ փոխարինվելու են հանրային առողջապահական նորմատիվներով՝ անհրաժետություն է առաջացել վերանայել նաեւ դրանք խախտելու համար սահմանված նորմերի բովանդակությունը: Միաժամանակ, վերոգրյալով պայմանավորված՝ փոփոխություն է առաջարկվում կատարել նաեւ ՎԻՎ օրենսգրքի 237-րդ /Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական ավանների եւ ուսումնական կենտրոնների տարածքում գտնվող օբյեկտներում եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը ենթակա օբյեկտներում սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոնների խախտումներ/ եւ 258-րդ / Տրանսպորտային միջոցներից օգտվելու կանոնների, երթեւեկության կարգն ու անվտանգությունը պահպանելու կանոնների, տրանսպորտում բեռների անվթարության ապահովմանն ուղղված կանոնների, հրդեհային անվտանգության կանոնների, տրանսպորտում սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոնների խախտումներ կատարելու դեպքում խախտողը դրա համար լիազորված անձի կողմից կարող է բերվել ոստիկանություն, եթե նա չունի ինքնությունը հաստատող փաստաթղթեր եւ չկան վկաներ, որոնք կարող են անհրաժեշտ տվյալներ հաղորդել խախտողի մասին/ հոդվածներում:

3. Կարգավորման նպատակը

Նախագծի ընդունման նպատակն է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սանիտարական, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոնները եւ նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելուց զատ սահմանել նաեւ պատասխանատվություն՝ հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար՝ հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի կարգավորումները:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կստանա լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով վերահսկողության համապատասխան ոլորտում անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը:

6. «Այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

7. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը չի բխում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն