Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-817-12.06.2015-ՏՏ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ

  ԳԼՈՒԽ1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1.  Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի (այսուհետ՝Դիլիջան քաղաք) եւ հարակից տարածքների (այսուհետ՝ Հարակից տարածք)զարգացման եւ ներդրումային ծրագրերի խրախուսման ու իրականացման նպատակով ներդրումային ծրագրերիհաստատման եւ իրականացման կարգը, ինչպես նաեւ Դիլիջան քաղաքի քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, քննարկման եւ հաստատման, քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները, տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները` հիմնված պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի վրա:

Հոդված 2. Օրենքի նպատակը, խնդիրները եւ սկզբունքները

1.  Սույն օրենքի նպատակն է.

1) ապահովել Տարածքի զարգացման ընթացքում Դիլիջան քաղաքի քաղաքաշինական եւ ճարտարապետական միասնական եւ համահունչ սկզբունքների կիրառումը, կառուցապատման գործունեության իրականացումը առողջ եւ գրավիչ կենսամիջավայրի ձեւավորման համար,

2) խրախուսել եւ աջակցել Տարածքի պատմամշակութային առանձնահատկություններին եւ պահպանության ռեժիմին համապատասխանող քաղաքաշինական եւ կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանը,

3) ապահովել քաղաքաշինական նախագծերի հաստատման գործընթացի թափանցիկությունը, հրապարակայնությունը եւ հանրության մասնակցությունը որոշումների կայացման հանրային քննարկումների միջոցով,

4) նպաստել ներդրումային միջավայրի բարելավմանը եւ Տարածքի զարգացմանը ուղղված նոր ներդրումային ծրագրերի ներգրավմանը,

5) ներդնել Տարածքի զարգացման եւ ներդրումային գրավչության մակարդակի բարձրացմանը նպաստող համակարգեր

6) նպաստել «մաքուր քաղաք» եւ «կանաչ քաղաք» հայեցակարգի ներդրմանը:

2. Սույն օրենքի խնդիրներն են՝

1) հանրության համար առավել բարենպաստ շրջակա միջավայր ստեղծելը.

2) Դիլիջանի՝ որպես միջազգային նշանակության կրթական կենտրոնի հետագա զարգացման ապահովումը.

3) Դիլիջանի՝ որպես տուրիստական եւ հանգստյան գոտու զարգացման ու Տարածքի ներդրումային գրավչության համար անհրաժեշտ իրավական միջավայրի ձեւավորումը.

4) սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական եւ ճարտարապետական պահանջների հետեւողական իրականացման ապահովումը.

5) Բնության եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գործունեության բացառումը:

3. Սույն օրենքի սկզբունքներն են՝

1) պետություն-մասնավոր համագործակցությունը.

2) որոշումների կայացման թափանցիկությունը.

3) ծրագրերի իրակամացման հաշվետվողականությունը:

Հոդված 3. Հիմնական հասկացություններ

1.  Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1)  Տարածք՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաք եվ հարակից տարածքներ.

2)  Դիլիջան քաղաք՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի վարչական տարածք.

3)  Հարակից տարածքներ՝ Տավուշի մարզի Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքների վարչական եւ «Դիլիջան» ազգային պարկի տարածքներ.

4)  Անձ` սույն օրենքով նախատեսված ծրագիր իրականացնող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

5)  Ծրագիր` անձի կողմից ձեռնարկատիրական կամ ոչ ձեռնարկատիրական նպատակով Տարածքի, դրա առանձին ոլորտի կամ բնագավառի զարգացումը կամ օբյեկտի եւ/կամ ենթակառուցվածքների կառուցումը ներկայացնող փաստաթուղթ, որը հաստատվում է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով.

6)  Դիլիջանի քաղաքաշինական եւ ներդրումների խրախուսման խորհուրդ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներն իրականացնելու Դիլիջանի քաղաքապետին կից ձեւավորված խորհուրդ.

7)  «Կանաչ» քաղաքաշինություն ու ճարտարապետություն՝ քաղաքաշինության ու ճարտարապետության բնագավառի հատուկ ուղղություն, որի հիմնական նպատակն է՝ էկոլոգիապես կենսունակ, վերականգնվող էներգիայի, բնական ռեսուրսների արդյունավետ (խնայողաբար) օգտագործման եւ շրջակա միջավայրի պահպանության խնդիրների գերակայությունն ապահովող տարածքների կազմակերպումն ու կառուցապատման ձեւավորումը.

8)  «Կանաչ» կամ «կենդանի» տանիքներ՝ ջրամեկուսիչ թաղանթի վրա  տեղադրված հատուկ բնահողի վրա աճեցրած բուսական շերտով  մասնակի կամ լրիվ ծածկված շենքի տանիք.

9) Արգելված գործունեություն` սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության տեսակներ:

2.  Սույն օրենքում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Քաղաքաշինության մասին» եւ հարկային ու մաքսային բնագավառը կանոնակարգող  Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ:

Հոդված 4. Տարածքի զարգացման գործընթացը կարգավորող օրենսդրությունը

1. Տարածքի զարգացման բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

2. «Դիլիջան» ազգային պարկի տարածքի վրա տարածվում է սույն օրենքով եւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքով սահմանված սահմանափակումները:

Հոդված 5. Արգելված գործունեություն

1. Տարածքում արգելվում է հետեւյալ գործունեության իրականացումը.

1) Հանքագործական արդյունաբերություն, բացառությամբ կավի, ճենակավի, ածխաթթվային եւ ստորերկրյա հանքային ջրերի.

2) Էլեկտրաէներգիայի արտադրություն, բացառությամբ արեւային, հողմային, երկրաջերմային եւ կենսազանգվածի (մարդու կենսաբանական կամ տնտեսական գործունեության եւ այլ կենդանական ծագում ունեցող օրգանական եւ/կամ այրվող արգասիքներ, բուսական մնացորդներ եւ թափոններ, ինչպես նաեւ գյուղատնտեսական մշակաբույսեր) էներգիայի.

3) Կոքսի, նավթամթերքների եւ միջուկային նյութերի արտադրություն,

4) Քիմիական արդյունաբերություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված տեսակների

5) Հայաստանի Հանրապետության օրենքներով արգելված այլ գործունեության տեսակներ:

2.Դիլիջան քաղաքի գոտիավորման նախագծերով առանձնացված տարածքներում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արգելված գործունեության տեսակներց բացի արգելվում է նաեւ հետեւյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները.

1) Անասնաբուծություն.

2) Բուսաբուծություն.

3) Մշակող արդյունաբերություն:

  ԳԼՈՒԽ 2.
ՏԱՐԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Հոդված 6. Տարածքի, դրա առանձին ոլորտների կամ բնագավառների զարգացման կամ օբյեկտների կառուցապատման ծրագրեր

1. Սույն օրենքի իմաստով ծրագիր է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ առնվազն երկու միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամի ներդրմամբ  Տարածքում առանձին ոլորտի զարգացումը կամ օբյեկտի եւ/կամ ենթակառուցվածքների կառուցումը ներկայացնող փաստաթուղթը: Ծրագրի արժեքը ներառում է Ծրագիրն իրականացնողի կողմից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ անշարժ գույքի (շենք, շինություններ, հողատարածք) ձեռքբերման համար վճարված արժեքը:

2. Սույն գլխով սահմանված ծրագիրն առնվազն ներառում է.

1)  Ծրագրի նպատակը եւ հակիրճ նկարագիրը.

2)  Ծրագիրը ներկայացնող անձը.

3)  Իրականացման գործընթացը՝ ըստ փուլերի, ժամկետների եւ ներդրումների (այդ թվում՝ կապիտալ ծախսեր, սեփական ներդրվող միջոցներ, ներգրավված եւ/կամ ներգրավվող միջոցներ).

4)  Ծրագրի առանձնահատկությունների մանրամասն նկարագիրը.

5)  սոցիալ-տնտեսական նշանակություն եւ ազդեցություն Տարածքի զարգացման վրա.

6)  Հիմնական ռիսկերը եւ դրանց կանխարգելման ու նվազեցմանն ուղղված միջոցառումները.

7) Դիլիջան քաղաքի քաղաքաշինական եւ ներդրումների խրախուսման խորհրդի եզրակացությունը.

8) Այլ տեղեկություններ` ըստ Ծրագիրը ներկայացնող անձի հայեցողության:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքում Ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերի նախագծումն ու շինարարությունն իրականացվում է էներգաարդյունավետության եւ էներգախնայողության պահանջների կիրառմամբ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրերի շրջանակներում այն իրականացնող անձինք օգտվում են սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված արտոնություններից:

ԳԼՈՒԽ 3.

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7. Քաղաքաշինական եւ ներդրումների խրախուսման խորհուրդ

1.  Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի, գոտիավորման, համայնքի քաղաքաշինական կանոնադրության, ճարտարապետական լուծումների, քաղաքաշինական նախագծերի, համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի օտարման, վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրման, առաջարկվող ծրագրերի վերաբերյալ եզրակացություն տրամադրման նպատակով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաք Դիլիջանում քաղաքաշինական գործունեության նորմատիվ իրավական ակտերով սահմանված պայմանների եւ պահանջների իրականացման նկատմամբ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծվում է հասարակական հիմունքներով մշտապես գործող Դիլիջանի քաղաքաշինական եւ ներդրումների խրախուսման խորհրդակցական մարմին (այսուհետ` Խորհուրդ):

2.  Խորհուրդը կազմված է 9 անդամից, որոնց կազմը հաստատում է Դիլիջանի ավագանին: Խորհրդի կազմը ձեւավորվում է՝ առնվազն 5 անդամ Դիլիջանում ներդրումային ծրագիր իրականացրած անձանց լիազոր ներկայացուցիչներից` ընդ որում ծրագիր իրականացրած յուրաքանչյուր անձ հնարավորություն ունենա ներկայացնելու մեկ  ներկայացուցչի թեկնածություն եւծրագիր իրականացրած անձանց կողմից սույն մասով սահմանված քանակից ավել թեկնածու ներկայացնելու դեպքում նշանակումն իրականացվում է առաջնահերթություն տալով այն անձանց, որոնց կողմից իրականացված ծրագրի ծավալը ավելի մեծ է, 1-ը՝ ավագանու անդամներից, իսկ 3-ը՝ համայնքի բնակիչներից, որոնք քաղաքաշինության կամ ճարտարապետության բնագավառում ունեն առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

3. Խորհուրդը իր որոշումները կայացնում է ձայների մեծամասնությամբ:

4. Խորհրդի աշխատանքներին կարող են մասնակցել Տավուշի մարզպետը եւ Դիլիջանի քաղաքապետը, վերջիններիս լիազորված անձինք:

5. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի անդամների կազմից, գաղտնի քվեարկությամբ` Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Խորհուրդը գործում է իր կանոնադրությանը համապատասխան, որը հաստատում է Դիլիջան քաղաքի ավագանու կողմից` նման առաջին խորհրդի ձեւավորումից հետո մեկամսյա ժամկետում ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ:

7. Խորհրդի կանոնադրությամբ սահմանվում է Խորհրդի կազմավորման, խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման, նիստերի հրավիրման, աշխատանքների, քննարկումների կազմակերպման, ուսումնասիրությունների իրականացման կարգը, ինչպես նաեւ քաղաքապետին եզրակացությունների կամ առաջարկությունների ներկայացման եւ դրանց հետագա ընթացքի ապահովման ընթացակարգը:

Հոդված 8. Խորհրդի իրավասությունը

1. Խորհուրդը Դիլիջանի քաղաքապետին տրամադրում է եզրակացություն

1) Դիլիջան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի՝ Դիլիջան քաղաքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի եւ քաղաքաշինական գոտիավորման նախագծի, դրանց փոփոխությունների, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքների վերաբերյալ.

2) Համայնքի զարգացման քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ.

3) Դիլիջան քաղաքի քաղաքաշինական կանոնադրության նախագծի վերաբերյալ.

4) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով սահմանված քաղաքաշինական այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնց պատվիրատուն է Դիլիջան քաղաքը.

5) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, համայնքի ավագանու սահմանած պայմաններով, սահմանված կարգով օգտագործման տրամադրվող համայնքի սեփականություն համարվող գույքերի կամ հողամասերի վերաբերյալ.

6) քաղաքաշինական զարգացման եւ կառուցապատման ներդրումային հայեցակարգերի նախագծերի վերաբերյալ.

7) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողներին տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ նախագծման թույլտվության հայտերի վերաբերյալ.

8) ճարտարապետաշինարարական նախագծերի, շինարարության (քանդման) թույլտվությունների հայտերի վերաբերյալ.

9) ավարտված շինարարության շահագործման փաստագրման հայտերի  վերաբերյալ.

10) Տեղական նշանակության ավտոճանապարհներին արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության հայտերի վերաբերյալ.

11) համայնքի բնակավայրերի բարեկարգման եւ կանաչապատման նախագծերի վերաբերյալ:

2.  Խորհրդի այլ իրավասությունն է՝

1) Ինքնակամ շինարարությունների կանխարգելման ու կասեցման, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով դրանց հետեւանքների վերացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Տավուշի մարզպետին եւ/կամ Դիլիջանի քաղաքապետին.

2) Շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում եւ քաղաքաշինական փաստաթղթերի համապատասխան կառուցապատման  ուսումնասիրության իրականացում եւ առաջարկների ներկայացում Տավուշի մարզպետին, Դիլիջանի քաղաքապետին.

3) Շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման եւ պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման ուսումնասիրություն իրականացում եւ առաջարկների ներկայացում Տավուշի մարզպետին, Դիլիջանի քաղաքապետին եւ/կամ ավագանուն.

4) Սույն օրենքով սահմանված արգելված գործունեության տեսակների ավելացման եւ/կամ փոփոխման վերաբերյալ առաջարկների ներկայացում Տավուշի մարզպետին, Դիլիջանի քաղաքապետին եւ/կամ ավագանուն.

5) Խորհրդի քննարկմանը ներկայացված ներդրումային ծրագրի վերաբերյալ եզրակացության տրամադրում ներդրումային ծրագրի նախագիծը ներկայացնող անձին.

  ԳԼՈՒԽ 4.

ԴԻԼԻՋԱՆ  ՔԱՂԱՔՈՒՄ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 9. Դիլիջան քաղաքի տարածքի իրավական ռեժիմը եւ Տարածքում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման եւ հաստատման առանձնահատկությունները

1. Դիլիջան քաղաքը համարվում է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:

2. Դիլիջան քաղաքի կառուցապատման համար նախատեսված գոտիների տարածքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացվում են քաղաքի գլխավոր հատակագծով եւ գոտիավորման նախագծով (նախագծերով):

3. Դիլիջան քաղաքում կիրառման համար նախատեսված` բնակելի կառուցապատման օբյեկտների սահմանված կարգով հաստատված օրինակելի նախագծերի կառուցապատման թույլտվությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված  պարզեցված ընթացակարգով:

4. Քաղաքաշինական փաստաթղթերի նախագծերը տեղական ինքնակառավարման մարմնի հաստատմանը ներկայացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հրապարակման համայնքի պաշտոնական համացանցային կայքում:

5. Դիլիջանի քաղաքապետը որոշումները ընդունելիս հաշվի է առնումԽորհրդի եզրակացությունը: Խորհրդի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում Դիլիջանի քաղաքապետը 3-օրյա ժամկետում հրավիրում է համայնքի ավագանու արտահերթ նիստ, որում քննարկվում է Խորհրդի եզրակացությունը եւ Դիլիջանի քաղաքապետի կողմից Խորհրդի եզրակացությունը չընդունելու հիմնավորումը: Եթե Դիլիջանի ավագանին հավանություն է տալիս Խորհուրդի եզրակացությանը, ապա Դիլիջանի քաղաքապետն որոշում կայացնելիս առաջնորդվում է ավագանու որոշմամբ:

6. Կառուցապատման նպատակով տրամադրված թույլտվությունները երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում:

7. Դիլիջան քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով տրամադրումն իրականացվում է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատման իրականացման պայմանով, որը ներառում է քաղաքաշինական օբյեկտի  կառուցապատման եւ հողամասի կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նորմատիվային ժամկետները: Սույն մասով սահմանված ժամկետը չի կարող գերազանցել 3 տարին:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում քաղաքաշինական օբյեկտի  կառուցապատման եւ հողամասի  կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքները չիրականացնելու դեպքում վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձի տրամադրված գույքի պայմանագրերը դադարեցվում են:

 ԳԼՈՒԽ 5.
ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Հարկային արտոնություններ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Ծրագրի իրականացման շրջանակներում`

1) այն իրականացնող անձանց եւ ենթակապալառուների կողմից ապրանքների ներմուծումն (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից) ազատվում է ավելացված արժեքի հարկից.

2) այն իրականացնող անձանց եւ ենթակապալառուներին Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումը եւ ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից.

3) այն իրականացնող անձանց շահույթը` մինչեւ հարկումը, կամ դրա այն մասը, որը մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) ծրագրի շրջանակներում, ազատվում է շահութահարկով հարկումից.

4) այն իրականացնող անձանց կողմից ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց վճարվող` գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներն ազատվում են ոչ ռեզիդենտի շահութահարկից.

5) այն իրականացնող անձանց կողմից ֆիզիկական անձանցից անշարժ գույք  ձեռք բերելու համար վճարվող եկամուտներն ազատվում են եկամտային հարկով հարկումից:

2. Տարածքի համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ցանկում ընդգրկված՝ համապատասխան համայնքի վարչական տարածքում իրականացված բնակելի, ինչպես նաեւ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի սեյսմակայունության, էներգետիկ արդյունավետության բարձրացման շինարարական աշխատանքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից:

Հոդված 11. Հարկային արտոնությունների դադարում

1. Ծրագիրը չկատարելու դեպքում այն իրականացնող անձանց մոտ առաջանում են լրացուցիչ պարտավորություններ` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով՝ արտոնություններից օգտվելու ամբողջ ժամանակահատվածի համար:

ԳԼՈՒԽ 6.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 12. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Դիլիջան քաղաքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացումն արգելվում է մինչեւ սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) եւ գոտիավորման նախագծի (նախագծերը) հաստատումը: Սույն մասով սահմանված ոչ բնակելի տարածքների օրինականացումն իրականացվում է սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) եւ գոտիավորման նախագծի (նախագծերի) հաստատումից հետո՝ դրանցով սահմանված չափանիշներին համապատասխանության դեպքում:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, սույն օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական թույլտվություններ չստացած եւ  առանց թույլտվության տարածքների ինքնակամ կառուցապատման օրինականացումն արգելվում է: Սույն մասով սահմանված դրույթներին չհամապատասխանող կառուցապատված տարածքները ենթակա է քանդման կառուցապատողի կողմից կամ հարկադրաբար՝ նրա միջոցների հաշվին:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների կառուցապատողներին անհատական ծանուցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, նախկինում տրամադրված ընդերքօգտագործման, Էլեկտրաէներգիայի արտադրության գործունեություն իրականացնող անձիք, ինչպես նաեւ կառուցման փուլում գտնվող փոքր Հիդրոէլեկտրոկայաները շարունակում են իրենց գործունեությունը:

6. Հայաստանի Հանրապետության  կառավարությունը վեց ամսվա ընթացքում իրականացնում է շահագործվող եւ շահագործման ենթակա հանքավայրերի, ինչպես նաեւ շահագործվող, կառուցման ընթացքում գտնվող եւ կառուցման թույլտվություն տրամադրված էլեկտրական էներգիա արտադրող հիդրոէլեկտրակայանների ուսումնասիրություն, գույքագրում եւ ըստ անհրաժեշտության ձեռնարկում է օրենսդրական կամ վարչական միջոցառումներ

7. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ծրագրերի նախագծերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի ներկայացման, հավանության արժանացմանը եւ ծրագրերի նկատմամբ հսկողությունը իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8.  Սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված հարկային  արտոնությունների կիրառության կարգը (ներառյալ արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

9.  Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31 սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (ներառյալ` կառուցապատման համար նախատեսվող տարածքների առանձնացումը) եւ գոտիավորման նախագիծը (նախագծերը).

2) մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում է Դիլիջան քաղաքի քաղաքաշինական կանոնադրությունը.

3) երկու տարվա ընթացքում սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում են Տարածքի այլ համայնքների գլխավոր հատակագծերը, գոտիավորման նախագծերը եւ քաղաքաշինական կանոնադրությունները: