Հոդված 1. Վավերացնել 2024 թվականի հունիսի 26-ին ստորագրված «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացման նպատակահարմարության վերաբերյալ
Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի Հանրապետության կողմից 2009 թվականի հունիսի 9-ի «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր):
Հիմնադրամի հիմնական նպատակն է նպաստել անդամ - պետությունների տնտեսական եւ ֆինանսական կայունության ամրապնդմանը:
Պայմանագրի համաձայն՝ Հիմնադրամը չի հանդիսանում իրավաբանական անձ, իսկ նրա միջոցների կառավարումն իրականացնում է Հիմնադրամի խորհուրդը՝ Եվրասիական զարգացման բանկի (այսուհետ՝ ԵԱԶԲ) եւ Հիմնադրամի հիմնադիրների միջեւ կնքված «Հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրին համապատասխան: Հիմնադրամի խորհրդի կողմից հավանության արժանացած ծրագրերով եւ նախագծերով գործառնությունները իրականացնում է ԵԱԶԲ-ն:
Հիմնադրամի միջոցները տրամադրվում են ԱՄՆ դոլարով կամ եվրոյով: Հիմնադրամի մասնակից պետությունների ազգային արժույթների օգտագործումը նախատեսված չէ վերջինիս հիմնադիր փաստաթղթերով: Հաշվառման արժույթը ԱՄՆ դոլարն է:
Ընթացիկ զարգացումները բացահայտեցին Հիմնադրամի վերափոխման հրատապ անհրաժեշտությունը՝ հանդես գալու որպես լիարժեք անկախ միջազգային կազմակերպություն՝ մասնակից պետությունների ազգային արժույթներով նախագծերի եւ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել եւ Հիմնադրամի խորհրդի քննարկմանն է ներկայացվել նորացված կանոնադրական փաստաթղթերի փաթեթ, որը կոչված է ապահովելու ԿԶԵՀ 2022-2026 ռազմավարության դրույթների իրականացումը՝ Հիմնադրամին միջազգային ֆինանսական կազմակերպության կարգավիճակ շնորհելու միջոցով:
Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը ս.թ. հունիսի 26-ին ստորագրվել է Հիմնադրամի բոլոր անդամ պետությունների կողմից:
Հարկ է նշել, որ Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ բոլոր փոփոխությունները կատարվում են Հիմնադրամի հիմնադիր պետությունների փոխադարձ համաձայնությամբ եւ ձեւակերպվում են առանձին արձանագրություններով:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ:
Վերջինս բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 6.8 կետում ամրագրված դրույթից. Կառավարությունը շարունակելու է խորացնել համագործակցությունը Հայաստանի զարգացման բոլոր գործընկերների (դոնորների) հետ՝ հիմք ընդունելով համատեղ մշակված եւ հաստատված համագործակցության ծրագրերը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2024թ. հունիսի 26-ին Աստանա քաղաքում:
Արձանագրությամբ նախատեսված փոփոխությունների արդյունքում Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամին (այսուհետ՝ Հիմնադրամ) շնորհվում է միջազգային ֆինանսական կազմակերպության կարգավիճակ եւ վերջինս ճանաչվում է Հիմնադրամի միջոցների կառավարիչ գործողություններ իրականացնելիս Եվրասիական զարգացման բանկի կողմից ընդունված կամ ձեռք բերված իրավունքների, պարտավորությունների, ակտիվների եւ այլ գույքի լիիրավ իրավահաջորդ:
Արձանագրությամբ նաեւ սահմանվում է մասնակից պետությունների ազգային արժույթներով նախագծերի եւ ծրագրերի ֆինանսավորման հնարավորություն:
Ընդհանուր առմամբ Արձանագրության ստորագրումը միտված է մասնակից երկրներում ֆինանսական կայունության ապահովման հարցում Հիմնադրամի դերի ամրապնդմանը եւ վերջինիս ներդրումային հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը:
Արձանագրության ուժի մեջ մտնելու կարգը սահմանված է 3-րդ հոդվածի 2-րդ կետով՝
«Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը արձանագրությունն ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից»:
Հաշվի առնելով վերոգրյալը եւ հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթները՝ Արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացումը կամ հաստատումը:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Արձանագրությունը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) հավելվածի՝ «Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի կանոնադրության» (այսուհետ՝ Կանոնադրություն) 23-րդ հոդվածով սահմանվում են հարկային եւ մաքսային արտոնություններ՝ Կանոնադրության ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն:
Միաժամանակ Կանոնադրությամբ կապիտալի փոփոխություն, այդ թվում՝ ՀՀ կողմից կատարվող ներդրման (մեկ մլն. ԱՄՆ դոլար) չափի փոփոխություն նախատեսված չէ, ուստի Արձանագրության վավերացումը ՀՀ բյուջեի համար լրացուցիչ ծախսեր չի առաջացնի:
Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի
30.07.2024 թվականի թիվ 02/06.5/26192-2024 գրության
Հարգելի՛ գործընկերներ
Հայտնում ենք, որ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արձանագրության կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում