Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-955-04.11.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-252-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է կատարվի սույն օրենքի հավելվածով հաստատված երաժշտական եւ տեքստի խմբագրությամբ՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պաշտոնապես հրապարակաված տարբերակին համապատասխան՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված կատարման տարբերակներից յուրաքանչյուրի համար առանձին:»:

2) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մոսով.

«5. Հայաստանի Հանրապետության օրհներգը օրենքով նախատեսված առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է օգտագործվել նաեւ սույն օրենքի հավելվածով հաստատված երաժշտական եւ տեքստի կարճ խմբագրությամբ՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պաշտոնապես հրապարակաված տարբերակին համապատասխան՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված կատարման տարբերակներից յուրքանչյուրի համար առանձին:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետը «հանրակրթական դպրոցներում» բառերից հետո լրացնել «, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը «բացման եւ փակման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ այդ ընթացքում տեղի ունեցող պարգեւատրման արարողությունների» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում «Անցումային դրույթ» եւ «Այն ուժի մեջ է մինչեւ Հայաստանի Հանրապետության նոր օրհներգի տեքստն ու երաժշտությունը օրենքով սահմանելը:» բառերը հանել:

Հոդված 5. Օրենքի հավելվածում Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՏԵՔՍՏԸ

(Հիմնված Միքայել Նալբանդյանի խոսքերի վրա)

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,

Որ ապրել է դարեդար,

Իր որդիքը արդ կանչում է

Ազատ, անկախ Հայաստան:

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի:

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,

Զոր իմ ձեռքով գործեցի,

Գիշերները ես քուն չեղա,

Արտասուքով լվացի:

Նայիր նրան՝ երեք գույնով

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան:

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեքամսյա ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջնտնելուց հետո վեցամսյա ժամկետում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը իր պաշտոնական ինտերնետային էջում եւ յութուբյան ալիքում հրապարակում է օրհներգի նոր պաշտոնական տարբերակը(ները):

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության օրհներգի հետ կապված հարաբերությունները եւ օգտագործման կարգը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքով: Թեպետ վերոնշյալ օրենքի հավելվածում սահմանված է օրհներգի տեքստը եւ երաժշտությունը, սակայն տարբեր միջազգային պաշտոնական մարզական, մշակութային եւ այլ միջոցառումների ժամանակ ՀՀ օրհներգը կատարվում կամ հնչեցվում է տարբեր կատարմամբ եւ ձայնագրություններով, ուստի անհրաժեշտություն է առաջանում հստակ հրապարակել հիշյալ օրենքով սահմանված դեպքերի կատարման համար միասնական ձայնագրված պաշտոնական տարբերակ:

Միեւնույն ժամանակ, ՀՀ օրհներգը տարաբնույթ միջոցառումների (հիմնականում մարզական, մշակութային) ժամանակ հնչում է կարճ տարբերակով՝ պայմանավորված տվյալ միջոցառումների առանձնահատկություններով եւ եթերաժամանակով: Նշված դեպքերում նույնպես բացակայում է միասնական մոտեցում եւ կարիք կա մշակելու մեկ միասնական ստանդարտ: Հետեւաբար, նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին եւ երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակը:

Նպատակահարմար է նաեւ փոփոխություն կատարել ՀՀ օրհներգի տեքստի մեջ, այն վերադասավորել անյպես, որ ավարտվի հետեւալ քառատնով՝

«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:», համապատասխան տրամաբանությամբ եւ ուղերձով:

Հարկ է նշել նաեւ, որ վերջին շրջանում ՀՀ օրհներգը որոշ միջոցառումների ժամանակ հնչել է նշված տարբերակով եւ հավանության է արժանացել հանրության շրջանակների կողմից:

Առաջարկվող կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող կարգավորումը նպատակ ունի սահմանել եւ հրապարակել ՀՀ օրհներգի պաշտոնական եւ առանձին դեպքերի համար նախատեսված տարբերակը, որոշակիացնել դեպքերը օրհներգի ամբողջական եւ կարճ խմբագրությամբ օգտագործվելու համար:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն