Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հավելվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.
«14) առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառատեղի կամ վաճառասեղանի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեությունը` մինչեւ 115մլն. դրամ իրացման շրջանառությամբ:»:
Հոդված 2. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
Գործունեության տեսակը | ներում |
|||||
առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառատեղի կամ վաճառասեղանի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն` մինչեւ 115մլն. դրամ իրացման շրջանառությամբ | մինչեւ 0.7 գծամետր ներառյալ ճակատով յուրաքանչյուր վաճառա-տեղ կամ վաճառասեղան | 35,000 գումարած 0.7 գծամետրը գերազանցող մինչեւ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար` 5,000 |
25,000 գումարած 0.7 գծամետրը գերազանցող մինչեւ յուրաքանչյուր 0.1գծամետրի համար` 3,500 |
20,000 գումարած 0.7 գծամետրը գերազանցող մինչեւ յուրա-քանչյուր 0.1 գծամետրի համար` 2,500 |
15,000 Գումարած 0.7 գծամետրը գերազանցող մինչեւ յուրա-քանչյուր 0.1 գծամետրի համար` 2,000 |
0 |
Հոդված 3. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի 13-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.
«14) առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի մինչեւ 115մլն. դրամ իրացման շրջանառությամբ գործունեության համար` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի ցուցադրման եւ/կամ վաճառքի համար օգտագործվող վաճառատեղի կամ վաճառասեղանի ճակատային մասի երկարությունը` արտահայտված գծամետրով:» :
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն առաջարկի մշակման ժամանակ օգտագործվել են ««Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման փուլում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից կատարված հաշվարկները, տնտեսավարող սուբյեկտների շրջանում իրականացված հարցումները, Երեւանի Խորենացի փողոցում, Մալաթիայում ինչպես նաեւ Գյումրի եւ Վանաձոր քաղաքաներում գործող ոսկու շուկաներում կատարված այցելությունների, ուսումնասիրությունների եւ հարցազրույցների տվյալները, առանձին սուբյեկտների կողմից ներկայացրած տեղեկությունների վերլուծությունները, ինչպես նաեւ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ քննարկումները:
1. Առաջարկի հիմնավորում: Առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առեւտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների (հիմնականում ԱՁ) եւ ոլորտի հայտնի առանձնահատկությունները դժվարեցնում են փաստաթղթավորված ծախսերի հաշվառմամբ՝ շրջանառությունների հարկման կազմակերպումը: Այս ոլորտում առեւտրով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մեծ մասը չի ընդդիմանում շրջանառությունից հարկման այսօրվա համակարգին, քանի որ եկամուտների եւ ծախսերի հաշվարկ (հաշվապահական հաշվառում) ըստ էության համատարած չի վարվում, դրա փոխարեն, որպես կանոն առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կամ այլ անձի խիստ մոտավոր հաշվարկների հիման վրա (հաշվի առնելով կամ հաշվի չառնելով սուբյեկտների ՀԴՄ ֆիսկալ ցուցանիշները) կազմվում են հաշվարկ-հաշվետվությունները, ներկայացվում են հարկային մարմիններին, իսկ տնտեսավարողներին ասում են, թե ինչ գումարի հարկ վճարեն (որոշ դեպքերում հարկը եւս վճարվում է կենտրոնացված կարգով՝ ըստ առանձին ԱՁ-ների ՀՎՀՀ-ների եւ այլ վավերապայմանների): Այս իրավիճակում տեղի չի ունենում շահերի առողջ հավասարակշռում, մասշտաբի էֆֆեկտը հաշվի առնելով` հարկերի վճարումը հաճախ իրականացվում է շրջանառությանը ոչ համարժեք, հարկային տեսուչները ըստ իրադրության կարող են գործ ունենալ թե ԱԻՎ կազմակերպչի, թե հաշվապահությունը փաստացի վարողի, թե սեղանիկը շահագործող ԱՁ-ի հետ: Մեր ունեցած տվյալներով շրջանառության հիման վրա հարկման ժամանակաշրջանում ԱԻՎ գործող տնտեսավարող սուբյեկտներից մուտքերը պետական բյուջե նախկինի համեմատ էականորեն նվազել են: ԱՁ-ներն այս համակարգին չեն ընդդիմանում, քանի որ՝
ա) իրենց բոլորի հարկման հարցերը շատ ժամանակ լուծվում է կենտրոնացված կարգով,
բ) գիտեն, որ շրջանառությունները չֆիքսելով (ՀԴՄ շահագործման մեջ թերանալով) հարկ եղած դեպքում միշտ էլ կարող են լեզու գտնել համապատասխան վերահսկողի հետ:
Եթե շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխություններից եւ շեմի բարձրացումից հետո այս ոլորտը շարունակվի հարկվել շրջանառության հարկով եւ հարկային մարմինները հետեւողական լինեն իրական շրջանառությունների արտացոլման հարցում, ապա ամենայն հավանականությամբ առաջ կգան հետեւյալ խնդիրները.
ա) ծախսերի եւ հումքի փաստաթղթերի ձեռքբերման բարդությունների պատճառով, առնվազն 5-4>=1.5% համակարգի գործողության սկզբնական շրջանում անհնար կլինի աշխատել 1.5%-ով, իսկ եթե դրան հավելենք նաեւ գործունեության վայրի, բնույթի եւ այլ առանձնահատկություններ, ապա հարկի դրույքաչափը ընդհուպ կմոտենա 5%-ի, որի պարագայում համատարած ՀԴՄ կիրառման պահանջի հետեւողական վերահսկումը կառաջացնի դժգոհություն եւ կունենանք փաստացի հարկի դրույքաչափի բարձրացում կամ
բ) ձեռնարկատերը, ԱԻՎ կազմակերպիչը եւ վերահսկողը կփորձեն պայմանավորվածության եզրեր գտնել, դարձյալ տանելով իրական առեւտրի թերհայտարագրման:
2. Արտոնագրային վճարի չափի հիմնավորում: Իրականացված ուսումնասիրությունները եւ հաշվարկները ցույց են տալիս, որ տնտեսական ակտիվության ներկա փուլում իրատեսական է տնտեսավարող սուբյեկտի ամսական 700,000-3,500,000 դրամ միջակայքը: Հաշվի առնելով, որ ըստ ուսումնասիրության տվյալների ներկայումս Երեւանում գործող ոսկու շուկաներում սեղանիկների միջոցով առեւտուր իրականացնող մեկ տնտեսավարողը միջինում ամսական վճարում է 2-3 հազարից մինչեւ 9 հազար դրամ շրջանառության հարկ, ուստի արտոնագրային վճարի համակարգի շրջանակներում առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) սեղանիկների միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առեւտրով զբաղվող տնտեսավարողների համար շրջանառության հարկի փոխարեն առաջարկվող արտոնագրային վճարի ամսական հաստատուն (գործունեության արդյունքներից անկախ) չափն առաջարկվում է առավելագույնը 35,000 դրամ (700,000*5%=35,000, 3,500,000*1%=35,000):
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
««Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառատեղերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեության համար շրջանառության հարկի փոխարեն սահմանել արտոնագրային վճար:
Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի եւ թանկարժեք քարերի ապրանքային շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է որոշակի կարգավորումներ սահմանել հարկային ոլորտում, մասնավորապես` առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառատեղերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեության համար շրջանառության հարկի փոխարեն սահմանել արտոնագրային վճար:
Նախագծի ընդունման, դրա կիրարկման դեպքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն, քանի որ արդյունքում նշված գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների համար կապահովվի առավել հաստատուն հարկային դաշտ, կնվազի լրացուցիչ վարչարարությունը, այդ թվում` վերջիններիս զերծ պահելով հումք ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
««Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` բացասական ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ տարեկան մինչեւ 115,0 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) սեղանիկների միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի իրականացվող գործունեությունը համարվում է արտոնագրային վճարով հարկման ենթակա գործունեություն` վճարի մեծությունը կախվածության մեջ դնելով վաճառասեղանի ճակատային մասի գծամետրից:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական` հաշվի առնելով այն հանգամանքը, որ`
1) ոսկու ձեռքբերման եւ դրանցից պատրաստված արտադրանքի տոնավաճառներում իրացման ամբողջ շղթայում վերանում է փաստաթղթավորման պահանջը կամ ձեռքբերումները փաստաթղթավորելու շահագրգռվածությունը,
2) հնարավորություններ են ստեղծվում թանկարժեք զարդեր արտադրող տնտեսավարող սուբյեկտների համար իրենց կողմից արտադրված թանկարժեք զարդերը ամբողջությամբ առեւտրի իրականացման վայրերի սեղանիկների միջոցով իրացում ցույց տալու ճանապարհով դրանց իրական շրջանառությունները քողարկելու համար,
3) առաջարկվում է սահմանել արտոնագրային վճար, որի չափը ի համեմատ հուլիսի 1-ից գործող 1-ից 5 տոկոս շրջանառության հարկի կնվազի ընդհուպ մինչեւ 0,36 տոկոս:
Միաժամանակ, վերոնշյալ չափը հնարավոր չէ գնահատել՝ մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտոնագրային վճարի ելակետային տվյալների ընդհանուր մեծության վերաբերյալ տեղեկությունները բացակայում են:
ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա նախագծի ընդունումը կունենա չեզոք ազդեցություն: