Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-961-11.11.2024-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝

1. 3-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 2-րդ կետում «ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը» բառերից հետո լրացնել «(զարգացման ոլորտներով պայմանավորված վերջնարդյունքները),» բառերը.

2) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

« 4) նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագիր՝  նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված, սաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան ուսումնական պարապմունքների, ուսուցման եւ դաստիարակության կազմակերպման ձեւերի բազմազանություն առաջարկող, զարգացման որեւէ ոլորտի գերակայմամբ կամ հիմնական ծրագրից առնվազն երկու բաղադրիչով տարբերվող նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.».

3) 15-րդ կետում «երաշխավորված» բառը փոխարինել «հաստատված» բառով.

4) 15-րդ կետից հետո լրացել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 15.1 կետով՝

«15.1) նախադպրոցական ծառայության կրթական ծրագիր՝  նախադպրոցական հիմնական ծրագրի մեկ կամ մի քանի բաղադրիչների ներառմամբ կազմված կամ հիմնական ծրագրի ծավալ առավելագույնը 2/3-ը ներառող ծրագիր, որ մասնակիորեն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.».

5) 21-րդ կետում «միջոցառումներ» բառից հետո լրացնել «, որոնք հանդիսանում են նախադպրոցական կրթական եւ ծառայությունների ծրագրերի անբաժանելի մասեր» բառերը.

6) 23-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«23. մանկավարժական աշխատող` դաստիարակության եւ ուսուցման մեթոդների կիրառման միջոցով սաների կողմից նախադպրոցական կրթական (այդ թվում՝ լրացուցիչ) ծրագրերի յուրացմանը, համապատասխան գիտելիքի եւ հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի եւ դիրքորոշման ձեւավորմանը նպաստող, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներն ու սաների խնամքն ապահովող նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատող.».

7) 23-րդ կետից հետո լրացել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 25-րդ եւ 26-րդ կետերով՝

«25) դաստիարակ` նախադպրոցական ուսումնական հաստատությունում սաների առողջության պահպանման եւ ամրապնդման, խնամքի, սաների կողմից նախադպրոցական կրթական ծրագրերի յուրացումն ապահովող եւ այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող.

26) մենթոր հաստատություն՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ընտրված նախադպրոցական ուսումնական հաստատություն, որը վերապատրաստումների, խորհրդատվությունների եւ մշտադիտարկումների իրականացման միջոցով նպաստում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչի եւ նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի ներդրմանը, մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացմանը:»:

2. 7-րդ հոդվածի 6-րդ մասի 8-րդ կետի «աշխատակիցների» բառը փոխարինել «աշխատողների» բառով:

3. 10-րդ հոդվածի՝ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է՝

1) նախադպրոցական կրթության ավարտին ակնկալվող կարողունակությունները.

2) նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման ոլորտներով սահմանված վերջնարդյունքները՝ ըստ տարիքային խմբերի.

3) նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը.     ուսումնադաստիարակչական հիմնական ուղղությունները եւ դրանցով պայմանավորված կրթական ծրագրի բաղադրիչները.

4) նախադպրոցական ուսումնական հաստատությունում սաներին զարգացնող միջավայրի չափանիշները:»:

4. 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մասով՝

«5. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված կրթության բովանդակության հասանելի մակարդակը ապահովվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված նախադպրոցական կրթական ծրագրերի (հիմնական, այլընտրանքային) միջոցով:»:

5.  11-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է ոլորտային վերջնարդյունքների ապահովմանը միտված զարգացման հետեւյալ ուղղություններով՝

1) սանի ֆիզիկական զարգացում, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների եւ առողջ կենսակերպին միտված սովորությունների ձեւավորում.

2) խոսքի եւ հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացում, գրաճանաչության նախապատրաստում.

3) ճանաչողության զարգացում, փորձարարության եւ հնարամտության խթանում, խաղային գործունեության խրախուսում.

4) ազգային ինքնության, սեփական եւ այլոց իրավունքների եւ պարտականությունների մասին տարրական պատկերացումների ձեւավորում.

5) ուսման նկատմամբ վերաբերմունքի ձեւավորում.

6) անձնային աճ, հուզակամային ոլորտի զարգացում, համատեղ գործունեության եւ համագործակցության խթանում, սոցիալականացում.

7) հիգիենիկ եւ ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձեւավորում:»:

6. 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3) տնօրենը, մեթոդիստը (տնօրենի ուսումնական գծով տեղակալը), մասնաճյուղի ղեկավարը, դաստիարակը, դաստիարակի օգնականը, հոգեբանը, հատուկ մանկավարժը, սոցիալական մանկավարժը, ֆիզկուլտուրայի հրահանգիչը, երաժշտության դաստիարակը, բուժաշխատողը, լրացուցիչ կրթական ծառայության մանկավարժը եւ այլ մանկավարժական աշխատողներ:»:

7. 17-րդ հոդվածը լրացել՝

1) հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1 մասով՝

«1.1 Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է համապատասխանի Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների անվանացանկով եւ պաշտոնների նկարագրով դաստիարակի պաշտոնի համար սահմանված որակավորման պահանջներին, կամ ունենա միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն եւ հատուկ դասընթացի միջոցով (այսուհետ՝ մոդուլ) ձեռք բերի նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության եւ ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 20 կրեդիտ:».

2) հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մասով՝

«5. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կրեդիտներ կարող է տալ մանկավարժի որակավորում շնորհող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած մոդուլով?»:

8. 19-րդ հոդվածի 3-րդ մասում «մանկավարժական» բառից հետո լրացնել «կամ գիտամանկավարժական» բառերը:

9. 21-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ են:»:

10. 23-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«9) սահմանում է պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, մանկավարժական եւ վարչատնտեսական աշխատողների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները.»:

11. 24-րդ հոդվածի 1-մասի՝

1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4)  հաստատում է նախադպրոցական կրթական եւ նախադպրոցական ծառայությունների ծրագրեր.».

2) 6-րդ կետում «տնօրենների եւ մանկավարժական աշխատողների» բառերը փոխարինել «տնօրենների, մանկավարժական աշխատողների եւ դաստիարակի օգնականի» բառերով.

3) 17-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«17) սահմանում է նախադպրոցական կրթական ծրագրերի (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ եւ ծառայությունների), ուսումնական նյութերի՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխանության փորձաքննության կարգը.».

4) 18-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 24-րդ կետում «կարող է սահմանել» բառերը փոխարինել «սահմանում է» բառերով.

6) 25-րդ կետում «սահմանում է» բառերից հետո լրացնել «պետական եւ» բառերը.

7) 25-րդ կետից հետո լրացել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 26-րդ եւ 27-րդ կետերով՝

«26) հաստատում է մենթոր հաստատությունների ընտրության եւ մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթների սահմանման կարգը.

27) հաստատում է նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության եւ ուսումնամեթոդական հմտություններ ապահովող  միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից իրականացվող մոդուլի երաշխավորման կարգը:»:

Հոդված 2. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Անհրաժեշտությունը.

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը բխում է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից:

2.Ընթացիկ իրավիճակը եւ կարգավորման նպատակը.

Ծրագրերի աստիճանական ներդրումը հանրապետության համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ հաստատություն) մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարում եւ ուղեկցվել է «Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հաստատությունների մանկավարժական համակազմերի համար իրականացվող վերապատրաստման դասընթացներով:

Հանրապետությունում գործող բոլոր հաստատություններում «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» ամբողջական ներդրումը  նախատեսվում է 2025-2026 ուսումնական տարում:

Գործընթացն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաեւ հաստատությունների՝ բովանդակային արդյունավետ համագործակցության եւ լավագույն փորձի փոխանակման համար Երեւան քաղաքում եւ մարզերում մենթորական հաստատությունների ձեւավորման անհրաժեշտություն է առաջացել:

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման փորձի համանմանությամբ 2024 թվականի մայիս-hունիս ամիսների ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի պատրաստակամություն հայտնած շուրջ 70 մանկավարժներ վերապատրաստվել են «Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի մասնագետների կողմից, հաջորդիվ իրականացրել են նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի փորձարկման համար ընտրված 352 նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումը՝ ըստ  հիմնադրամի տրամադրած վերապատրաստման ծրագրի եւ մոդուլի: Վերապատրաստող մասնագետների եւ հիմնադրամի միջեւ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, վարձատրությունն իրականացվել է պետության կողմից հիմնադրամին հատկացված բյուջետային միջոցների հաշվին, ինչը չի հանգեցրել պետական բյուջեի ծախսերի ավելացման:


Փոքրաթիվ գյուղական բնակավայրերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից հայտարարված դաստիարակի թափուր հաստիքի համալրման մրցույթները շատ հաճախ չեն կայանում՝ պաշտոնի որակավորման պահանջին համապատասխան մասնագետների բացակայության պատճառով:

Խնդրի կարգավորմանն ուղղված՝ նախագծով առաջարկվում է ամրագրել դաստիարակի պաշտոնի որակավորման պահանջին չբավարարող, սակայն մանկավարժական կրթություն ունեցող անձանց՝ դաստիարակի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հնարավորությունը:

Վերոգրյալի համատեքստում առաջարկվում է Օրենքում կիրառվող հասկացությունների թվում «դաստիարակ» հասկացությունն առանձին սահմանել:


Նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող բովանդակային բարեփոխումներին, սակայն, «դաստիարակի օգնականը», ով, պաշտոնի նկարագրով եւ աշխատանքային լիազորություններով պայմանավորված, անմիջական դերակատարում ունի սանի առօրայում, չի կարող անմասն մնալ:

Նախագծով առաջարկվում է վերապատրաստումներ նախատեսել նաեւ դաստիարակի օգնականի պաշտոնը զբաղեցնող անձանց համար, հատկապես, որ վերջինների զգալի մասն ունի առավելագույնը միջնակարգ կրթություն: Նախատեսվում է, որ վերապատրաստման դասընթացի ծավալը եւ տեւողությունը, ի տարբերություն տնօրենների եւ մանկավարժական աշխատողների վերապատրաստումների, ընդգրկուն չի լինի եւ կներառի միայն բարեվարքության եւ նախադպրոցական տարիքի երեխաների տարիքային ֆիզիոլոգիայի եւ հոգեբանության առանձնահատկություններին վերաբերող թեմաներ:

Հիմք ընդունելով վերոնշյալ կարգավորումները՝ նախագծով առաջարկվում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «3. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ են:»:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումներին ուղղված իրավական հիմքերի ստեղծում:

3.Ակնկալվող արդյունքը.

Իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության որակի լավարկմանն ուղղված գործիքակազմի ներդրման եւ հաստատությունների բնականոն գործունեության ապահովման համար նախադպրոցական կրթության ոլորտում միասնական փաստաթղթից բխող քաղաքականության իրականացմանը:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Փոփոխության անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշմամբ հաստատված հավելված N 1-ի «Նախադպրոցական կրթություն» բաժնի 1.1.4՝ «Նախադպրոցական հաստատություններում մասնագիտական կադրերի առկայության ապահովում» եւ 1.2.1՝ «Նախադպրոցական ծրագրերի բովանդակության եւ կառուցվածքի շարունակական վերանայում՝ ուղղորդելով դեպի ուսումնառության վերջնարդյունքները»  գործողություններից:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն