ՀՈԴՎԱԾ 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՕ-243-Ն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը լրացնել` հետեւյալ բովանդակությամբ «դ.1» ենթակետով.
«դ.1 2016 թվականի հունվարի 1-ից երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության իրականացման ժամանակահատվածը,»:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական կենսաթոշակներիի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն համարժեք եւ նշանակալի արտոնություններ:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը լինելով հասցեական` ուղղված լինելով զինծառայողների կոնկրետ խմբի համար լրացուցիչ արտոնություններ սահմանելուն, խթանիչ ուժ կհանդիսանա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար, որով մեկ անգամ եւս կբարձրանա Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, պաշտպանությանը եւ տարածքային ամբողջականությանը, նրա սահմանների անձեռնմխլիությանը ուղղված, ՀՀ օրենսդրությամբ սահմանված, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գործընթացի որակը:
Առաջարկությունը համահունչ է ՀՀ պաշտպանության բարեփոխումների 2010-2015թթ. ծրագրի դրույթներին, որը միտված է զինծառայողների զինծառայությունից զորացրված անձանց սոցիալական պաշտպանության համակարգի զարգացմանը:
Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի նաեւ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պայմանագրային հիմունքներով շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: