Սույն օրենքի նպատակն է երիտասարդության ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականության իրավական հիմքի ստեղծումը, երիտասարդական քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացների ապահովումը, պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդական կենտրոնների միջեւ ծագող իրավահարաբերությունների կարգավորումը:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝
1) երիտասարդ՝ 13-ից մինչեւ 35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող եւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձ,
2) պետական երիտասարդական քաղաքականություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված ծրագրերի եւ միջոցառումների համակարգ, որը միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային եւ սոցիալական բնույթի հետաքրքրությունների եւ նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը եւ այդ լուծումների շուրջ հանրային դիսկուրսի ձեւավորմանը, քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքին երիտասարդների ընդգրկվածության ապահովմանը եւ որոշումների կայացման մեջ երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը: Պետական երիտասարդական քաղաքականությունը ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդի ձեւավորմանը՝ ընդլայնելու իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու երիտասարդի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը,
3) երիտասարդական աշխատանք՝ երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման եւ ակտիվ քաղաքացու ձեւավորմանն ուղղված աշխատանք: Երիտասարդական աշխատանքը միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների եւ նախասիրությունների բավարարմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը, քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության ապահովմանը եւ որոշումների կայացման հարցում մասնակցության մակարդակի բարձրացմանը,
4) Երիտասարդական աշխատող՝ անձ, ով իրականացնում է երիտասարդական աշխատանք` վճարովի (համայնքային ծառայության կամ վճարովի ծառայությունների մատուցմամբ) կամ կամավորության սկզբունքով,
5) երիտասարդական ծրագիր՝ պետական երիտասարդական քաղաքականությունից բխող երիտասարդների կարիքների, կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների եւ նախասիրությունների բավարարմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության ապահովմանը եւ որոշումների կայացման հարցում մասնակցության մակարդակի բարձրացմանը ուղղված պլանավորված միջոցառում կամ միջոցառումների համակարգ, որն իրականացվում է երիտասարդների համար, երիտասարդների կողմից կամ նրանց մասնակցությամբ,
6) երիտասարդական միջոցառում՝ պետական երիտասարդական քաղաքականությունից բխող երիտասարդական ծրագրերի իրականացմանն ուղղված պլանավորված գործողություն,
7) երիտասարդ ընտանիք` ընտանիք, որտեղ ամուսիններից առնվազն մեկը 18-ից 35 տարեկան է եւ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 70-ը կամ երեխա ունեցող միայնակ ծնող, որի տարիքը չի գերազանցում 35-ը,
8) երիտասարդական կազմակերպություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն, որի կանոնադրությամբ նախատեսված է երիտասարդական աշխատանքի եւ երիտասարդական ծրագրերի իրականացումը եւ որի անդամների առնվազն 2/3-ը երիտասարդներ են,
9) երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպություն, որը Հայաստանի Հանրապետության տարածքում միավորում է երիտասարդական եւ երիտասարդության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ներկայացնում է երիտասարդների շահերն ու իրավունքները եւ ազգային ու միջազգային մակարդակներում հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցչական մարմին, որի հետ պետությունը ի դեմս լիազոր մարմնի կնքում է սոցիալական գործընկերության մասին համագործակցության հուշագիր: Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնի առնվազն 2/3-ը պետք է բաղկացած լինի երիտասարդական կազմակերպություններից, իսկ կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ը պետք է լինեն երիտասարդներ: Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնի անդամակցության չափանիշները եւ կարգը սահմանվելու են միացյալ մարմնի կանոնադրությամբ: Այն գործելու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից անկախ եւ կնքված հուշագրի հիման վրա:
10) երիտասարդական նախաձեռնող խմբեր՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող երիտասարդների ինքնակազմակերպման արդյունքում ձեւավորված խումբ, որի գործունեությունը բխում է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններից?
11) Երիտասարդական կենտրոն՝ առանձին իրավակազմակերպական ձեւ ունեցող, ինչպես նաեւ կամ համայնքի կամ կազմակերպության հաշվեկշռում գտնվող ֆիզիկական տարածք՝ միջավայր, որտեղ իրականացվում է երիտասարդական աշխատանք, կազմակերպվում է ինտելեկտուալ ժամանց եւ իրականացվում են պետական երիտասարդական քաղաքականությունից բխող ծրագրեր եւ միջոցառումներ? Երիտասարդական կենտրոնը կարող է ստեղծվել պետության կամ համայնքի կամ քաղաքացիական հասարակության կառույցների կողմից կամ նրանց միջեւ երկկողմ կամ բազմակողմ համագործակցությամբ
12) Երիտասարդական ուսումնասիրություն՝ երիտասարդության հարցերին առնչվող հետազոտական գործողություն, որն ուղղված է երիտասարդների վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրմանը, նրանց ակնկալիքների, ձգտումների, երիտասարդների կյանքում առկա եւ պոտենցիալ մարտահրավերների եւ հնարավորությունների, ինչպես նաեւ երիտասարդական քաղաքականության եւ երիտասարդական աշխատանքի վրա ազդեցություն ունեցող երիտասարդների սոցիալական, հոգեբանական, տնտեսական, քաղաքական, մշակութային եւ այլ ազդեցությունների չափմանը,
13) Համայնքի երիտասարդական քաղաքականություն՝ պետական երիտասարդական քաղաքականությունից բխող համայնքի երիտասարդների կարիքների, կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների եւ նախասիրությունների բավարարմանը, համայնքում երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության ապահովմանը եւ որոշումների կայացման հարցում մասնակցության մակարդակի բարձրացմանը ուղղված պլանավորված միջոցառումների համակարգ:
Հոդված 2. Երիտասարդական քաղաքականության սկզբունքները
1. Երիտասարդական քաղաքականության սկզբունքներն են՝
1) երիտասարդության՝ որպես երկրի զարգացման շարժիչ ուժի դիտարկում՝ ապահովել տարբեր ոլորտային ծրագրերում երիտասարդության շեշտադրումը,
2) մասնակցություն՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների, երիտասարդական նախաձեռնող խմբերի ներգրավվածության կարեւորում,
3) փաստահեն երիտասարդական քաղաքականություն՝ պետական երիտասարդական քաղաքականության եւ ծրագրերի մշակումն իրականացնել հուսալի եւ այժմէական հետազոտությունների, մշտադիտարկումների, գնահատումների եւ այլ փաստերի հիման վրա,
4) համաժամանակեցված երիտասարդական քաղաքականություն՝ մշակել պետական երիտասարդական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարային ռազմավարությունների հիման վրա՝ ուղղված դրանց իրականացմանը կամ իրականացման նախադրյալների ստեղծմանը: Ուղղորդվել հստակ սահմանված ռազմավարական նպատակներով եւ յուրաքանչյուր գործողություն կառուցել ձեռքբերված նվաճումների եւ արդյունքների հիման վրա,
5) չափելիություն՝ սահմանել պետական երիտասարդական քաղաքականության իրականացման արդյունքները եւ այդ արդյունքների չափման մեխանիզմները,
6) ներառականություն՝ յուրաքանչյուր երիտասարդի համար՝ զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների եւ հարմարեցված միջավայրի ապահովվում, երիտասարդության ոլորտում իրականացվող ծրագրերին առավելագույն մասնակցության ապահովվմանը ուղղված քայլերի իրականացում:
ԳԼՈՒԽ 2
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 3. Երիտասարդական քաղաքականության սուբյեկտները
1. Երիտասարդական քաղաքականության սուբյեկտներ են՝ երիտասարդական քաղաքականությունն իրականացնող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, երիտասարդական կազմակերպությունները, Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմինը, երիտասարդական կենտրոնները, երիտասարդական աշխատողները եւ երիտասարդները:
Հոդված 4. Երիտասարդական քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները
1. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`
1) հաստատել պետական երիտասարդական քաղաքականության զարգացմանը նպաստող ռազմավարական փաստաթղթերը,
2) հաստատել երիտասարդներին եւ երիտասարդ ընտանիքներին աջակցման ծրագրերը:
Հոդված 5. Երիտասարդական քաղաքականության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները
1. Պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են՝
1) համակարգել պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում իրականացվող միջոցառումները,
2) հաստատել երիտասարդական կենտրոնների գործունեության կարգը,
3) հաստատել պետության եւ համայնքի կողմից հիմնված երիտասարդական կենտրոնների օրինակելի կանոնադրությունը,
4) մշակել եւ հաստատել երիտասարդական նախաձեռնող խմբերի աջակցման մեթոդաբանությունը,
5) իրականացնել երիտասարդների կարիքների վերաբերյալ ամենամյա հետազոտություն՝ ապահովելով ըստ սեռի տարանջատված տվյալների առկայությունը եւ հրապարակել տարեկան զեկույց,
6) իրականացնել պետական ծրագրերում երիտասարդության բաղադրիչի վերաբերյալ փորձագիտական վերլուծություն,
7) ապահովել միջգերատեսչական համագործակցությունը, ինչպես նաեւ այլ ոլորտային ռազմավարություններում երիտասարդների կարիքների եւ ակնկալիքների ներառումը,
8) հաստատել համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման մեթոդաբանությունը,
9) հաստատել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը եւ որակավորման չափանիշները,
10) ապահովել պետական երիտասարդական քաղաքականության մշտադիտարկումը:
Հոդված 6. Երիտասարդական քաղաքականության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները
1. Տեղական ինքնակառավարման մարմնի իրավասություններն են՝
1) համայնքի ղեկավարը, ելնելով համայնքի երիտասարդների կարիքներից, ակնկալիքներից, ձգտումներից, երիտասարդների կյանքում առկա եւ պոտենցիալ մարտահրավերներից եւ հնարավորություններից, ինչպես նաեւ պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարական ծրագրով սահմանված առաջնահերթություններից, համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մեջ ներառում է երիտասարդական ծրագրեր, մշակում է եւ ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի երիտասարդական քաղաքականությունը,
2) համայնքի ղեկավարը համայնքում երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովելու նպատակով համայնքի աշխատակազմի աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանում է երիտասարդական աշխատողի գործառույթները կամ համայնքի հայեցողությամբ առանձնացնում երիտասարդական աշխատողի առնվազն մեկ հաստիք,
3) համայնքի ղեկավարը համայնքում հիմնադրում է երիտասարդական կենտրոն կամ աջակցում է համայնքում երիտասարդական կենտրոնի հիմնադրմանը եւ գործունեությանը,
4) օրինակելի կանոնադրության հիման վրա ավագանու որոշմամբ համայնքի ղեկավարը հաստատում է համայնքի կողմից ստեղծվող երիտասարդական կենտրոնի կանոնադրությունը,
5) համայնքի ղեկավարը հաստատում է համայնքի կողմից ստեղծվող երիտասարդական կենտրոնի գործունեության տարեկան կամ բազմամյա ծրագիրը,
6) համայնքի համագործակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնների դեպքում համայնքի եւ գործընկեր կառույցների միջեւ կնքվող համագործակցությունը սահմանող իրավապայմանագրային փաստաթղթով սահմանվում են երիտասարդական կենտրոնի գործառույթները՝ հիմք ընդունելով օրինակելի կանոնադրությամբ սահմանված գործառութային նպատակները,
7) համայնքի ղեկավարը աջակցում է համայնքում կազմակերպվող երիտասարդական միջոցառումների իրականացմանը,
8) համայնքի ղեկավարը համայնքի երիտասարդներին եւ երիտասարդական քաղաքականության մյուս սուբյեկտներին մասնակից է դարձնում համայնքի զարգացման հնգամյա ծրագրի եւ երիտասարդներին առնչվող այլ ռազմավարական փաստաթղթերի մշակմանը, իրականացմանը, ինչպես նաեւ մշտադիտարկմանը եւ գնահատմանը,
9) համայնքի ղեկավարը մասնակցություն է ունենում պետական երիտասարդական քաղաքականության իրականացման աշխատանքներին:
2. Երեւան քաղաքում ստեղծվող համայնքային երիտասարդական կենտորնը մասնաճյուղեր է ունենում բոլոր վարչական շրջաններում:
Հոդված 7. Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմինը
1. Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնի գործունեությունը կարգավորվում է գործող անդամ կազմակերպությունների միջեւ կնքված հուշագրի հիման վրա, որում ամրագրված է անդամ կազմակերպությունների պարտականությունները եւ իրավունքները, կառավարման կոլեգիալության եւ մասնակցայնության սկզբունքով:
2. Կազմակերպության անդամ են հանդիսանում կամ կարող են անդամակցել երիտասարդական կազմակերպությունները եւ երիտասարդական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպությունները, որոնց անդամակցության կարգն ու պահանջները սահմանվում են կանոնադրությամբ:
3. Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնի կառուցվածքը, գործառույթները եւ կառավարման առանձնահատկությունները կարգավորվում են կանոնադրությամբ:
4. Պետության կողմից երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին կարող է ճանաչվել միայն մեկ կազմակերպություն, որը միավորում է առավել մեծ թվով երիտասարդական կազմակերպություններ, որոնց գործունեությունը տարածվում է ՀՀ վարչատարածքային միավորների առնվազն կեսում եւ որի հետ լիազոր մարմինը կնքում է համագործակցության հուշագիր, որը կսահմանի պետական երիտասարդական քաղաքականության իրականացման մեջ պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության շրջանակը:
Հոդված 8. Երիտասարդները, երիտասարդական աշխատողները, Երիտասարդական կազմակերպությունները եւ երիտասարդական կենտրոնները
1. Երիտասարդները իրավունք ունեն մասնակցել պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում նախատեսված ծրագրերին եւ միջոցառումներին:
2. Երիտասարդները կարող են ստեղծել երիտասարդական կազմակերպություններ եւ երիտասարդական կենտրոններ, մասնակցել դրանց աշխատանքներին:
3. Երիտասարդական կազմակերպությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ երիտասարդական կազմակերպությունների միություն է:
4. Երիտասարդական կազմակերպությունը իր անվանման մեջ պետք է պարունակի «երիտասարդական» բառը:
5. Երիտասարդական կազմակերպություն լինելու համար կազմակերպության կանոնադրությամբ պետք է նախատեսվի երիտասարդական աշխատանքի եւ երիտասարդական ծրագրերի իրականացումը, իսկ անդամների առնվազն 2/3-ը պետք է լինեն երիտասարդներ կամ երիտասարդական կազմակերպություններ:
6. Երիտասարդական կենտրոնը կարող է ստեղծվել պետության կամ համայնքի կամ քաղաքացիական հասարակության կառույցների կողմից կամ նրանց միջեւ երկկողմ կամ բազմակողմ համագործակցությամբ:
7. Համագործակցությամբ ստեղծված կենտրոնների պարագայում հիմնադիրների միջեւ կնքվում է համագործակցության հուշագիր որում ամրագրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից երիտասարդական կենտրոնների գործունեության կարգով նախատեսված դրույթները:
8. Երիտասարդական կենտրոնում իրականացվում է երիտասարդական աշխատանք, ինչպես նաեւ պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում եւ հիմնադիրների միջեւ կնքված համագործակցության հուշագրով նախատեսված ծրագրեր եւ միջոցառումներ:
9. Երիտասարդական աշխատողներն իրականացնում են աշխատանք ուղղված երիտասարդների կարիքների եւ ակնկալիքների բացահայտմանը, երիտասարդների հոգեւոր եւ անձնային զարգացման խթանմանը, հանրային կյանքին ներառմանը, երիտասարդական ծրագրերի մշակմանը, իրականացմանը եւ գնահատմանը, ինչպես նաեւ մասնակցում են համայնքի երիտասարդական քաղաքականության մշակմանը:
ԳԼՈՒԽ 3
ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 9. Պետական երիտասարդական քաղաքականության մշակումը եւ իրականացումը
1. Պետական երիտասարդական քաղաքականությունը մշակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, երիտասարդական քաղաքականության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդության կենտրոնների եւ երիտասարդների հետ համագործակցության եւ մասնակցության սկզբունքների պահպանմամբ:
2. Պետական երիտասարդական քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է Երիտասարդական քաղաքականության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը:
Հոդված 10. Պետական երիտասարդական քաղաքականության գնահատումը
1. Պետական երիտասարդական քաղաքականության ազդեցությունը գնահատելու համար իրականացվում են տարբեր երիտասարդական ուսումնասիրություններ եւ վերլուծություններ:
2. Իրականացված երիտասարդական ուսումնասիրությունների եւ վերլուծությունների հիման վրա վերանայվում են պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները եւ թիրախային ներդրումները:
Հոդված 11. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը ուժի մեջ են մտնում համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունման պահին:
4. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերը տեղական ինքնակառավարման մարմինների վրա տարածվում են համայնքում համայնքային երիտասարդական կենտրոնի ստեղծման պահից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Երիտասարդական քաղաքականության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հիմնավորում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում