Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 344-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «համապատասխանությունը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հարկ վճարողների (այդ թվում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց) վերաբերյալ Օրենսգրքի 350.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունների եւ հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների համապատասխանությունը» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 349.1-ին հոդվածում լրացնել 2.1-ին մաս` հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մոտ թեմատիկ ուսումնասիրության իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ նաեւ հարկային մարմնին օրենքով սահմանված կարգով հայտնի դարձած հարկվող գործարքների ուսումնասիրության եւ վերլուծության նպատակով հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքները, որոնց մասին անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը նախապես ծանուցվել է էլեկտրոնային ծանուցման եղանակով, սակայն ծանուցման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարկային հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված) կամ խախտումների առկայության վերաբերյալ հիմնավոր առարկություններ չի ներկայացրել: Հարկ վճարողի հաշվառման համար չունեցող ֆիզիկական անձանց սույն մասով նախատեսված ծանուցումն իրականացվում է Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5.2-րդ մասով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 351-րդ հոդվածում`
1) լրացնել 1.1-ին մաս` հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Թեմատիկ ուսումնասիրության ընթացքում հարկային մարմինն անուղղակի եղանակներով իրականացնում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկման բազաների եւ հարկային պարտավորությունների գնահատում (վերագնահատում)՝ հետեւյալ հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում.
1) հարկային պարտավորությունների հաշվարկման համար սահմանված տեղեկությունների կամ փաստաթղթերի չներկայացումը.
2) հարկային մարմին ներկայացրած հարկային հաշվարկներում ոչ հավաստի տվյալների ներառումը.
3) բանկերի կողմից հարկային մարմին ներկայացված բանկային հաշիվների ամփոփ տեղեկությունների անհամապատասխանությունը հարկային հաշվարկներով ներկայացված տեղեկություններին:»,
2) 10-րդ մասում`
ա. 1-ին նախադասության «ստուգումն» բառը փոխարինել «ստուգումը կամ թեմատիկ ուսումնասիրությունն» բառերով,
բ. 2-րդ նախադասության «ստուգումը» բառից հետո լրացնել «կամ թեմատիկ ուսումնասիրությունը» բառերը, իսկ «ստուգման» բառից հետո` «կամ թեմատիկ ուսումնասիրության» բառերը:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա խնդիրը.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) նպատակը անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ թեմատիկ ուսումնասիրություն իրականացնելու եղանակով հարկային հսկողության գործընթացի կարգավորումն է:
2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք) սահմանվել է ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու վերաբերյալ կանոնակարգում: Մասնավորապես` Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի համաձայն նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) չներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (բացառությամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ֆիզիկական անձանց) մինչեւ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր):
Միաժամանակ, Օրենսգրքով սահմանվել է հարկային մարմնի իրավասությունը ինչպես իրավաբանական, այնպես էլ հայտարարագրման համակարգին զուգահեռ բոլոր հայտարարատու ֆիզիկական անձանց բանկային հաշվի քաղվածքը ստանալու վերաբերյալ, իսկ դրա չտրամադրման դեպքում, հարկային մարմինը բանկային հաշվի քաղվածքը ստանում է դատարանի որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Մասնավորապես` Օրենսգրքի 350.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն Օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկերից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով մինչեւ շահութահարկի հաշվարկի, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում` եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված հարկային հսկողության շրջանակներում հարկ վճարողի բանկային հաշվի քաղվածքը (հարկային հսկողության ժամանակահատվածի համար) ստանալու նպատակով հարկային մարմինը հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջի միջոցով հարցում է կատարում հարկ վճարողին, որը պարտավոր է հարցումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող հարկ վճարող ֆիզիկական անձինք հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին տրամադրել առեւտրային բանկի հաստատած բանկային հաշվի քաղվածքը:
Այսպիսով, վերոնշյալ դրույթների նպատակը հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային հաշիվների քաղվածքների տրամադրման գործընթացի կարգավորումն է, ինչի արդյունքում կապահովվի հարկային մարմնին վերապահված հարկային հսկողության գործիքակազմի արդյունավետությունը:
Միաժամանակ, գործող օրենսդրական կարգավորումների համաձայն ներկայումս հարկային մարմինը չունի անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու գործիքակազմ:
Այսպես, Օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հարկային հսկողության շրջանակներում հարկային ուսումնասիրություններն իրականացվում են հետեւյալ եղանակներով.
1) կամերալ (ներքին)` հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով բացառապես հարկային մարմնում Օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող ուսումնասիրություն.
2) արտագնա՝ հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով Օրենսգրքով սահմանված կարգով հարկ վճարողի մոտ իրականացվող ուսումնասիրություն:
Նույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված է թեմատիկ ուսումնասիրությունը` որպես հարկային հսկողության շրջանակներում արտագնա հարկային ուսումնասիրության տեսակ: Ընդ որում, նշված ուսումնասիրության համար հարկային մարմնում բավարար տեղեկատվության առկայության դեպքում այն կարող է իրականացվել նաեւ առանց հարկ վճարողին այցելության՝ հարկային մարմնի գրասենյակում: Եթե հարկային մարմնում առկա տեղեկատվությունը բավարար չէ ուսումնասիրության իրականացման համար, եւ հարկ վճարողը ուսումնասիրության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ հարկային մարմնի կողմից ծանուցում ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, չի ներկայացնում կամ հրաժարվում է ներկայացնել ուսումնասիրության համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա ուսումնասիրությունը կարող է իրականացվել հարկ վճարողին այցելության եղանակով՝ անհրաժեշտ փաստաթղթերին տեղում ծանոթանալու կամ դրանցից քաղվածքներ անելու նպատակով:
Նույն հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն թեմատիկ ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքով սահմանված խախտումներ հայտնաբերելու դեպքում առաջանում են հարկային պարտավորություններ:
Օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն կամերալ (ներքին) ուսումնասիրության նպատակն է հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների եւ հարկային մարմին ներկայացված տեղեկությունների ուսումնասիրության եւ վերլուծության միջոցով պարզել հարկային հաշվարկներով եւ հարկային մարմին ներկայացված տեղեկությունների համեմատությամբ համադրելի ցուցանիշների ու տվյալների համապատասխանությունը:
Միաժամանակ, թեմատիկ ուսումնասիրության իրականացման ընթացակարգը կանոնակարգված է Օրենսգրքի 349.1-ին հոդվածով:
Մասնավորապես` նշված հոդվածի 1-ին մասի համաձայն հարկի (վճարի) հաշվարկման ճշտության ուսումնասիրության նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի մոտ կարող է իրականացնել թեմատիկ ուսումնասիրություն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն թեմատիկ ուսումնասիրության իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ հարկային մարմնի իրականացրած բացառապես կամերալ (ներքին) ուսումնասիրության՝ հաստատապես հայտնի հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքները, որոնց մասին հարկ վճարողը նախապես ծանուցվել է էլեկտրոնային ծանուցման եղանակով, սակայն ծանուցման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարկային հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված) կամ խախտումների առկայության վերաբերյալ հիմնավոր առարկություններ չի ներկայացրել:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետներում ու կարգով կազմվում եւ հարկ վճարողին է ներկայացվում նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված ձեւով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով ու ժամկետներում կազմվում եւ հարկ վճարողին է ներկայացվում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծով նախատեսվում է կամերալ ուսումնասիրություն իրականացնելու եղանակով պարզել նաեւ հարկ վճարողների (այդ թվում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց) վերաբերյալ Օրենսգրքի 350.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունների եւ հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների համապատասխանությունը, ինչպես նաեւ, որպես ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողության իրականացման եղանակ, սահմանել Հայաստանի թեմատիկ հարկային ուսումնասիրությունը, որի իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ նաեւ հարկային մարմնին օրենքով սահմանված կարգով հայտնի դարձած հարկվող գործարքների ուսումնասիրության եւ վերլուծության նպատակով հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքները, որոնց մասին անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը նախապես ծանուցվել է էլեկտրոնային ծանուցման եղանակով, սակայն ծանուցման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարկային հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված) կամ խախտումների առկայության վերաբերյալ հիմնավոր առարկություններ չի ներկայացրել: Միաժամանակ, նախատեսվում է, որ հարկ վճարողի հաշվառման համար չունեցող ֆիզիկական անձանց ծանուցումն իրականացվելու է Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5.2-րդ մասով սահմանված կարգով` փոստային կապի միջոցով՝ հանձնման մասին ծանուցմամբ հարկային մարմնում առկա տեղեկություններում ժամանակագրական կարգով վերջին հաշվառման հասցեով: Փոստային կապի միջոցով փաստաթղթերը հարկ վճարողին ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնման մասին հետադարձ ծանուցում չստանալու դեպքում հարկային մարմինը նշված փաստաթղթերի իրազեկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, եւ փաստաթղթերն ուժի մեջ են մտնում կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից:
Բացի այդ, Նախագծով նաեւ նախատեսվում է կանոնակարգել հարկային մարմնի կողմից թեմատիկ ուսումնասիրության ընթացքում անուղղակի եղանակներով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկման բազաների եւ հարկային պարտավորությունների գնահատում (վերագնահատում) իրականացնելու հիմքերը, մասնավորապես`
1) հարկային պարտավորությունների հաշվարկման համար սահմանված տեղեկությունների կամ փաստաթղթերի չներկայացումը.
2) հարկային մարմին ներկայացրած հարկային հաշվարկներում ոչ հավաստի տվյալների ներառումը.
3) բանկերի կողմից հարկային մարմին ներկայացված բանկային հաշիվների տեղեկությունների անհամապատասխանությունը հարկային հաշվարկներով ներկայացված տեղեկություններին:
Այսպիսով, Նախագծով սահմանված կանոնակարգումների շրջանակներում կներդրվի անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ թեմատիկ ուսումնասիրություն իրականացնելու եղանակով հարկային հսկողական գործիքակազմ, ինչի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ եւ լիարժեք հսկողություն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ եւ վերջիններիս կողմից հարկվող գործարքներ իրականացնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով առաջադրել հարկային պարտավորություններ:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններից:
6. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կներդրվի անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ թեմատիկ ուսումնասիրություն իրականացնելու եղանակով հարկային հսկողական գործիքակազմ, ինչի պարագայում հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ եւ լիարժեք հսկողություն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ եւ վերջիններիս կողմից հարկվող գործարքներ իրականացնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով առաջադրել հարկային պարտավորություններ, այսինքն` կապահովվի հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունը, միաժամանակ, կբարձրանա հարկային կարգապահության մակարդակը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում