Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-964-20.11.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական գաղտնիքի մասին»  2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-49-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել նոր՝ 2.1 մասը հետեւյալ բովանդակությամբ.

«2.1 Արտաքին հետախուզության ծառայությունում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող ֆիզիկական անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրվում է, իսկ իրավաբանական անձանց գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք տրվում է Արտաքին հետախուզության ծառայության կողմից ընդհանուր կարգով, որի դեպքում համապատասխան ստուգողական միջոցառումները (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումները) իրականացնում է Արտաքին հետախուզության ծառայությունը՝ համագործակցելով լիազոր մարմնի հետ:

2.2 Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց Արտաքին հետախուզության ծառայության կողմից ստացված պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունը կամ  գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու թույտվությունը կիրառելի է միայն Արտաքին հետախուզության ծառայությունում աշխատանքի կամ վերջինիս հետ համագործակցության շրջանակում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար:

2.3 Արտաքին հետախուզության ծառայության եւ լիազոր մարմնի` ֆիզիկական անձանց պետական գաղտնիքին առնչվելու թույլտվության եւ իրավաբանական անձանց գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունքի տրամադրման շրջանակներում համագործակցության կարգն ու պայմանները սահմանում է Վարչապետը:»

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասում «լիազոր մարմնի համաձայնությամբ» բառերից հետո լրացնել հետեւյալ բառերը.

«, բացառությամբ Արտաքին հետախուզության ծառայության կողմից անձանց տրվող թույլտվության, որը տրամադրվում է Արտաքին հետախուզության ծառայության կողմից, առանց լիազոր մարմնի համաձայնության»:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդավծի 2-րդ մասի 4-րդ կետում «լիազոր մարմնի գնահատմամբ» բառերից հետո լրացնել հետեւյալ բառերը.

«իսկ արտաքին հետախուզության ծառայության կողմից տրամադրվող թույտվության դեպքում՝ արտաքին հետախուզության ծառայության գնահատմամբ»:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Արտաքին հետախուզության ծառայությունում միջգերատեսչական վերահսկողության շրջանակում ստուգվում են գաղտնիության ռեժիմի պահպանման տեխնիկական հագեցվածության եւ կահավորվածության պայմանները, իսկ միջգերատեսչական վերահսկողության շրջանակում ստուգման ենթակա մյուս հարցերը՝ Արտաքին հետախուզության ծառայության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում եւ ծավալներով»:

Հոդված 5. Օրեքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «լիազոր մարմին դիմելու համար» բառերից հետո լրացնել հետեւյալ բառերը.

«բացառությամբ Արտաքին հետախուզության ծառայությունում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, ովքեր պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ստանում են Արտաքին հետախուզության ծառայությունից»:

Հոդված 6. Օրենքի 24՟րդ հոդվածում լրացնել նոր 9.1 մաս հետեւյալ բովանդակությամբ.

«Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող եւ միայն վերջինիս կողմից տրված՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք ստացած իրավաբանական անձանց մոտ միջգերատեսչական վերահսկողությունը իրականացնում է Արտաքին հետախուզության ծառայությունը: Արտաքին հետախուզության ծառայության կողմից սույն մասով սահմանված միջգերատեսչական վերահսկողությունն իրականացվում է սույն հոդվածով սահմանված կարգով եւ լիազորություններով:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «դրանց առնչվելու համապատասխան թույլտվություն:» բառերից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, իրավաբանական անձինք կարող են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները փոխանցել միայն այն կազմակերպություններին եւ իրավաբանական անձանց, որոնք գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունքը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ դրանց առնչվելու համապատասխան թույլտվությունն ստացել են սույն մասով սահմանված ընդհանուր կարգով, իսկ Արտաքին հետախուզության ծառայության հետ համագործակցող եւ վերջինիս կողմից տրված գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք ու Արտաքին հետախուզության ծառայության կողմից տրված պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունեցող ֆիզիկական անձինք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին կարող են առնչվել միայն Արտաքին հետախուզության ծառայության հետ հարաբերություններում:»

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1՟ին հոդվածով սահմանված՝ Արտաքին հետախուզության ծառայության եւ լիազոր մարմնի համագործակցության կարգն ու պայմանները սահմանվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2022թ.-ի դեկտեմների 23-ին ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով ստեղծվել է Արտաքին հետախուզության ծառայությունը (այսուհետ նաեւ՝ Ծառայություն), որը իր գործունեության բնույթով պայմանավորված եւս առնչվելու է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին, բացի դա, Ծառայությունը իր գործունեության առանձահատկություններով պայմանավորված ոչ միայն առնչվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին, այլ նաեւ իր իրավասության սահմաններում պետք է իրականացնի նման տեղեկությունների պահպանություն եւ պաշտպանություն: Ներկայումս, «Պետական գաղտնիքի մասին» 2023թ. մարտի 1-ին ընդունված ՀՕ-49-Ն օրենքով (այսուհետ նաեւ՝ Օրենք) պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու լիազորություն, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ Օրենքի 21-րդ եւ 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու եւ մի շարք այլ լիազորություններ ունի բացառապես լիազոր մարմինը՝ Ազգային անվտանգության ծառայությունը: Մինչդեռ՝ իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելու եւ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է Ծառայությանը հնարավորություն տալ Օրենքով սահմանված որոշակի գործառույթներ իրականացնել անձամբ՝ առանց Լիազոր մարմնի միջնորդավորվածության եւ վերահսկողության:

Առաջարկվող կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ Ծառայության գործունեության առանձնահատուկ եւ գաղտնի բնույթով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում Ծառայության գործառույթներն իրականացվել են Լիազոր մարմնի կազմում գործող առանձնացված ստորաբաժանման կողմից՝ առաջարկվող կարգավորումները նախորդիվ ժամանակահատվածում պրակտիկորեն կիրառելի են եղել նրանց համար: Այլ կերպ, այն դեպքում երբ արտաքին հետախուզության գործառույթը եւս իրականացվել է լիազոր մարմնի կողմից, վերջինս ինքն է իրականացրել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու, ստուգողական միջոցառումներ իրականացնելու, պետական գաղտնիքի պաշտպանության եւ այլ գործառույթները, այսինքն՝  առաջարկվող կարգավորումը Ծառայության ստեղծմանը նախորդած ժամանակահատվածում պրակտիկորեն կիրառված է եղել եւ նման կարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է առանձին Ծառայություն ձեւավորելու անհրաժեշտությամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է.

- Արտաքին հետախուզության ծառայությանը վերապահել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվություն տալու լիարզորություն,

- Սահմանել, որ Ծառայության գործունեության բնագավառում գաղտնիության ռեժիմի պահպանման, հնարավոր խախտումների բացահայտման կանխման նպատակով միջգերատեսչական հսկողություն կարող է իրականացվել Արտաքին հետախուզության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում եւ ծավալներով,

- Ծառայությանը վերապահել լիազորություններ իր գործունեության բնագավառում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ սույն օրենքի 21-րդ եւ 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Արտաքին հետախուզության ծառայության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության բնականոն գործունեությունը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու, անձանց նման տեղեկություններին առնչվելուն թույլտվություն տալու, ստուգողական միջոցառումներ իրականացնելու եւ այլ հարցրեում: Բացի այդ, ակնկալվում է պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու եւ վերոշարադրյալ մյուս հարցերում հասնել Լիազոր մարմնի եւ Ծառայության լիրազորությունների հստակ տարանջատման եւ տարընկալումների բացառման:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը.

««Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն» մաս 1՟ում նշված Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման վերաբերյալ դրույթից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն