Հոդված 1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «ինչպես նաեւ կարգավորում է» բառերից հետո լրացնել «ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողությունը եւ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 6-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերով՝
7) ուղեգրում՝ անհրաժեշտ կլինիկական տվյալների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման ենթակա լինելու հավաստում, որի արդյունքում տրվում է ուղեգիր.
8) ամփոփագիր՝ ինքնագնահատման հարցաշարի, ներկայացված բժշկական փաստաթղթերի եւ Կառավարության որոշմամբ սահմանված այլ տեղեկատվության հիման վրա մշակված անձի ֆունկցիոնալության նկարագիր, որը ներառում է անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրության տեսակը, համապատասխան ծածկագրերով՝ առանց որակիչների.
9) դիտարկում՝ տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների կանխարգելման եւ բացահայտման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջություն.
10) դիտարկվող սուբյեկտ՝ անձի ֆունկցիոնալության գնահատմանը ներգրավված լիազոր մարմնի, Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներ, այդ թվում՝ ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողով կամ հանձնաժողովի անդամ, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություն.
11) դիտարկվող օբյեկտ՝ կոնկրետ անձի կապակցությամբ իրականացված ֆունկցիոնալության գնահատում:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով՝
«4.1) ապահովում է անձի ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովի անդամի վերապատրաստման իրականացումը եւ հավաստագրի տրամադրումը.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝
«2. Լիազոր մարմինն անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մշտադիտարկումների արդյունքները կարող է օգտագործել միայն անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում քաղաքականության իրականացման գնահատման համար:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «նախաձեռնության» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ տեսչական մարմնի կողմից ներկայացված միջնորդագրի» բառերը:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ եւ 5.2-րդ մասերով.
«5.1. Անձին ֆունկցիոնալության գնահատման, բացառությամբ մահվան պատճառական կապը որոշելու դեպքի, ուղեգրում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունը օրենսդրությամբ սահմանած կարգով:
5.2. Անձի ֆունկցիոնալության գնահատման դիմումին ներկայացվող պահանջների ստուգումն ու դիմումի մուտքագրումը էլեկտրոնային համակարգ, ինչպես նաեւ ամփոփագրի մշակումն իրականացնում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը:»:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «եւ վերահսկողությունը» բառերը,
2) 2-րդ մասը ուժ կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 2-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-րդ հոդվածով.
«Հոդված 11.1. Անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողության իրականացումը
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը դիտարկումների միջոցով:
2. Դիտարկումն իրականացվում է Կառավարության հաստատած դիտարկման ստուգաթերթով, որը մշակվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստուգաթերթի մշակման համար սահմանված կարգով:
3. Դիտարկումները լինում են դիտարկումների տարեկան ծրագրով նախատեսված եւ ըստ անհրաժեշտության:
4. Դիտարկումների տարեկան ծրագրով նախատեսված դիտարկումներ իրականացվում են տեսչական մարմնի ղեկավարի հաստատած դիտարկման տարեկան ծրագրին (այսուհետեւ՝ ծրագիր) համապատասխան, որը կազմվում է Կառավարության որոշմամբ հաստատած մեթոդաբանության հիման վրա:
5. Ծրագրում նշվում է դիտարկվող սուբյեկտի անվանումը եւ դիտարկման իրականացման ժամանակահատվածը: Ծրագրով նախատեսված դիտարկումները կարող են իրականացվել տարվա ընթացքում մեկ անգամ:
6. Ըստ անհրաժեշտության դիտարկումներ իրականացնելու հիմք են՝
1) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումները.
2) ֆիզիկական անձի (օրենսդրությամբ ֆունկցիոնալության գնահատման դիմում ներկայացնելու իրավունքի ունեցող անձի) դիմումը, որի ֆունկցիոնալությունը գնահատվել է.
3) հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների հաղորդումները.
4) Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը:
7. Դիտարկումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որում նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկման օբյեկտի վերաբերյալ տեղեկություններ, դիտարկվող սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ (եթե դիտարկման հրամանը կազմելու պահին դիտարկվող սուբյեկտները հայտնի են), դիտարկման նպատակը, ստուգաթերթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզել տվյալ դիտարկման ընթացքում, դիտարկման իրավական հիմքերը, սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում` նաեւ դիտարկումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները:
8. Դիտարկումն իրականացնելու մասին հրամանի օրինակը դիտարկումը սկսելուց առնվազն երեք օր առաջ ծանուցվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին, ինչպես նաեւ դիտարկվող սուբյեկտին:
9. Դիտարկման վարույթի տեւողությունը երեսուն օր է:
10. Դիտարկում իրականացնող անձինք իրավունք ունեն դիտարկվող սուբյեկտից պահանջելու փաստաթղթեր, տվյալներ եւ այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող դիտարկման նպատակներին, վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ եւ այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են դիտարկման նպատակներին: Փաստաթղթերը վերցնելիս դիտարկում իրականացնող պաշտոնատար անձինք կնիքով կնքում են դրանց կրկնօրինակները եւ հանձնում դիտարկվող սուբյեկտին (ներկայացուցիչներին):
11. Դիտարկումից հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում են՝
1) արձանագրությունը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը եւ վայրը.
2) դիտարկում իրականացնող պետական մարմնի անվանումը.
3) դիտարկում նշանակելու մասին հրամանի ամսաթիվն ու համարը.
4) դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.
5) դիտարկվող օբյեկտի վերաբերյալ տեղեկություններ.
6) դիտարկվող սուբյեկտի անունը, ազգանունը.
7) դիտարկում անցկացնելու ամսաթիվը եւ վայրը.
8) դիտարկման ստուգաթերթի անվանումը, ընդունման ամսաթիվը, հերթական համարը, որում ընդգրկված հարցերի շրջանակներում իրականացվել է դիտարկումը, ինչպես նաեւ ստուգաթերթի այն հարցերը, որոնց պատասխանները հիմք են հանդիսացել խախտումն արձանագրելու համար.
9) դիտարկմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, եւ այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել կա, պահպանվել.
10) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը.
11) դիտարկվող սուբյեկտի ներկայացրած առարկությունների վերաբերյալ նշումները:
12. Դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը՝ ելնելով խախտման բնույթից.
1) միջնորդագիր է ներկայացնում լիազոր մարմին եւ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին անձի ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ վարչական ակտը վերանայելու վերաբերյալ.
2) միջնորդագիր է ներկայացնում լիազոր մարմին անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին հավաստագրից զրկելու վերաբերյալ
3) միջնորդագիր է ներկայացնում առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին՝ անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում իրականացրած բուժաշխատողին անհատական լիցենզիայից զրկելու վերաբերյալ:
13. Սույն հոդվածի 12-րդ մասի 1-ին կետով սահմանված միջնորդագիրը հիմք է ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ որոշման իրավաչափությունը գնահատելու եւ վարչական վարութ հարուցելու համար, որի արդյունքով անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու մարմինը կարող է ընդունել վարչական ակտն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում:
14. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված, ինչպես նաեւ դիտարկման վարույթի նկատմամբ կիրառվում են վարչական վարույթի վերաբերյալ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված դրույթները՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:
15. Սույն հոդվածի 12-րդ մասի 2-րդ կետով սահմանված միջնորդագրի հիման վրա լիազոր մարմինն ընդունում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին հավաստագրից զրկելու մասին որոշում:
16. Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին հավաստագրից զրկելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձին անձի ֆունկցիոնալություն գնահատող մասնագետի որակավորման հավաստագիր չի կարող տրամադրվել:
17. Լիազոր մարմինը, անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը եւ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը սույն հոդվածի 12-րդ մասով նշված միջնորդագրի քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները պատշաճ ձեւով ծանուցում է տեսչական մարմնին՝ համապատասխան վարչական վարույթի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
18. Դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է օրենքով սահմանված կարգով:
19. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով իրականացրած դիտարկման վարույթի ավարտից հետո՝ տեսչական մարմինը 3-օրյա ժամկետում հաղորդում ներկայացրած պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին պատշաճ ձեւով ծանուցվում է միայն դիտարկման արդյունքների վերաբերյալ՝ բացառելով բժշկական գաղտնիք կամ անձնական տվյալ համարվող տեղեկությունների տրամադրումը:»:
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ մասով.
«13. Տեսչական մարմնին տրվում է հասանելիություն տեղեկատվական շտեմարանին սույն օրենքով սահմանված վերահսկողությունն իրականացնելու համար:»:
Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումների:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող Օրենքի 11.1-ին հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետն անցումային անհատական լիցենզիայի մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ անհատական լիցենզիայի մասով՝ 2027 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետեւ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է կարագավորում առ այն, որ անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, սակայն, վերոգրյալից զատ, որեւէ այլ կարգավորում, այդ թվում՝ վերահսկողության իրականացման գործիքակազմի եւ ընթացակարգի վերաբերյալ, նախատեսված չէ:
2. Առկա խնդիրները եւ առաջարկվող լուծումները.
2021 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը, որի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Միաժամանակ 2023 թվականի փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության կառավարության N 1180-Ն որոշումը, որով սահմանված են անձի ֆունկցիոնալության եւ հաշմանդամության գնահատող հանձնաժողովներին վերապահված լիազորությունները, անձի ֆունկցիոնալության գնահատման տեսակները եւ դեպքերը, ուղեգրման ընթացակարգը եւ այլ գործառույթներ:
Հետեւաբար ելնելով վերոգրյալ օրենսդրական կարգավորումներից՝ տեսչական մարմնի համար, որպես անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի, անհրաժեշտություն է առաջացել մշակելու կարգավորումներ գործառույթների վերաբերյալ, որոնց կիրառման արդյունքում հնարավորություն կստեղծվի վերահսկողություն իրականացնել սույն ոլորտի նկատմամբ:
Այսպիսով նախագծով սահմանվում են այն գործառույթները, ինչպես նաեւ համապատասխան պատասխանատվության միջոցները, որոնք կիրառվելու են օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտող սուբյեկտների նկատմամբ:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Նախագծով սահմանվում է, որ վերահսկողությունը իրականացվելու է դիտարկման միջոցով, որը տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների կանխարգելման եւ բացահայտման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջություն է: Նախագծով ներկայացված է դիտարկման, դիտարկվող սուբյեկտի, դիտարկվող օբյեկտի, ուղեգրում եւ ամփոփագրի հասկացություները, ինչպես նաեւ նշվում է, որ դիտարկումն իրականացվելու է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մշակված, հաստատված եւ հրապարակված ստուգաթերթով: Միաժամանակ, նախագծով սահմանվում են կարգավորումներ առ այն, որ.
2) միջնորդագիր է ներկայացնում լիազոր մարմին անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին տրված հավաստագրից զրկելու վերաբերյալ:
3) միջնորդագիր է ներկայացնում առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին՝ անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում իրականացրած բուժաշխատողին անհատական լիցենզիայից զրկելու վերաբերյալ:
Ֆ դիտարկվող սուբյեկտը պարտավոր է տեսչական մարմնի կողմից ներկայացված միջնորդագրի (վարչական ակտը վերանայելու վերաբերյալ) կատարման, իսկ չկատարման պարագայում՝ չկատարման պատճառների վերաբերյալ տեղեկությունները պատշաճ ձեւով ներկայացնել տեսչական մարմնին՝ վարչական վարույթի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել պատշաճ վերահսկողություն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված իրավասու մարմինների, կազմակերպությունների, հանձնաժողովների եւ ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) նկատմամբ:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի եւ տեսչական մարմնի կողմից համատեղ:
6. Այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում