Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2-րդ հոդվածի.
1) 7-րդ մասից հանել «(հիմնական ֆոնդերը)» բառերը.
2) 17-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«17. Բյուջետային ծրագիրը՝ միեւնույն նպատակին ուղղված քաղաքականության իրագործման միջոցառումների (այսուհետ՝ ծրագրի միջոցառումներ) տրամաբանական խմբավորումն է: Բյուջետային ծրագրերը հաստատվում են պետական բյուջեի մասին օրենքով».
3) 17.1.-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 17.2-րդ մասում «Յուրաքանչյուր» բառից հետո լրացնել «բյուջետային» բառը.
5) 17.3-րդ մասում «Ծրագրի» բառը փոխարինել «Բյուջետային ծրագրի» բառերով.
6) 17,3-րդ մասից հետո լրացնել նոր 17.4 եւ 17.5 մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
«17.4. Հանրային ներդրում՝ պետական եւ համայնքային բյուջեների հաշվին (այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից կնքվելիք միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսվող ֆինանսական միջոցների) ոչ ֆինանսական ակտիվի ձեռքբերումն է (այդ թվում՝ ոչ ֆինանսական ակտիվի ստեղծումը, փոխարինումը) կամ էական բարելավումը, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է ծախս կամ պայմանական պարտավորություն: Սույն օրենքի իմաստով էական բարելավում են համարվում ակտիվի արտադրողականության բարձրացմանը կամ շահագործման ժամկետի ավելացմանն ուղղված ակտիվի վերականգնումը, վերակառուցումը կամ ընդլայնումը: Սույն օրենքի իմաստով հանրային ներդրում չեն համարվում այն ծախսերը, որոնք ունեն պարբերական բնույթ եւ ուղղված են ոչ ֆինանսական ակտիվի ներկա վիճակի պահպանմանը.
17.5 Հանրային ներդրումային ծրագիր՝ պետական եւ համայնքային բյուջեների (այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից կնքվելիք միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսվող ֆինանսական միջոցների) հաշվին սահմանված ժամանակահատվածում եւ որոշակի կազմակերպական կառուցվածքով հստակ սահմանված նպատակներին եւ արդյունքներին միտված գործողությունների միջոցով իրականացվող հանրային ներդրում: Հանրային ներդրումային ծրագիրը կարող է ներառվել պետական բյուջեում որպես առանձին բյուջետային ծրագիր կամ բյուջետային ծրագրի միջոցառումներ: Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման եւ առաջնահերթությունների որոշման կարգը սահմանում է կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) Բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ծախսերը իրականացվում են հետեւյալ պայմաններով՝
ա. առկա է ծախսերի կատարման իրավական հիմքը՝ հանրային ներդրումային կամ այլ նպատակային ծրագրերի, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների առկայությունը.
բ. առկա են ծախսերի կատարման հիմնավորման տեխնիկական չափանիշները, փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ կիրառելիության դեպքում.
գ. հստակեցված են ծախսերի կատարման փուլերը եւ ժամկետները.
դ. հաստատված է օբյեկտների ցանկը՝ կիրառելիության դեպքում:
2) Կառավարությունը կարող է սահմանել կապիտալ ծախսերի առանձին տեսակների նկատմամբ կիրառելի լրացուցիչ պահանջներ եւ դրանց իրականացման կարգը:»:
Հոդված 3. Օրենքի 17.1-րդ հոդվածի ա) կետից հանել «(հիմնական ֆոնդերի)» բառերը:
Հոդված 4. Օրենքի 28.2-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետից հանել «(հիմնական ֆոնդերի)» բառերը:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի դրույթները ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1ից եւ տարածվում են 2027 թվականի բյուջետային գործընթացի վրա:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում Կառավարությունը հաստատում է Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման եւ առաջնահերթությունների որոշման կարգը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի կառավարությունը մի շարք կարեւոր օրենսդրական եւ ինստիտուցիոնալ փոփոխություններ է իրագործել հանրային ներդրումների կառավարման (այսուհետ՝ ՀՆԿ) գործընթացում՝ ԱՄՀ-ի կողմից 2018 թվականին իրականացված Հանրային ներդրումների կառավարման գնահատումից հետո (PIMA): 2023 թվականի փետրվարի 9-ի ՀՀ կառավարության կողմից N 175-Ն որոշմամբ սահմանված Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման եւ առաջնահերթությունների որոշման կարգը ամուր կարգավորման հիմք է ապահովում ներդրումային ծրագրերի մշակման եւ գնահատման համար, սակայն բյուջետավորման եւ իրականացման հետ կապված կապը դեռեւս պատշաճ կերպով իրագործված չէ:
Թե՛ օրենսդրական շրջանակում, թե՛ գործնականում պահպանվում են որոշակի իրավական խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս համապատասխանեցնել եւ համահունչ դարձնել ՀՆԿ շրջանակը եւ բյուջետային գործընթացը: Մասնավորապես՝ բյուջետային համակարգի մասին օրենքում բացակայում է ներդրումային ծրագրի սահմանումը, իսկ ծրագրային բյուջետավորման դասակարգումը համապատասխան կարգավորում չի սահմանում բյուջետային ծրագրերի ու ներդրումային նախագծերի համար: Այս անհամապատասխանությունը թույլ է տալիս հանրային ներդրումային ծրագրերը ներառել պետական բյուջեում ՀՆԿ գործընթացից դուրս՝ խաթարելով դրա ՀՆԿ բարեփոխման ամբողջական իրականացումը:
2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները եւ կարգավորման առարկան.
2023թ ՀՆԿ վերաբերյալ որոշումը ինստիտուցիոնալացնում է ՀՆԿ գործընթացը եւ ստեղծում է Հանրային ներդրումային կոմիտե, որին վերապահված է նախագծերի նախապատրաստման վերահսկողությունը:
«Բյուջետային համակարգի մասին» օրենքում համապատասխան սահմանումների, ինչպես նաեւ նախքան բյուջեում ներառվելը գնահատման գործընթացը պահպանելու պահանջի բացակայությունը հանգեցնում է ՀՆԿ բարեփոխումների դանդաղ եւ ոչ ամբողջական առաջընթացին: Առկա են դեպքեր, երբ ըստ էության հանրային ներդրումային ծրագրի սահմանմանը համապատասխանող կապիտալ ծախսերի առաջարկները դասակարգվում են որպես առկա բյուջետային ծրագրի մաս՝ դուրս գալով Հանրային ներդրումային ծրագրերի համապարփակ գնահատման գործընթացից:
Տվյալ նախագիծը նպատակ ունի հստակ կարգավորել Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման եւ առաջնահերթությունների որոշման կարգի կապը «Բյուջետային համակարգի մասին» օրենքով կարգավորվող գործընթացների հետ եւ ամրացնել հանրային ներդրումային ծրագրերի կարգին համապատասխան գնահատման եւ ընտրության ընթացակարգին հետեւելու պահանջը: Նախագծով մասնավորապես սահմանվել են «Հանրային ներդրում», «Հանրային ներդրումային ծրագիր» հասկացությունները: Միաժամանակ, հանրային ներդրումային ծրագրերի բյուջետային գործընթացում ինտեգրմամբ պայմանավորված խմբագրվել եւ հստակեցվել են օրենքում առկա որոշ հասկացություններ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.
ՀՀ ֆինանսների նախարարություն, Արժույթի միջազգային հիմնադրամ, Ասիական զարգացման բանկ:
4. Ակնկալվող արդյունքը.
ՀՆԿ շրջանակը շաղկապված ընթացակարգերի ամբողջություն է, որը հնարավորություն է տալիս որոշումների կայացման գործընթացում պատասխանել հետեւյալ հարցերին՝ արդյոք ՀՆԿ ծրագրերը համահունչ են ազգային զարգացման առաջնահերթություններին եւ արդյունավետ են՝ նախքան այդ ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների տրամադրումը: Առաջարկվող նախագծով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում հստակ սահմանելով հանրային ներդրումային ծրագիրը, ոլորտային մարմինների կողմից առաջարկվող չափանիշներին համապատախսանող բոլոր ներդրումային ծրագրերը անցնելու են միասնական չափանիշներով գնահատում եւ ընտրություն:
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում ամբողջականացվում է ՀՆԿ համակարգը՝ նպատակ ունենալով ապահովել պետական ներդրումային միջոցների առավել նպատակային օգտագործում եւ պետական ներդրումային ծրագրերի արդյունքների բարելավում:
Նախագիծը կնպաստի հանրային ներդրումների կառավարման համակարգի կատարելագործմանը, որի ներդրմամբ կապահովվի հանրային սահմանափակ միջոցների առավել նպատակային օգտագործումն ու հանրային ներդրումային ծրագրերի վերջնարդյունքների մշտադիտարկումը եւ արդյունքների գնահատումը:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:
6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 175-Ն որոշման մեջ:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».
ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1716-Լ որոշմամբ հաստատված Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության եւ պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 20192023 թվականների գործողությունների ծրագրի Բաղադրիչ 23-ը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում