Հոդված 1. «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-218-Ն օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվության համար գանձվում (վճարվում) է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-9-րդ մասերով.
«6. Լիազոր մարմինը թույլտվության տրման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձեւով այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հետեւանքների մասին:
7. Հայտատուն օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրման հայտը բավարարելու մասին պատշաճ ձեւով տեղեկացումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
8. Հայտատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրման հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածի 7-րդ մասում նշված ժամկետում վճարված լինելու մասին եւ հայտատուին պատշաճ ձեւով հանձնում կամ ուղարկում է թույլտվությունը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ համապատասխան որոշումը:
9. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացումից հետո, իսկ հայտատուի կողմից պետական տուրքը թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ հայտատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: