Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-9375-07.10.2024,28.11.2024-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերավերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.7.-րդ հոդվածում՝

1) վերնագրի «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «եւ էներգետիկ ըմպելիքների» բառերը.

2) երկրորդ մասում «երեքհարյուրապատիկի չափով:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.

«Էներգետիկ ըմպելիքների գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով, 15-րդ հոդվածի 1.1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 5.1-ին մասերի պահանջների խախտմամբ՝

առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 158-րդ հոդվածում՝

1) 17-րդ մասի «ալկոհոլային խմիչքներ,» բառերից հետո լրացնել «էներգետիկ ըմպելիքներ,» բառերը.

2) 18-րդ մասի «ալկոհոլային խմիչքների,» բառերից հետո լրացնել «էներգետիկ ըմպելիքների,» բառերը:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 47-րդ մաս.

«47. Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) կամ «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչեւ 18 տարեկան երեխաներին, հղիության եւ կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաեւ նյարդային բարձր գրգռվածությունից, անքնությունից, զարկերակային բարձր ճնշումից տառապող անձանց» գրառմամբ հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: