Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-973-28.11.2024-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.3.-րդ մասով.

«2.3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, եթե համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է, եւ միաժամանակ թափուր է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը կամ առկա են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ, ապա ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը՝ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածը սահմանում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու դեպքերը, այն է՝ մեկ ամսից ավել իր ծառայողական պարտականությունների չկատարումը կամ եթե լրացել է համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը: Չնայած նշվածին՝ Օրենքը չի կարգավորում, այնպիսի հատուկ դեպք, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ավագանու լիազորությունը վաղաժամկետ դադարեցվում է, իսկ համայնքի ղեկավարի եւ տեղակալի (տեղակալների) պաշտոնները միաժամանակ թափուր են:

Միեւնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության կարգավորումների տրամաբանությունից բխում է, որ համայնքն ամեն դեպքում պետք է ունենա համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Օրինակ՝ ավագանու ընտրությունների կազմակերպման ընթացքում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով համապատասխան համայնքի ղեկավարին (պաշտոնակատարին) պատվիրակված են կոնկրետ լիազորություններ՝ ընտրական տեղամասերի կազմավորում եւ տեղամասային կենտրոնների սահմանում, քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղերի սահմանում ու հատկացում եւ այլն: Այսինքն, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումները ենթադրում են, որ ընտրությունների նախապատրաստման եւ կազմակերպման փուլում համայնքը չի կարող համայնքի ղեկավար (պաշտոնակատար) չունենալ: Ուստի, այս մասով Օրենքի գործող կարգավորումները թերի են թվում:

Հատկանշական է, որ ներկայումս արդեն առկա է նման իրավիճակ: Մասնավորապես Գյումրի համայնքի ղեկավարի եւ ավագանու 14 անդամների, համայնքի ղեկավարի տեղակալների միասնական հրաժարականից հետո համայնքում ստեղծվել է կառավարման ճգնաժամ, որի հանգուցալուծման արդյունքում հավանական է օրենսդրությամբ սահմանված ժամկետներում Գյումրիում պետք է ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը: Իր հերթին, ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ է լինելու, որպեսզի տվյալ համայնքը ունենա համայնքի ղեկավար կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածը լրացնել նոր դրույթ, որով կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, եւ միաժամանակ տվյալ համայնքի ղեկավար կամ նրա պաշտոնակատար չլինելու դեպքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հարցը:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կբացառվի կառավարման ճգնաժամերի առաջացումը այն հավանական դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում, միաժամանակ միաժամանակ տվյալ համայնքի ղեկավար կամ նրա պաշտոնակատար չլինեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

0095 Ք. Երեւան, Մարշալ Բաղրամյան 19, հեռ. (011) 513-429,
28.11.2024թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սիմոնյան,

Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի քննարկմանն եմ ներկայացնում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողը պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն է:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ կից ներկայացնում եմ առաջադրվող նախագիծը, դրա ընդունման հիմնավորումը, ինչպես նաեւ օրենքում առաջարկվող լրացման վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Պատգամավոր՝                                  Վլադիմիր Վարդանյան
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ