Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-619-02.10.2014,08.07.2015-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 123.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիայում «տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «քսանապատիկի չափով» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մաս.

«1.1. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման oրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` ստանդարտներին չհամապատասխանող լուսային եւ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգիրքի 124-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 19.1 մասով.

«19.1. Սույն հոդվածի 19-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչեւ 7.00-ն)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 190-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.

«Այն քաղաքացին, ով առանց թույլտվության ձեռք է բերել կամ պահում է ողորկափող որսորդական հրազեն եւ զինամթերք, ապա այն կամովին հանձնելու դեպքում ազատվում է վարչական պատասխանատվությունից:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերում «անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների պետերը» բառերը փոխարինել «ոստիկանության անձնագրային ծառությունների պետերը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 247-րդ հոդվածը 9-րդ կետից հետո լրացնել հետյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ կետով՝

«10) սույն օրենսգրքի հատուկ մասով հատկապես նախատեսված դեպքերում:» :

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ստանդարտին չհամապատասխանող լուսային եւ ձայնային ազդանշանների կիրառման համար նախատեսված պատասխանատվության միջոցների խստացման անհրաժեշտությամբ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.1 հոդվածը տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային եւ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու համար սահմանում է տուգանքի 10.000 դրամ չափ:

 Ստանդարտներին չհամապատասխանող լուսային եւ ձայնային ազդանշանների կիրառումը վերջին տարիներին լայն տարածում է ստացել, բացի այդ, ձայնային ազդանշանների արձակումը հանրային վնասակարության բարձր աստիճան ունի. վերջիններիս կիրառման կանոնները խախտելու արդյունքում, մասնավորապես գիշերային ժամերին, վտանգվում է ճանապարհային երթեւեկությունը, առաջանում են վթարային իրադրություններ, ինչպես նաեւ խախտվում է քաղաքացիների անդորրը: Պրակտիկան ցույց է տալիս, որ տրանսպորտային միջոցների վարորդները հիմնականում շրջանցում են օրենքի նորմերի պահանջները սանկցիայի ոչ այնքան բարձր լինելու պատճառով: Այսինքն` այս դեպքերում սանկցիան խստացնելով, միաժամանակ, կանխվում է նաեւ վարորդների հնարավոր օրինազանց վարքագիծը:

Նախագծով նախատեսվում է բարձրացնել նշված իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափերը դրանց հանրային վնասակարության աստիճանին համապատասխան: Մասնավորապես, գիշերային ժամերին տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանների կիրառման կանոնները խախտելու համար պատասխանատվություն է սահմանվում 20.000 դրամ տուգանքի ձեւով:  Միաժամանակ, տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային եւ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու համար նախատեսվում է պատասխանատվությունը խստացնել` տուգանքի չափ սահմանելով 20.000 դրամը, իսկ նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում պատասխանատվություն է սահմանվում 50.000 դրամ տուգանքի ձեւով:

Օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսվում է վարչական պատասխանատվություն առանց թույլտվության քաղաքացիների կողմից ողորկափող հրազեն ձեռք բերելու եւ պահելու համար: Նախատեսված վարչական պատասխանատվության պատճառով շատերը խուսափում են իրենց տներում սերնդեսերունդ պահվող կամ հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակներից մնացած որսորդական հրազենները հանձնելուց: Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել օրենսգրքում նախատեսել խրախուսող նորմ նշված զենքերը կամավոր հանձնող անձանց համար: Միաժամանակ Օրենսգրքի 247-րդ հոդվածում նախատեսվում է լրացում կատարվել, որով
վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը բացառող նոր հիմք է նախատեսվում:

Ոստիկանությունում ընթացող բարեփոխումները ենթադրում են ոստիկանության ստորաբաժանումների վերակազմավորման, ինչպես նաեւ կառուցվածքային փոփոխությունների իրականացման արդյունքում նորաստեղծ ստորաբաժանումների կազմավորման, դրանց գործառույթների եւ ոստիկանության ծառայողների լիազորությունների հստակեցման անհրաժեշտություն: Իրականացվող բարեփոխումների արդյունքում աշխատանքային եւ կատարողական կարգապահության բարձրացման, տարածքում քաղաքացիների խնդիրներին ավելի սերտ առնչվելու, բազմաստիճան ղեկավարման շնորհիվ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով համակարգում կատարվել են փոփոխություններ, որով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների ղեկավարումը հանձնվել է ոստիկանության տարածքային մարմինների ենթակայությանը: Նշված փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաեւ ՎԻՎ օրենսգրքի 224-րդ հոդվածում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային եւ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու համար` դրանց արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաեւ վարորդների հակաօրինական վարքագիծը կանխելու նպատակով: Նախագծով նախատեսվում է վարչական պատասխանատվությունից ազատել այն քաղաքացիներին, ովքեր կամավոր կհանձնեն իրենց մոտ եղած առանց թույլտվության ձեռք բերված եւ պահվող ողորկափող որսորդական հրազենը: Նախագծով նախատեսվում է ՎԻՎ օրենսգրքում ՀՀ ոստիկանության ենթակայությամբ քննվող վարչական իրավախախտումների հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն, որով կհստակեցվի ոստիկանության քննությանը ենթակա ՎԻՎ օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննություն իրականացնող իրավասու ստորաբաժանումը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում պատասխանատվություն կնախատեսվի նաեւ գիշերային ժամերին անհարկի ձայնային ազդանշաններ արձակելու համար: Միաժամանակ, կխստացվի տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային եւ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու կամ նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելու համար: Օրենքի ընդունմամբ վարչական պատասխանատվությունից կազատվեն այն քաղաքացիները, ովքեր կամովին կհանձնեն առանց թույլտվության իրենց կողմից ձեռք բերված եւ պահվող որսորդական ողորկափող  հրազենը: Միաժամանակ օրենքի ընդունմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը բացառող նոր հիմք կնախատեսվի:Միաժամանակ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում կհստակեցվի այն կառուցվածքային ստորաբաժանումը, որն իրավասու է քննել օրենսգրքի 195.1-196-րդ եւ 201-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումները:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205–Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում։

ԱԶԴԵՑՈԻԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՅՈԻԹՅՈԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա։

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա։

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չի հակասում։

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել տրանսպորտային միջոցների լուսային եւ ձայնային ազդանշանների կիրառման համար նախատեսված պատասխանատվության միջոցները, ինչպես նաեւ հստակեցնել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննությանը ենթակա օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննություն իրականացնող իրավասու ստորաբաժանումը:

Ներկայումս գործող օրենսդրության համաձայն`

ա) տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու (բացառությամբ հակաառեւանգման ազդանշանային համակարգի եւ հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների) կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու համար նախատեսված է 10.000 ՀՀ դրամ տուգանք:

Նախագծով առաջարկվում է վերոնշյալ իրավախախտման համար սահմանված պատասխանատվության չափը խստացնել` սահմանելով 20.000 ՀՀ դրամ, իսկ վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում պատասխանատվության չափը սահմանել 50.000 ՀՀ դրամ` ստանդարտին չհամապատասխանող լուսային եւ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ,

բ) տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանների կիրառման կանոնները խախտելու համար սահմանված է 10.000 ՀՀ դրամ տուգանք: Նախագծով առաջարկվում է ցերեկային ժամերին տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանների կիրառման կանոնները խախտելու համար սահմանել 20.000 ՀՀ դրամ, իսկ գիշերային ժամերին` 50.000 ՀՀ դրամ:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունումը, այլ հավասար պայմաններում (եթե տուգանքների բարձրացումը չհանգեցնի տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսային եւ ձայնային ազդանշանների կիրառման կանոնների խախտումների կրճատմանը), պետական բյուջեի եկամուտների վրա կունենա դրական ազդեցություն, իսկ ծախսերի վրա` չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18–Ն որոշման համաձայն։

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա։

Նախագծը՝

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն։

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈԻՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունմամբ առավել խիստ սանկցիա կսահմանվի ցերեկային ժամերին տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանների կիրառման կանոնները խախտելու համար, պատասխանատվություն կնախատեսվի նաեւ գիշերային ժամերին անհարկի ձայնային ազդանշաններ տալու համար, ինչպես նաեւ կհստակեցվի ՀՀ ոստիկանության անունից վարչական իրավախախտամների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավասու կառուցվածքային ստորաբաժանումը։

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները՝ կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են՝ արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելու, տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու դեպքում նախատեսված տուգանքների չափերի մեծացմանը, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության անունից վարչական իրավախախտամների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավասու կառուցվածքային ստորաբաժանումը։

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: