Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) 47.8 հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47.9 եւ 47.10 հոդվածներով`
«Հոդված 47.9 Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատում (աբորտ) կատարելուց առաջ եւ հետո օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելը
1.Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտ) առաջ կնոջը հղիության արհեստական ընդհատման հնարավոր բացասական հետեւանքների վերաբերյալ անվճար խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնաապատիկի չափով:
2.Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտ) անմիջապես հետո կնոջը անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնաապատիկի չափով:
3.Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատման (աբորտ) բժշկական միջամտությունից անմիջապես առաջ հղի կնոջը հղիության արհեստական ընդհանման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու օրենքով նախատեսված ժամանակահատված չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
4.Սույն հոդվածով նախատեսված արարքն կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 47.10 Օրենքով թույլատրված դեպքերում հղիության արհեստական ընդհատման (աբորտ) իրականացնելիս օրենքով նախատեսված պարտադիր փաստաթղթերը չստանալը
1. Օրենքով թույլատրված հղիության արհեստական ընդհատման (աբորտ) դեպքում բժշկի կողմից հղի կնոջ կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը կամ գրավոր համաձայնությունը չստանալը
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
2. Բժշկի կողմից օրենքով նախատեսված դեպքում հղիության արհեստական ընդհատումը առանց բժշկական հանձնաժողովի որոշման իրականացնելը
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից հարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածով նախատեսված արարքն կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 244.14 հոդվածում «47.8» թվից հետո լրացնել «,47.9, 47.10,» թվերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջո՟ցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 303-Ն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 5-րդ կետի պահանջներից, ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հունվարի 15-ի N111 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագրում եւ պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման, ինչպես նաեւ հղիության արհեստական ընդհատումների ոլորտը կարգավորող օրենսդրության առկա բացերը լրացնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
1) ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով: Մինչդեռ «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ եւ վերլուծություն» հետազոտության տվյալների համաձայն` Հայաստանում այս հարաբերակցությունը էականորեն խախտված է, ինչը ի հայտ է եկել դեռեւս 1990-ական թվականներին: Նման անհամամասնության ձեւավորումը պայմանավորված է ինչպես հայ հասարակության մեջ տղա երեխային նախապատվություն տալու, ընտանիքում եւ հասարակությունում տղայի դերի եւ նշանակության մասին ձեւավորված պատկերացումների հետ, այնպես էլ բժշկական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ապագա երեխայի սեռը պարզելու հնարավորության ստեղծմամբ: Ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայում ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել եւ դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք:
Այսպես. 2011 թվականի դրությամբ այն կազմել է 114 տղա նորածին՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով։ Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա): Ավելին, երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է (2008-2012թթ. միջին ցուցանիշը կազմել է` 164 տղա 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված է մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր): Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում մինչեւ 2060 թվականը չեն ծնվի 92932 աղջիկներ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի առավել կրճատման, եւ որպես հետեւանք բնակչության թվաքանակի նվազման:
Այսպիսով, սեռերի ծնունդների հարաբերակցության վերը ներկայացված պատկերի պահպանումը լուրջ ժողովրդակագրական խնդրի է վերածվել: Նման պատկերի ձեւավորումը բացի ժողովրդագրական սպառնալիքներից, կարող է առաջացնել նաեւ հասարակական բնույթի բազմաթիվ այլ խնդիրներ, որպիսիք են սեռական անձեռմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները, թրաֆիկինգը, միայնակ տղամարդկանց թվի աճը եւ դրանից բխող այլ հետեւանքներ: 2013թ. հունվարին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեկսը հանդես եկավ հայտարարությամբ, որում անդրադարձ էր կատարվել Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Կոսովոյում, Ալբանիայում եւ արեւելաեվրոպական այլ երկրներում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հիմնախնդիրներին եւ մասնավորապես արձանագրելով, որ «Ինչպես Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն (CEDAW), այնպես էլ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կոչ է արել կառավարություններին` ընդունելու սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումն արգելելու վերաբերյալ ազգային օրենսդրություն»: Ներկա փուլում սեռով պայմանավորված հղիության ընդհատումը արգելող հստակ օրենսդրական կարգավորումներ ՀՀ-ում չի գործում: Հարցի հետագա չկարգավորումը ՀՀ համար լի է ժողովրդագրական սպառնալիքներով եւ կանանց նկատմամբ խտրականության դրսեւորման խորացմամբ: Ներկայում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը արգելող օրենսդրություն ունեն ԱՄն ութ նահանգներ (Հյուսիսային Դակոթա, Հարավային Դակոթա, Օկլահոմա, Իլինոյս, Արիզոնա, Փենսիլվանիա, Կանզաս, Հյուսիսային Կարոլինա), Չինաստանը, Կոսովոն, Վիետնամը, Նեպալը (http://napawf.org/wp-content/uploads/2014/05/FINAL_Replacing-Myth-with-Facts-Sex-Selective-Abortion-Laws-in-the-United-States-copy.pdf):
Ելնելով վերոգրյալից եւ նկատի ունենալով հղիության արհեստական ընդհատման հետ կապված այլ կարգավորումների վերանայման անհրաժեշտությունը, նախագծով առաջարկվում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը ամբողջովին վերանայել` հստակ ամրագրելով սեռով պայմանավորված աբորտ կատարելու արգելքը, որի խախտման դեպքում արարքը կդիտարկվի որպես ապօրինի կատարված եւ կհանգեցի օրենքով նախատեսված պատասխանատվությանը:
Բացի այդ, գործող օրենսդրության մեջ առկա են խնդիրներ, որոնց կարգավորումն անհրաժեշտ է հղիության արհեստական ընդհատման գործընթացում առկա արձանագրված բացերը վերացնելու համար: Մասնավորապես`
ա. սահմանված չեն հղիության արհեստական ընդհատման չհիմնավորված դեպքերը կանխարգելելու նպատակով կնոջը վերջնական որոշում կայացնելու ժամանակահատված տալու հետ կապված հարցերը, ինչի տրամադրումը մեծապես կնպաստի կնոջ կողմից հիմնավորված որոշում կայացնելուն: Մինչդեռ ԱՄՆ եւ եվրոպական մի շարք երկրների օրենսդրությամբ բժիշկները պարտավոր են հղիության չհիմնավորված ընդհատումների կանխարգելման նպատակով իրենց դիմած կնոջը տրամադրել վերջնական որոշում կայացնելու ժամանակահատված, այսպես կոչված waiting period: Նման պահանջի սահմանումը հիմնավորվում է կնոջ կողմից հապշտապ, չկշռադատված որոշում կայացնելուց զերծ պահելու նկատառումներով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ միայն հղիության եւ ապագա երեխայի մասին ամբողջական տեղեկատվության տիրապետողը կարող է նման պատասխանատու որոշում կայացնել: Այս մոտեցման օգտին է խոսում նաեւ հղիության արհեստական ընդհատման մտադրության փոփոխման բարձր հավանականությունը, ինչը դրանց թիվը կրճատելու լավ գործիք կարող է հանդիսանալ: Տրամադրվող ժամանահատվածը երկրից երկիր կամ նույնիսկ նահանգից նահանգ (ԱՄՆ) չափազանց տարբեր է: Այսպես ԳԴՀ-ում 3 օր է, Նիդեռլանդներում 5 օր (http://www.weneedalaw.ca/resources/international-law), Իտալիայում, Ֆրանսիայում՝ 7 օր, Բելգիայում՝ 6 օր (http://www.gynmed.at/sites/default/files/images/pdf/EntreNous.pdf), ԱՄՆ-ում 18 ժամից մինչեւ 3 օր, (http://www.guttmacher.org/statecenter/spibs/spib_OAL.pdf),
բ.սահմանված չեն կնոջ հղիության արհեստական ընդհատման դիմելու, դրան համաձայնություն տալու գրավոր ընթացակարգեր, ինչը օրենսդրական պահանջների պահպանման եւ դրանց վերահսկողության գործիք է հանդիսանում: Նման մոտեցումներ ամրագրված են Սլովակիայի (http://cyber.law.harvard.edu/population/abortion/Slovakia.abo.html), Չեխիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Շվեյցարիայի օրենսդրություններով (http://www.loc.gov/law/help/abortion-legislation/europe.php#belgium):
դ.Չնայած ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշմամբ սահմանված են հղիության արհեստական ընդհատման կարգը, բժշկական, սոցիալական ցուցումները, հակացուցումները, անհրաժեշտ հետազոտությունների ցանկերը, սակայն օրենքով նման լիազորություն կառավարությանը տրված չէ: Նկատի ունենալով, որ հիշյալ կարգն ու պահանջները առավել բժշկական բնույթ ունեն եւ բժշկագիտության զարգացմանն զուգընթաց անընդհատ փոփոխվում են, առավել նպատակահարմար է դրանք ընդունելու լիազորությունը վերապահել ՀՀ առողջապահության նախարարին:
ե.Ներկայում հղիության արհեստական ապօրինի ընդհատման համար ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածով սահանմված է պատասխանատվություն, սակայն օրինական ընդհատման ընթացակարգերի պահանջների խախտման համար պատասխանատվություն սահմանված չէ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներկայում սեռով պայմանավորված հղիության ընդհատման վերաբերյալ պետական քաղաքականությունը առավելապես հիմնված է քաղաքացիական սեկտորի հետ միասին հասարակության իրազեկմանը, աղջիկների եւ տղաների հավասար արժեվորման խթանմանը, ձեւավորված կարծրատիպերը կոտրելուն: Հղիության արհեստական ընդհատումը ապօրինաբար կատարել քրեականացված է եւ առաջացնում է պատասխանատվություն տուգանքից մինչեւ ազատազրկում: Հղիության արհեստական ընդհատման գործընթացին ներկայացվող պահանջների խախտման համար վարչական պատասխանատվություն սահմանված չէ:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
1)«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,
Նախագծով առաջարկվում է ամբողջովին նոր խմբագրությամբ շարադրել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, նկատի ունենալով առկա կարգավորումների բացերը եւ հակասությունները.
ա.օրենսդրորեն արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումները (նման դրույթ ներկայումս բացակայում է ՀՀ օրենսդրության մեջ),
բ. սահմանել հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ եւ մեխանիզմներ (կնոջը հղիության արհեստական ընդհատման համար վերջնական որոշման կայացման համար պարտադիր ժամանակահատված, հղիության արհեստական ընդհատման գործընթացների՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության եւ վերահսկելիության ապահովման նպատակով դիմելու եւ համաձայնության գրավոր կարգով ներկայացնելու պահանջների սահմանում ):
գ.ՀՀ առողջապահության նախարարին վերապահել հղիության արհեստական ընդհատման բժշկական, սոցիալական ցուցումները, հակացուցումները, անհրաժեշտ հետազոտությունների ցանկերը հաստատելու, հղիության արհեստական ընդհատման գործընթացում ներդրվող փաստաթղթերի օրինակելի ձեւերը հաստատելու լիազորություն:
2)«Վարչական իրավախախտումների վերաբերյալ հայաստանի հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ.
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացմամբ եւ նպատակ ունի օրենքով թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման դեպքերի համար սահմանել վարչական պատասխանատվություն:Պատասխանատվության սահմանման նպատակն է ամրագրված պահանջների կատարումը ապահովելը, ընթացակարգային խախտումները կանխարգելելը:
5. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Ըստ ներկայացուցչական ազգային հետազոտության տվյալների, ՀՀ-ում 2010 թվականին գրանցված հղիությունների 29% ավարտվել են հղիության արհեստական ընդհատումներով, որոնցից մոտ 4,2% եղել են պայմանավորված երեխայի սեռով: Ներկայացված նախագծով նախատեսվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը օրենքով ամրագրելու, ինչպես նաեւ այլ օրենսդրական լրացուցիչ կարգավորումների եւ մեխանիզմների սահմանմամբ եւ դրանց կիրառմամբ կանխարգելել եւ էականորեն հղիության չհիմնավորված արհեստական ընդհատումները, ինչի արդյունքում նախատեսվում է բարելավել ոլորտում գրանցված ցուցանիշները` օրենսդրական սահմանափակումների միջոցները զուգակցելով հղիության արհեստական ընդհատման հետեւանքների վերաբերյալ կանանց իրազեկվածության մակարդակի բարձրացման, սեռով պայմանավորված խտրական վերաբերմունքի նվազեցմանը եւ վերացմանը ուղղված միջոցառումների իրականացման հետ:
6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչությունը:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը որոշակի դրական ազդեցություն կունենա հղիության արհեստական ընդհատման գործընթացի կազմակերպման վրա՝ դրա անվտանգության բարձրացման, կանոնակարգման, խախտումների կանխարգելման եւ վերահսկելիության տեսանկյունից:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների վերաբերյալ
1. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է կանոնակարգել` սեռով պայմանավորված հղիության ընդհատումները արգելելու վերաբերյալ հարցերը, ինչպես նաեւ սահմանվում է վարչական պատասխանատվություն օրենքով թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման դեպքերի համար:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով ամրագրվում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները արգելելու վերաբերյալ դրույթներ, ինչպես նաեւ սահմանվում է վարչական պատասխանատվություն օրենքով թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման դեպքերի համար եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է`
ա. օրենսդրորեն արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումները,
բ. սահմանել հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ եւ մեխանիզմներ,
գ. ՀՀ առողջապահության նախարարին վերապահել հղիության արհեստական ընդհատման բժշկական, սոցիալական ցուցումները, հակացուցումները, անհրաժեշտ հետազոտությունների ցանկերը հաստատելու, հղիության արհեստական ընդհատման գործընթացում ներդրվող փաստաթղթերի օրինակելի ձեւերը հաստատելու լիազորություն,
դ. օրենքով թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման դեպքերի համար սահմանել վարչական պատասխանատվություն:
Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը կամ չընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի փոփոխմանը չի հանգեցնի: Միաժամանակ, այն ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական, սակայն ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել, քանի որ հնարավոր չէ կանխատեսել բժշկի կողմից կատարվելիք իրավախախտումների բնույթը եւ դրանց քանակը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՐՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր)` կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն: