Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք լրացնել հետեւյալբովանդակությամբ 47.12-րդ եւ47.13-րդ հոդվածներով.
«Հոդված 47.12. Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատում (աբորտ) կատարելուց առաջ եւ հետո օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելը
1. Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտից) առաջ կնոջը հղիության արհեստական ընդհատման հնարավոր բացասական հետեւանքների վերաբերյալ անվճար խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնապատիկի չափով:
2. Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտից) անմիջապես հետո կնոջը անցանկալի հղիությունը կանխելու միջոցների եւ (կամ) մեթոդների ընտրության վերաբերյալ անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնապատիկի չափով:
3. Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատման (աբորտի) բժշկական միջամտությունից անմիջապես առաջ հղի կնոջը հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու՝ օրենքով նախատեսված ժամանակահատված չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 47.13. Օրենքով թույլատրված դեպքերում հղիության արհեստական ընդհատում (աբորտ) իրականացնելիս օրենքով նախատեսված պարտադիր փաստաթղթերը չստանալը
1. Օրենքով թույլատրված հղիության արհեստական ընդհատման (աբորտի) դեպքում բժշկի կողմից հղի կնոջ կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը կամ գրավոր համաձայնությունը չստանալը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
2. Բժշկի կողմից օրենքով նախատեսված դեպքում հղիության արհեստական ընդհատումն առանց բժշկական հանձնաժողովի որոշման իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից հարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար՝ սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 244.14-րդ հոդվածը «47.8» թվից հետո լրացնել «, 47.12, 47.13» թվերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: