Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-847-18.08.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 301. Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարությունը կամ կոչը

1. Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարությունը կամ կոչը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ ի մ ն ա վ ո ր ու մ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է քրեական օրենսդրության ոլորտում առկա բացով: Մասնավորապես, ներպետական քրեական օրենքի կարգավորմամբ՝ որեւէ հանցակազմի տարր չի պարունակում Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարությունը կամ կոչը, այլ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) գործող խմբագրությամբ 301-րդ հոդվածը սահմանում է քրեաիրավական հետեւանքներ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար, որոնք իրենց բնույթով որոշակիորեն մոտ են Նախագծով առաջարկվող լրացմանը, սակայն մեծ հաշվով ենթադրում են նպատակաուղղված որոշակի բռնի գործողություններ իրականացնելու կոչեր:

Այսպիսով բաց է մնացել, օրինակ, Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն այլ պետության կազմի մեջ մտցնելուն ուղղված հրապարակային հայտարարություն կամ կոչ անելը, այնինչ այդ բնույթի արարքը ոտնձգություն է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նկատմամբ: Մասնավորապես, համաձայն Անկախության հռչակագրի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները:

Նման գործողություններն ուղղակիորեն խախտում են Սահմանադրությունը եւ ուղղված են հայ ժողովրդի կամքի դեմ, որն արտահայտվել է համընդհանուր հանրաքվեի միջոցով՝ հռչակելով Սահմանադրության 1-ին, 2-րդ եւ 114-րդ հոդվածների անփոփոխելիությունը:

Այսինքն, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն անփոփոխելի եւ անքննարկելի արժեքներ են: Նշված հիմնարար սկզբունքների նկատմամբ ընդգծված հարգալից վերաբերմունքը հատկապես կարեւոր է մեզ նման նորանկախ պետության համար՝ հաշվի առնելով մեր պետականաշինության դժվարին ընթացքը: Այսպիսով, ակնհայտ է, որ ներպետական քրեական արդարադատությունը չպետք է հանդուրժի քննարկվող գործողությունները եւ, հետեւաբար, անհրաժեշտ է նախատեսել համարժեք սանկցիա դրանց կատարման համար: Նշված դրույթի նախատեսումը կունենա նաեւ կանխարգելիչ դեր՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված նման ոտնձգություններից զերծ մնալու առումով:

2014թ. հուլիսին Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքում ավելացվեց հոդված, որը պատիժ է նախատեսում Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված գործողությունների հրապարակային կոչեր անելու համար: Ընդ որում, նույն արաքի կատարումը զանգվածային լրատվության միջոցների կամ համացանցի օգտագործմամբ հանցակազմը որակյալ դարձնող հատկանիշ է (Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 280.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասեր): Տվյալ լրացումը բնականաբար պայմանավորված էր Ռուսաստանում նույն ժամանակ տեղի ունեցող քաղաքական գործընթացներով, մինչդեռ համանման կարգավորման անհրաժեշտությունը մեր երկրում վաղուց արդեն հասունացել է:

Համաձայն «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի՝յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից (...)։ Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների եւ պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի (...) սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու (...) նպատակով։

Մեր գնահատմամբ՝ Նախագծով առաջարկվող փոփոխությունն ամբողջովին համապատասխանում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտահայտման ազատության սահմանափակման կանոններին: