Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-9945-30.12.2024-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր 58.1 հոդվածով `

«Հոդված 58.1 Քաղաքապետի լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում

1. Քաղաքապետը կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.

1) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների բռնման եւ կացարաններ տեղափոխման աշխատանքները.

2) համաքաղաքային կանոններին համապատասխան` տալիս է քաղաքի տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվություն եւ կատարում է դրանց ամենամյա հաշվառում.

3) իրականացնում է Երեւանի տարածքում պահվող կենդանիների նույնականացման անձնագրերի տրամադրումը եւ աջակցում է անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների աշխատանքների վարմանը:

4) սահմանված կարգով տրամադրում է թույլտվություններ կենդանիների բուծարաններին եւ կացարաններին.

5) սահմանում է Երեւանի տարածքում անկած կենդանիների դիակների հավաքման, ոչնչացման եւ թաղման վայրերը՝սահմանված սանիտարահիգիենիկ կանոններին համապատասխան:

2. Քաղաքապետը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության բնագավառում իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.

1) «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կանոնակարգող իրավական ակտերի մշակում եւ իր իրավասության սահմաններում դրանց հաստատում:

2) օրենքով սահմանված կարգով իրականացնում է անխոչընդոտ վերահսկողություն եւ ստուգումներ կենդանիների պահման բոլոր վայրերում:

3) կենդանի տիրապետողից պահանջում է կենդանի պահելուն առչնվող ցանկացած տեղեկատվություն, բացատրություններ, փաստաթղթեր:

4) կազմում է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների խախտումների արձանագրություններ:

5) խախտումների մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է իրավապահ մարմիններին, միաժամանակ ձեռնարկում է միջոցներ իրավախախտումը կանխելու համար»:

Հոդված 2. Օրենքի 96-րդ հոդվածի առաջին մասը լրացնել 4-րդ եւ 5-րդ կետերով.

«4) վարչական շրջանի տարածքում, համաքաղաքային կանոններին համապատասխան, տալիս է կենդանիների վաճառքի թույլտվություն

5) վարչական շրջանի տարածքում տալիս է կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվություն»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,« ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. առաջարկվող կարգավորման բնույթը եւ ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները` բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, հստակ կարգավորումներ չունեն: Բաց է տնային, թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փարձարկումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված համալիր եւ ամբողջական կարգավորումների դաշտը: Վերոնշյալ ցանկից հատկապես հրատապ է թափառող կենդանիների հետ կապված կարգավորումների անհրաժեշտությունը` պայմանավորված անվտանգային եւ առողջապահական լուրջ խնդիրներով:

Այս խնդիրներին լուծում տալու նպատակով բազմաթիվ բազմաշահառու քննարկումների արդյունքում միջազգային փորձի խորքային ուսումնասիրությամբ մշակվել է "Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին" մայր օրենքի (այսուհետ` Օրենք) եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում են առկա խնդիրների իրավական լուծումները:

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծով սահմանվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջներն ու արգելված գործողությունները,տնային կենդանիների պահման եւ խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները, ինչպես նաեւ կենդանիների բուծման, վաճառքի եւ օգտագործման շուրջ իրավահարաբերությունները

Նախագծերի փաթեթով նախատեսվում է լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում՝ սահմանելով վարչական պատասխանատվություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտման համար, իսկ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող արգելված գործողությունների համար սահմանել քրեական պատասխանատվություն:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոփություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, որոնցում հստակ սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում: Նախագծերի ընդունման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինները կստանձնեն լիազորություններ սույն օրենքով սահմանված պահանջների վերահսկողության ոլորտում, նաեւ կենդանիների հաշվառման, վաճառքի,թույլտվությունների տրամադրման, ինչպես նաեւ համայնքի տարածքում թափառող կենդանիների խնդրի լուծման ուղղությամբ:

Ներկայումս ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կենդանիների նկատմամբ կիրառվում են գույքի մասին ընդհանուր կանոնները` որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտներ: Գույքային իրավունքներն իրացնելիս հաշվի չի առնվում կենդանիների` որպես զգայական եւ կենսաբանական պահանջներ ունեցող, ցավազգաց էակներ լինելու հանգամանքը եւ սույն իրավունքների իրացման շրջանակում կենդանիները պաշտպանված չեն դաժան եւ անպատասխանատու վերաբերմունք պարունակող գործողություններից: Սույն նախագծերի կարգավորումներով կենդանիների նկատմամբ գույքային իրավունքներն իրացնելիս կարգելվի «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումը:

Նախագծերի փաթեթով նաեւ առաջարկվում է՝ «Անասնաբուժության մասին» օրենքի այն հոդվածները, որոնք սահմանում են կենդանիների բարեկեցության սկզբունքները, տնային կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, կենդանիներ տիրապետողների պարտականություններն ու իրավասությունները, փորձարկումների համար օգտագործվող կենդանիների շուրջ իրավահարաբերությունները ճանաչել ուժը կորցրած եւ սահմանել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ ավելի համապարփակ եւ համալիր կարգավորումներ ունենալու նպատակով:

Օրենքի եւ նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը ոլորտում, մասնավորապես Ավստրիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Էոստոնիայի եւ մի շարք այլ երկրներում կենդանիների բարեկեցության հիմնական սկզբունքները, կենդանիների բնակակոն վարքի պահանջմունքները կարգավորող իրավական նորմերը, վերահսկողության եւ ապատասխանատվության մեխանիզմները:

Թափառող կենդանիների, մասնավորապես` շների հետ կապված հիմնախնդրի լուծումը հեղինակների կողմից ուսումնասիրված եւ այդ ոլորտում հաջողած երկրներում հնարավոր է դարձել բացառապես համալիր եւ բազմակողմանի օրենսդրական, ենթաօրենսդրական լուծումների եւ ինստիտուցիոնալ գործիքակազմերի առկայության եւ փուլային կիրարկման պարագայում, որոնց խիստ պարզեցված ցանկը հետեւյալն է`

Նախագծերի փաթեթի մշակման փուլերում մշտապես տեղի են ունեցել քննարկումներ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ձեւավորված Կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, կենդանասերների, պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ եւ վեր հանված խնդիրներն ու իրավական կարգավորումները դիտարկվել են նախագծերում:

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի եւ հարակից նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմինների լիազորությունները եւ բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունը: Օրենքով նախատեսվող տնային կենդանիների հաշվառման գործիքակազմի ներդրման արդյունքում կվերահսկվի տերերի կողմից տնային կենդանիների՝ հատկապես շների լքելու դեպքերը, որը իր հերթին կնպաստի թափառող անտուն շների գլխաքանակի նվազեցմանը:

Նախագծերի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունների քանակը եւ ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը: Օրենքի նախագծում նաեւ հստակ սահմանվում են հանրային վերահսկողության իրականացման մեխանիզմները քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք կարող են նպաստել բնակչության շրջանում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը եւ կենդանիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքի քարոզչությանը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն