Գլուխ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն Օրենքը կարգավորում է էլեկտրոնային փաստաթղթերի եւ էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող հարաբերությունները:
2. Սույն Օրենքը չի կարգավորում անձի ստորագրության այլ նմանօրինակների, ինչպես նաեւ այդ նմանօրինակների միջոցով ստորագրված փաստաթղթերի օգտագործման հետ կապված հարաբերությունները։
Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. էլեկտրոնային փաստաթուղթ՝ էլեկտրոնային ձեւով ներկայացված տեղեկություն կամ հաղորդագրություն:
2. էլեկտրոնային թվային ստորագրություն՝ Էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների եւ էլեկրոնային փաստաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված եւ էլեկտրոնային թվային ձեւով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ եւ օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաեւ էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար։
3. էլեկտրոնային փաստատուղթը ստորագրող անձ (այսուհետ՝ ստորագրող անձ)՝ ֆիզիկական անձ, որի (կամ այն անձի, որին նա ներկայացնում է) անունով, թողարկվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը, եւ որի տնօրինության տակ գտնվում են էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման միջոցները եւ տվյալները, որոնք նա օգտագործում է իր (կամ այն անձի, որին նա ներկայացնում է) էլեկտրոնային թվային ստորագրությունը ստեղծելու համար։
4. էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալներ` պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ստորագրող անձն օգտագործում է իր յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրությունը ստեղծելիս:
5. Էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալներ (այսուհետ՝ ստուգման տվյալներ)՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը օգտագործվում է յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրութան իսկությունը հաստատելու համար:
6. Էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման միջոցներ՝ ծրագրային եւ տեխնիկական միջոցներ, որոնք օգտագործվում են անձի էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման նպատակով՝ օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալները։
7. Էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցներ՝ ծրագրային եւ տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը` օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները:
8. Էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման միջոցների անվանում` էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման միջոցների առեւտրային անվանում:
9. Էլեկտրոնային թվային ստորագրության իսկություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների եւ միջոցների կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին:
10. Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր՝ փաստաթուղթ՝ թղթի, էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա, որը հաստատում է ստորագրող անձին էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների եւ էլեկտրոնային թվային ստորագրության պատկանելիությունը եւ ծառայում է էլեկտրոնային թվային ստորագրության իսկության ստուգման միջոց:
11. Հավաստագրման կենտրոն՝ էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրեր թողարկող եւ էլեկտրոնային թվային ստորագրությունների հետ կապված այլ ծառայություններ մատուցող կազմակերպություն։
12. Հավատարմագրում՝ հավաստագրման կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների որակի ճանաչումը պետության կողմից։
13. Հավատարմագրված հավաստագրման կենտրոն՝ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով հավատարմագրում ստացած հավաստագրման կենտրոն։
14. Տեղեկատվական համակարգ՝ էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման կամ այլ տիպի սարքածրագրային մշակման համակարգ:
15. Էլեկտրոնային կրիչ՝ մագնիսական սկավառակ, մագնիսական ժապավեն, լազերային սկավառակ, կիսահաղորդչային եւ այլ նյութական կրիչներ, որոնք օգտագործվում են էլեկտրոնային կամ այլ տեխնիկական միջոցներով տեղեկատվության գրանցման եւ պահպանման համար։
16. Շահագրգիռ անձ ՝ անձ, որին հասցեագրված է էլեկտրոնային փաստաթուղթը, կամ ցանկացած այլ անձ, որն անհրաժեշտություն ունի նույնականացնել ստորագրող անձին։
Գլուխ 2. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Հոդված 3. Էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման ձեւերը
Էլեկտրոնային փաստաթուղթն ունի ներկայացման ներքին եւ արտաքին ձեւ:
Էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման ներքին ձեւը էլեկտրոնային կրիչի վրա էլեկտրոնային փաստաթուղթ կազմող տեղեկատվության գրանցման արդյունքն է:
Էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման արտաքին ձեւը էլեկտրոնային փաստաթղթի վերարտադրման արդյունքն է ցուցասարքի (դիսփլեյի) էկրանին, թղթի կամ էլեկտրոնային կրիչից տարբերվող որեւէ այլ նյութական առարկայի վրա՝ տեսողական դիտման համար մատչելի տեսքով եւ ընկալման համար հասկանալի ձեւով:
Հոդված 4. էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթի իրավական նշանակությունը
Էլեկտրոնային փաստաթղթի պաշտպանվածությունն ապահովելու նպատակով էլեկտրոնային փաստաթուղթը կարող է ներառել մեկ կամ մի քանի էլեկտրոնային թվային ստորագրություններ:
Էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթը ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե օրնեքով սահմանված կարգով հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը եւ չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից երբ այն հաղորդվել եւ/կամ տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ եւ անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման եւ/կամ պահպանման համար եւ հնարավորություն են տալիս վերականգել էլեկտրոնային փաստաթղթի սկզբնական ձեւը:
Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր:
Հոդված 5. Էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը
Էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը գոյություն ունի միայն էլեկտրոնային կրիչի վրա: Էլեկտրոնային կրիչի վրա գրանցված եւ նույնական էլեկտրոնային փաստաթղթերի բոլոր օրինակները համարվում են բնօրինակներ եւ ունեն հավասար իրավական նշանակություն:
Այն դեպքերում, երբ պահանջվում է ներկայացնել էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը, այդ պահանջը համարվում է բավարարված, եթե՝
ա) հնարավոր է ապացուցել, որ էլեկտրոնային փաստաթուղթը չի փոփոխվել այն պահից երբ այն հաղորդվել է եւ/կամ տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ եւ անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման եւ/կամ պահպանման համար եւ հնարավորություն են տալիս վերականգել էլեկտրոնային փաստաթղթի սկզբնական ձեւը,
բ) էլեկտրոնային փաստաթուղթը առանց բովանդակային փոփոխությունների հնարավոր է ներկայացնել արտաքին ձեւով հատուկ տեխնիկական գիտելիքներ չունեցող անձի ընկալման համար մատչելի եւ հասկանալի ձեւով։
Հոդված 6. Էլեկտրոնային փաստաթղթի պատճենները
1. Էլեկտրոնային փաստաթղթերի պատճենները ստեղծվում են էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման արտաքին ձեւով` թղթային կրիչի վրա՝ վավերացնելով դրանց համապատասխանությունը բնօրինակին` օրենքով սահմանված կարգով:
2. Էլեկտրոնային փաստաթղթի պատճենները թղթային կրիչի վրա պետք է պարունակեն նշում այն մասին, որ նրանք համապատասխան էլեկտրոնային փաստաթղթի պատճեններն են:
3. Թղթային կրիչի վրա վերարտադրված էլեկտրոնային փաստաթուղթը, որի համապատասխանությունը բնօրինակին չի վավերացվել օրենքով սահմանված կարգով, չի համարվում էլեկտրոնային փաստաթղթի պատճեն։
Հոդված 7. Էլեկտրոնային փաստաթղթի պահպանումը
Էլեկտրոնային փաստաթուղթը համարվում է պատշաճ ձեւով պահպանված, եթե այն չի ենթարկվել փոփոխությունների այն պահից երբ այն տրվել է պահպանության, կամ փոփոխվել է ելնելով նրա պահպանման անհրաժեշտությունից եւ հնարավոր է վերականգել էլեկտրոնային փաստաթղթի սկզբնական ձեւը:
Էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված էլէկտրոնային փաստաթուղթը համարվում է պատշաճ ձեւով պահպանված, եթե պահպանվել են նաեւ էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները։
Տեղեկատվական համակարգերի սեփականատերերը, իրենք են ապահովում իրենց տնօրինած տեղեկատվական համակարգերում պարունակվող էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանվածությունը։
Գլուխ 3. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 8. Էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործման կարգը
Էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործման կարգը որոշվում է կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրութան ստեղծման միջոցների ծրագրային եւ/կամ տեխնիկական իրականացման եղանակին համապատասխան եւ սահմանվում է էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման միջոցներն արտադրողի կողմից։
Հոդված 9. Էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների մշակումը եւ տարածումը
Էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները մշակվում են ստորագրող անձի կամ հավաստագրման կենտրոնի կողմից օգտագործելով համապատասխան ծրագրային կամ տեխնիկական միջոցներ:
Էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները, բոլոր շահագրգիռ անձանց կողմից օգտագործման համար, տարածում է.
ա) ստորագրող անձը՝ անձամբ հանձնելով կամ հաղորդելով այդ տվյալները կամ տվյալ էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը,
բ) հավաստագրման կենտրոնը՝ ի պատասխան շահագրգիռ անձանց կողմից կատարված հարցման։
Գլուխ 4. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Հոդված 10. Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության կիրառումը կարգավորող օրենսդրություն
Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության կիրառումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են սույն օրենքով նախատեսվածից տարբերվող նորմեր, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նորմերը:
Էլեկտրոնային փաստաթղթի կիրառումը կարող է սահմանափակվել օրենսդրությամբ:
Հոդված 11. Էլեկտրոնային փաստաթղթի եւ Էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման կարգը
Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի եւ էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը եւ նրա կողմից լիցենզավորված անձինք կիրառում են էլեկտրոնային փաստաթղթերը եւ էլեկտրոնային թվային ստորագրությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
Գանձապետարանը իր տեղեկատվական համակարգերում կիրառում է էլեկտրոնային փաստաթղթերը եւ էլեկտրոնային թվային ստորագրությունները «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորումն իրականացնող պետական մարմնի սահմանված կարգով:
Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրավունք ունեն, սահմանված կարգով, գրավոր պայմանագրի հիման վրա կիրառել փոխադարձ ընդուների էլեկտրոնային թվային ստորագրություններով պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր:
Բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի, էլեկտրոնային փաստաթղթերը չեն փոխարինում սկզբնական (հաշվառման) փաստաթղթերին, եթե թղթային կրիչով չեն պահպանվել այդ փաստաթղթերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Գլուխ 5. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 12. Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնները
Հավաստագրման կենտրոնները իրենց ծառայությունների մատուցման համար ստորագրող անձի հետ կնքում են համապատասխան պայմանագիր` հավաստագրեր թողարկելու, ինչպես նաեւ էլեկտրոնային թվային ստորագրության հետ կապված այլ ծառայություններ մատուցելու վերաբերյալ։
Հավաստագրման կենտրոնները ՝
ա) հաշվառում են էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները,
բ) ստուգում են էլեկտրոնային թվային ստորագրության եւ էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների պատկանելիությունը ստորագրող անձին,
գ) ստուգում եւ հաստատում են էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների եւ հավաստագրի համապատասխանությունը,
դ) տարածում են էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները եւ հավաստագրերը,
ե) կասեցնում են իրենց կողմից թողարկված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի գործողությունը (վավերությունը),
զ) երաշխավորում են էլեկտրոնային թվային ստորագրության պաշտպանվածությունը,
է) մատուցում են էլեկտրոնային թվային ստորագրության հետ կապված այլ ծառայություններ։
Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք, կազմակերպությունները իրավունք ունեն ընտրել կամ ստեղծել հավաստագրման կենտրոններ, որոնք կտրամադրեն իրենց տեղեկատվական համակարգերում կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերը եւ կմատուցեն դրանց հետ կապված այլ ծառայություններ:
Հոդված 13. Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը
Էլեկտրոնային թվային ստորագրության եւ նրա ստուգման տվյալների պատկանելիությունը ստորագրող անձին հաստատվում է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրով, որը նրան տրվում է հավաստագրման կենտրոնի կողմից։
Հավաստագիրը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝
ա) հավաստագրի եզակի գրանցման համարն` ըստ տվյալ կենտրոնի,
բ) անձի անունը, ազգանունը կամ նրա կեղծանունը (մտացածին անունը),
գ) էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները,
դ) էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի տրման օրը, իսկ այն դեպքում երբ էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը ունի գործողության ժամկետ, նաեւ այդ ժամկետը,
ե) Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնի անվանումը, գործունեության իրականացման հասցեն եւ իրավաբանական անձի գտնվելու վայրը։
Համաձայն կողմերի միջեւ կնքված պայմանագրի հավաստագիրը կարող է նաեւ պարունակել `
զ) տվյալ էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ կատարվող գործարքների առավելագույն թույլատրելի արժեքը,
է) կենտրոնի կողմից տարածված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի կեղծման կամ կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների ոչ պատշաճ որակի հետեւանքով առաջացած վնասի չափը, որը ենթակա է փոխհատուցման կենտրոնի կողմից:
Հոդված 14. Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողության ժամկետը
Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը կարող է ունենալ գործողության ժամկետ։ Էլեկրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողության ժամկետը լրանալու պահից հետո տվյալ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված փաստաթղթերը չեն համարվում էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված։
Հոդված 15. Հավաստագրման կենտրոնների հավատարմագրումը
Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնները կարող են ստանալ հավատարմագրում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից:
Լիազոր մարմինը՝
ա) իրականացնում է հավատարմագրման գործընթացը` համաձայն «Հավաստագրման կենտրոնների հավատարմագրման» կարգի, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարութան կողմից;
բ) վարում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը) համաձայն «Էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը) վարելու» կարգի, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարութան կողմից;
գ) վերահսկում է հավատարմագրված հավաստագրման կենտրոնների գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը;
դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ։
Հավաստագրման կենտրոնը դատարանի որոշմամբ կարող է զրկվել հավատարմագրումից՝ սույն օրենքի դրույթների կամ հավատարմագրման կարգի պահանջները խախտելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ նրա կողմից լիցենզավորված անձանց կողմից կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրեր թողարկող հավաստագրման կենտրոնների հավատարմագրումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրերին համաձայն այլ պետություններում գործող հավաստագրման կենտրոնների կողմից թողարկված էլէկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերը կարող են հավասարեցվել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հավաստագրման կենտրոնների կողմից թողարկված հավաստագրերին։
Հոդված 16. Հավատարմագրված հավաստագրման կենտրոնների պարտականությունները
Հավատարմագրված հավաստագրման կենտրոնները պարտավոր են՝
ա) Սույն օրենքին եւ ստորագրող անձի հետ կնքված պայմանագրին համապատասխան թողարկել եւ բոլոր շահագրգիռ անձանց անհատույց հիմունքներով տրամադրել էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր,
բ) Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը թողարկելուց նույնականացնել անձը՝ օգտագործելով հնարավորինս առավել ստույգ միջոցներ,
գ) վարել թողարկված էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերի ռեեստր՝ ապահովելով վերջինիս հուսալի պահպանությունը,
դ) ապահովել ստորագրող անձի անհատական տվյալների գաղտնիությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,
ե) ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերը կեղծելու հնարավորությունը բացառելու համար,
զ) անմիջապես տեղեկացնել ստորագրող անձին ցանկացած տեխնիկական թերությունների առկայության մասին, որոնց հետեւանքով կարող է վտանգվել էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի պաշտպանվածությունը կամ անհնարին դառնալ դրա օգտագործումը,
է) ժամանակավոր կասեցնել կամ դադարեցնել էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը ՝ ստորագրող անձի պահանջով կամ իր նախաձեռնությամբ՝ եթե առկա են բավարար ապացույցներ այն մասին, որ հավաստագիրը կարող է կեղծվել կամ դրա օգտագործումը կարող է վնաս պատճառել ստորագրող անձին կամ երրորդ անձի,
ը) դադարեցնել ծառայությունների մատուցումը ստորագրող անձին` էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը ժամանակավոր կամ վաղաժամկետ կասեցնելու դեպքում` կատարելով համապատասխան գրառում էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերի ռեեստրում,
թ) նախքան անձի հետ ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքելը պատշաճ ձեւով տեղեկացնել վերջինիս էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի օգտագործման պայմաններին, ներառյալ դրա օգտագործման սահմանափակումները,
Այն հավատարմագրված հավաստագրման կենտրոնները, որոնք էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալները ստեղծում են անձի դիմումի հիման վրա պարտավոր են նաեւ ապահովել այդ գործընթացի գաղտնիությունը եւ չպետք է պահպանեն էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալները իրենց մոտ։
Հոդված 17. Հավատարմագրված հավաստագրման կենտրոնների գործունեության դադարեցումը
Հավատարմագրված հավաստագրման կենտրոնների գործունեության դադարեցման դեպքում վերջիններիս կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերը կարող են փոխանցվել մեկ ուրիշ հավատարմագրված հավաստագրման կենտրոնի` նախօրոք համաձայնեցնելով ստորագրող անձի հետ:
Էլեկտրոնային թվային ստորագրությունների այն հավաստագրերը, որոնք չեն փոխանցվի մեկ ուրիշ հավատարմագրված հավաստագրման կենտրոնի, համարվում են անվավեր եւ փոխանցվում են ի պահ լիազոր մարմնին:
Հոդված 18. Էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման եւ դրա հետ կապված այլ ծառայությունների մատուցման ոլորտում իրավախախտման համար պատասխանատվությունը
Ֆիզիկական եւ իրավաբանական անձիք պատասխանատվություն են կրում էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության, էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման եւ դրա հետ կապված այլ ծառայությունների մատուցման մասին օրենսդրության խախտման համար` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Գլուխ 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 19. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։