Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-851-16.09.2015-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի 33-րդ հոդվածի առաջին պարբերության  երրորդ նախադասությունը խմբագրել  հետեւյալ  բովանդակությամբ.

«Օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի եւ կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած  զինծառայողները, բացառությամբ եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետեւանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետեւանք է»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ  ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած  զինծառայողների թվաքանակը այնքան էլ մեծ չէ, ինչպես նաեւ  կարեւորելով ՀՀ սահմանադրությամբ ամրագրված սոցիալական հավասարության սկզբունքը եւ այն հանգամանքը ,  որ բոլոր  զինծառայողները պետք է լինեն պետության հոգածության ներքո, ուստի առաջարկում ենք բոլոր զինծառայողներին, օրենքով սահմանված կարգով տրամադրել այդ բուժօգնությունից օգտվելու հնարավորություն:
 
Օրենքի ընդունմամբ բոլոր զինծառայողները  վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստանալու դեպքում, անկախ իրենց ծառայողական պարտականությունները կատարելու վայրի, կօգտվեն արտասահմանում բուժում ստանալու հնարավորությունից, եթե այդ բուժումը հնարավոր չէ ստանալ Հայաստանի Հանրապետությունում: