Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-998-20.01.2025-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 393-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «երեքից վեց» բառերը փոխարինել «հինգից ութ» բառերով.

2) 2-րդ մասի 7-րդ կետում «՝» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

3) 2-րդ մասը լրացնել 8-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«8) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով`».

4) 2-րդ մասի «չորսից ութ» բառերը փոխարինել «ութից տասներկու» բառերով.

5) 3-րդ մասի 2-րդ կետում «՝» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

6) 3-րդ մասը լրացնել 3-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3) անչափահասի ներգրավմամբ՝».

7) 3-րդ մասի «վեցից տասներկու» բառերը փոխարինել «տասնչորսից քսան» բառերով, իսկ «ժամկետով» բառից հետո լրացնել «կամ ցմահ ազատազրկմամբ» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 394-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 3-րդ կետում «՝» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) 2-րդ մասը լրացնել 4-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով՝».

3) 3-րդ մասի 2-րդ կետում «՝» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

4) 3-րդ մասը լրացնել 3-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3) անչափահասի ներգրավմամբ՝»:

Հոդված 3. Օրենսգրքի 396-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ» բառերը եւ կետադրական նշանները փոխարինել «ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք» բառերով եւ կետադրական նշաններով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է խոշոր չափերով, ինչպես նաեւ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:».

3) 3-րդ մասի «երկուսից հինգ» բառերը փոխարինել «չորսից ութ» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 5-րդ կետում «վիճակի խոցելիությունը» բառերից հետո լրացնել «, անօգնական վիճակում գտնվելը» բառերը եւ կետադրական նշանը, իսկ «՝» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

2) լրացնել 6-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով՝»:

Հոդված 5.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետությունում: Ընդ որում, աշխարհի տարբեր երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսվում են քրեաիրավական ներգործության բավականին խիստ միջոցներ: Այսպես, Վրաստանում թմրամիջոցների եւ պրեկուրսորների պատրաստման, արտադրության, ձեռքբերման, պահպանման, տեղափոխման, իրացման համար նախատեսվում է ազատազրկում՝ մինչեւ 11 տարի ժամկետով, Թուրքիայում անչափահասներին թմրամիջոցներ եւ խթանիչներ իրացնելու եւ տրամադրելու համար նախատեսվում է ազատազրկում առնվազն 15 տարի ժամկետով, Իրանի Իսլամական Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Թմրանյութերի դեմ պայքարի մասին» օրենքով: Մինչեւ 50 գրամ արգելված թմրանյութերի ներմուծման եւ արտահանման, արտադրության, տարածման եւ իրացում համար նախատեսվում է տուգանք՝ 60 մլն ռիալի (մոտ 550.000 ՀՀ դրամ) չափով, իսկ ավելի քան 5 կգ արգելված թմրանյութերի ներմուծման եւ արտահանման, արտադրության, տարածման եւ իրացման համար նախատեսվում է մահապատիժ եւ հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքի բռնագանձում: Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպված խմբի կողմից, ծառայողական դիրքի օգտագործմամբ, չափահասի կողմից անչափահասին խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց անալոգների ապօրինի արտադրության, իրացման, փոխանցման, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող բույսերի կամ դրանց մասերի ապօրինի իրացման կամ փոխանցման համար նախատեսվում է ազատազրկում 10-20 տարի ժամկետով՝ որոշ պաշտոններ զբաղեցնելու եւ գործունեության որոշ տեսակներով զբաղվելու իրավունքից մինչեւ 20 տարի ժամանակով զրկելով կամ առանց վերջինի եւ տուգանքով մինչեւ 1 մլն ռուբլու (մոտ 4 մլն ՀՀ դրամ) չափով կամ դատապարտվածի մինչեւ 5 տարվա աշխատավարձի կամ նրա այլ եկամտի չափով:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն անմիջականորեն կապված է մեր ազգաբնակչության առողջության հետ: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը միշտ եղել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մշտադիտարկման ներքո: Պետք է նշել, որ այսօր առավել տարածված է համացանցային հավելվածների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը:

2023թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 5070 դեպք, նախորդ տարվա 2266-ի դիմաց, գրանցվել է աճ 2804 դեպքով կամ 123.7%-ով:

Հանցագործության դեպքերից 2802-ը վերաբերել են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի իրացմանը, այդպիսով՝ 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է աճ 1771 իրացման դեպքով, կամ՝ 171.7 %-ով (2022թ.` 1031):

2023թ. ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների անօրինական շրջանառության 1762 դեպք, ինչը 1076 դեպքով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ (2022թ.՝ 686 դեպք): Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կտրուկ ավելացումը պայմանավորված է ընթացիկ տարվա ընթացքում համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի արձանագրման աճով:

2023թ. ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուքնում բացահայտվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 489 դեպք, որոնցից 128-ը իրացման դեպքեր են, իսկ 361-ը՝ ձեռքբերման (2022թ.՝ 134 դեպք, որոնցից 37-ը՝ իրացման, 97-ը՝ ձեռքբերման):

2023 թվականի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 202 կգ 60 գր տարբեր տեսակի թմրամիջոցներ (2022թ. 119 կգ 70 գր):

Ըստ նարկոլոգիական ծառայությունների կողմից իրականացվող հաշվառումների՝ տարեցտարի աճում է թմրամիջոցներ օգտագործող անձանց թիվը (2018թ. -6951, 2019թ. -7209, 2020թ. -7392, 2021թ. -7570, 2022թ. - 7738):

Իրականացված վերլուծությունները վկայում են, որ նկատվում է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի շարունակական աճ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության կողմից իրականացվում են ամենօրյա ստուգումներ՝ նոր բացված, անվանափոխված եւ փակված թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային «խանութներ» հայտնաբերելու համար: Այս պահի դրությամբ վարչության ծառայողների տեսադաշտում են գտնվում թվով 620-ից ավելի խանութներ կամ ալիքներ: Խանութներից բացի կան նաեւ 100-ից ավելի զրուցարաններ, որտեղ հիմանակնում իրականացվում է թմրամիջոցների գովազդ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ եւ լրացումներ կատարել Քրեական օրենսգրքում: Նախագծում նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն՝ բարձրացնելու տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը:

Հայաստանի Հանրապետությունում արձանագրված դեպքերի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ կտրուկ ավելացել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը: Ընդ որում, 2024 թվականի ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 252 դեպք, որոնցից 62-ը թմրամիջոցներ իրացնելու դեպքեր են, իսկ 190-ը՝ ձեռքբերման: Ուստի, նախագծով նախատեսվող կարգավորմամբ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների շրջանառությունը դիտարկվում է որպես հանցանքը ծանրացնող հանգամանք:

Բացի այդ, հաշվի առնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դրսեւորում հանդիսացող մի շարք հանցատեսակների վտանգավորությունը, այդ թվում՝ բնակչության առողջությանը հասցվող վնասի համատեքստում, անհրաժեշտ է որոշ հանցատեսակների պարագայում խստացնել պետության քրեաիրավական արձագանքը՝ այն համապատասխանեցնելով տվյալ արարքների իրական հանրային վտանգավորության աստիճանին եւ բնույթին:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծով նախատեսվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերելի հոդվածներում արարքը ծանրացնող հանգամանքների շարքը լրացնել:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ, 394-րդ եւ 402-րդ հոդվածների 2-րդ մասերում ծանրացնող հանգամանք է սահմանվել արարքը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կատարելը, իսկ 393-րդ եւ 394-րդ հոդվածների 3-րդ մասերում որպես առանձնապես ծանրացնող հանգամանք է սահմանվել անչափահասի ներգրավմամբ արարքը կատարելը:

Նախագծով թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի գործածմանը հակելու կամ ներգրավելու համար արարքը ծանրացնող հանգամանքների թվում սահմանվել են նաեւ անձի անօգնական վիճակն օգտագործելով հանցանքը կատարելու վեաբերյալ կարգավորումներ:

Բացի այդ, նախատեսվել է խստացնել որոշ հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է նախատեսել պատիժ՝ 5-8 տարի ժամկետով ազատազրկում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսել պատիժ՝ 8-12 տարի ժամկետով ազատազրկում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսել պատիժ՝ 14-20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում, ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսել պատիժ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում, նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսել պատիժ՝ 2-6 տարի ժամկետով ազատազրկում, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսել պատիժ՝ 4-8 տարի ժամկետով ազատազրկում:

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում թիրախավորված կլինեն տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաեւ անչափահասի ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, ինչպես նաեւ կխստացվի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դրսեւորում հանդիսացող որոշ հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից՝ ՀՀ ներքին գործերի նախարարության հետ համահեղինակությամբ:

5. ՀՀ պետական բյուջեում ծախսերի եւ եկամուտների մասում ավելացում կամ նվազեցում.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի եւ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն