Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-853-17.09.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝

1) 1.1-ին մասից հետո հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկման` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափը եւ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգը չի տարածվում հաշվետու ժամանակաշրջանում երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների վրա, որոնց մասով առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոս դրույքաչափով: Սույն հոդվածի իմաստով երկրորդային հումքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»,

2) 3-րդ մասում «1-ին եւ 1.1-ին մասերով» բառերը փոխարինել «1-ին, 1.1-ին եւ 1.2-րդ մասերով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, տարածվում է 2015 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա եւ գործում է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

2015 թվականի մայիսի 7-ին ընդունված ««Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-38-Ն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրվել է, որ հաշվետու ժամանակաշրջանի համար առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերի հանրագումարի 4 տոկոսը կազմող գումարի չափով, որոնք պետք է ձեւակերպված լինեն երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով: Նախատեսված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների նկատմամբ հաշվարկված 1.5 տոկոսից, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոսից պակաս գումար, ապա առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոս դրույքաչափով:

Երկրորդային հումք են համարվում «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտադրության եւ սպառման թափոններ համարվող ապրանքները, այդ թվում` արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքը, նյութերը, արգասիքները եւ այլ արտադրանքի մնացորդներն ու սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրանքը: Յուրաքանչյուր երկրի համար երկրորդային հումքի վերամշակումը կարեւոր բնապահպանական եւ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հարց է, հետեւաբար դրանց հավաքումը եւ հետագա վերամշակումը անհրաժեշտ է խրախուսել: Երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների դեպքում հաշվարկված 5 տոկոս շրջանառության հարկի դրույքաչափը գործնականում հնարավոր չէ նվազեցնել, քանի որ առեւտրական գործունեություն իրականացնողի համար գրեթե անհնար է ապահովել ծախսերի (ձեռք բերումների) երկկողմանի հաստատված փաստաթղթավորում:

Սույն Օրենքի նախագծի ընդունման դեպքում երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների նկատմամբ հաշվարկված 5 տոկոս շրջանառության հարկի դրույքաչափը հնարավոր է նվազեցնել շուկայից կատարած ձեռք բերումների (ծախսերի) հանրագումարի 4 տոկոսը կազմող գումարի չափով՝ միակողմանի գնման ակտեր կազմելու (ձեւակերպելու) միջոցով: