Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 27-րդ կետից հետո «:» կետրադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ լրացնել նոր` 28-րդ կետ` հետեւյալ բովանդակությամբ.
«28) ղեկավարման իրավունքի հավաստագիր՝ նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար կրթության պետական կառավարման լրազորված մարմնի կազմակերպած թեստավորման դրական արդյունքի ապահովման դեպքում տրվող փաստաթուղթ:»:
Հոդված 2. Oրենքի 36-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 6.4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6.4) սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների եւ կենտրոնների մանկավարժական եւ վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագիրը.»:
2) 1-ին մասի 6.5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6.5) սահմանում է պետական բյուջեից ֆինանսավորվող արտադպրոցական կազմակերպությունների եւ կենտրոնների ֆինանսավորման կարգը.»:
Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 3.3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2) Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում 3.3-րդ կետից հետո լրացնել նոր՝ 3.4-րդ, 3.5-րդ եւ 3.6-րդ կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3.4) հաստատում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի եւ պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները.
3.5) հաստատում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի եւ պարարվեստի դպրոցների ընդունելության կազմակերպման եւ ավարտական քննությունների անցկացման ընթացակարգը.
3.6) երաշխավորում է նախադպրոցական, հանրակրթական եւ արտադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվող ծրագրերը, ուսումնական նյութերն ու դասընթացները, այդ թվում՝ փորձարարական:»:
Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում 12.1-ին կետից հետո լրացնել նոր՝ 12.2-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
1) «12.2) սահմանում է նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի տրամադրման ընթացակարգը, հավաստագրի դադարեցման դեպքերն ու ընթացակարգը.»:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով, 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասներկուամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծի մշակման նպատակն է օրենքով կարգավորել եւ սահմանել նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպական, ինչպես նաեւ արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Երեխաների կրթության եւ դաստիարակության գործընթացում խիստ մտահոգիչ է արտադպրոցական կրթության ոլորտում ներկայում առկա ոչ միասնական մոտեցումների կիրառումը:
ՀՀ-ում արտադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցը ձեւավորվել է դեռեւս խորհրդային իշխանության տարիներին, սակայն առ այսօր որեւէ իրավական ակտով սահմանված չէ արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական եւ վարչատնտեսական աշխատողների անվանացանկն ու դրանց նկարագիրը, իսկ մանկավարժների եւ վարչատնտեսական աշխատողների ոչ միայն մասնագիտական պատրաստվածությամբ, այլեւ գործառույթների հստակ սահմանմամբ է պայմանավորված, թե ինչպիսի կարողունակություններով պետք է օժտված լինի անձը:
Արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինասավորումը.
ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 2145-Ն որոշմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը:
Արտադպրոցական ոլորտը ֆինանսավորելու նպատակով՝ որպես հաշվարկային միավոր, ընդունվեց տարեկան լրակազմի միջին չափանիշը՝ մեկ երեխա, հնարավորություն ընձեռվեց ունենալ արտաբյուջետային հաշիվներ:
1996 թվականին ՀՀ-ում ձեւավորվեց վարչատարածքային կառավարման նոր համակարգ, եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արտադպրոցական ուսումնական հաստատությունների մոտ 80%-ը հանձնվեցին համայքներին:
Արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսական միջոցները գոյանում են ՀՀ պետական եւ համայնքային (ըստ ենթակայության) բյուջեով նախատեսված միջոցների հաշվին, ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ լրացուցիչ աղբյուրներից:
Ներկայում գործող ֆինանսավորման բանաձեւը հնարավորություն չի տալիս գործընթացն իրականացնել միանման սկզբունքով, եւ այս ոլորտում չի ապահովում տեղական, մարզային, պետական մարմինների ինչպես նաեւ միջգերատեսչական պատշաճ համագործակցությունը, պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի թափանցիկության ապահովումը:
Արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման համար անհրաժեշտ է կիրառել միասնական մոտեցում՝ հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար:
Կրթության մասին օրենքի (այսուհետ Օրենք) 37-րդ հոդվածի 3.3-րդ կետով սահմանված է, որ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հրամանով է հաստատվում արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների` ՀՀ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, այնինչ 2024 թվականի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից շրջանառվել եւ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունն այն մասով, որ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումների ընթացակարգը սահմանող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանները պետք է հաստատվեն ՀՀ կառավարության որոշմամբ:
Այդ տրամաբանությամբ անհրաժեշտություն է առաջացել սույն օրենքում վերանայել նաեւ արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի լիազորող նորմը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի լիազորություններից տեղափոխելով ՀՀ կառավարության լիազորություններ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն) ստացվում են առաջարկներ ուսումնական հաստատություններում դպրոցահասակ երեխաների շրջանում տարվող աշխատանքներում տարաբնույթ ծրագրերի ներդրման մասին, որին ի պատասխան առաջարկվում է որպես պարտադիր պայման Նախարարություն երաշխավորման ուղարկել ծրագրերի բովանդակությունը:
Վերոգրյալով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել նկարագրվածի համար կարգավորում սահմանել, որը հիմք կհանդիսանա Նախարարություն դիմած կառույցներին եւ կազմակերպություններին հղում կատարելու համար:
Ներկայումս որեւէ նորմատիվ իրավական ակտով կարգավորված չէ նաեւ երաժշտական, արվեստի, գեղարվեստի եւ պարարվեստի դպրոցների ընդունելության, ինչպես նաեւ ավարտական քննությունների անցկացման մեխանիզմները:
Սույնով պայմանավորված առաջարկվում է իրավական ակտով կարգավորել նաեւ հիշատակված հաստատությունների ընդունելության եւ ավարտական քննությունների անցկացման հետ կապված գործընթացները:
Նախադպրոցական, հանրակրթության եւ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների համար սահմանված է հավաստագրման պարտադիր պահանջ, որոնք թեեւ առանձին, իրարից անկախ գործընթացներով են իրականացվում, այնուամենայնիվ յուրաքանչյուր միջոցառման համար նախատեսված հարցաշարում առկա են մյուս 2 ոլորտներին վերաբերող օրենսդրությունից հարցեր:
Միաժամանակ հանրապետությունում գործում են դպրոցներին կից նախակրթարաններ, որոնց թիվը նախատեսվում է ընդլայնել հատկապես այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական ծառայություն չի մատուցվում: Դպրոցներին կից գործող նախակրթարանները եւս ղեկավարվում է տնօրենի կողմից, որը նախադպրոցական ոլորտի առանձնահատկություններին ծանոթ է մոտավորապես այնքանով, որքանով կարգավորումներ կան հավաստագրման հարցաշարում: Նույն խնդիրն առկա է նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների պարագայում այն դեպքում, երբ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական բոլոր հաստատություններում առկա է հանրակրթության բաղադրիչ:
Կարեւոր է նշել նաեւ, որ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով նախատեսվում է համայնքներում ունենալ կրթահամալիրներ, որոնք ծառայելու են որպես համայնքային կենտրոններ՝ ներառելով նաեւ նախադպրոցական ծառայություն:
Այս դեպքում հարց է առաջանում, թե կրթահամալիրի տնօրենը հավաստագրման որ փուլով է անցնելու՝ հանրակրթությու՞ն թե նախադպրոցական կրթություն, թե՞ 2 մակարդակինն էլ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի՝
1) սահմանել այն հիմնական դրույթները, նպատակները, խնդիրներն ու զարգացման ուղիները, որոնք համընդհանուր են արտադպրոցական կրթության ոլորտում նոր որակական նախադրյալներ ստեղծելու հիմքում.
2) նպաստել մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը.
3) ֆինանսական միասնական մոտեցում՝ նոր մեխանիզմների ներդրմամբ.
4) գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ուսումնական գործընթացի կազմակերպում, բովանդակային մասի ապահովման կանոնակարգում.
5) կրթության ոլորտում իրականացնել մեկ միասնական փաստաթղթից բխող քաղաքականություն.
6) 3 ոլորտների հավաստագրման տնօրենների հավակնորդների համար նախատեսել 1 միասնական գործընթաց, որում կարող է 1 հարցաշարը լինել ավելի շատ ոլորտային հարցերի ընդգրկմամբ:
4. Կարգավորման առարկան.
Նախագծով կարգավորվում են նախադպրոցական, հանրակրթական եւ արտադպրոցական կրթության կազմակերպման եւ իրականացման հետ կապված հարաբերությունները, մանկավարժական եւ վարչատնտեսական կազմին ներկայացվող պահանջների, պետական ֆինանսավորման եւ վերահսկողության հետ կապված հարաբերությունները:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նշված ուղղություններով առաջարկվող լրացումները թույլ կտան մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովելու եւ զարգացնելու կազմակերպական աշխատանքներն ու կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները:
Տնօրենների հավաստագրման գործընթացով անցնող անձը հավասարապես կարող է տիրապետել բոլոր ոլորտների կառավարման եւ ընթացակարգային առանձնահատկություններին եւ ձեռք բերելով ղեկավարման իրավունք՝ հավաստագիր, կարող է մասնակցել համապատասխան մրցույթների եւ հաստատությունը ղեկավարել ավելի արհեստավարժ՝ նրբություններին տիրապետելով:
Միաժամանակ գործընթացը նախատեսում է հավաստագրման ժամանակ պահանջվող ռեսուրսների լուրջ խնայողություն եւ՛ ժամանակի եւ ՛մարդկային ռեսուրսների առումով:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Սույն կարգով սահմանված գործընթացի իրականացումը բխում է ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին եւ 2-րդ պարբերություններից՝ «Կառավարության համար գերակա խնդիր է կրթության եւ գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Մարդկանց գիտելիքների եւ հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ եւ ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձեւավորմանը: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը եւ գերակայություններին: Կրթության բոլոր մակարդակների համար առանցքային են լինելու ներառական կրթական միջավայրի ստեղծումը, կրթության բովանդակության եւ կրթական ծրագրերի արդիականացումը...»:
Անհրաժեշտությունը բխում է նաեւ «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1. ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջներից, այն է՝ «Գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական եւ հանրամատչելի զարգացման եւ յուրացման միջոցով ունենանք քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարեւոր է, որքան պարտականությունների ու պարտավորությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության եւ առողջության պատասխանատուն»:
7. Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում