Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստան Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-2.11-րդ մասերով.
«2.1. Քաղաքացիական գործի հարուցումից հետո մինչեւ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը կողմերը կարող են ներկայացնել հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդություն:
2.2. Հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդությունը ներկայացվում է միացման ենթակա գործերով հայցն առավել վաղ վարույթ ընդունած դատավորին, իսկ եթե հայցերը վարույթ են ընդունվել նույն օրը՝ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին:
2.3. Գործերը կարող են միացվել մեկ վարույթում, եթե դրանց միջեւ առկա է փոխադարձ կապ, դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ եւ արդյունավետ լուծումը եւ միացման ենթակա բոլոր գործերով դեռեւս չեն կայացվել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումներ:
2.4. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդություն ստանալուց հետո անհապաղ՝ ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը, դատավորը իր վարույթում գտնվող գործով գործին մասնակցող անձանց ուղարկում է միջնորդության պատճենը եւ միաժամանակ ծանուցում է միջնորդության վերաբերյալ գրավոր դիրքորոշում ներկայացնելու իրավունքի եւ միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դատարանում դեպոնացված լինելու մասին: Միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը կարող է ներկայացվել ծանուցումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:
2.5. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվում է սույն հոդվածի 2.4-րդ մասով նախատեսված դիրքորոշում ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո 15-օրյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու:
2.6. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին որոշում կայացվելու դեպքում որոշումը եւ դրա կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճեններն անհապաղ ուղարկվում են միացման ենթակա մյուս գործը քննող դատավորին:
2.7. Միացման ենթակա մյուս գործը քննող դատավորը սույն հոդվածի
2.6-րդ մասով սահմանված որոշումը եւ փաստաթղթերը ստանալու պահից անհապաղ՝ ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը, իր վարույթում գտնվող գործով գործին մասնակցող անձանց ուղարկում է միջնորդության պատճենը եւ միաժամանակ ծանուցում է միջնորդության վերաբերյալ գրավոր դիրքորոշում ներկայացնելու իրավունքի եւ միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաեւ սույն հոդվածի 2.6-րդ մասով սահմանված որոշումը եւ փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դատարանում դեպոնացված լինելու մասին: Միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը կարող է ներկայացվել ծանուցումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:
2.8. Միացման ենթակա մյուս գործը քննող դատավորը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կայացնում է սույն հոդվածի 2.7-րդ մասով նախատեսված դիրքորոշում ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո 15-օրյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու:
2.9. Միացման ենթակա մյուս գործը քննող դատավորը հարցի քննության արդյունքում որոշում է կայացնում իր վարույթում գտնվող գործը մեկ այլ գործին միացնելը թույլատրելու կամ չթույլատրելու մասին:
2.10. Սույն հոդվածի 2.9-րդ մասով նախատեսված որոշումը, իսկ գործի միացումը թույլատրելու դեպքում՝ նաեւ գործն անհապաղ ուղարկվում է հայցն առավել վաղ վարույթ ընդունած, իսկ հայցերը նույն օրը վարույթ ընդունված լինելու դեպքում՝ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին:
2.11. Դատավորը սույն հոդվածի 2.10-րդ մասով նախատեսված որոշումը եւ գործը ստանալուց հետո եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը վարույթ ընդունելու եւ գործերը մեկ վարույթում միացնելու մասին, բացառությամբ եթե առկա են ինքնաբացարկի հիմքեր: Ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում դատարանը որոշում է կայացնում ինքնաբացարկ հայտնելու մասին եւ միացման ենթակա գործերն անհապաղ հանձնում է միացման ենթակա գործերով հայցը հաջորդն առավել վաղ վարույթ ընդունած, իսկ հայցերը նույն օրը վարույթ ընդունված լինելու դեպքում՝ հաջորդ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերի վրա: