Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-1008-13.02.2025-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 156-րդ հոդվածի 4.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ֆիզիկական անձանց կողմից ներկայացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) չեն կարող օգտագործվել պետական իրավասու մարմինների կողմից իրականացվող վարչարարաության շրջանակներում:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով եւ գործող օրենսդրությամբ սահմանված ձեւով ներդրվող եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելու համընդհանուր պահանջի չեղարկումն է, որը ժամանակավրեպ է, դրված նպատակի տեսանկյունից՝ ոչ լիարժեք եւ ոչ համարժեք, իսկ քաղաքացիների համար դառնալու է նոր եւ ավելորդ վարչարարության, անիմաստ պարտավորության եւ տուգանքի հիմք:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.   2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-593-Ն օրենքով նախատեսված է ներդնել քաղաքացիների տարեկան եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ՝ երեք փուլերով:

Մանավորապես, նշված օրենքի համաձայն՝ ֆիզիկական անձինք եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) պարտավոր են ներկայացնել հետեւյալ ժամկետներում.

1) 2023 թվականի հաշվետու տարվա համար՝

ա. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առեւտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ),

գ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,

դ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն.

2) 2024 թվականի հաշվետու տարվա համար՝

ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

գ. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

դ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առեւտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ),

ե. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,

զ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

է. սույն պարբերության 1-ին կետում նշված ֆիզիկական անձինք.

3) 2025 թվականի հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիների համար՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման վերաբերյալ առկա կարգավորումները խնդրահարույց են հետեւյալ ամփոփ հիմնավորումներով.

1) Ակնհայտ է, որ եթե հայտարարագրման ենթակա քաղաքացին ունի ստվերային (չգրանցված) եկամուտներ, որոնք արտացոլված չեն եկամտահարկի միասնական անձնավորված համակարգում, ապա նա այդ եկամուտները չի ներառելու նաեւ իր տարեկան հայտարարագրում:

2) Անօրինական եկամուտների հայտնաբերումը եւ օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումը այսպես, թե այնպես մնալու է հարկային մարմինների հսկողության եւ վերահսկողության ներքո: Եկամուտների տարեկան հայտարարագրումը ստվերի կրճատման տեսանկյունից էական ազդեցություն չի կարող ունենալ, եթե զուգահեռաբար չի գործում ծախսերի ամբողջական հաշվառման համակարգը:

3) Գործող կարգավորմամբ նախատեսված է, որ հարկային մարմինն՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա ինքնաշխատ եղանակով նախալրացնելու է ֆիզիկական անձանց հայտարարագրերի նախագծերը, որոնք կարող են հաստատվել կամ լրամշակվել հայտարարագրման ենթակա քաղաքացու կողմից: Այսինքն՝ եկամտահարկի միասնական անձնավորված համակարգում արտացոլված եկամուտների մասին ամբողջական տեղեկատվությունը արդեն իսկ տիրապետում են հարկային մարմինները ողջ ծավալով: Հետեւաբար՝ նույն տեղեկատվությունը եկամուտների տարեկան հայտարարագրի ձեւով հարկային մարմիններին նորից ներկայացնելը դառնում է ավելորդ վարչարարություն եւ անիմաստ պարտավորություն քաղաքացիների համար: Ընդ որում՝ էլեկտրոնային եղանակով այս հայտարարագրերի ներկայացման գործընթացը էական եւ օբյեկտիվ դժվարություններ է առաջացնելու քաղաքացիների լայն շրջանակների համար, հատկապես՝ տարեցներ, ինտերնետային հասանելիություն չունեցող քաղաքացիներ, գրագիտության ցածր մակարդակ ունեցող քաղաքացիներ եւ այլն:

4) Հայտարարագիրը հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ նախազգուշացում, տետո էլ՝ տուգանք: Փաստորեն քաղաքացին նորից դառնում է «տուգանքի մատերիալ»՝ անիմաստ եւ ավելորդ պարտավորությունը չկատարելու կամ ժամկետանց կատարելու համար:

5) Կեղծ են նաեւ այս համակարգի իբրեւ դրական՝ խթանիչ հնարավորությունները: Նախ՝ հայտարարագիր չներկայացնող քաղաքացիներին եւս հարկային մարմինը տրամադրում է էլեկտրոնային ծառայություններ: Հետո՝ առանց հայտարարգրի պարտադիր պահանջի էլ պետությունը կարող է քաղաքացիներին փոխհատուցել սոցիալական ծախսերի որոշակի մասը, եթե իրականում կա նման ցանկություն, ինչպես դա արվում է տարիներ շարունակ գործող՝ հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման ծրագրով: Այս կարգավորումը հակասում է նաեւ ՀՀ Սահմանադրության պահանջին, ըստ որի՝ քաղաքացիների իրավունքներ եւ պարտավորություններ սահմանող նորմերը պետք է սահմանվեն օրենքով: Իսկ նախագծով կառավարությանն են վերապահվում սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունների, ընտանիքի անդամների շրջանակի եւ փոխհատուցման առավելագույն չափերի սահմանումն ու փոփոխությունները: Օրենքով չսահմանվելու դեպքում կառավարությունն ունենում է անսահման հայեցողություն եւ կարող է կատարել իրավիճակից բխող փոփոխություններ, օրինակ՝ եկամտահարկի վերադարձի առավելագույն չափերի էական նվազեցումներ:

6) Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է ունենալ եկամուտների անձնավորված հաշվառման համապարփակ համակարգ, որով հնարավոր կլինի ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական շահառուներին՝ դրանով իսկ բարձրացնելով հասցեականությունն ու արդյունավետությունը: Այս նպատակը եւս չունի գործնականում իրացման առարկայական ներուժ, քանի որ եկամուտների անձնավորված հաշվառման միասնական համակարգում չարտացոլված՝ անօրինական եկամուտները, բնականաբար, հայտարարատուի կողմից չեն ներառվելու նաեւ իր եկամուտների տարեկան հայտարարագրում:

Այսինքն՝ նույն տեղեկատվության կրկնակի, եռակի հավաքագրումը չի կարող ապահովել ավելի բարձր ճշտության աստիճան պետական աջակցության ծրագրերի ներուժային շահառուների վերաբերյալ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է վերացնել փուլային եղանակով ներդրվող՝ քաղաքացիների տարեկան եկամուտների համընդհանուր հայտարարագրման օրենքով սահմանված խնդրահարույց պահանջը եւ դրանից բխող՝ վարչական պատասխանատվությունը: Հատկանշական է նաեւ, որ այս պահանջի խնդրահարույց բովանդակության հետեւանքով է նաեւ, որ նախորդ տարի հայտարարագրման ենթակա քաղաքացիները հիմնականում չեն ներկայացրել հայտարարագիր, որի մասին նորից լուռ են ոլորտի պատասխանատուները:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան օրենքով սահմանված՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելու համընդհանուր պահանջն է, որի գործադրումը նախատեսված է փուլային տարբերակով:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերացնել քաղաքացիների եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելու համընդհանուր պահանջը, որը բացարձակապես չի համապատասխանում նախապես սահմանված նպատակներին, քաղաքացիների համար հանդիսանում է նոր եւ ավելորդ վարչարարության, անիմաստ պարտավորության եւ տուգանքի հիմք, իսկ պետության տեսանկյունից՝ իրականում դառնում է արդեն իսկ առկա տեղեկատվբության կրկնակի կամ եռակի հավաքագրման անիմաստ եւ անարդյունավետ գործընթաց: Ի դեպ, այս տարվա սկզբին Ազգային ժողովում եւ հանրային այլ հարթակներում ծավալված քննարկումները եւս մեկ անգամ ապացուցեցին այս խնդիրների հիմնավորվածությունը, ինչպես նաեւ առկա եւ ոչ պակաս կարեւոր տեխնիկական ու բովանդակային չլուծված այլ խնդիրները, որը փաստում է նաեւ, որ հարկային մարմինները եւս պատրաստ չեն՝ ընդունելու այդ հայտարարագրերը:

6. Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում այլ օրենքներում փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն պետք է ընդունվեն օրենքի կիրարկում ապահովող կառավարության որոշումներ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Խմբակցության որոշում

Գրություն