Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) 55-րդ հոդվածը 15-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.
«16. Սկսած 2026 թվականի հունվարի 1-ից.
1) Նվազագույն կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել պարենային զամբյուղի ամսական արժեքից,
2) Միջին աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել սպառողական զամբյուղի ամսական արժեքից:
17. Սույն հոդվածի 15-րդ մասի կիրառման նպատակով որպես պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներ, հիմք են ընդունվում տվյալ բյուջետային տարվան նախորդող տարվա երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով հաշվարկված՝ Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած պարենային եւ սպառողական զամբյուղների ամսական արժեքները:
Պարենային զամբյուղում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը եւ էներգետիկան, պարենային եւ սպառողական զամբյուղների ամսական արժեքները միջին աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում:
Հիմնավորում
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայացվող նախագծերի նպատակը կենսաթոշակառուների եւ տարեց բնակչության սոցիալական պաշտպանվածության մակարդակի շարունակական բարելավումն է:
2. Առկա իրավիճակը եւ խնդիրները.
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանվում է Պետական կենսաթոշակային քաղաքականության սկզբունքները, ինչպես նաեւ աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակների չափը հաշվարկելու կարգը:
Մասնավորապես, որպես Պետական կենսաթոշակային քաղաքականության սկզբունք, սահմանված է՝ կենսաապահովման նվազագույն բյուջեի չափի հետ համադրելի պետական կենսաթոշակի նվազագույն չափ ապահովելը:
Օրենքով սահմանվում է նաեւ նվազագույն կենսաթոշակի հասկացությունը:
Համաձայն օրենքի՝ հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նվազագույն կենսաթոշակի չափից (եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս է նվազագույն կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նվազագույն չափով):
Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանում է Կառավարությունը: ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշմամբ նվազագույն կենսաթոշակի չափը, սկսած 2023 թվականի հուլիսի 1-ից, կազմում է 36000 դրամ:
ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի համաձայն՝ միջին աշխատանքային կենսաթոշակի ցուցանիշը կանխատեսվում է 49275 դրամ:
ՀՀ ԱԺ հավանությանն արժանացած՝ Կառավարության ծրագրի «Աշխատանքր եւ սոցիալական պաշտպանություն» բաժնի համաձայն՝ նախատեսվում է մինչեւ 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի եւ կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին:
Պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքները հրապարակում է Ազգային վիճակագրական կոմիտեն (ԱՎԿ) ընթացիկ տարվա սոցիալ տնտեսական վիճակի վերաբերյալ զեկույցում:
Ըստ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2024 թվականի հունվար-դեկտեմբերին» զեկույցի, համաձայն Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի եւ էներգետիկայի, 2024 թվականի 4-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային զամբյուղի արժեքը կազմում է 40978 դրամ, իսկ սպառողական զամբյուղների արժեքը՝ 75811 դրամ:
3. Առաջարկվող լուծումները
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացված նախագծերը:
Ըստ այդմ, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ սկսած 2026 թվականի հունվարի 1-ից.
1) Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել առնվազն պարենային զամբյուղի արժեքի չափով,
2) միջին կենսաթոշակի չափը համապատասխանեցնել սպառողական զամբյուղի արժեքին:
Ընդ որում, համապատասխան ցուցանիշները սահմանելու համար առաջարկվում է հիմք ընդունել Առողջապահության նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունը:
Համաձայն ՀՀ կառավարության 04.07.2024թ. N 1064-Ն որոշմամբ հաստատված՝ 2025-2027 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի՝ սոցիալական նպաստների եւ կենսաթոշակների վճարների գծով պետական բյուջեի ծախսերը կկազմեն համապատասխանաբար՝ 1,007.6, 1,085.0 եւ 1,165.6 մլրդ դրամ, որից կենսաթոշակային ապահովությանն է նախատեսվում ուղղել համապատասխանաբար՝ 547,826.6, 564,591.5 եւ 596,345.4 մլն դրամ.
ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով կենսաթոշակային ապահովությանն է նախատեսվում ուղղել 560,271.5 մլն դրամ, որից.
1) Աշխատանքային կենսաթոշակներ՝ 298,601.0 մլն դրամ,
2) Սպայական անձնակազմի զին կենսաթոշակներ՝ 46,338.0 մլն դրամ,
3) Շարքային զինծառայողների զին կենսաթոշակներ՝ 687.9 մլն դրամ,
4) ՀՀ օրենքով նշանակված կենսաթոշակներ՝ 3,992.4 մլն դրամ,
5) կուտակային հատկացումներ՝ 210,000.0 մլն դրամ (սոցիալական վճարներ եւ բյուջեի մասնակցություն).
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Ներկայացվող Նախագիծն ընդունվելու դեպքում կենսաթոշակային ապահովության բնագավառում վարվող քաղաքականությունը կդառնա էլ ավելի կանխատեսելի՝ ապահովելով տարեց, հաշմանդամություն ունեցող եւ կերակրողին կորցրած անձանց համեմատաբար բարեկեցիկ կյանքը՝ բարձրացնելով նրանց վճարվող կենսաթոշակի չափերը:
Տեղեկանք
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում այլ օրենքներում փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն պետք է ընդունվեն օրենքի կիրարկում ապահովող կառավարության որոշումներ: