Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 233-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. 2021 թվականի հաշվետու տարվա համար անշարժ գույքի հարկը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների եւ Օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դրույքաչափերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվականի հաշվետու տարվա համար՝ 30 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ 35 տոկոսի չափով, 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշվետու տարվա եւ հետագա հաշվետու տարիների համար՝ 75 տոկոսի չափով (բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի):»:
Հոդված 2. Օրենսգրքի 233-րդ հոդվածը լրացնել 8-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«8. 2021 թվականի հաշվետու տարվա համար 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների եւ Օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դրույքաչափերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվականի հաշվետու տարվա համար՝ 30 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ 35 տոկոսի չափով, 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ 75 տոկոսի չափով եւ 2026 թվականի հաշվետու տարվա եւ հետագա հաշվետու տարիների համար՝ 100 տոկոսի չափով:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով 2021 թվականից ներդրվող ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկման բեռի աճի կասեցումն է 2026 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ հերթական շուրջ 30 տոկոս գույքահարկի բեռի ավելացում նախատեսող օրենսդրական դրույթի վերացումը:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. 2022 թվականի հունիսի 25-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-332-Ն օրենքով նախատեսված է ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկման նոր համակարգ, ըստ որի՝ 2021-2026 թվականներին այս գծով գույքահարկի բեռը նախատեսված է փուլային տարբերակով ավելացնել 5-6 անգամ: Հարկային այս բեռը առաջանցիկ եւ թռիչքաձեւ աճում է հատկապես՝ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական տարածքի բնակիչների համար, այդ թվում տարեց բնակչությունը, ովքեր ապրում են ժառանգաբար իրենց փոխանցված բնակարաններում:
Գույքահարկի բեռի էական եւ հակասոցիալական այս փուլային բարձրացումը ներկայացվում է «շքեղությունը» հարկելու քողի ներքո, որի հետ իրականում ուղղակի աղերս չունի այդ կարգավորումն՝ իր ողջ գործադրումով:
2020 թվականի հունվարի 1-ից պրոգրեսիվ եկամտային հարկի դրույքաչափերի համահարթեցումը՝ իրականացված հակասոցիալական փոփոխությունը, փորձ է արվում արդարացնել գույքահարկի այս փոփոխություններով, իբրեւ թե այսպիսով հնարավոր կդառնա ապա՟հովել պետության՝ վերաբաշխման գործառույթի արդար եւ արդյունավետ իրա՟կա՟նա՟ցումը: Իրականում՝ սոցիալապես անապահով քաղաքացիների՝ միայնակ թոշակառուների, աշխատող աղքատների եւ առհասարակ աղքատ ընտանիքների հարկային բեռն էապես ավելացնելու հաշվին ակնկալվում է համայնքային բյուջեների հարկային մուտքերի ավելացում:
Անցում է կատարվում շուկայականին մոտարկ՟ված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկման համակարգին: Տարեց-տարի էապես բարձրանում է գույքահարկով հարկման բազան եւ դրույքաչափերը, որը հանգեցնելու է 5 տարում քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի պատիկներով ավելացման: Շքեղությունը հարկելու անվան տակ վերացվում են գույքահարկի չհարկվող շեմերը եւ այդպիսով նաեւ՝ հարկման սոցիալական այս բաղադրիչը:
Արդեն իսկ հարկվում են նաեւ ցածրարժեք բնակարան կամ բնակելի տուն ունեցող սոցիալապես անապահով քաղաքացիները, որոնք մինչ այդ ունեին գույքահարկով չհարկվելու արտոնություն: Սպասվող սոցիալական նոր դժգոհությունը մեղմելու համար էլ՝ որդեգրվեց խնդրահարույց այս փոփոխությունները եւս՝ փուլային իրականացնելու «անցնցում» տարբերակը: Հիմա արդեն մոտենում ենք վերջին փուլին, որը նախատեսված է ավարտել 2026 թվականին:
Անցնող չորս տարիները եւս գործնականում ապացուցեցին, որ անշարժ գույքի հարկման նախատեսվող փոփոխություններն ինքնին խնդրահարույց են սոցիալական արդարության տեսանկյունից: Դրանք ի զորու չեն՝ վերականգնելու եկամտային հարկի համահարթեցման հետեւանքով հարկային համակարգից վերացված սոցիալական հիմնական բաղադրիչը: Այսպիսով անհնար է նաեւ ապահովել եկամուտների արդարացի բաշխման «շատից՝ շատ, քչից՝ քիչ» հիմնարար սկզբունքը:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է վերացնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի թռիչքաձեւ ավելացման վերջին փուլը, բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ: Այսինքն, որպես փուլային ավելացման վերջին փուլ՝ 2026 թվականի հաշվետու տարվա համար՝ նախորդ տարվա համեմատ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկի չափը կավելանա եւս շուրջ 30 տոկոսով: Ընդ որում, ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների իրական եկամուտների առաջնահերթ եւ առաջանցիկ աճի ապահովումը պահանջում է ուղղակի հարկերի համար չհարկվող օբյեկտիվ շեմերի նախատեսում, եկամտային հարկի իրական պրոգրեսիվ դրույքաչափերի սահմանում եւ զուգահեռ՝ շքեղությունը հարկելու հասցեական մեխանիզմների ներդրում, այլ ոչ թե՝ մեկը մյուսով փոխարինում կամ այդ նպատակները գործնականում հասցեագրելու պարզ իմիտացիա:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան օրենքով սահմանված՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման (գույքահարկի) բեռի թռիչքաձեւ աճերի օրենսդրական պահանջն է, որի գործադրումը նախատեսված է փուլային տարբերակով:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կասեցնել 2021 թվականից տարեց-տարի ֆիզիկական անձանց համար զգալի չափերով ավելացող անշարժ գույքի հարկման բեռի աճը, որն ունի հակասոցիալական եւ անարդար բնույթ եւ արդեն իսկ անտանելի է դարձել հատկապես անապահով խավի քաղաքացիների համար: Այսինքն՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել 2026 թվականի հունվարի 1-ից հերթական շուրջ 30 տոկոսի չափով գույքահարկի բեռի ավելացում նախատեսող օրենսդրական դրույթը:
6. Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ 2025 թվականի պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում այլ օրենքներում փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն պետք է ընդունվեն օրենքի կիրարկում ապահովող կառավարության որոշումներ:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Խմբակցության որոշում