Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «աջակցություն,» բառից հետո լրացնել «սույն օրենքով նախատեսված դեպքերում ենթարկվելու բժշկական զննության, որին կարող է ներկա գտնվել նաեւ իր ընտրած բժիշկը,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ձերբակալված կամ կալանավորված անձը ենթարկվում է բժշկական զննության՝
1) ձերբակալվածներին պահելու վայր կամ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելիս.
2) ձերբակալված կամ կալանավորված անձի՝ առողջական վիճակի վերաբերյալ գանգատի դեպքում.
3) ձերբակալված կամ կալանավորված անձի, իսկ նրա համաձայնության դեպքում՝ նրա պաշտպանի պահանջով.
4) ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում:».
2) 5-րդ մասից հետո լրացնել նոր մասեր՝ հետեւյալ խմբագրությամբ.
«Բժշկական զննությանը կարող է ներկա գտնվել նաեւ ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը: Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը կարող է ներկա գտնվել բժշկական զննությանը, եթե՝
1) ձերբակալվածներին պահելու վայր է ներկայացել ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայր բերելու պահից 3 ժամվա ընթացքում.
2) կալանավորվածներին պահելու վայր է ներկայացել կալանավորված անձին կարանտինային բաժանմունք տեղափոխելու պահից 24 ժամվա ընթացքում:
Բժշկական զննությունն իրականացվում է՝
1) ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծառայողի լսելիության, եւ եթե բժշկական զննությունն իրականացնող բժիշկն իր կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու նպատակով հակառակը չի պահանջում, ապա նաեւ՝ տեսանելիության սահմաններից դուրս.
2) անհատական սկզբունքով՝ առանձին:
Բժշկական զննության արդյունքները գրանցվում են՝
1) ձերբակալված անձի դեպքում՝ դրա համար նախատեսված գրանցամատյանում եւ անձնական գործում.
2) կալանավորված անձի դեպքում՝ նրա ամբուլատոր բժշկական քարտում եւ կալանավորվածներին պահելու վայր ընդունվածների բժշկական զննության մատյանում:
Բժշկական զննության ենթարկված ձերբակալված կամ կալանավորված անձը իրազեկվում է բժշկական զննության արդյունքների մասին:
Սույն օրենքի 21.1-ին հոդվածով նախատեսված դեպքում բժշկական զննության արդյունքները գրանցվում են նաեւ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձեւաթղթում: Բժշկական զննության արձանագրության ձեւաթղթի ձեւը եւ դրա լրացման կարգը հաստատում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:
Մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում, եթե առկա չեն սույն օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, ձերբակալված կամ կալանավորված անձի բժշկական զննությունն իրականացրած բուժաշխատողը բժշկական զննության արդյունքների մասին 24 ժամվա ընթացքում, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով, իրազեկում է իրավասու քննչական մարմնին եւ դատախազությանը:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-ին հոդվածով.
«Հոդված 21.1. Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետ կապված բժշկական զննության արձանագրումը
1. Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետ կապված բժշկական զննության արձանագրությունը կազմվում է, եթե`
1) առկա է ձերբակալված կամ կալանավորված անձի գրավոր կամ բանավոր հայտարարությունը՝ մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսեւորման հետեւանք լինելու վերաբերյալ.
2) բուժաշխատողը հայտնաբերում է, որ ձերբակալված կամ կալանավորված անձի մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը կարող է լինել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետեւանք.
3) ձերբակալվածների պահման վայրի կամ կալանավորվածների պահման վայրի վարչակազմի ծառայողը բուժաշխատողին հայտնում է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի ենթադրյալ դեպքի մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բժշկական զննության արձանագրությունը ստորագրվում է բժշկական զննությունն իրականացրած բուժաշխատողի եւ բժշկական զննության ենթարկված ձերբակալված կամ կալանավորված անձի կողմից: Եթե բժշկական զննությանը ներկա է գտնվել ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը, ապա արձանագրությունը ստորագրվում է նաեւ նրա կողմից: Ձերբակալված կամ կալանավորված անձի կամ բժշկական զննությանը ներկա գտնված՝ նրա ընտրած բժշկի կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ նշվում է այդ փաստը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում բժշկական զննությունն իրականացրած բուժաշխատողը պարտավոր է՝
1) արձանագրության պատճենն արձանագրությունը կազմելուց հետո անհապաղ տրամադրել ձերբակալված կամ կալանավորված անձին.
2) ձերբակալված կամ կալանավորված անձին տեղեկացնել իր միջոցների հաշվին մասնագիտական երկրորդ կամ իր նախընտրած թվով այլ կարծիք ստանալու իր իրավունքի մասին.
3) անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում արձանագրությունը կազմելու, իսկ հայտնի լինելու դեպքում՝ նաեւ խոշտանգում կամ վատ վերաբերմունքի այլ ձեւեր ենթադրաբար կիրառած աշխատակցի կամ այլ ձերբակալված կամ կալանավորված անձի ինքնության վերաբերյալ հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով իրազեկել ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված միջոցները ձեռնարկելու համար:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում՝
1) կալանավորված անձի բժշկական զննությունն իրականացրած բուժաշխատողը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով, արձանագրությունն ուղարկել իրավասու քննչական մարմին, իսկ արձանագրության պատճենը, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով՝ դատախազություն.
2) ձերբակալված անձի բժշկական զննությունն իրականացրած բուժաշխատողը պարտավոր է անհապաղ, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով, արձանագրությունը տրամադրել շտապ բժշկական օգնության ծառայության կայանի օպերատիվ աշխատանքները կազմակերպող տվյալ օրվա պատասխանատուին, որը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում արձանագրությունը եւ շտապ բժշկական օգնության կանչի թերթիկը, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով, ուղարկել իրավասու քննչական մարմին, իսկ դրանց պատճենները, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով՝ դատախազություն:
5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված զննության արձանագրության հիման վրա ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձեւերի ենթարկված ձերբակալված կամ կալանավորված անձի շփումը ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի՝ խոշտանգում կամ վատ վերաբերմունքի այլ ձեւեր ենթադրաբար կիրառած աշխատակցի կամ այլ ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ բացառելու նպատակով:»:
Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.
«Կալանավորված անձը ենթարկվում է բժշկական զննության կարանտինային բաժանմունք տեղավորվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«Ձերբակալված անձը ձերբակալվածներին պահելու վայր բերվելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում ենթարկվում է բժշկական զննության հրավիրված շտապ բժշկական օգնության ծառայության բուժաշխատողի կողմից:»:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում: