Հոդված 1. «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» 2012 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը 10-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«կայուն պահակետով պահպանություն՝ անմիջականորեն պահնորդի կողմից, ոչ ահազանգման համակարգի միջոցով, իրականացվող պահպանություն:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) սեփականության կամ օրինական տիրապետման ներքո գտնվող օբյեկտների, անշարժ եւ շարժական գույքի, տարածքի՝ կայուն պահակետով կամ տեսահսկման եւ ահազանգման համակարգերի միջոցով պահպանությունը եւ արագ արձագանքումը.»:
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Պաշտպանվող յուրաքանչյուր անձի տրանսպորտային միջոցով փոխադրումը կարող է իրականացվել միայն մեկ տրանսպորտային միջոցով, որի մեջ կարող է գտնվել երեքից ոչ ավելի թիկնապահ (այդ թվում՝ վարորդ-թիկնապահը): Արգելվում է պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցի ուղեկցումը մեկ այլ տրանսպորտային միջոցով:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Թիկնապահական եւ պահնորդական գործունեության լիցենզիայի տրման պարտադիր պայման է հանդիսանում լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու պահի դրությամբ համապատասխան որակավորում ունեցող առնվազն 10 աշխատողի (պահնորդի կամ թիկնապահի) հետ կնքված աշխատանքային պայմանագրերի առկայությունը:».
2) 5-րդ մասից հանել «լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման,» բառերը:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.
«Հոդված 8.1. Լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանը
1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները հաշվառելու, ոլորտի վիճակի եւ միտումների վերաբերյալ տեղեկությունները հավաքելու եւ վերլուծելու, ինչպես նաեւ ոլորտի քաղաքականությունը մշակելու նպատակով Լիազոր մարմինը վարում է մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ նշվում են.
1) լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը եւ գտնվելու (գործունեություն ծավալելու) վայրը.
2) լիցենզիայի համարը.
3) լիցենզիան տալու ամսաթիվը եւ գրանցման համարը.
4) գործունեության կոնկրետ տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա.
5) տեղեկություններ՝ տրված լիցենզիայի վերաձեւակերպման, գործողության կասեցման կամ դադարեցման մասին.
6) կազմակերպությունում իրականացված ստուգումների վերաբերյալ տեղեկություններ.
7) սույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հաշվետվությամբ նախատեսված այլ տեղեկություններ:»:
Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պահնորդի (թիկնապահի) առողջությունն ապահովագրվում է գործատուի հաշվին:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.
«Հոդված 28.1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության գույքային պատասխանատվությունը
1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից թույլ տրված խախտման հետեւանքով պատճառված իրական վնասի համար:
2. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված վճարի կրկնակիի չափով, բայց ոչ պակաս, քան 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:»:
Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «ոստիկանությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով.
2) 2-րդ մասում «Ոստիկանությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով, իսկ «իրավական ակտերով» բառերը՝ «օրենքներով» բառով.
3) 3-րդ մասում «ոստիկանությունն» բառը փոխարինել «Լիազոր մարմինն» բառերով, իսկ «(պատվիրատուների համաձայնությամբ)» բառերը փոխարինել «, բացառությամբ բնակարանների եւ բնակարանին հավասարեցված վայրերի,» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.
«4. Lիցենզավորված մասնավոր պահնորդական կազմակերպությունները յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչեւ կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը, Լիազոր մարմնին են ներկայացնում կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որի ձեւը եւ դրանում ներառվող տեղեկությունների ցանկը սահմանվում է Լիազոր մարմնի կողմից:
5. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից օբյեկտները պահպանելու կարգը եւ պայմանները սահմանում է Լիազոր մարմինը:»:
Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության» բառը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, 6-րդ հոդվածով լրացվող 28.1-ին հոդվածի 2-րդ մասի եւ 7-րդ հոդվածի 4-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում: