Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10131-21.02.2025-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 124.8-րդ հոդվածով.

«Հոդված 124.8. Մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ երեքից ավելի թիկնապահի (այդ թվում՝ վարորդ-թիկնապահը) կողմից ուղեկցելը

1. Մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ երեքից ավելի թիկնապահի (այդ թվում՝ վարորդ-թիկնապահը) կողմից ուղեկցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 169.23-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերով.

2) 2-րդ մասում «հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում «124.6-րդ,» բառերից հետո լրացնել «124.8-րդ,» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: