Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-860-01.10.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 13.7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «գործունեության տեսակներ իրականացնող անձինք» բառերից հետո լրացնել «(ացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածի  ցանկի 13-րդ կետով նախատեսված գործունեության տեսակն իրականացնող անհատ ձեռնարկատերեհջ)» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածի 13-րդ կետով նախատեսված գործունեության տեսակն իրականացնող անհատ ձեռնարկատերերը կարող են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում՝ անկախ տվյալ տարվա որեւէ ժամանակահատվածի համար արտոնագրային վճար վճարող համարվելու հանգամանքից: Նշյալ դեպքում հարկային հաշվառման եւ հարկային պարտավորությունների հաշվարկման հետ կապված հարցերը կարգավորվում են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի II.2-րդ գլխով սահմանված կարգով եւ տվյալ տարվա որեւէ ժամանակահատվածի համար վճարված արտոնագրային վճարի գումարը հետ վերադարձման ենթակա չէ:

Հիմնավորում

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ներկայացումը պայմանավորված է զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը չօգտագործող եւ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ: Միաժամանակ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13.7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն, ընտանեկան ձեռնարակատիրության սուբյեկտ չեն կարող համարվել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող անձինք:

Խնդիրը կայանում է նրանում, որ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությունը հիմնականում իրականացվում է ընտանիքի անդամների միջոցով, մինչդեռ նշյալ գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը հնարավորություն չունեն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ եւ օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների համար նախատեսված հարկային արտոնություններից: Ընդ որում, հարկ է նկատել, որ նշյալ խնդիրը բարձրացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի ընթացքում:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կարող են համարվել նաեւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածով հաստատված ցանկի 13-րդ կետով նախատեսված` զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը:

4. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար բարենպաստ հարկային միջավայրի ստեղծմանը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

6. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13.7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ ընտանեկան ձեռնարակատիրության սուբյեկտ համարվելու սահմանափակումներն են:

7. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածով հաստատված ցանկի 13-րդ կետով նախատեսված` զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերին հնարավորություն ընձեռել գործունեություն իրականացնել նաեւ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում: 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»    Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին  չի առնչվում, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերին հնարավորություն ընձեռել օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների համար նախատեսված հարկային արտոնություններից:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են զբոսաշրջության ոլորտում` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից մատուցվող հյուրանոցային ծառայությունների շուկաների հետ:  Նախագծի ընդունմամբ, նշված շուկաներում ակնկալվում է անհատ ձեռնարկատերերին գործունեություն ծավալելու համար բարենպաստ հարկային միջավայրի ստեղծում, ինչպես նաեւ  միմյանց հետ մրցելու հնարավորության ընդլայնում:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսավարողներին հնարավորություն ընձեռել անհրաժեշտ պայմաններին բավարարելու դեպքում հարկման նպատակով ընտրելու ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի կարգավիճակ:

Նախագծի ընդունման դեպքում, գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն, քանի որ Նախագծի կիրարկման արդյունքում հնարավորություն կընձեռվի նվազեցնելու հյուրանոցային ծառայություններ մատուցող մի շարք տնտեսավարողների հարկային բեռը:

Եզրակացություն

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կարող են համարվել նաեւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածով հաստատված ցանկի 13-րդ կետով նախատեսված` զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, իսկ ծախսերի վրա չեզոք: