Հոդված 1. «Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Կառավարությունը տրանսպորտի առանձին տեսակներով իրականացվող ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման նպատակով կարող է նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաեւ ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ծավալները ավելացնելու համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար հաստատել աջակցության ծրագրեր:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
«Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը լիազորող նորմի սահմանման անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտա Կառավարությանը անհրաժեշտության դեպքում ընդունել համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտեր:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները, կարգավորման նպատակը եւ բնույթը
Տրանսպորտը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մասը, որը նախատեսված է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար եւ ընդգրկում է հետեւյալ տեսակները՝ ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտենի եւ խողովակաշարային:
Ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների իրականացումը արդի, անվտանգ, շրջակա միջավայրին նվազ վնաս հասցնող տրանսպորտային միջոցներով կարեւոր նշանակություն ունի տրանսպորտային ծառայությունների բարձր մակարդակի ապահովման համար: Նշված մակարդակի ապահովման համար մեծ նշանակություն կարող է ունենալ պետության կողմից տրանսպորտային ծառայությունների մատուցման տարբեր ոլորտներում աջակցության ծրագրերի իրականցումը:
Նախագծի մշակումը նպատակ ունի օրենքով օժտել Կառավարությանը լիազորությամբ՝ հաստատելու աջակցության ծրագրեր՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային եւ օդային տրանսպորտի ոլորտներում ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման նպատակով նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաեւ ծավալները ավելացնելու համար:
Նախագծի ընդունմամբ կընդլայնվեն Կառավարության լիազորությունները՝ ֆինանսական աջակցության տարբեր գործիքակազմերով խթանելու Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտում նոր տրանսպորտային միջոցների ներգրավմանը, ոլորտում ծավալային ցուցանիշների բարելավմանը:
Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով սահմանված է կանոնավոր ուղեւորափոխադրումների բնագավառի բարեփոխումների իրականացում, որի շրջանակներում նախատեսվում է ներդնել միասնական երթուղային ցանց: Միջմարզային եւ ներմարզային կանոնավոր ուղեւորափոխադրումների որակի բարձրացման համար իրականացվող բարեփոխումները պայմանավորված են երթուղիների օպտիմալացման եւ մրցութային գործընթացով սպասարկման իրավունքի տրամադրման պայմանների փոփոխությամբ, այն է՝ նախկինում 1 երթուղի 1 սպասարկող օպերատոր սկզբունքից անցում կատարելով մեկ տարածաշրջանի կամ մարզի երթուղիներ 1 սպասարկող օպերատոր սկզբունքին, այսպիսով ձեւավորելով միասնական երթուղային ցանցը ՀՀ ողջ տարածքում: Արդյունքում՝ նոր սկզբունքին համապատասխան ձեւավորվող միասնական երթուղային ցանցի ներդրման համար անհրաժեշտ է իրականացնել մեծ ծավալի ներդրումներ մարզի կամ տարածաշրջանի բոլոր երթուղիները սպասարկելու համար տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար:
Միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով որոշ մարզերում հայտարարված մրցույթները չեն կայացել հայտերի բացակայության պատճառով, ինչը կապված է մեծ ներդրումների բիզնես ռիսկերի հետ: Որոշ դեպքերում մրցույթներին մասնակցության միայն մեկ հայտ է ներկայացվում, ինչը բացառում է առողջ մրցակցությունը: Միասնական երթուղային ցանցի գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաեւ Կառավարության աջակցությամբ տրանսպորտային համակարգի զարգացմանն ուղղված միջոցառումները կյանքի կոչելու նպատակով մշակվել է օրենքի նախագիծը:
Բացի այդ, հանրապետության տարածքում տրանսպորտի այլ տեսակներով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման, հանրապետության տարածքում էլեկտրաշարժունակության բարձրացման, քաղաքային համայնքներում օդի աղտոտվածության նվազեցման նպատակով անհրաժեշտություն է առաջանում աջակցության ծրագրեր իրականացնել էլեկտրատրանսպորտի եւ մետրոպոլիտենի զարգացման նպատակով: Երեւան քաղաքում մետրոպոլիտենի զարգացումը, նոր կայարանների կառուցումը կարեւոր նախապայման է տրանսպորտային բեռնաթափման, խցանումների նվազեցման, օդի աղտոտվածության նվազեցման համար:
Օդային եւ երկաթուղային տրանսպորտի ոլորտում աջակցության ծրագրերը կարող են կիրառվել ենթակառուցվածքների զարգացման, ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ծավալների ավելացման համար:
Օրենքի նախագծի ընդունումը ՀՀ կառավարությանը հնարավորություն կտա տրանսպորտի առանձին տեսակներով փոխադրումներ իրականացնող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեությանը աջակցելու նպատակով իրականացնել տարաբնույթ աջակցության ծրագրեր, որոնք կխթանեն տրանսպորտային պարկի թարմացմանը, կբարձրացնեն ոլորտում մատուցվող ծառայությունների որակը, կնպաստեն տրանսպորտային համակարգի զարգացմանը եւ հանրապետության բնակչության շարժունակության բարելավմանը:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի 37-րդ, 39-րդ, 40-րդ եւ 65-րդ կետերի եւ 08.02.2019թ N 65-Ա ՀՀ կառավարության ծրագրի 6.5-րդ կետի պահանջներից, որոնց շրջանակներում կապահովվի երկրի կայուն զարգացման համար առավել օպտիմալ տրանսպորտային համակարգի ձեւավորումը, կանոնավոր ուղեւորափոխադրումների արդյունավետ կազմակերպումը, միասնական երթուղային ցանցի ներդրումը, հանրապետության բոլոր բնակավայրերի, այդ թվում՝ սահմանամերձ համայնքների, կանոնավոր տրանսպորտային սպասարկումը, ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ոլորտների զարգացումը, տրանսպորտային պարկի թարմացումը, ավիաչվերթերի աշխարհագրության ընդլայնման եւ ավիաընկերությունների թվի ավելացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը. ինչպես նաեւ ենթակառուցվածքների կայուն զարգացումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում