Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1015-26.02.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 25.1-ին հոդվածի 6-րդ մասում «կիրառվում է» բառերից հետո լրացնել «0.25,» թիվը:

Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթ չնախաձեռնելու, քրեական վարույթը կարճելու կամ արդարացման դատավճռի դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման հատկանիշներ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը կամ քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ գրավոր տեղեկացումը կամ օրինական ուժի մեջ մտած արդարացման դատավճիռը գործի քննության համար լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը կամ արդարացման դատավճիռն ուժի մեջ մտնելուց կամ քրեական վարույթ չնախաձեռնելուց հետո վեց ամսվա ընթացքում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 123.1-ին հոդվածի՝

1) 1-ին մասում «տեղադրելը» բառը փոխարինել «տեղադրված վիճակում վարելը» բառերով.

2) 2-րդ մասում՝

ա. «տեղադրելը» բառը փոխարինել «տեղադրված վիճակում վարելը կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը» բառերով,

բ. «չունեցող» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասում «կեղծված կամ փոխարինված» բառերը փոխարինել «փոխարինված կամ այլ տրանսպորտային միջոցի» բառերով, իսկ «չունեցող» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված» բառերը.

2) 11-րդ մասում «այն» բառից հետո լրացնել «հաշվառման» բառը.

3) 12-րդ մասում «միջոցի», «եթե», «սակայն» եւ «զույգ» բառերից հետո լրացնել «հաշվառման» բառը.

4) 13-րդ մասում «առանց», «այդ» եւ «զույգ» բառերից հետո լրացնել «հաշվառման» բառը.

5) 13.1-ին մասում «եթե» բառից հետո լրացնել «հաշվառման» բառը.

6) 17-րդ մասում «ժամկետով» բառից հետո լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 31-րդ մասում «չունեցող» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 5-րդ մասում «չունեցող» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-5-րդ մասերում «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում՝ 1 միավոր» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասում «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «կամ վարորդական վկայականում նշված փաստաթղթերի կամ պարագաների» բառերը:

Հոդված 9. Օրենսգրքի 129.3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նախատեսող` ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը, այսինքն` տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նախատեսող հոդվածներով նախատեսված արարք կատարելը, եթե այդ իրավախախտման համար նախատեսված տուգանային միավորի եւ տվյալ տարում վարորդի նկատմամբ կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 կամ ավելի միավոր`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում` վեց ամիս ժամկետով:»:

Հոդված 10. Օրենսգրքի 132-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «տեխնիկական անսարքություններ» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններ կամ պայմաններ» բառերով.

2) 2-րդ մասում «կեղծված կամ փոխարինված» բառերը փոխարինել «փոխարինված կամ այլ տրանսպորտային միջոցի» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասը «համաձայնեցման» բառից հետո լրացնել «կամ թույլտվության կամ համաձայնեցման պահանջների խախտմամբ» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «(բացառությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների)» բառերը փոխարինել «(բացառությամբ 123.4-րդ հոդվածի 1-ին մասի՝ տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելու, ինչպես նաեւ 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների)» բառերով.

2) «160-րդ» բառը փոխարինել «160-րդ (բացառությամբ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված իրավախախտումների)» բառերով.

3) «169.23-րդ» բառերը հանել:

Հոդված 13. Օրենսգրքի 224.3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը քննում է սույն օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 1-ին մասով (միայն 123.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելու իրավախախտումների մասով), 160-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով, 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 11-րդ մասերով, 169.23-րդ, 193.1-ին եւ 193.2-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:».

2) լրացնել 2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված 123.4-րդ հոդվածի 1-ին մասով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական գործունեության բնագավառի լիազոր ստորաբաժանման տարածքային բաժինների, իսկ 160-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով, 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 11-րդ մասերով, 169.23-րդ, 193.1-ին եւ 193.2-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության թույլտվության եւ լիցենզավորման գործունեության բնագավառի լիազոր ստորաբաժանման քաղաքացիական ծառայողները:»:

Հոդված 14. Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասից «,169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ մասերով» բառերը հանել:

Հոդված 15. Օրենսգրքի 255-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Եթե սույն օրենսգրքի 1246 -րդ եւ 126-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումներն ի հայտ են գալիս փորձաքննության արդյունքում, ապա վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս վարչական իրավախախտում կատարած անձի ներկայությունը պարտադիր չէ: Այդ դեպքում արձանագրությունը ստորագրում է միայն այն կազմող անձը, եւ արձանագրության պատճենը, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ վարչական իրավախախտում կատարած անձի իրավունքների ու պարտականությունների մասին ծանուցումը գործի քննության ժամանակի եւ տեղի մասին ծանուցման հետ միասին ուղարկում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձին:»:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1.1. 2024 թվականի փետրվարի 28-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-97-Ն օրենքի 2-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված իրավախախտման համար, ի թիվս սահմանված չափի տուգանքի գումարի, սահմանվել է 0.25 միավոր տուգանային միավոր կիրառում: Սակայն գործող Օրենսգրքի 25.1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 0.5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր:

1.2. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ այն կարճելու մասին որոշում կայացվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:

Նշված կարգավորման խմբագրման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրիքը (այսուհետ՝ նոր օրենսգիրք), որտեղ բացակայում են «քրեական գործ հարուցել» եւ «քրեական գործ հարուցելը մերժել» հասկացությունները:

Նոր օրենսգրքի համաձայն՝ առերեւույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու դեպքում քննիչը նախաձեռնում է քրեական վարույթ, այսինքն՝ բացակայում է նախկին քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կամ, ինչպես ընդունված էր ասել, քրեական գործի հարուցման փուլը, որի արդյունքում կայացվում էր քրեական գործ հարուցելու, քրեական գործ հարուցելը մերժելու եւ այլնի մասին որոշում:

Բացի այդ, Օրենսգրքի գործող խմբագրությամբ վարչական մարմինը վարչական վարույթ հարուցելու եւ որոշում կայացնելու համար ունի ոչ ավելի, քան մեկ ամիս՝ հաշված նախաքննության մարմնի որոշումները կայացնելու օրվանից: Սակայն, որպես կանոն, այդ որոշումները վարչական մարմնում ստացվում են որոշումները կայացվելուց հետո տեւական ժամանակ անց, իսկ հաճախ նաեւ՝ մեկ ամիսն անց, ինչը վարչական մարմնին հնարավորություն չի տալիս՝ ապահովելու վարչական վարույթի նախաձեռնման եւ վարչական ակտ կայացնելու գործողությունների՝ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում իրականացումը:

1.3. Օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու (բացառությամբ հակաառեւանգման ազդանշանային համակարգի եւ հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների) կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու համար, սակայն դիսպոզիցիայից դուրս է մնացել այն իրավիճակը, երբ տրանսպորտային միջոցները շահագործվում է ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրված վիճակում:

Նույն հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր եւ (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելու, ինչպես նաեւ՝ օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելու (նմանեցնելը) համար, սակայն դիսպոզիցիայից դուրս է մնացել այն իրավիճակը, երբ տրանսպորտային միջոցի վարորդը շարժման ընթացքում օգտագործում է կարմիր եւ (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկները կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները:

1.4. Օրենսգիրքի 123.5-րդ հոդվածի 4-րդ մասը պատասխանատվությունը նախատեսում միայն՝

1) առանց հաշվառման համարանիշի.

2) կեղծված.

3) փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար:

Սակայն հաճախ հանդիպում են դեպքեր, երբ երթեւեկության մեջ է գտնվում հաշվառում չունցող (այսինքն համարանիշեր չունեցող, համարանիշ չհատկացված) տրանսպորտային միջոց, որի վրա տեղադրված են լինում որեւէ այլ տրանսպորտային միջոցին հատկացված համարանիշեր:

Արդյունքում ստացվում է, որ արարքը կատարողի գործողություններում բացակայում է Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավախախտման հատկանիշները, քանի որ այդ արարքը չի կարող որակվել որպես փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի վարում այն պատճառով, որ որեւէ համարանիշ չի փոխարինվել տրանսպորտային միջոցի վրա, եւ ՀՀ ոստիկանությունը ստիպված է լինում անձի արարքը գնահատել միայն որպես Օրենսգրքի 123.4-րդ հոդվածով նախատեսված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարել եւ խախտողին ենթարկել վարչական պատասխանատվության 20.000 ՀՀ դրամի չափով, ինչը համարժեք չէ կատարված արարքի վնասակարության աստիճանին:

Միաժամանակ վերը նկարագրված արարքն իր վնասկարության բնույթով եւ աստիճանով համապատասխանում է Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավախախտման բնույթին ու վտանգավորությանը:

Նույն իրավիճակն առկա է նաեւ Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասում:

Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 132-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել պատասխանատվություն այլ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար:

Բացի այդ, Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է տրանսպորտային միջոցը կեղծված համարանիշով վարելու համար պատասխանատվություն այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 458-րդ հոդվածի համաձայն՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից այն օգտագործելը համարվում է հանցագործություն, իսկ օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան:

Նույն իրավիճակն առկա է նաեւ Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով (ՀՕ-300-Ն) տուգանային միավորների կիրառման համակարգին զուգընթաց առավել մեծ հանրային վնասակարարություն ունեցող իրավախախտումների համար «տուգանք» տույժի տեսակը փոխարինվել է «տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում» տույժի տեսակով:

Միաժամանակ, այդ արարքների համար պատասխանատվություն նախատեսող հոդվածների սանկցիաներով նախատեսվել է, որ Օրենսգիրքի 123.1-րդ, 123.5-րդ, 124-րդ եւ 124.4-րդ հոդվածների համապատասխան մասերով նախատեսված արարքները տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում 200.000 ՀՀ դրամի չափով:

Սակայն այդ կարգավորումից դուրս է մնացել Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 17-րդ մասը, քանի որ 17-րդ մասով նկարագրված արարքը հանդիսանում է նույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված արարքի կրկնակիությունը եւ հաշվի առնելով, որ մինչեւ 01.07.2022 թվականը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-ին հոդվածի 1.1-ին մասով տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված էր քրեական պատասխանատվություն, վերացել էր անհրաժեշտությունը Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 17-րդ մասի սանկցիայով նախատեսել տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու դեպքում 200.000 ՀՀ դրամի չափով տուգանք այն հաշվառմամբ, որ հոդվածի 16-րդ մասով նախատեսված արարքը տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելուց հետո նույն անձի կողմից նույն արարքը մեկ տարվա մեջ կրկին կատարելու դեպքում կառաջացներ քրեական պատասխանատվություն:

Հաշվի առնելով, որ ներկայիս գործող քրեական օրենսգրքով տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունն ապաքրեականացվել է, բաց են մնացել այն իրավիճակները, երբ Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 17-րդ մասով նախատեսված արարքը (արարքի համար նախատեսված է «տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում» տույժի տեսակը) կատարվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից, քանի որ այդ դեպքում պատասխանատվություն է կիրառվում միայն տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար, ինչի համար կիրառվող քսանհինգ հազար դրամ տուգանքը համաչափ չէ փաստացի կատարված արարքի հանրային վնասակարության աստիճանին: Բացի այդ, նշված պարագայում, եթե նույնիսկ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսվի քրեական պատասխանատվություն, այնուամենայնիվ, 123.5-րդ հոդվածի 17-րդ մասով նախատեսված արարքը կհանդիսանա այլ իրավախախտում, քան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցը վարելն է:

Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել փակել օրենսդրական բացը՝ Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 17-րդ մասի սանկցիայով նախատեսելով պատասխանատվություն տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու համար:

1.5. Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 11-րդ, 12-րդ, 13-րդ եւ 13.1-ին մասերում հիշատակվում է «Համարանիշ» եզրույթը, այնինչ՝ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման տերմինաբանության տեսանկյունից ճիշտ է գործածել ոչ թե «համարանիշ», այլ՝ «հաշվառման համարանիշ» եզրույթը, քանի որ հակառակ դեպքում վիճելի կարող է լինել տրանսպորտային միջոցի վրա տեղադրված թվերի եւ տառերի համադրություն պարունակող վահանակի՝ հաշվառման համարանիշ լինելը եւ որոշ դեպքերում մեկնաբանվել, որ տեղադրված վահանակը համարանիշ է:

1.6. Իրական կյանքում հաճախ են հանդիպում այնպիսի իրավիճակներ, երբ տրանսպորտային միջոցը վարում է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկված անձը, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանում է հանցանք, սակայն այդ գործողությամբ միաժամանակ կատարում է մեկ այլ վարչական իրավախախտում, որի համար Օրենսգրքի 123.1-ին հոդվածի 2-րդ մասով, 123.5-րդ հոդվածի 4-րդ մասով, 124-րդ հոդվածի 31-րդ մասով եւ 124.4-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է վարչական տույժ՝ զրկման ձեւով, ինչը հնարավոր չի լինում կիրառել իրավախախտում կատարած անձի նկատմամբ, քանի որ վերջինս արդեն իսկ զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:

1.7. Օրենսգրքի 125-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթեւեկության կանոնները վարորդների կողմից խախտելու համար, սակայն նախատեսված են միայն տուգանքի ձեւով պատասխանատվության միջոցներ: 2024 թվականին, չնայած ընդհանուր ճանապարհատրանսպորտային պատահարների թվաքանակի նվազմանը, նախորդ մի քանի տարիների համեմատ ավելացել են երկաթուղային գծանցներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները, այսինքն՝ միայն տուգանքով հնարավոր չի լինում ապահովել երկաթուղային գծանցներում երթեւեկության անվտանգությունը:

1.8. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն է սահմանում առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելու համար, սակայն դիսպոզիցիայով կարգավորված չէ այն վիճակը, երբ, օրինակ, անձը տրանսպորտային միջոցը վարում է՝ իր մոտ ունենալով վարորդական վկայական, սակայն չի օգտագործում վարորդական վկայականի մեջ նշված այն պարագան, որի կրման (օգտագործման) դեպքում միայն այդ վարորդական վկայականը համարվում է վավեր:

1.9. Օրենսգրքի 129.3-րդ հոդվածի 1-ին մասում, որպես տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նախատեսող խախտումները պարբերաբար կատարելու դեպքեր, բացակայում են Օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 123.5-րդ հոդվածի 16-րդ մասով նախատեսված արարքները, ինչի հետեւանքով այդ արարքների համար հանվող տուգանային միավորի դեպքում բաց է մնում խախտողի նկատմամբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի կասեցման տույժի կիրառման հնարավորությունը:

1.10. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասը, ի թիվս այլ պահանջների, պատասխանատվություն է սահմանում տեխնիկական անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի եւ շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելու համար: Սակայն հարկ է նկատել, որ տեխնիկական անսարքությունն ըստ էության նույնանում եւ ամբողջությամբ ներառվում է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածով սահմանված տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններ կամ պայմանների ցանկում:

1.11. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության կամ իրավասու մարմինների հետ համաձայնեցման` ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելու կամ գովազդ տեղադրելու, ինչպես նաեւ ճանապարհների հետ հատումներ բացելու համար, սակայն հաճախ հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ թեեւ վերը նշված գործողություն իրականացնողի մոտ առկա է համապատասխան թույլտվությունը կամ համաձայնեցումը, սակայն այդ աշխատանքներն իրականացվում են համապատասխան թույլտվության կամ համաձայնեցման պահանջների խախտմամբ:

1.12. Հաճախ Օրենսգրքի 1246 -րդ եւ 126-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումները հնարավոր է լինում հայտնաբերել բացառապես փորձաքննության արդյունքում (առողջության պատճառված վնասի մասով՝ դատաբժշկական, իսկ սթափության դեպքում՝ արյան կամ մեզի փորձանմուշներ վերցնելու արդյունքում կատարված փորձաքննության եզրակացությամբ):

Նշված դեպքերում վարչական իրավախախտման մասին տեղում արձանագրություն կազմելը հնարավոր չի լինում, քանի որ իրավախախտումը հայտնաբերելու եւ դրա հիմնավորվածության փաստի հաստատման ժամանակագրությունների մեջ առկա է լինում տեւական խզում:

Բացի այդ, հետագայում վարչական վարույթի իրականացման ժամկետների սղության արդյունքում հիմնականում հնարավոր չի լինում ապահովել իրավախախտում կատարած անձի՝ այլ վայրում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը ներկա գտնվելու, իսկ հետագայում՝ նաեւ գործի քննությանը ներկա գտնվելու հարցը:

1.13. ՀՀ ներքին գործերի նախարարի 2023 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության վարչությունների կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 18-Լ հրամանով (այսուհետ՝ Հրաման) հաստատվել է հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների եւ լիցենզավորման վարչության կանոնադրությունը՝ հաշվի առնելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետը:

Արդյունքում, 2024 թվականի սեպտեմբերի 6-ից ՀՀ-ում հաշվառման-քննական ծառայությունների մատուցման գործունեության բնագավառը դուրս է եկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կառուցվածքից եւ ընդգրկվել է ՀՀ ՆԳՆ կազմում որպես քաղաքացիական ծառայություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) գործող կարգավորումների համաձայն՝ Օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, սակայն այդ կարգավորումը պետք է վերանայվի, որովհետեւ 123.4-րդ հոդվածի 1-ին մասում՝ տրանսպորտային միջոցը ՀՀ ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը չի հանդիսանում ոստիկանական խնդիրներից բխող իրավախախտում:

Ավելին, նշված արարքի համար վարչական վարույթը մինչեւ ՀՀ ՆԳՆ-ի ձեւավորումն իրականացվում էր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության) հաշվառման–քննական տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից, քանի որ ուղղակիորեն վերաբերելի էր հաշվառման–քննական գործունեությունից բխող հարաբերություններին:

Բացի այդ, ՀՀ ՆԳՆ ձեւավորման արդյունքում Հրամանով հաստատված 14-րդ հավելվածով Օրենսգրքի 160-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով, 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 11-րդ մասերով, 169.23-րդ, 193.1-ին եւ 193.2-րդ հոդվածներով նախատեսված արարքների գործունեության ոլորտի պատասխանատու լիազոր մարմին է սահմանվել ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների եւ լիցենզավորման վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) եւ այդ բնագավառի լիազորությունների իրականացման գործառույթը ոստիկանության փոխարեն վերապահվել է Վարչության թույլտվությունների եւ լիցենզավորման բաժնին:

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2024թ. նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը եւ դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 4-րդ՝ «Պարեկային ծառայության զարգացում՝ որպես արտաքին ծառայության նոր եւ ժամանակակից մոդել» ուղղությունից:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է՝

1) Օրենսգրքի 25.1-ին հոդվածի 6-րդ մասը լրացնել՝ նախատեսելով նաեւ 0.25 տուգանային միավոր հանելու հնարավորություն,

2) Օրենսգրքի 37-րդ հոդվածի բովանդակությունը համապատասխանեցնել 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով քրեական վարույթին վերաբերող կարգավորումների տերմինաբանությանը, ինչպես նաեւ նախատեսել, որ վարչական մարմինը մեկամսյա ժամկետում վարչական ակտ կայացնելու իրավունք է ձեռք բերում ոչ թե նախաքննության եւ դատական մարմինների քրեական վարույթի համապատասխան գործողությունների իրականացման, այլ՝ դրանց մասին տեղեկանալու պահից,

3) Օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայով որպես զանցանք դիտարկել ոչ թե տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, այլ՝ ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրված վիճակում տրանսպորտային միջոցները վարելը,

Նույն հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայով որպես զանցանք դիտարկել ոչ թե առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր եւ (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, այլ՝ այդ սարքավորումները տեղադրված վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ սարքավորումները շարժման ընթացքում օգտագործելը,

4) Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 4-րդ մասում «կեղծված կամ փոխարինված» բառերը փոխարինել «փոխարինված կամ այլ տրանսպորտային միջոցի» բառերով, որ ի թիվս առանց հաշվառման համարանիշի կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու, համարժեք պատասխանատվություն լինի նաեւ այլ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար, իսկ «կեղծված» բառը կհանվի, քանի որ «կեղծված» հաշվառման համարնիշով տրանսպորտային միջոց վարելն իր բնույթով առաջացնում է քրեական պատասխանատվություն,

5) Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 17-րդ հոդվածի մասի սանկցիայում լրացնել նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքները կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու մասին պահանջ, այսինքն՝ այն խախտման համար, որը, որպես վարչական տույժ, առաջ է բերում վարելու իրավունքից զրկում, իսկ առաջարկվող լուծման դեպքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձը կկրի տուգանքի ձեւով վարչական պատասխանատվություն,

6) Օրենսգրքի Օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 11-րդ, 12-րդ, 13-րդ եւ 13.1-ին մասերի դիսպոզիցիաներում համապատասխանաբար առանց «հաշվառման» բառի գրառված «համարանիշ» բառերից առաջ լրացնել «հաշվառման» բառը,

7) Օրենսգրքի 123.1-ին հոդվածի 2-րդ, 123.5-րդ հոդվածի 4-րդ, 124-րդ հոդվածի 31-րդ եւ 124.4-րդ հոդվածի 5-րդ մասերի սանկցիաներում լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված» բառերը,

8) Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-5-րդ մասերով, տուգանքից բացի, նախատեսել տուգանային միավոր տույժի տեսակը,

9) Օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել այն խմբագրությամբ, որով արգելված կլինի ի թիվս առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի, նաեւ տրանսպորտային միջոց վարել առանց վարորդական վկայականում նշված փաստաթղթերի կամ պարագաների,

10) Օրենսգրքի 129.3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ նախատեսելով այնպիսի կարգավորում, որի բովանդակության դեպքում ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառի իրավախախտման դեպքում որեւէ արարքի համար որպես վարչական տույժ տուգանային միավոր նախատեսվելու դեպքում այլեւս կարիք չի առաջանա Օրենսգրքի 129.3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով, այլ՝ այն բովանդային իմաստով կներառվի դրանում,

11) Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասում «տեխնիկական անսարքություններ» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններ կամ պայմաններ» բառերով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասում՝ «կեղծված կամ փոխարինված» բառերը փոխարինել «փոխարինված կամ այլ տրանսպորտային միջոցի» բառերով,

12) Օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասում «համաձայնեցման» բառից հետո լրացնել «կամ թույլտվության կամ համաձայնեցման պահանջների խախտմամբ» բառերով,

13) այն դեպքերում, երբ Օրենսգրքի 1246-րդ եւ 126-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումներն ի հայտ են գալիս փորձաքննության արդյունքում, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմել առանց իրավախախտում կատարած անձի ներկայության,

14) Օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված, սակայն միայն այդ մասի՝ տրանսպորտային միջոցը ՀՀ ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելու մասով իրավախախտման համար գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունքը վերապահել ՀՀ ՆԳՆ-ի հաշվառման-քննական գործունեության բնագավառի լիազոր ստորաբաժանման քաղաքացիական ծառայողներին, իսկ Օրենսգրքի 160-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով, 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 11-րդ մասերով, 169.23-րդ, 193.1-ին եւ 193.2-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար վարչական վարույթի իրականացումը փոխանցել ՀՀ ՆԳՆ թույլտվությունների եւ լիցենզավորման բնագավառի լիազոր քաղաքացիական ծառայողներին:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացում եւ ապահովել կիրառվող իրավադրույթների իրավական որոշակիություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն