Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի թիվ ՀՕ-107 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածում՝
5-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն հոդվածով նախատեսված խախտումներ հայտնաբերելու դեպքում վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորած պաշտոնատար անձի միջնորդությամբ մինչեւ տուգանքի գումարի վճարումն անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների վրա դատարանի որոշմամբ որպես հայցի ապահովման միջոց կարող է դրվել արգելանք, բացառությամբ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հարկային մարմին ներկայացված հայտարարագրում ներառված կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա օպերատիվ-հետախուզական միջոցառման դեպքերի: Սույն պարբերությամբ նշված դեպքերում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է հանդիսանում խախտման հայտնաբերման պահին անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների նկատմամբ արգելանք կիրառելու միջնորդությամբ դատարան դիմելու համար: Հարկ վճարողը զգուշացվում է արգելադրված ապրանքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:»:
7-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Արգելանքի տակ դրված ապրանքն ի պահ է հանձնվում հարկ վճարողին` ստացականով, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրված գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա ապրանքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:»:
8-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 29.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 29.2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հարկային պարտավորությունների գծով գումարների մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` հարկ վճարողի գույքի բռնագանձման համար:»:
Հոդված 5. Օրենքի 30.2-րդ հոդվածում`
1-ին պարբերության 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Գույքի արգելանքը հարկային մարմնի հիմնավորված միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ իրականացվող հայցի ապահովման միջոց է, որի կատարումն ապահովում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն գլխում շարադրված առանձնահատկությունները:»:
2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված միջնորդությամբ հարկային մարմինը կարող է դիմել դատարան չկատարված հարկային պարտավորության չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի կողմից ձեռք բերված տվյալները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային պարտավորության կատարման համար անհրաժեշտ գույքը:»:
3-րդ պարբերության 1-ին նախադասությունն ուժը կորցրած ճանաչել:
Նույն պարբերության 2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետյալ բովանդակությամբ.
«Արգելադրման ենթակա է միայն այն գույքը, որն անհրաժեշտ է չկատարված հարկային պարտավորության կատարումն ապահովելու համար` այդ պարտավորության չափով:»:
Նույն պարբերության 3-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Արգելանքը դրվում է հարկ վճարողի գույքի վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում:»:
4-րդ եւ 5-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:
17-րդ պարբերության 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Գույքի բացակայության, անբավարարության կամ հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում արգելանքն իրականացնող հարկադիր կատարողը կազմում է համապատասխան արձանագրություն:»:
18-րդ պարբերության «պաշտոնատար անձը» բառերը փոխարինել «հարկադիր կատարողը» բառերով:
21-րդ պարբերության «հարկային մարմնին» բառերը փոխարինել «արգելադրումն իրականացնող հարկադիր կատարողին» բառերով:
22-րդ պարբերության 1-ին նախադասության «պաշտոնատար անձը» բառերը փոխարինել «հարկադիր կատարողը» բառերով:
24-րդ պարբերության 1-ին նախադասության «առկա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով» բառերը փոխարինել «չմարած հարկային պարտավորությունների գծով այդ» բառերով:
25-րդ պարբերության 1-ին եւ 2-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Նույն պարբերության 3-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «՝ հարկային մարմնի միջնորդությամբ դատարանի կայացրած որոշման հիման վրա» բառերով:
Նույն պարբերության 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածում սահմանված հիմքերով եւ կարգով:»:
26-րդ պարբերության 1-ին նախադասության «կարգադրություն ուղարկել համապատասխան անձանց եւ մարմիններին արգելանքը վերացնելու մասին» բառերը փոխարինել «արգելանքը վերացնելու միջնորդությամբ դիմել դատարան» բառերով:
Նույն պարբերությունից հանել 2-4-րդ նախադասությունները:
27-րդ եւ 28-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:
30-րդ պարբերության «պաշտոնատար անձն» բառերը փոխարինել «հարկադիր կատարողն» բառերով:
31-34-րդ պարբերություներնն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն Օրենքի գործող խմբագրությամբ 28-րդ, 29.1-ին, 29.2-րդ եւ 30-րդ հոդվածների հիման հարուցված վարչական վարույթները ենթակա են կարճման: Հարկային մարմինը համապատասխան հայցադիմումներով կարող է դիմել դատարան:
Հիմնավորում
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածը արմատական փոփոխությունների է ենթարկվել 2013թ. դեկտեմբերի 05-ին ընդունված ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-141 օրենքով: Նշված փոփոխությունների հետեւանքով հոդվածը ներկա խմբագրությամբ կիրառման արդյունքում ստեղծվել է իրավիճակ, որտեղ անձը, կատարելով ենթադրյալ վարչական իրավախախտում, վարչական մարմնի կողմից ծանուցվում է, որ պարտավոր է վճարել տուգանք, ինչի հետ նա մասամբ կամ ամբողջությամբ հնարավոր է, որ համաձայն չէ, սակայն չունի բավարար գիտելիքներ իրավական տեսանկյունից հիմնավորելու իր դիրքորոշումն ու բողոքարկելու այդ ակտը, ոչ էլ փաստաբան վարձելու կամ իրավախորհրդատվություն ստանալու հնարավորություն (ընդ որում, այդ գործերով նման ծառայությունների գումարը հիմնականում բազմապատիկ անգամ ավելին է, քան տուգանքի գումարը), ավելի մեծ ծախսերից խուսափելու համար ստիպված է վճարել վարչական տուգանքը:
Այսպիսով, խախտված է քաղաքացիների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը («Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդված), քանի որ նրանք փաստացի զրկված են լսված լինելու իրավունքից ու հնարավորությունից: Ասվածը հիմնավորելու համար բավական է մեջբերել թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 որոշման հետեւյալ հատվածը. «Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելու վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարույթին մասնակցող անձի` լսված լինելու իրավունքը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը: Այս եզրահանգումը բխում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի եւ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներից, որոնցով սահմանված պաշտպանության միջոցները պետք է արդյունավետ լինեն թե՛ գործնական եւ թե՛ իրավական առումներով, մասնավորապես այն առումով, որ պաշտպանության միջոցներից oգտվելը չպետք է անհիմն խոչընդոտվի պետական մարմինների գործողություններով կամ անգործությամբ (տե՛ս, Իվանովն եւ այլոք ընդդեմ Բուլղարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 24.11.2006 թվականի վճիռը, պարբ. 70): Հետեւաբար, վարչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը վարույթին մասնակից անձին պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին (տե՛ս, ըստ հայցի ՀՀ աշխատանքի պետական տեսչության ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը)»։
Այսպիսով՝ քաղաքացու լսված լինելու իրավունքն ամրագրված է թե՛ Սահմանադրության, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ թե՛ նախադեպային (ինչպես ներպետական, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի) մակարդակով:
Մինչդեռ, Օրենքի ներկա խմբագրության պայմաններում ոչ թե վարչական մարմինն է տուգանքի բռնագանձման պահանջով դիմում դատարան, այլ անհամաձայնության դեպքում քաղաքացին է դիմում դատարան ու ներկայացնում հայցադիմում՝ բողոքարկելով վարչական ակտը: Գործնականում դա ո՛չ տրամաբանական է, ո՛չ արդարացի, ո՛չ էլ ապահովում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, քանի որ ցանկացած պրակտիկ իրավաբանի հայտնի է, որ շատ ավելի հեշտ է ներկայանալ դատարան եւ հայտնել առարկություններ հայցապահանջի հետ համաձայն չլինելու դեպքում (ընդ որում դրա համար չեն պահանջվի խորը իրավաբանական գիտելիքներ, այլ բավական է ներկայացնել փաստական հանգամանքները), քան վարչական գործով հիմնավոր հայցադիմում կազմել ու բողոքարկել վարչական մարմնի կազմած ակտը: Ընդ որում, վարչական դատավարությունում գործում է դատարանի՝ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (ex officio) պարզելու լիազորությունը (վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդված), ինչն իր հերթին զգալի հավասարակշռություն է մտցնում իրավական գիտելիքներ չունեցող քաղաքացու եւ ինստիտուցիոնալ անձ հանդիսացող եւ իրավաբանական վարչություններով զինված վարչական մարմինների միջեւ: Ընդ որում, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցադիմումի կազմման այնպիսի պայմաններ է առաջադրել, որ իրավաբանական կրթություն չունեցող միջին վիճակագրական քաղաքացու կողմից այն կազմվելու դեպքում հնարավոր է, որ անգամ վարույթ ընդունվելու փուլը չհաղթահարի:
Գործող կարգավորմամբ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով՝ սահմանված ժամկետները լրանալուն պես վարչական ակտը դառնում է անբողոքարկելի եւ նույն օրենքի 88-րդ հոդվածի ուժով ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով: Փաստորեն վարչական մարմնի բեռը դրվում է քաղաքացու վրա, այնինչ քաղաքացին վճարում է հարկ, որպեսզի վարչական մարմիններն իրեն համապատասխան ծառայություններ մատուցեն:
Ինչ վերաբերվում է վարչական մարմնի կողմից գույքի վրա արգելանք դնելուն, ապա տվյալ դեպքում թեեւ անձը ձեւականորեն պահապանում է գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, սակայն փաստացի զրկված է դրա բովանդակությունը կազմող իրավազորությունների իրացման հնարավորությունից: Սա նաեւ ֆինանսական եւ հոգեբանական ճնշման եւս մեկ մեխանիզմ է, որպեսզի քաղաքացին հնարավորինս արագ փորձի վճարել խնդրո առարկա տուգանքը՝ իր գույքն (այդ թվում նաեւ դրամն) արգելանքից հանելու համար: Մինչդեռ, նման սահմանափակում պետք է իրականացվաի բացառապես դատարանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշմամբ:
Արդեն մի քանի տարի է, ինչ արդարադատության նախարարությունն իր առջեւ գերխնդիր է դրել բեռնաթափելու դատարանները, սակայն կիրառված մեթոդը բոլորովին չի արդարացվում այդ նպատակով, քանի որ դատարանների բեռնաթափման հաշվին զանգվածային ոտնահարման են ենթարկվում հատկապես իրավագիտակցության ցածր մակարդակ ունեցող քաղաքացիների իրավունքները, եւ նրանց հաշվին լցվում է պետական բյուջեն, հարկադիր ծառայության արտաբյուջետային հաշիվը, ինչպես նաեւ սնվում են ճանապարհային երթեւեկության որոշ կանոնների խախտման համար գանձվող տուգանքներից բաժին ստացող մասնավոր եւ այլ կառույցներ:
««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2014թ. դեկտեմբերի 17-ին ընդունված ՀՕ-249-Ն օրենքով հոդվածում որոշակի լրացումներ կատարվեցին հոդվածում: Ուշագրավ է հատկապես այն, որ այդ փոփոխությունների ուժով անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա գանձման ենթակա դրամական պահանջը 200.000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում (նշենք, որ այդ ակտերի ճնշող մեծամասնությունը՝ 95%-ից ավելին չի գերազանցում նշված շեմը) գործում է ոչ թե նշված վարչաիրավական ընթացակարգը, այլ նման գանձումները ենթակա են կատարման դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա: Այսինքն, այդ քայլով ստեղծվել է առանց օբյեկտիվ հիմքի եւ իրավաչափ նպատակի դիսկրիմինացիայի հիմք՝ դեմ գնալով նաեւ Կոնվենցիայի 14-րդ հոդվածին, որով արգելվում է խտրական մոտեցումը: Մասնավորապես, ինչպե՞ս կարելի է հիմնավորել այն հանգամանքը, որ քաղաքացին, ում նկատմամբ նշանակված է ենթադրենք 80.000 ՀՀ դրամի սանկցիա, փաստացի չի օգտվում դատական պաշտպանության իրավունքից, իսկ 200.000 ՀՀ դրամից ավելի տուգանվողը չի կարող միանգամից տուգանվել վարչական մարմնի որոշմամբ, նրա դեմ պետք է վարչական հայց հարուցվի: Ընդ որում, առավել հավանական է, որ 200.000-ից ավել չափով տուգանվողը կդիմի փաստաբանի՝ իրավական աջակցություն ստանալու համար:
Ներկայացված նախագծերի փաթեթով վարչական օրենսդրությունը վերադարձվում է նախկին՝ իրավաչափ խմբագրությանը, որով մասնավորապես տուգանքի դիմաց գույքի բռնագրավում եւ/կամ արգելադրում իրականացնելու վարչական մարմինների իրավունքները վերացվում են: