Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1018-04.03.2025-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 3-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն օրենքի հավելվածի:

Հոդված 2. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված զինծառայողների վարձատրության համակարգում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի (9/9 խումբ), կորպուսի (վարչության) սերժանտի (9/8 խումբ) եւ շտաբի սերժանտի (7/4 խումբ) պաշտոնների վարձատրության գործակիցներ սահմանելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ զինված ուժերի բարեփոխումների իրականացման գործընթացում առաջնային նշանակություն ունի սերժանտական համակարգի զարգացումը՝ որպես արհեստավարժ զինված ուժերի կայացման կարեւորագույն նախադրյալ: Այդ նպատակով Կառավարության ծրագրային քաղաքականության մաս է հանդիսանում նաեւ զինված ուժերում սերժանտական համակարգի զարգացման խթանումը, որի շրջանակներում Օրենքում 2024թ. փետրվարի 29-ի ՀO-90-Ն oրենքով կատարված լրացումների արդյունքում սահմանվել են գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները: Արեւմտյան պետությունների, ինչպես նաեւ արեւելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի եւ բանակային ուղղությունների սերժանտների առկայություն, որոնք ղեկավարում են ցածր օղակի սերժանտների գործունեությունը եւ ապահովում են սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը: ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի ամբողջական ներդրումը եւ կենսագործունեության պատշաճ ապահովումը ենթադրում է նաեւ ՀՀ զինված ուժերում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի, կորպուսի (վարչության) սերժանտի եւ շտաբի սերժանտի պաշտոնների ստեղծում, որի նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաեւ այդ պաշտոնների վարձատրության գործակիցները՝ բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի եւ կորպուսի (վարչության) սերժանտի պաշտոնները նախատեսելով որպես «ավագ ենթասպա» զինվորական կոչումներով պաշտոնների խմբերի ամենաբարձր հիմնական պաշտոններ՝ համապատասխանաբար 9/9 եւ 9/8 խմբերի պաշտոնային դասակարգումով, իսկ շտաբի սերժանտի պաշտոնը՝ որպես «ավագ» զինվորական կոչումներով պաշտոնների խմբերի ամենաբարձր հիմնական պաշտոն՝ 7/4 խմբի պաշտոնային դասակարգումով:

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան կարգավորումներ նախատեսել ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 712-Ն, 25.09.2014թ. N 1119-Ն, 26.11.2020թ. N 1857-Ն եւ 09.02.2023թ. N 166-Ն որոշումներում:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրային զինծառայողների վարձատրության գործակիցների վերախմբագրման արդյունքում սահմանվում են բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի (9/9 խումբ), կորպուսի (վարչության) սերժանտի (9/8 խումբ) եւ շտաբի սերժանտի (7/4 խումբ) պաշտոնների վարձատրության գործակիցները:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Օրենքի նախագծի ընդունմամբ համապատասխան պաշտոնների ամբողջական համալրման արդյունքում տարեկան վարձատրության ընդհանուր գումարը կազմում է մոտ 404,100.0 հազ. դրամ՝ պաշտոնների գործակիցների, դրանց համար ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 712-Ն որոշմամբ սահմանված հավելումների եւ ՀՀ կառավարության 09.02.2023թ. N 166-Ն որոշմամբ սահմանված ատեստավորման արդյունքներով հավելավճարների նախատեսման շրջանակներում, որն ապահովվելու է ՀՀ պաշտպանության նախարարությանն աշխատավարձի ուղղությամբ հատկացված ընդհանուր միջոցների հաշվին եւ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացում չի կանխատեսվում՝ հաշվի առնելով նաեւ անձնակազմի համալրվածության մակարդակը եւ կատարվող օպտիմալացումների ընթացքը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության եւ 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերը անձնակազմով համալրման եւ մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման զինծառայության գրավչության եւ զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ առաջիկա տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն