Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-101916-05.03.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 16-րդ եւ 17-րդ կետերում «դրամական միջոցների» բառերից հետո լրացնել «, կրիպտոակտիվների» բառը,

2) լրացնել 17.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ՝

«17.1) կրիպտոակտիվ՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվ, այդ թվում՝ էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) եւ փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվ, ինչպես նաեւ ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգեւատրում ստեղծված կրիպտոակտիվ (բացառությամբ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով արժեթղթի կամ ածանցյալ ֆինանսական գործիքի սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի իմաստով ֆոնդի փայի (բաժնետոմսի) սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների եւ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի իմաստով բանկային ավանդի (բանկային ավանդի պայմանագրի) սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների.»,

3) 1-ին մասի 38-րդ կետում «գուդվիլից» բառից հետո լրացնել «, կրիպտոակտիվներից» բառը:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել 16.1-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 16.1. Կրիպտոակտիվի սկզբնական արժեքի որոշման կանոնները

1. Կրիպտոակտիվի սկզբնական արժեքը որոշվում է կրիպտոակտիվի ձեռքբերման, ստացման (այդ թվում՝ անհատույց) օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Կառավարության սահմանած ցանկում ներառված բորսաներից Կառավարության սահմանած կարգով որոշված բորսայի կողմից ԱՄՆ դոլարով կամ եվրոյով հրապարակված կրիպտոակտիվի գնի նկատմամբ այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից:

2. Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչեւ տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ մասով.

«15. Կրիպտոակտիվների օտարման գործարքների մասով եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, ինչպես նաեւ կրիպտոակտիվների ձեռքբերման ծախսերը կարող են փաստաթղթավորվել նշված գործարքները հիմնավորող հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝

1) «գ» ենթակետը «ակտիվի» բառից հետո լրացնել «, ֆինանսական ակտիվի, կրիպտոակտիվի» բառերով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը.»:

Հոդված 5. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 59–րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«59) կրիպտոակտիվի օտարումը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 11-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«11) կրիպտոակտիվի օտարման գործարքի դեպքում կրիպտոակտիվի սկզբնական արժեքի այն մասը, որը գերազանցում է կրիպտոակտիվի օտարման գործարքի դիմաց հաշվեգրված եկամտի գումարը:»:

Հոդված 7. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետում «(այդ թվում՝ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների» բառերը փոխարինել «(այդ թվում՝ հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, կրիպտոակտիվների)» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում.

1) 16-րդ կետում «օտարումից ստացվող եկամուտները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն մասի 16.1-ին կետով սահմանված էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) եւ փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվի օտարումից ստացվող եկամուտները, ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգեւատրում ստեղծված կրիպտոկատիվների օտարումից ստացվող եկամուտները» բառերը,

2) լրացնել 16.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«16.1) կրիպտոակտիվի օտարումից ստացվող եկամուտները, բացառությամբ էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) եւ փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվ, ինչպես նաեւ ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգեւատրում ստեղծված կրիպտոկատիվների օտարումից ստացվող եկամուտների.».

Հոդված  9. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝

1) 9-րդ մասում «11-րդ մասով» բառերը փոխարինել «9.1-ին եւ 11-րդ մասերով» բառերով,

2) լրացնել 9.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«9.1. Էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) եւ փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվի, ինչպես նաեւ ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգեւատրում ստեղծված կրիպտոկատիվների օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով:»:

Հոդված 10. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում եւ 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «ապահովագրական բրոկերները» բառերից հետո լրացնել ««Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձինք,» բառերը:

Հոդված 11. Օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասը «ակտիվների» բառից հետո լրացնել «ֆինանսական ակտիվների, կրիպտոակտիվների» բառերով:

Հոդված 12. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Եզրակացություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն