Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-865-06.10.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի սեպտեմբերի 28-ի ՀՕ-111-Ն օրենքի (այսուհետ՝ Oրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«3. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման եւ մասնագիտական համապատասխանության վկայականը տրվում է անժամկետ:»:

Հոդված 2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին գործողության ժամկետը չլրացած որակավորման վկայականները համարվում են անժամկետ տրամադրված:

Հոդված 3.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

Անհրաժեշտությունը.

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից  (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին ուսումնասիրել իրավապահ մարմինների ոլորտի կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտի կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ:

Ընթացիկ իրավիճակը եւ  խնդիրները
 

Հայաստանի Հանրապետության «Ինկասացիայի մասին» 2004 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ ՀՕ-111-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման եւ մասնագիտական համապատասխանության վկայականը տրվում է երեք տարի ժամկետով, որից հետո երկարաձգվում է հինգ տարի ժամկետով, սակայն երկարաձգման համար անձը չի տալիս քննություն, այսինքն վկայականի երկարաձգումը կրում է ձեւական բնույթ եւ վկայականը անժամկետ տրամադրելու դեպքում ինկասացիոն կազմակերպությունները կազատվեն ձեւական թղթաբանությունից:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի բարելավման, պետության կողմից քաղաքացիներին եւ բիզնեսներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, սեփականության նկատմամբ իրավունքների պաշտպանության, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում անհրաժեշտ է իրականացնել իրավապահ մարմինների ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերանայում:

Կարգավորման նպատակը եւ բնույթը.  
 
Հիմք ընդունելով Բարեփոխումների Խորհրդի հանձնարարականը եւ հաշվի առնելով ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը,  առաջարկվում է ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման եւ մասնագիտական համապատասխանության վկայականը տրամադրել անժամկետ:

5.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից: 
 
Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի ձեւական բնույթ կրող գործընթացների կրճատումը:   


Եզրակացություն

«Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության  գնահատման

«Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի  եւ Հայաստանի Հանրապետության  կառավարության 2010 թվականի   հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների  եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից`  չեզոք ազդեցություն: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման եւ մասնագիտական համապատասխանության վկայականը տրամադրել անժամկետ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության, ինչպես նաեւ մրցակցության բնագավառներում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություններ

 «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլի արդյունքում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքում  ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման եւ մասնագիտական համապատասխանության վկայականը տրամադրել անժամկետ:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության  2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

 2.  Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին   չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով նախատեսվում է ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման եւ մասնագիտական համապատասխանության վկայականը տրամադրել անժամկետ` 3 տարվա փոխարեն:

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ վերոնշյալ օրենքի նախագծի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ համայնքների բյուջեների եւ ՀՀ պետական բյուջեի մուտքերի ու ելքերի, ինչպես նաեւ բյուջետային քաղաքականության փոփոխման չեն հանգեցնում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: