Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենագիրք) 29-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործերով ներկայացված հայցադիմումը պետք է պարունակի փաստական տվյալներ եւ փաստարկներ, որոնք առերեւույթ հիմնավորում են խտրականություն որակվող վարքագծի կամ կարգավորման առկայությունը, իսկ խտրականությունը բացառող հանգամանքներն ապացուցելու պարտականությունը դրվում է պատասխանողի վրա:
Հոդված 2. Օրենսգրքի 216.6.-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հասարակական կազմակերպությունն իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է հետեւյալ ոլորտներում.
1) շրջակա միջավայրի պահպանություն.
2) խտրականության չենթարկվելու իրավունքի պաշտպանություն:
2. Հասարակական կազմակերպությունը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ոլորտներից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել, եթե՝
1) հայցադիմումը բխում է կազմակերպության կանոնադրական նպատակներից եւ խնդիրներից եւ ուղղված է դրանց հետ կապված՝ կազմակերպության շահառուների՝ կոլեկտիվ շահերի պաշտպանությանը.
2) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն 2 տարվա ընթացքում գործունեություն է ծավալել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան ոլորտում:
3) խախտվել է անձանց խմբերի՝ խտրականության չենթարկվելու իրավունքը՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ոլորտից բխող հայցադիմումների դեպքում:
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված խախտումը վերաբերում է անձի՝ հաշմանդամություն ունենալու հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքին, ապա հասարակական կազմակերպությունը, որի անդամների պարզ մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող անձինք են, կարող է ներկայացնել նաեւ անհատական շահի պաշտպանությանն ուղղված հայցադիմում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է հասարակական կազմակերպությունների համար իրենց շահառուների եւ անդամների օրինական շահերը դատարանում ներկայացնելու եւ պաշտպանելու իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ եւ բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված միավորումների ազատության (հոդված 45) եւ դատական պաշտպանության (հոդված 61) իրավունքից:
2016 թվականին դեկտեմբերի 16-ին ընդունված եւ 2017թ փետրվարի 4-ին ուժի մեջ մտած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ նաեւ Օրենք) ամրագրվել է հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ նաեւ ՀԿ)՝ կանոնադրական նպատակներից բխող կոլետիվ շահերի պաշտպանության դատական մատչելիութան իրավունքը միայն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Միաժամանակ, հայցի ընդունելիության համար սահմանվել են որոշակի պահանջներ կազմակերպության փորձառության եւ գործունեության վերաբերյալ, որպիսի պարագայում ոչ բոլոր բնապահպանական ՀԿ-ները կարող են դիմել դատարան, օրինակ, եթե չապացացվի, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում մասնակցել է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին, կամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի տրվել: Ստացվում է, որ մի կողմից ՀԿ-ներին տրվել է դատարան դիմելու իրավունք, մյուս կողմից բարդեցված ընթացակարգի պատճառով սահմանափակվել է այդ իրավունքի իրացման հնարավորությունը:
2021 թվականի մայիսի 5-ին Օրենքում կատարված փոփոխություններով (ՀՕ-198-Ն) դատարան դիմելու իրավունքն ամրագրվեց նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործող ՀԿ-ների համար, եթե
1) խախտվել է հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը, կամ խախտվել է հաշմանդամություն ունեցող անձի՝ խտրականությունից պաշտպանվելու իրավունքը, եւ որը, ելնելով առողջական վիճակից կամ այլ հանգամանքից, չի կարող անձամբ ներկայացնել իր իրավունքները եւ օրինական շահերը դատարանում.
2) կազմակերպության կանոնադրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը սահմանված է որպես նպատակ, եւ անդամների պարզ մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող անձինք են.
3) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված ոլորտում:
Ստացվում է, որ տարբերակված իրավակարգավորում է գործում կանոնադրական տարբեր նպատակներ հետապնդող ՀԿ-ների համար:
Այդուհանդերձ, բազմաթիվ ՀԿ-ներ փաստացի զրկված են իրենց կանոնադրական նպատակները լիարժեք կերպով, այդ թվում՝ դատական կարգով իրականացնելու հնարավորությունից, որոնց կանոնադրական նպատակները ներառում են հանրային շահի պաշտպանությանն առնչվող ընդհանուր բնույթի հարցեր, օրինակ՝ սպառողների իրավունքների պաշտպանություն, խտրականության դեմ պաշտպանություն, ընտրությունների օրինավորություն եւ այլն:
Հատկապես խոցելի խմբերը, որոնք չունեն ինքնուրույն դատարան դիմելու հնարավորություն եւ կարողություն, գործնականում չեն կարողանում իրացնել իրենց իրավունքների պաշպանությունը արդար դատական կարգով նույնիսկ իրենց շահերը պաշտպանելու նպատակով ձեւավորված միավորումների միջոցով: Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպություններին դատարանում իր շահառուների օրինական շահերը ներկայացնելու հնարավորություն ընձեռնելն էական է, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարում, հանրային հաշվետվողականության եւ թափանցիկության բարձրացման եւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հարցերում:
ՀՀ Սահմանադրական դատարանը 2010թ. սեպտեմբերի 7-ի ՍԴՈ- 906 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմամբ արձանագրել է, որ մի շարք երկրներում վարչական գործերով հայց ներկայացնելու իրավասության հիմնական չափանիշ է հանդիսանում «իրավական շահագրգռվածությունը»: Վերջինս դատաիրավական պրակտիկայում ստացել է այնքան լայն մեկնաբանություն, որ հասարակական կազմակերպություններին կամ քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկող եւ օրենքով սահմանված կարգով գործունեություն իրականացնող այլ միավորումների հնարավորություն է ընձեռվում հանդես գալ որոշակի խմբի կոլեկտիվ իրավունքի պաշտպանությամբ, եթե այդ պաշտպանությունը տվյալ միավորման կոնկրետ նպատակների շրջանակում է:
Այսպիսի դիրքորոշում է ըստ էության արտահայտված նաեւ Հայաստանի Հանրապետության դատական պրակտիկայում: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն իր՝ 30.10.2009թ. թիվ ՎԴ/3275/05/08 որոշմամբ արտահայտել է հետեւյալ իրավական դիրքորոշումը. «Սույն գործով «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունն Օրհուսի կոնվենցիայի իմաստով «շահագրգիռ» կազմակերպություն է, հետեւաբար, օգտվում է այդ կազմակերպության կանոնադրական նպատակներից բխող, շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցով դատական պաշտպանության իրավունքից»:
Հասարակական կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կոլեկտիվ իրավունքների եւ օրինական շահերի դատական պաշտպանության հարցերին է անդրադարձել նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն: Ըստ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2004 թվականի դեկտեմբերի 15-ի՝ «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության մասին» (2004)20 հանձնարարականի՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները խրախուսում են քննության առնել այն հարցը, թե արդյո՞ք դատական վերահսկողության մատչելիությունը պետք է երաշխավորվի նաեւ այն միավորումների կամ այլ անձանց կամ մարմինների համար, որոնք իրավասու են պաշտպանել կոլեկտիվ կամ համայնքային շահեր:
Բոլոր դեպքերում հիմնական մոտեցումն այն է, որ առանց իրավական շահի actio popularis-ը պետք է բացառվի:
Այսպիսով, հասարակական կազմակերպություններին՝ որպես քաղաքացիական հասարակության միավորի անհրաժեշտ է ունենալ հստակ իրավական լծակներ՝ կանոնադրական իրենց առաքելությունը եւ հանրային շահերի ջատագովությունը արդյունավետ իրականացնելու համար:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է հասարակական կազմակերպությունների համար ստեղծել իրավական հիմքեր իրենց կանոնադրական նպատակների շրջանակում պաշտպանելու կազմակերպության շահառուների կամ անդամների շահերը դատարանում, երբ դրանք վերաբերում են խտրականության արգելքին կամ կոլեկտիվ շահերի պաշտպանությանը:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կընդլայնվի այն հասարակական կազմակերպությունների շրջանակը, որոնք իրավասու կլինեն իրենց կանոնադրական նպատակների շրջանակում պաշտպանելու կազմակերպության շահառուների կամ անդամների շահերը դատարանում երբ դրանք վերաբերում են խտրականության արգելքին կամ կոլեկտիվ շահերի պաշտպանությանը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ