Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10221-10.03.2025-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26.2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 26.2. Հատուկ նշանակության  եւ  հատուկ պահպանվող տարածքների հողերի պատմական եւ մշակութային հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները

1. Հողային օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության, այդ թվում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետով, 13-րդ եւ 14-րդ հոդվածներով, 17-րդ հոդվածի 18-րդ մասով, 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 24-րդ հոդվածի 2-րդ մասով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջների ապահովմամբ:

2. Հողային օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված հատուկ պահպանվող տարածքների հողերի պատմական եւ մշակութային հողերում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա հնագույն, հին եւ միջնադարյան ժամանակաշրջանների պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող եւ անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման եւ տեղափոխման ճարտարապետահատակագծային առաջադրանքների, շինարարության թույլտվությունների, շինարարության ավարտական եւ շահագործման ակտերի տրամադրման հարաբերությունները կարգավորվում են «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» տեքստում օգտագործվում է «արգելոց» բառը ինչը չի համպատասխանում միջազգային տերմինաբանությանը:

Նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով: Աշխարհում նմանատիպ ինստիտուցիոնալ միավորները կոչվում են հնագիտական վայր՝  Archeological site, որն ուղղակիորեն բխում է վերջիններիս կառավարման եւ պահպանության կարգավիճակից:

Արդի հայերենի բացատրական բառարանում (1976) «հնավայր» բառը սահմանված է որպես «1. հնությունների՝ հին հուշարձանների վայր, 2. Հնագիտական պեղումների վայր»,

Միաժամանակ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում   «արգելոցը» բառը սահմանվում է որպես «արգելավայր», վերագրվում է բնության հատուկ պահպանության տարածներին եւ ենթադրում է «արգելելու, սահմանափակելու» կառավարման կարգավիճակ:

«Պատմության եւ կուլտուրայի հուշարձանների պահպանության եւ օգտագործման մասին» Հայկական ՍՍՀ օրենք, որը ընդունվել է 1978 թ., առաջին անգամ սահմանում է «պատմակուլտուրական արգելոցներ» տերմինը, որը հիմքում ուներ բնության արգելոցների օրինակը:

Հաշվի առնելով, որ պատմամշակութային արգելոց-թանգարանները դասվում են թանգարանային կառավարման ինստիտուցիոնալ  շրջանակին, եւ ըստ այդմ ենթադրում են համապատասխան պահպանության, սոցիալ-կրթական եւ մասնակցային միջավայրի ստեղծում, նպատակահարմար է համարվում դրանք վերանվանել «հնավայր-թանգարան»:

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» (այսուհետ՝ Օրենք), «Քաղաքաշինության մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առկա են հակասություններ պատմության եւ մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման եւ տեղափոխման ճարտարապետահատակագծային առաջադրանքների եւ շինարարության թույլտվությունների տրամադրման լիազորություններում, ինչը խոչընդոտներ եւ ռիսկեր է առաջացնում հուշարձանների վերականգնման ու պահպանության համար:

Ներկայում համաձայն Օրենքի եւ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման եւ օգտագործման կարգը հաստատելու մասին» որոշման N 438 կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթների հուշարձանների վերականգնման թույլտվություններ տրամադրելու վերաբերյալ ձեւակերպումները անորոշ են եւ հակասական են մեկնաբանվում:

Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Լիազոր մարմինը «դ) իր իրավասության սահմաններում իրականացնում է պետական սեփականություն համարվող եւ չօգտագործվող հուշարձանների տնօրինումը, կատարում դրանց ամրակայման, վերականգնման եւ բարեկարգման աշխատանքները.,», համաձայն 30-րդ հոդվածի՝ «Հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ եւ վերահսկողությամբ»:

Կարգի 75-րդ կետի համաձայն՝ «Հանրապետական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքները կատարվում են լիազորված մարմնի համաձայնությամբ եւ վերահսկողությամբ:

Տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման թույլտվություն սահմանված կարգով տալիս է պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինը՝ նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:»

Վերոգրյալից հետեւում է, որ տեղական եւ հանրապետական նշանակության հուշարձանների դեպքերը տարբեր են եւ վերջինի դեպքում թույլտվություն չի տրամադրում տեղական ինքնակառավարման մարմինը, ինչը սակայն անհասկանալի եւ անորոշ ձեւակերպում ունի:

Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն լիազորված մարմինը՝ «թույլտվություն է տալիս հուշարձանների հետախուզման եւ պեղման աշխատանքների համար (ինչը հանդիսանում է նախագծման եւ շինարարկան աշխատանքների մաս՝ քանդման ու ամրակայաման աշխատանքների առումով):

ՀՀ Մշակույթի նախարարի 16.07.2009 թ. N 414-Ա հրամանով հաստատված է  Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության կողմից տրվող Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնողական աշխատանքների թույլտվության ձեւը:

Վերոնշյալ հակասությունների արդյունքում խնդիրներ են առաջանում մասնավորապես՝

Հաճախ չունենալով մասնագիտական նվազագույն գիտելիքներ համայնքների (հիմնականում դժվարամատչելի եւ գյուղական տարածքներում) կողմից հուշարձանների վերականգնման, տարածքի բարեկարգման եւ հուշարձանների հարակից տարածքներում օրենսդրությամբ առկա հակասությունների արդյունքում տրամադրվում են թույլտվություններ, արդյունքում որոշակի փուլում դրանք հայտնաբերվում են, կասեցվում եւ քրեական գործեր են հարուցվում, կառուցապատողները տուժում են եւ հատուկ պահպանության ենթակա, համամարդկային արժեք ներկայացնող հնագույն, հին եւ միջնադարյան հուշարձաններն անվերադարձ տուժում են, ինչն անընդունելի է:

Ստեղծվում են խնդիրներ Լիազորված մարմնի գործունեության համար, չհիմնավորված երկարատեւ փաստաթղթաշրջանառության անհրաժեշտություն (որպես կանոն հուշարձանների վերականգնումը ծայրահեղ հրատապություն է պահանջում)՝ արդյունքում ժամանակի եւ մարդկային ռեսուրսի վատնում խնդրի ոչ պարտադիր լուծմամբ, տարբեր սուբյեկտների հետ միջնորդավորված փոխհարաբերություններ, եւ այլն:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Վերոնշյալ խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է հստակեցնել Օրենքում անորոշ ձեւակերպումները ու սահմանել Լիազոր մարմնի կողմից պատմության եւ մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման, տեղափոխման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքների ու շինարարության թույլտվությունների տրամադրման դեպքերը:

Հաշվի առնելով ոլորտի յուրահատկությունը՝ առաջարկվում է հստակեցնել եւ Լիազորված մարմնի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքներն ու շինարարության թույլտվությունները տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա հնագույն, հին եւ միջնադարյան ժամանակաշրջանների պատմության եւ մշակույթի հուշարձանների համար:

Առաջարկվող հուշարձանների ցանկը սահմանված է «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքով:

Նույնական է նաեւ միջազգային օրենսդրական դաշտը՝ (Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստան):

Ֆրանսիայում եւ Իտալիայում հուշարձանների վերականգնման համար շինարարական թույլտվությունները սովորաբար տրվում են ժառանգության պահպանման համար պատասխանատու համապատասխան պետական մարմինների կողմից:

Ֆրանսիայում Մշակույթի նախարարությունն իր տարածաշրջանային տնօրինությունների միջոցով (Directions Rռgionales des Affaires Culturelles - DRAC) կենտրոնական դեր է խաղում հուշարձանների եւ ժառանգության վայրերի վերականգնման համար թույլտվությունների տրամադրման հարցում: Տեղական իշխանությունները, ինչպիսիք են քաղաքապետարանները եւ տարածքային կառավարությունները, նույնպես կարող են ներգրավվել թույլտվության գործընթացում, ավելի փոքրամասշտաբ կամ տեղական նշանակության ծրագրերի համար: Ֆրանսիայում հուշարձանների վերականգնման համար շինարարական թույլտվությունների տրամադրումը կարգավորվում է ժառանգության օրենսգրքով (Code du Patrimoine) եւ այլ համապատասխան կանոնակարգերով:

Իտալիայում հուշարձանների վերականգնման համար շինթույլտվությունների տրամադրման պատասխանատվությունը հիմնականում պատկանում է տեղական Վերահսկողություններին (Soprintendenze), որոնք մշակութային ժառանգության եւ գործունեության նախարարության մասնաճյուղերն են: Վերահսկիչ մարմինները պատասխանատու են իրենց իրավասությունների շրջանակներում մշակութային ժառանգության վայրերի պահպանության, պահպանման եւ վերականգնման վերահսկման համար: Կախված հուշարձանի նշանակությունից եւ վերականգնման ծրագրի շրջանակից՝ թույլտվությունները կարող են պահանջել նաեւ ավելի բարձր մակարդակի մարմինների հաստատում, ինչպիսիք են՝ Մշակութային ժառանգության եւ գործունեության նախարարության տարածքային կամ ազգային գրասենյակները: Իտալիայում հուշարձանների վերականգնման համար շինարարական թույլտվությունների տրամադրումը կարգավորվում է Մշակութային ժառանգության եւ լանդշաֆտի օրենսգրքով (Codice dei Beni Culturali e del Paesaggio) եւ այլ համապատասխան օրենսդրությամբ:

Ավստրիայում ոլորտը կառավարում է Ազգային ժառանգության գործակալությունը (National Heritage Agency (Bundesdenkmalamt)), որը ունի տարածքային ստորաբաժանումներ Ավստրիայի ռեգիոններում եւ տալիս է նախագծային առաջադրանք եւ շինարարության թույլտվություն:

3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը թույլ կտա սահմանել Լիազորված մարմնի կողմից պատմության եւ մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման եւ տեղափոխման աշխատանքների ճարտարապետահատակագծային առաջադրանքների եւ շինարարության թույլտվությունների տրամադրման դեպքերը, ինչպես նաեւ կսահմանվեն դրանց եւ ավարտական ակտերի ձեւաթղթերը հաշվի առնելով հուշարձանների յուրահատկությունները:

Հստակեցումը չի նախատեսում գործառույթների ավելացումներ մինչ այժմ Լիազոր մարմնի կողմից իրականացվող գործառույթներում եւ տրամադրած թույլտվություններում, ինչպես նաեւ չի առաջացնում լրացուցիչ ռիսկեր, իսկ նույնանման կարգավորում՝ այսինքն ոլորտային Լիազոր մարմնի կողմից նախագծման եւ շինարարության թույլտվությունների տրամադրման կարգ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է նաեւ Հատուկ նշանակության հողերում (հուշարձանների դեպքում Հատուկ պահպանվող հողեր են) տրամադրվող թույլտվությունների համար:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստղթղթերի հետ. ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմա՟վարություններ

Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4.9 Մշակույթ. Մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններ կետի՝ հայկական պատմամշակութային ժառանգության (նյութական եւ ոչ նյութական) պահպանության, ուսումնասիրության, օգտագործման եւ հանրայնացման շարունակականության ապահովումը, իրավական դաշտի կատարելագործում ենթակետերից: Նախագծով շտկվում է իրավական ակտերում առկա հակասությունները եւ հստակեցվում լիազոր մարմնի կողմից պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնողական աշխատանքների նախագծման եւ շինարարության թույլտվությունների համար տրամադրման դեպքերը: Նախագծի ընդունումը կկատարելագործի իրավական դաշտը եւ կնպաստի անշարժ հուշարձանների պահպանությանը եւ հանրայնացմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն